Խնկավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խնկավան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն169[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխնկավանցի
Ժամային գոտիUTC+4
Խնկավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խնկավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Խնկավան, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 56 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 82 կմ հեռավորության վրա`ծովի մակարդակից 800 մետր բարձրության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 605,11 հա տարածք, որից 198,13 հա գյուղատնտեսական նշանակության, 319,27 հա անտառային հողեր։ Խնկավան համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Խնկավան գյուղը գտնվում է ԱՀ Մարտակերտի շրջանի հյուսիսարևմտյան մասում՝ Ղարաբաղի լեռնաշղթայի Հակառակաբերդի լեռնաճյուղի անտառապատ գեղատեսիլ լանջին, Թարթառի վերին հոսանքի աջափնյա մասում, Վաղուհասից փոքր հեռավորության վրա։ Դիրքը նախալեռնային է, գեղատեսիլ`ալպյան ծաղկառատ բուսականությամբ։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Բախշալին տափին», «Շինատեղ», «Սևունց թաղի», «Հակոբի» և «Ղրուշանց տափի»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնկավանը հիմնադրվել է 19-րդ դարի վերջին Վաղուհասից այստեղ տեղափոխված ընտանիքներից։ Ըստ մի այլ տեսակետի՝ գյուղի առաջին հիմնադիրը Ղումաշ անունով մի մարդ էր, որը Սյունիքում մի թուրքի սպանելուց հետո ապաստան է գտնում Վաղուհասում և այնուհետև այստեղից ոչ շատ մեծ հեռավորության վրա հիմնում է Խնկավանը։ Հաջորդաբար այստեղ տներ են կառուցում Օհանը և Աբրահամը[2]։

1929 թվականին գյուղում խորհրդային կարգեր հաստատելուց հետո՝ Խնկավանի մենատնտեսները ներգրավվեցին Վաղուհասի կոլտնտեսության մեջ։ Ռազմիկ Աթասյանը  հաստատվեց ստեղծված նոր տնտեսության վարչության նախագահ, վերջինիս էլ հաջորդեց Աշոտ Գրիգորյանը։

Խնկավան գյուղից 56 մարդ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Նրանցից 25 հոգի զոհվել են։

Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1929 թվականին Վաղուհասի հետ միասին և միշտ եղել է վերջինիս կազմում։

Խնկավանում շարունակում են ապրել Ղիլլաքանց, Ակուփանց, Սևունց, Ուսուբանց, Առաքելանց, Զաքյունց ազգատոհմերի ներկայացուցիչները։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ[2]։

Խնկավանի և նրա շրջակայքի պատմական հուշարձանների մասին տվյալներ են գրանցվել Վաղուհաս բնակավայրին վերաբերող տեքստի մեջ։

Խնկավանը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Խնկավանում Ս․ Աբրահամյանի և Գ․ Միքայելյանի հրամանատարությամբ կազմավորվել է կամավորական ջոկատ և միավորվել Վաղուհաս գյուղի ջոկատին (հրամանատար՝ Հ. Աղաբեկյան)։ 1992 թվականին հունիսի 4-ին ադրբեջանական բանակի լծի տակ գտնվելով Խնկավանի բնակիչները ստիպված եղան գյուղը թողնել։ 1993 թվականի փետրվարի 12-ին Խնկավանը Արցախի Պաշտպանության բանակի ջանքերով ազատագրվեց։ Խնկավանից հրամանատարներ են եղել Ս. Աբրահամյանը, Գ. Միքայելյանը։ Զոհվել է 14 ազատամարտիկ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնկավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 193 մարդ, կա 62 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 172 187 194

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային առաջին տարիներից սկսած Խնկավանի դպրոցական երեխաները սովորում էին Վաղուհասի միջնակարգ դպրոցում։ Հետագայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խնկավանում բացվել է տարրական դպրոց, 1970 թվականին այն դարձավ 8-ամյա, իսկ 1988 թվականին միջնակարգ։ 2004-2005 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 26 աշակերտ։ Ներկայումս դպրոցը Վաղուհասի կրթական հաստատության մասնաճյուղ է։ Դպրոցի տնօրեններ են եղել Ասատուր Աբրահամյանը, Միշա Զաքարյանը, Գարիկ Հարությունյանը, Մագրաֆինա Ասրյանը, Ալվարդ Զաքարյանը և Դավիթ Շիրինյանը[2]։

Գյուղում գործում են ակումբ, գրադարան, խանութ։ Էլեկտրաֆիկացվել է 1967 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 70-75 տարի է։

Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի Խնկավանի մասնաճյուղը, որտեղ սովորում են 14 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 294–295.
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 269
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 159.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)