Ազատ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ
Ազատի ջրամբարի հյուսիս-արևելյան ծայրը Գառնի և Լանջազատ գյուղերի միջև
Ազատի ջրամբարի հյուսիս-արևելյան ծայրը Գառնի և Լանջազատ գյուղերի միջև
Բնութագիր
Երկարություն 55 կմ
Ավազանի մակերես 572 կմ2
Ջրի ծախս 35,9 մ3
Ջրահոսք
Ակունք Գեղամա լեռնաշղթա
 · Կոորդինատներ 39°00′00″ հս. լ. 57°00′00″ ավ. ե. / 39, 57
Գետաբերան Արաքս
Տեղակայում
Երկիր Հայաստան Հայաստան
Գետը Վիքիպահեստում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 960
ռուս..անգլ..ֆր.

Ազատը (Գառնի) գետ է Հայաստանի Հանրապետության Արարատի և Կոտայքի մարզերում (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը 55 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 550 քառ. կմ։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավ-արևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավ-արևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։ Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։

Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ջրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6, 5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 մլն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։

Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթն գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։

Աղբյուրներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png