Հարությունագոմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հարությունագոմեր
ադրբ.՝ Arutunaqomer
ադրբ.՝ Qızılqaya
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն400[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունհարությունագոմերցի
Ժամային գոտիUTC+4
Հարությունագոմեր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հարությունագոմեր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Հարությունագոմեր, գյուղ Մարտակերտի շրջանում`Թարթառ գետի աջ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 73 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածում՝ Մարտակերտի շրջանում՝ նախկին Խաչեն գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Վաղուհասից արևելք՝ Թարթառի աջափնյա բարձրադիր վայրում։ Բնակավայրը ծովի մակարդակից 800 մ բարձրության վրա է գտնվում՝ շրջապատված անտառներով և ընդհանրապես գեղատեսիլ բնությամբ։ Գյուղը տեղակայված է ձորակի երկու լանջերում, որտեղից հստակ երևում է Գոմիշ լեռնագագաթը[2]։

Համայնքը բարձր լեռնային է, ունի 1098,89 հա տարածք, որից 496,29 հա գյուղատնտեսական նշանակության, 484,37 հա անտառային հողեր։ Հարությունագոմեր համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 10 աղբյուրներ` «Վետած», «Հճարկեն», «Տանիելին», «Վերդուն», «Կարաբեդին», «Ճկռանեն», «Պիծի Հուռաթաղի», «Հադալեն», «Լենջին» և «Հուլուսնոտ ձորի»։

Առկա են ծծմբային կրաքարի հանքային պաշարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարությունագոմերի ներքևի հատվածով հոսող գետի ողջ երկայնքով կառուցված եմ թվով 16 ջրանցքներ։ Այս փաստը նույնպես խոսում է այն մասին, որ այստեղ վաղ միջնադարից սկսած գոյություն են ունեցել բազմաթիվ բնակավայրեր[2]։

Կիրակոս Գանձակեցին նույնպես վկայում է, որ տարածքը խիտ բնակեցված է եղել և սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ տեղաբնիկ հայերին եկվորները ոչնչացրել են։

Մինչև 17-րդ դարի կեսերը Թարթառի աջափնյակի հայաթափված բնակավայրերին տիրություն էր անում Գանձասարի կաթողիկոսական աթոռը[2]։

Ավանդությունը պատմում է, որ 17-րդ դարի կեսերին Վանք գյուղից Հարություն անունով մի մարդ տեղափոխվում է Հարությունագոմերի ներկայիս տարածքը և զբաղվում անասնապահությամբ։ Սակայն համաճարանի պատճառով անասունները սատկում են և Հարությունը ստիպված վերադառնում է Վանք։ Ավանդությունն ասում է, որ Հարությունի անունից էլ գյուղը հետագայում կոչվել է Հարությունագոմեր։ Մի քանի տարի անց Վանք գյուղից երկու եղբայրներ, հաշվի առնելով տեղանքի հարմարավետ դիրքը, բնական նպաստավոր պայմանները, որոշում են այդ տարածքներում զբաղվել խոզաբուծությամբ։ Ծնողները, հաշվի առնելով Հարությունի անհաջողությունը, ընդդիմանում են։ Սակայն եղբայնրներին անդրդվելի էին և հաստատվում են բնության այդ գողտրիկ վայրում։ Այդպես էլ սկսվեց Հարությունագոմերի պատմությունը[2]։

Հարությունագոմերի հարուստ բնությունը նոր բնակիչների համար բարեկեցիկ կյանքի նոր պայամններ է ստեղծում։ Խան աղբյուրից կավե խողովակներով՝ թյունգերով, ջուրը ինքնահոս եղանակով գյուղ է հասցվել։

Նոր ժամանակներում ռուսական տիրապետության մեկ դարը Հարությունագոմերի համար առանձնակի դերակատարվություն չունեցավ։ Այդ ամենով հանդերձ հարությունագոմերցիները 19-րդ դարի սկզբներին ջանադիր մասնակցություն են ունեցել ռուս-պարսկական պատերազմներին։ Նրանցից Ավետիսը (Վետիսը) ճարպիկ և փորձառու հետախույզի համարում ուներ։ Քանի որ Գանձասարը ազատագրական պայքարի կենտրոն էր, այստեղից նա գաղտնի ճանապարհներով նամակները հասցնում էր Գանձակ[2]։

Գյուղն ապրում էր իր առօրյա միապաղաղ կյանքով։ 1905-1920 թվականներից Հարությունագոմերի բնակչությունը ստիպված էր դիմակայել հարևան շրջանների քրդերի և թուրք-թաթարների հարձակումներին ու ալան-թալանին։

Հարությունագոմերում խորհրդային կարգերը հաստատվել են 1920 թվականի մայիսին։ 1930 թվականին գյուղում կազմակերպված «Կայծ» կոլտնտեսությունը, որի նախագահներն են եղել Արտեմ Դանիելյանը, Լևոն Հակոբյանը, Բենիկ Ավետիսյանը։ 1977 թվականին կոլտնտեսությունը վերակազմակերպվել է խորհտնտեսության։ Նոր միավորի տնօրեներն են եղել Զավեն Իշխանյանը, Հրաչիկ Սարգսյանը[2]։

Հայրենական մեծ պատերազմին Հարությունագոմերից մասնակցել է 135 մարդ, զոհվել է 53-ը, որոնց հիշատակին կանգնեցված է հուշարձան։

Հարությունագոմերը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-ին Հարությունագոմերում կազմավորվել է կամավորական ջոկատ, որը պատերազմական գործողությունների զարգացմանը զուգընթաց համալրվել է գյուղի և հայաստանաբնակ հարությունագոմերցիների կամավորականներով (հրամանատար՝ Ա. Բախշիյան)։ Ջոկատին խորհուրդներով օժանդակել են երևանաբնակ խորհրդային բանակի պահեստի գնդապետներ Ա. Դանիելյանը, Գ. Ճաղարյանը և Շ. Հովհաննիսյանը, Վ. Պետրոսյանը, Զ. Ավետիսյանը։ Ջոկատը 1989-90-ին շուրջօրյա հերթապահություն է սահմանել գյուղում և գյուղամերձ տեղամասերում, մասնակցել շրջակա գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1992-ին ներառվել է ՊԲ ստորաբաժանումների կազմում, մասնակցել ԼՂՀ տարբեր շրջանների ազատագրական մարտերին։ Հարությունագոմերից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Զ. Ավետիսյանը (հետմահու), հրամանատարներ են եղել Ա. Բախշիյանը, Շ. Հովհաննիսյանը, Հ. Մակյանը, Լ. Տալյանը։ Զոհվել է 13 ազատամարտիկ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Հարությունագոմեր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 517 մարդ, կա 104 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 515 517 522

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` գերեզմանոց (XVIII-XIX դդ.), գյուղատեղի (ուշ միջնադար), եկեղեցի (XVIII-XIX դդ.), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.): Գյուղի շրջակայքում կան հին բնակատեղիներ (Միջին խութ, Հունուտ, Եղցատեղ), կիսավեր եկեղեցիներ (12-13-րդ դդ), խաչքարեր և այլն։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ Հարությունագոմերը դպրոց չուներ։ 1911 թվականին Էջմիածնից այստեղ է գալիս Մուշեղ Բրուտյանը և հիմնում դպրոց։ Դպրոցական շենք չլինելու պատճառով դասերը կազմակերպվում էին Դերունց տանձ կոչվող տարածքում գտնվող մի հողաշեն տնակում։

1927-1928 ուսումնական տարում դպրոցը տեղափոխվեց համեմատաբար լուսավոր մի շինություն, որտեղ ուսուցչություն էին անում խորհրդային Հայաստանից Հարությունագոմեր գործուղված ուսուցիչներ։ Այդ գործում աչքի ընկավ Գարեգին Սիմոնյանը, որը հետագայում դարձավ փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հարությունագոմերի քառամյա դպրոցն իր աշխատանքները հետագայում շարունակեց Նարիմյանների երկհարհարկանի տան ներքնահարկում[2]։

1935 թվականին դպրոցը յոթնամյակի կարգավիճակ ստացավ։ Դպրոցում սկսեցին սովորել նաև Վաղուհասից և Ներքին Հոռաթաղից եկած աշակերտները։ 1938-1940 թվականներին դպրոցական նոր շենք է կառուցվում։ Այդ տարիներին դպրոցում սովորում էին 120-ից ավելի աշակերտներ։ 1992 թվականին ադրբեջանցի զինյալները, գրավելով Հարությունագոմերը, ավերեցին դպրոցական շենքը։ Գյուղն ազատագրելուց մի քանի ամիս հետո Հարությունագոմերի աշակերտները դպրոց են հաճախում Վերին Հոռաթաղում։ 1993-1994 ուսումնական տարում պարապմունքները կազմակերպվեցին Հարությունագոմերի բնակիչներից մեկի առանձնատանը։ 1994-1995 ուսումնական տարում աշակերտները տեղափոխվեցին կիսով չափ վերանորոգված շենքը։ 2005 թվականին սկսվեցին դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները, որոնք ավարտվեցին 2010 թվականին։ Դպրոցն ունի բոլոր պայմանները գյուղի երեխաների ուսումնական գործը կազմակերպելու համար[2]։

2015 թվականի դրությամբ գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց (կոչվել է զոհված ազատամարտիկ Զ. Ավետիսյանի անունով), որտեղ սովորում էին 61 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 315–318.
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 361։
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 170.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 315