Ճանկաթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ճանկաթաղ
ռուս.՝ Джанятаг
ադրբ.՝ Canyataq
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ668 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն272[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունճանկաթաղցի
Ժամային գոտիUTC+4
Ճանկաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ճանկաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ճանկաթաղ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում`600 մետր բարձրության վրա։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը նախկինում անվանվել է Ճանկաթաղ, ինչպես նաև Չինգաթաղ, Ջանիաթաղ, Ջանյաթաղ, իսկ 2000 թվականին վերանվանվել է Ճանկաթաղ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է հանրապետության արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 67 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 3633,47 հա տարածք, որից 2701,43 հա գյուղատնտեսական նշանակության, 764,83 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 11 աղբյուրներ` «Քյահրիզ», «Երին ջուր», «Մոստին տակ», «Ջհանանց», «Ցորտ», «Մղրակերին», «Մարունց», «Ծով», «Դերին», «Հովուզ» և «Հաչա հղեց»։

Համայնքի տարածքում առկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ) հանքային պաշարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Ճանկաթաղը մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Ջրաբերդի գավառի, ավելի ուշ Ելիզավետպոլ նահանգի Ջևանշիր գավառի կազմի մեջ։ Գյուղում անցկացրած պեղումների արդյունքում հայտնաբերվել է Ք.ա. 2-1-ին հազարամյակների սբ. Սարգիս դամբարանաբլուրը, ինչպես նաև գյուղից 1,5 կմ դեպի հարավ-արևմուտք պահպանվել է Ք.ա. 1-ին հազարամյակի դամբարանադաշտը, միջնադարի «Ցանցաղ», 1 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Ք.ա. 2-1-ին հազարամյակի «Ծովատեղ», Ք.հ. 1-ին դարի, «Ցանցաղ» դամբարանաբլուրը, Ք.ա.2-1-ին հազարամյակների «Աննա նահատակ» խոյակը, Ք.ա. 2-1-ին հազարամյակների «Աննա նահատակ» խարիսխը։ Ճանկաթաղում պահպանվել է նաև 1609 թվականի կիսավեր սբ. Գևորգ եկեղեցին, որից սակայն մնացել է հյուսիսային պատի մի մասը։

Ճանկաթաղի ներկայիս բնակիչների նախնիները հիմնականում բնիկներ են, որոնք գաղթել են 1804-1813 թվականներին, 1820 թվականին և 1828 թվականին Պարսկահայաստանի Ղարադաղ նահանգից։ Գյուղի բնակիչ Սլավիկ Մանգասարյանը ասում է. «1820 թվականին 9-ը ընտանիք գաղթելով, 1923 թվականին բնակություն են հաստատում Ճանկաթաղ գյուղի տարածքում։ Մի օր էլ անտառում որս անելիս նրանք տեսնում են մի եկեղեցի (պայթեցվել է 1930-ական թվականներին), որի սյան վրա գրված է լինում Ճանկաթաղ։ Եվ այդ 9-ը գերդաստանը տեղափոխվում և բնակություն են հաստատում եկեղեցու շուրջը։ Բնակիչների խմբի մեջ էին խմբի ավագ Նարինը, խմբի մյուս ընտանիքների նահապետներ Սարգիսը, Սարդարը, Հարությունը, Խաչատուրը, Հակոբը, Բաբան, Գրիգորը, Ջահանը»։

Ճանկաթաղ կամ ըստ օտարահնչիւն ձայնին Ջանեաթաղ գյուղն, հիմնված է մի ձորի աջ ու ձախ լանջերի վերայ նոյն լեռնաշղթայի արևելեան կողմում Ղազանչու հյսուսիսային կողմում,բնակիչները գաղթած են Պարսկաստանի Ղարադաղ նահանգի Ամրաղիւլ և Քիւվնի գիւղերից Պասգգևիչի ժամանակ. եկեղեցին Սուրբ Գէորգ, Ծուխ 85. ար. 390. իգ. 338
- Մակար Բարխուդարյան

: Հետագայում արդեն Ճանկաթաղ գյուղը կառուցվում է սբ. Սարգիս եկեղեցու դիմացի բարձունքի վրա «Կալեր» հանդամասում։ Ճանկաթաղից դեպի հյուսիս-արևելք Կովկաս աքսորված մոլականները հիմնում են բնակավայր «Զավոդ» անվանումով, ինչպես նաև ռուսական եկեղեցի, ձիթհան և պրիստավի համար եռահարկ շենք[2]։

Ճանկաթաղը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1989 թվականներին Ճանկաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ։ Ջոկատին միացել է «Մեծն Գարեգին Նժդեհ» բարեգործական միության ջոկատը (հրամանատարներ՝ Հ. Քոչարյան, Ս. Ջահանգիրյան, Ա. Սարգսյան), որոնք առանձին, իսկ 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Կարաչինար, Մարաղա, «Պուշկենյալ» բարձունք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Գյուղը տարհանվել է 1992 թվականի ամռանը, 1994 թվականին ազատագրվում և վերաբնակեցվում է։ Ճանկաթաղից զոհվել է 18 ազատամարտիկ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ճանկաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 385 մարդ, կա 125 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 286 278 271

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանկաթաղի կլիման չոր մերձարևադարձային է, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +10 աստիճան է, հուլիս ամսին այստեղ ջերմաստիճանը կազմում է +22 աստիճանից մինչև 26 աստիճան, իսկ առավելագույն ջերմաստիճանը հասնում է +40 աստիճանի, լեռներում +35 աստիճանի։ Հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է -16 աստիճանից մինչև -20 աստիճան, նվազագույն աստիճանը կարող է հասնել մինչև -25 աստիճանի, իսկ լեռներում՝ -30 աստիճանի։ Տեղումների միջին քանակը գյուղում կազմում է 410-520մմ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Գևորգ եկեղեցի (1609 թ.), մատուռ (XVII դ.), գյուղատեղի (միջնադար), գերեզմանոց (միջնադար), խաչքար (XIII-XVII դդ.), դամբարաններ (մ.թ.ա. I դ.), հաշվառված է 51 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին ուներ մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց (կոչվել է զոհված հրամանատար Ս. Ջահանգիրյանի անունով), որտեղ սովորում էին 49 աշակերտներ[5]։ Ճանկաթաղ գյուղում առաջին եկեղեցական ծխական դպրոցը բացվել է 1886 թվականին, իսկ 1887-1888 թվականներին բացվել է միդասյա արական դպրոց, որը փակվել է 1896 թվականին և կրկին վերաբացվել 1898-1903 թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 280–282.
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 452։
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 173.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)