Մաղավուզ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին` 700 մետր բարձրության վրա։ Տարածքը` 6734 հեկտար։ 2002-ից Մաղավուզ համայնքի կազմի մեջ է Քմքաձոր (մինչև 1992-ը` Մինգրելսկ) բնակավայրը։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (զոհված ազատամարտիկ Մ. Դանիելյանի անվան), ակումբ (զոհված ազատամարտիկ Վ. Ավանեսյանի անվան), 2 բուժկետ։ Գյուղում է Սուրբ Գևորգ եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում` Թուխկասարի (8-րդ դ.), Անապատ (12-րդ դար), Երեք մանկունք (17-րդ դար) վանքերը, Կաղանկատույք (6-րդ դար), Ջրաբերդ (7-րդ դար), Դաստակերտ, Խալվաթաշեն, Շինատեղ գյուղատեղիները։
Մաղավուզը Արցախյան պատերազմում [խմբագրել]
1988-ի վերջին Մաղավուզում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989-ին` կամավորական ջոկատ (հրամանատար` Գ. Բադալյան)։ 1990-ի ամռանը ջոկատը (հրամանատար` Վ. Գալստյան) գործել է Մարտակերտի շտաբի ղեկավարությամբ և մասնակցել է Մարտակերտի (Ումուդլու, Ջանյաթաղ, Թալիշ), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ) շրջանների ազատագրական մարտերին։ 1991-ի աշնանից (շուրջ 7 ամիս) պաշտպանել է նորաստեղծ Քաջավան գյուղը։ Ջոկատը 1992-ին Քաջավանից տեղափոխվել է Մադաղիս և մինչև հուլիսի 3-ը «Անկախության բանակի» (հրամանատար` Լեոնիդ Ազգալդյան) կազմում պաշտպանել Հակոբ Կամարի-Մաղավուզ ուղությամբ դիրքերը, հուլիսի 4-ին տեղափոխվել Դրմբոն։ Մասնակցել է Մադաղիսի, Մեծշենի, Հակոբ Կամարիի, Սարսանգի հիդրոհանգույցի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մադաղիսից զոհվել է 14 ազատամարտիկ։[2]
Ծանոթագրություններ [խմբագրել]