Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն137[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծաղկաշենցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ծաղկաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում` Մարտակերտ շրջկենտրոնից 9 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 65 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 500-600 մետր է։

1950-1990 թվականներին Ծաղկաշենը ներառված էր Կուսապատ և Ներքին Հոռաթաղ, 1993-1997 թվականներին՝ Ներքին Հոռաթաղի ընդհանուր տնտեսության կազմում, 1997 թվականից առանձնացվել է։

Անվան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտակերտի շրջանի այս բնակավայրը կազմավորվել է 1890-ական թվականներին Կուսապատ գյուղից այստեղ տեղափոխվածների հաշվին։ Բնակավայրի տարեցները և իրենց գյուղի պատմությանը իրազեկ ծաղկաշենցիները պատմում են, որ առաջինը Կուսապատից այստեղ է տեղափոխվել մի դարբին, և այդտեղից էլ բնակավայրը ստացել է Դամիրու անվանումը։ 1988 թվականի օգոստոսի 30-ին համայնքի ընդհանուր ժողովի կողմից գյուղն ավանափոխվել է Ծաղկավան։ Այնուհետև խնդրել են ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդին՝ հաստատելու ընդունված որոշումը։ Սակայն ավելի ուշ՝ ԱՀ Գերագույն խորհրդի տեղանվանափոխության հանձնաժողովի որոշման համաձայն՝ բնակավայրը ստացել էր Կաքավաթառ անվանումը։ 1995 թվականին կրկին վերանվանվել է Ծաղկաշեն[2]։

Տարբեր հեղինակներ՝ Ս. Մելքումյանը և Մ. Մանուկյանն իրենց աշխատություններում, գյուղի նախկին Դամիրու անունից ելնելով, սխալմամբ գրի են առել, որ այս բնակավայրում հայերի հետ խառը ապրում էին նաև թուրքեր։ Մինչդեռ իրականում Ծաղկաշենում երբևէ թուրքեր չեն բնակվել։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակատեղին տեղակայված է Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան մասում՝ Մարտակերտ շրջկենտրոնից 9 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը բլրապատ տարածքում է գտնվում։ Գյուղի հայտնի հանդամասերն են Ըվգյումանց յալը, Չալունց յալը (Կոբրեն յալ), Մամունց տափը, Խմհատեն ձորը, Տեփնանց չխուրը, Խզազին չխուրը, Միասսեն ձորը, Թավլարունց տափը[2]։

Համայնքը հարթավայրային է, ունի 301,12 հա տարածք, որոնցից 203,02 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության, 23,78 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ՝ «Բոնյու», «Ջրդաքին», «Կարմիր» և «Նով»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ Կուսապատը, մելիքանիստ լինելով, խիտ բնակեցվածության և սակավահողության պատճառով, գյուղացիները տեղափոխվել և իրենց նախկին բնակավայրից ոչ այդքան հեռու գյուղեր էին հիմնել։ Դրանցից մեկն էր Ծաղկաշենը։

Մինչև 1920 թվականը Ծաղկաշենն ապրում էր տվյալ ժամանակաշրջանին հատուկ տնտեսական, սոցիալական օրինաչափություններով, սակայն խորհրդսյին կարգերի հաստատվելուց հետո ամեն ինչ փոխվում է, այդ թվում և տնտեսակարգերը[2]։

1929 թվականին Ծաղկաշենում կազմակերպվեց կոլտնտեսություն, որի առաջին ղեկավարը նշանակվեց Տիգրան Առաքելյանը։ 1941 թվականից այդ պաշտոնը զբաղեցրել են Արամ Խաչատրյանը, Կատին Գրիգորյանը, Սեդրակ Ավթանդիլյանը, Մակար Խաչատրյանը։

Տնտեսական զարգացման պայամաններում 1975 թվականին Ծաղկաշենի կոլտնտեսությունը միացվեց Ներքին Հոռաթաղի սովխոզին։ Խաղողագործության ասպարեզում ունեցած հաջողությունների համար Գոհարիկ Ազրյանը արժանացել է մեդալների և շքանշանների։

Հետխորհրդային տարիներին նորից վերականգնվեց Ծաղկաշենի կոլտնտեսությունը, որը վերջնականապես լուծարվեց 1998 թվականին։

Գյուղի բնակչությունը մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմում։ 59 մասնակիցներից 27-ը զոհվել են։

Գյուղում շարունակում են ապրել Շիթիրանց (Խաչատրյաններ), Արտունց (Մինասյաններ), Արթունբեգանց (Աթաբեկյաններ), Գառանց (Առաքելյաններ), Չալունց (Չալյաններ), Ըվգյումանց (Ավագիմյաններ) տոհմերը։

Ի դեպ, ծագումով խոյեցի լինելու պատճառով, Շիթիրանց տոհմին անվանում են նաև Խոյլունց։ Այս տոհմի ներկայացուցիչները 17-րդ դարում Արցախ, տվյալ դեպքում Կուսապատ են տեղափոխվել, իսկ 19-րդ դարի վերջերին հաստատվել Ծաղկաշենում։

Ծաղկաշենը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Ծաղկաշենում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Վ. Ավագիմյան), 1992-ին ներառվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում և մասնակցել Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ծաղկաշենը 1992-ի հուլիսի 4-ին բռնագաղթել է, ազատագրվել է 1993-ի հունիսի 27-ին։

Ծաղկաշենից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Վ. Խաչատրյանը, հետմահու՝ Ա. Սարգսյանը («Գավրոշ») և Ա. Խաչատրյանը («Խաչո»)։ Ծաղկաշենից զոհվել է 12 ազատամարտիկ, որոնց հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան[3]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաշենի տարածքում հուշարձաններ չեն պահպանվել։

Ծաղկաշենում նշանավոր են Բոնյու, Ջրդաքին, Կարմիր, Նով, Քյոհնա աղբյուրները[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաշեն համայնքի բնակչության թվաքանակը 2003 թվականին կազմում է 140 մարդ, իսկ 2015 թվականին՝ 154 մարդ, 49 տնտեսություններ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 137 144 145

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում առկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ) հանքային պաշարներ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Ներքին Հոռաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի Ծաղկաշենի մասնաճյուղը, որտեղ սովորում էին 8 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 295–297.
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 273-274։
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 160.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)