Միջին քարի դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջին քարի դար կամ մեզոլիթ (հին հունարեն՝ μέσος - միջին և λίθος - քար), ժամանակաշրջան, որն ընկած է հին քարի դարի և նոր քարի դարի միջև։ Պատմագրորեն այն միաժամանակ չի ընթացել երկրագնդի տարբեր մասերում, և ձգվել է Ք.Ա. 10000-5000 թվերը։ Համապատասխանում է Ամերիկայի արքայիկ ժամանակաշրջանին։ Հայկական լեռնաշխարհում տևել է 12-րդ հազարամյակից մինչև 7-րդի կեսերը (Ք.Ա.)։

Այս շրջանում մարդու կարևոր ձեռքբերումներն են`

  1. Ձևավորվում է հոդաբաշխ լեզուն
  2. Կատարելագործվում են աշխատանքային գործիքները
  3. Աստիճանաբար բարձրանում է կնոջ դերը

Մեզոլիթը Եվրոպայում ունի 10-7 հզ․ (հս․ շրջաններում՝ մինչև 6-5 հզ․) տարվա, Մերձավոր Արևելքում՝ 12-9 հզ․ տարվա վաղեմություն։ Մեզոլիթյան մշակույթներին բնորոշ են քարե մանր գործիքներ (միկրոլիթներ)։ Մեզոլիթում գործածվել են նաև ոսկրից և եղջյուրից գործիքներ (նիզակի ծայրեր, եռաժանիներ, ձկնորսական կեռիկներ ևն)։ Կավե ամանները ի հայտ են եկել Մեզոլիթից նեոլիթին անցման ժամանակաշրջանում։ Տնտեսության հիմքը կազմել են որսորդությունը, ձկնորսությունը և հավաքչությունը։ Մեզոլիթում երկրագնդի մի շարք շրջաններում նախադրյալներ են ստեղծվել անասնապահության ու երկրագործության համար։ Մեզոլիթյան կայանների զգալի մասը բաղկացած են եղել մի քանի ժամանակավոր կացարաններից։ Որոշ բնակավայրերի մոտ եղել են տոհմական գերեզմանոցները։ Մեզոլիթյան շրջանին են պատկանում ազիլյան, տարդենուազյան (Արևմտյան Եվրոպա), կապսիական (Հարավային Աֆրիկա), խոաբինյան (Հարավ-Արևելյան Ասիա) և այլ մշակույթներ։ Հայկ․ լեռնաշխարհի Մեզոլիթն ընդգրկում է մ․ թ․ ա․ 12000-8/7000 թթ․։ Հայաստանի տարածքում միկրոլիթյան գործիքների (սրածայրեր, քերիչներ, նետասլաքներ և այլն) կուտակումներ են հայտնաբերվել Թալինի շրջանում գտնվող Զաղա, Արեգունի բլուր և այլ քարայր-կայաններից։ Արագած լեռան, Դեղամավանի, Սյունյաց լեռների մի շարք ժայռապատկերներ Մեզոլիթյան մարդկանց արվեստի նմուշներ։