Եվրոպայի խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եվրոպայի Խորհուրդից)
Եվրոպայի խորհուրդ
Изображение логотипа
Տեսակմիջկառավարական կազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
ՀապավումCdE և CoE
Հիմնադրվածմայիսի 5, 1949[1]
Գլխադասային գրասենյակPalace of Europe, Ստրասբուրգ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն և ֆրանսերեն
Կամավորներ46 երկիր
Կայքcoe.int
Եվրոպական միության դրոշ

Եվրոպայի խորհուրդ, ստեղծվել է 1949 թվականի մայիս 5-ին և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում են 46 պետություններ, և որը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։ Կազմակերպությունը ձգտում է խթանել այդ ոլորտում անդամ-երկրների օրենսդրությունների նույնականացումը։ Իրավասու է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի փորձաքննություն անցկացնել կոնկրետ երկրում, ինչպես օրենսդրության, այնպես էլ գործնականում, օրենքների կիրառման առումով։

Եվրախորհրդի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրախորհուրդը Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո՝ 1949 թվականին, ստեղծված առաջին միջազգային տարածաշրջանային կազմակերպությունն է։ Այժմ այն միավորում է 46 երկիր, ակտիվորեն համագործակցում է Եվրամիության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ։

ԵԽ-ի նպատակը համակարգված քաղաքականության մշակումը և անդամ երկրներում ընդունված օրենքների ու չափանիշների կիրառումն է։ Կազմակերպության գործունեությունն ընթանում է խորհրդարանականների, նախարարների, կառավարական պաշտոնյաների, փորձագետների, տեղական և տարածաշրջանային միությունների, երիտասարդական, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների նիստերի, հանդիպումների, քննարկումների տեսքով։ Հիմնադրումից ի վեր Եվրոպայի խորհուրդը մշակել և ընդունել է ավելի քան 160 կոնվենցիա, պետություններին և կառավարություններին ուղղված գործունեության տարբեր ոլորտների բազմաթիվ հանձնարարականներ։

Եվրոպական միասնության գաղափարը ծնվել է երկրորդ աշխարհամարտի հետևանքով ջախջախված ու ծխացող քաղաքների փլատակներից։ Այն առաջինը ձևակերպել է Ուինսթոն Չերչիլը Ցյուրիխում՝ 1946 թվականի սեպտեմբերի 19-ի ելույթի ժամանակ. «Անհրաժեշտ է միջոց, որն ինչպես հրաշք, տարիների ընթացքում ողջ Եվրոպան կդարձնի նույնքան ազատ ու երջանիկ, որքան այսօրվա Շվեյցարիան է։ Պետք է կառուցենք Եվրոպայի Միացյալ Նահանգների նման մի բան։»

1948 թվականին Հաագայում «Հանուն եվրոպական միասնության» միջազգային կոմիտեների շարժման հրավերով հավաքվում է Եվրոպական համաժողովը՝ 20 երկրների ներկայացուցիչներից։ Համաժողովի պատվիրակները համակարծիք էին, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ճշմարիտ արժեքներ են, հանուն որոնց պաշտպանության արժե միավորվել։ Սակայն վիճաբանության առիթ են դառնում միավորման ուղիները։ Ֆրանսիան և Բելգիան առաջարկում են ստեղծել համադաշնություն, մինչդեռ Մեծ Բրիտանիայի և Սկանդինավյան երկրների ներկայացուցիչների կարծիքով անհրաժեշտ էր պարզապես միջկառավարական համաձայնագրեր ստորագրել։ Արդյունքում որոշվում է հիմնել կազմակերպություն՝ կազմված Նախարարների խորհրդից (եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներից) և ազգային կառավարություններից անկախ, միաժամանակ, իշխանական լիազորություններից զուրկ Խորհրդարանական վեհաժողովից։ 1949 թ մայիսի 5-ին Արևմտյան Եվրոպայի 10 երկրներ՝ Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իտալիան, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան Լոնդոնում ստորագրում են Եվրոպայի խորհրդի Կանոնադրությունը, որի առաջին գլուխը հռչակում է. «Եվրոպայի խորհրդի խնդիրը անդամ-երկրների ընդհանուր ժառանգությունը հանդիսացող գաղափարներն ու սկզբունքները պաշտպանելու և իրագործելու, ինչպես և նրանց սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու նպատակով երկրների միջև առավել մեծ համերաշխության ձեռքբերումն է»։

ԵԽ ներկայացուցիչների առաջին նստաշրջանը տեղի է ունեցել Ստրասբուրգում, որն այնուհետև վերածվել է կազմակերպության պաշտոնական նստավայրի։ 1949 թ ԵԽ-ն դեռևս չուներ իրեն հատկացված շինություն, ուստի նիստը հրավիրվում է տեղի համալսարանում։ ԵԽ-ն համաեվրոպական առաջին կազմակերպությունն է, մինչև որը Հին աշխարհի երկրները միավորվում էին միայն ռազմական կամ քաղաքական դաշինքներում։ Կազմակերպության ընդունած առաջին փաստաթուղթը «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության» եվրոպական կոնվենցիան է, որը ստորագրվել է 1950 թ նոյեմբերի 4-ին Հռոմում և ուժի մեջ մտել 1953 թ սեպտեմբերի 3-ին։ ԵԽ անդամների միջև մինչև այդ բոլորին խորթ հավասարության սկզբունքը, անկախ պետությունների տնտեսական հզորությունից և տարածքից, նոր Եվրոպայի հիմք է դառնում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի խորհուրդն ունի աշխատանքային 3 հիմնական մարմին։

  • Նախարարների կոմիտեն գործադիր-կարգադրողական մարմին է, որի կազմում են 47 անդամ-երկրների արտգործնախարարները կամ նրանց տեղակալները։ Նիստերն ընթանում են Ստրասբուրգում։ Նախարարների կոմիտեն միաժամանակ և՛ կառավարական մարմին է, որի շրջանակներում իրավահավասար հիմունքներով քննարկվում են եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման ազգային մոտեցումները, և՛ կոլեկտիվ համահավաք, որտեղ մշակվում են նշված խնդիրների եվրոպական համընդհանուր լուծումները։ Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները և վերահսկում անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։
Անդամ-երկրների արտգործ նախարարները հանդիպում են տարին երկու անգամ (մայիսին և նոյեմբերին) եվրոպական համագործակցության և քաղաքական հարցերի վերանայման նպատակով։ Կազմակերպության հետ մշտական կապ ապահովելու համար յուրաքանչյուր երկիր նշանակում է մշտական ներկայացուցիչ՝ սովորաբար դեսպանի կամ գործերի հավատարմատարի աստիճան ունեցող դիվանագետի, որը բնակվում է Ստրասբուրգում։ :Յուրաքանչյուր նախարար կարող է նշանակել տեղակալ՝ օժտված որոշում կայացնելու՝ նախարարին հավասար լիազորություններով։ Տեղակալները, ովքեր սովորաբար անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներն են նաև, իրենց շաբաթական հանդիպումներում իրականացնում են Կոմիտեի ամենօրյա գործունեությունը և նախաձեռնում մարդու իրավունքների և պարտավորությունների վերահսկման առանձին հանդիպումներ։
Նախարարների կոմիտեն իրականացնում է քաղաքական երկխոսություն, համագործակցում Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ, վերահսկում անդամ-երկրների պարտավորությունների կատարումը, կնքում կոնվենցիաներ և համաձայնագրեր, ընդունում բյուջեն, առաջարկություններ անդամ պետությունների համար, գործողությունների ծրագրեր և վերահսկում դրանց կատարմանը, իրականացնում համագործակցության և օժանդակության ծրագրեր, հետևում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը։
  • Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է և ներկայացնում է Կազմակերպության անդամ-երկրների խորհրդարանների հիմնական քաղաքական միտումները։ Այն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի 47 անդամ-պետությունների խորհրդարանների կողմից ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներ։
Իր գոյության ավելի քան հիսուն տարիների ընթացքում Խորհրդարանական վեհաժողովը՝ որպես միջխորհրդարանական մարմին, մեծ մասնակցություն է ունեցել Եվրոպայում ընթացող զարգացումներում և պատմական արմատական փոփոխություններում։ Խորհրդարանական վեհաժողովը զբաղվում է արդիական և հեռանկարային հարցերով, որոնք ընդգրկում են ժամանակակից հասարակության խնդիրներն ու միջազգային քաղաքականության ասպեկտները։ ԵԽԽՎ շրջանակում ընդունված որոշումները ուղեցույց են Նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի միջկառավարական հատվածների գործունեության համար, կառույցը խրախուսում է եվրոպական ազգերի միջև խորհրդարանական իրական համագործակցությունը՝ առավել մեծ Եվրոպայի կառուցմանը։
Խորհրդարանական վեհաժողովն ունի 315 ներկայացուցիչ իրենց 315 տեղակալներով, որոնք ընտրվում կամ նշանակվում են ազգային խորհրդարանների կողմից։ Կախված բնակչության թվից՝ յուրաքանչյուր երկիր ունի 2-18 ներկայացուցիչ։ Վեհաժողովում ազգային պատվիրակությունները կազմված են այնպես, որ ապահովեն իրենց խորհրդարաններում քաղաքական կուսակցությունների կամ խմբերի արդար ներկայացուցչությունը։
ԵԽԽՎ նախագահը, նրա տասնութ տեղակալները և քաղաքական խմբերի կամ նրանց ներկայացուցչությունների ղեկավարները կազմում են Վեհաժողովի բյուրոն, որը նախապատրաստում է Վեհաժողովի օրակարգը, փաստաթղթերի վերաբերյալ հղումներ ուղղում հանձնաժողովներին, կազմակերպում առօրյա գործերը, ապահովում միջազգային այլ մարմինների հետ հարաբերությունները։ ԵԽԽՎ կազմում գործում են նաև ընդլայնված միացյալ հանձնաժողովը, որն ապահովում է Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի համագործակցությունը, մշտական հանձնաժողովը, որը գործում է Վեհաժողովի անունից, երբ վերջինս նստաշրջանում չէ, քաղաքական, իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների, տնտեսական և զարգացման, սոցիալական, առողջապահական և ընտանեկան հարցերով, բնակչության տեղաշարժերի, փախստականների և ազգաբնակչության հարցերով և մի շարք այլ հանձնաժողովներ ու սոցիալական խմբեր։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում փոփոխությունը հնարավորություն ստեղծեց հիմնադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ կազմված անդամ-երկրների թվին համապատասխան դատավորներից (այժմ՝ 46), որոնք ներկայացված են որպես մասնագետներ և ոչ թե պետությունների ներկայացուցիչներ։ Դատավորներին ընտրում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 9-ամյա ժամկետով։ Լիակազմ Դատարանն ընտրում է իր Նախագահին, երկու տեղակալներին և երկու ստորաբաժանումների Նախագահներին՝ եռամյա ժամկետով։ Դատարանն ունի չորս ստորաբաժանում, որոնց երեք տարով ամրագրված միացությունն ունի աշխարհագրական և սեռային հավասարակշռվածություն և հաշվի է առնում անդամ պետությունների տարբեր իրավական համակարգերը։ Ստորաբաժանումները ղեկավարում են նախագահները, որոնցից երկուսը նաև դատարանի Նախագահի տեղակալներն են։ Յուրաքանչյուր ստորաբաժանում հիմնում է երեք դատավորից կազմված հանձնաժողով՝ մեկամյա ժամկետով։ Յուրաքանչյուր ստորաբաժանման ներքո ստեղծվում է յոթ անդամներից կազմված պալատ, հերթագայության հիմունքով, ըստ որի ստորաբաժանման նախագահը և դատավորն ընտրվում են յուրաքանչյուր գործին առնչվող պետության համապատասխան։ Ընդ որում դատավորը ստորաբաժանման անդամ չէ, նա մասնակցում է որպես պալատի ex oficio անդամ։ Դատարանի Մեծ պալատը կազմված է 17 դատավորից. նրա մեջ ընդգրկված են Նախագահը, Նախագահի տեղակալները և ստորաբաժանումների Նախագահները՝ որպես ex oficio անդամներ։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների խախտման զոհ հանդիսացող յուրաքանչյուր երկիր կամ անհատ կարող է դիմում ներկայացնել անմիջապես Ստրասբուրգի դատարան՝ վկայակոչելով Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտում ԵԽ որևէ անդամի կողմից։ Անհատ դիմողները կարող են իրենց դիմումներն անձնապես հանձնել։ Եվրոպայի խորհուրդը նախատեսել է անվճար իրավաբանական աջակցության հնարավորություն այն դիմողների համար, որոնք չունեն բավարար միջոցներ։ Դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը, սակայն դիմումները կարող են հանձնվել անդամ երկրների պաշտոնական լեզուներից որևէ մեկով։ Դատավճիռները՝ Պալատների որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ։ Դատարանի բոլոր վերջնական վճիռները պարտադիր են գործին առնչվող Պետությունների համար։ Դատավճռի կատարման վերահսկման համար պատասխանատու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (Նախարարների կոմիտեն որոշում է, թե արդյոք Պետությունները, որոնց իրավասության ներքո հայտնաբերվել են Կոնվենցիայի խախտումներ, ձեռնարկել են բավարար մեղմացնող միջոցներ՝ կատարելու Դատարանի կայացրած հատուկ կամ ընդհանուր վճիռները)։
Նախարարների կոմիտեի խնդրանքով Դատարանը կարող է տալ խորհրդատվական կարծիքներ իրավական հարցերում՝ կապված Կոնվենցիայի և Արձանագրությունների մեկնաբանությունների հետ։ Խորհրդատվական կարծիքները տրվում են Մեծ պալատի կողմից և ընդունվում են ձայների մեծամասնությամբ։ Յուրաքանչյուր դատավոր կարող է խորհրդատվական կարծիքին կցել առանձին կարծիք կամ տարակարծության բաց հայտարարություն։

Բացի նշված 3 գլխավոր մարմիններից՝ ԵԽ-ի կազմում են նաև Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը և Գլխավոր քարտուղարություն։

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրումը - 1994 թ Եվրոպայի խորհուրդը հիմնեց Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, որը գործում է Նախարարների կոմիտեի կողմից օրենքով սահմանված վճռի հիման վրա։ Կոնգրեսը, որ հավաքվում է տարին մեկ անգամ Ստրասբուրգում, կազմված է երկու պալատից՝ Տեղական իշխանությունների պալատ և Տարածքային պալատ, որոնց ընդհանուր կազմում ընդգրկված են 313 անդամներ՝ իրենց 313 տեղակալներով։ Կոնգրեսն իր աշխատանքը կազմակերպում է չորս կանոնադրական հանձնաժողովների շրջանակներում՝ ինստիտուցիոնալ հանձնաժողով, մշակույթի և կրթության հանձնաժողով, կայուն զարգացման հանձնաժողով, սոցիալական համախմբվածության հանձնաժողով։

Կոնգրեսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական տարածքային և տեղական իշխանության մարմինների շահերի արտահայտողն է, ներկայացուցչական համահավաք, որի շրջանակներում տեղական և տարածքային իշխանությունների կողմից ընտրված ներկայացուցիչները կարող են քննարկել ընդհանուր խնդիրներ, կատարել փորձի փոխանակություն և կառավարություններին ներկայացնել իրենց տեսակետները։ Նախարարների կոմիտեին և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին տալիս է խորհրդատվություններ տեղական և տարածքային քաղաքականության բոլոր հարցերի վերաբերյալ, սերտորեն համագործակցում է տեղական և տարածքային իշխանության մարմինները ներկայացնող ազգային և միջազգային կազմակերպությունների հետ, կազմակերպում է տեղական և տարածքային մակարդակով լսումներ և համաժողովներ հասարակության լայն ներգրավմամբ, որը ծայրահեղ կարևոր է իրական ժողովրդավարության ստեղծման համար, կանոնավոր կերպով զեկույցներ է նախապատրաստում Խորհրդի անդամ, ինչպես նաև անդամության թեկնածու բոլոր պետություններում ընթացող տեղական և տարածքային ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ և, մասնավորապես, հետևում է, թե ինչպես են իրականացվում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքները, գործնական օժանդակություն է ցուցաբերում նոր անդամագրված պետություններին արդյունավետ գործող տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների ստեղծման գործում։

Գլխավոր քարտուղարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մարմինը բաղկացած է Գլխավոր քարտուղարից (ԳՔ), Գլխավոր քարտուղարի տեղակալից և համապատասխան աշխատակազմից։ Գլխավոր քարտուղարին ընտրում է Խորհրդարանական վեհաժողովը՝ Նախարարների կոմիտեի առաջարկությամբ, հինգ տարի ժամկետով։ 2004 թ սեպտեմբերից Կազմակերպության Գլխավոր քարտուղարն է բրիտանացի Թերրի Դեյվիսը, իսկ նրա տեղակալն է Մոուդ Ֆրոկ դե Բյոր-Բուքիքիոն։ Գլխավոր քարտուղարը պատասխանատու է Խորհրդի աշխատանքային ծրագրի և բյուջեի ռազմավարական ուղղվածության համար և վերահսկում է Կազմակերպության և Քարտուղարության ամենօրյա կառավարումը։

ԵԽ անդամ-երկրները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԽ-ի կազմում այժմ ընդգրկված է 47 պետություն։

ԵԽ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումների արդյունքում Եվրոպայի խորհրդի գործունեությունը ձեռք է բերել նոր քաղաքական ազդակ՝ ուղղված Եվրոպայում կայունության ամրապնդմանը։

Առաջին գագաթաժողովը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի գագաթաժողով, 1993 թ Առաջին գագաթաժողովի ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ 32 պետությունների քաղաքական առաջնորդները հաստատեցին և ամրագրեցին Եվրոպայի խորհրդի ընդլայնման և ընդարձակման քաղաքականությունը։

Գագաթաժողովը հաստատեց երեք առաջնահերթություններ՝ բարեփոխումներ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեխանիզմում՝ այն առավել արագընթաց և արդյունավետ դարձնելու նպատակով։ (ընդունվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 11 արձանագրությունը), ազգային փոքրամասնությունների պաշտպանություն, այդ առումով Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի ընդունում, պայքար անհանդուրժողականության դեմ։

Երկրորդ գագաթաժողովը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրասբուրգի գագաթաժողով, 1997 թ անդամ 40 պետությունների առաջնորդներն ընդունեցին Գործողությունների ծրագիր հետևյալ չորս խնդիրների շուրջ՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, սոցիալական համախմբվածություն, քաղաքացիների անվտանգություն, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների և մշակութային բազմազանության ուսուցում։ Ռասիզմի, քսենոֆոբիայի, հրեատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը նույնպես նոր ուժ է ստացել Երկրորդ գագաթաժողովի արդյունքում։

Երրորդ գագաթաժողովը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավա, մայիսի 16-17-ը, 2005 թ․ Պետությունների և կառավարությունների ղեկավարների այս գագաթաժողովի նպատակը Եվրոպայի 800 միլիոն քաղաքացիների ակնկալիքներին կառույցի համապատասխանությունն ապահովելն էր և երաշխավորել, որ կազմակերպության խնդիրները և գործառույթներն ուղղված են նոր հազարամյակում նրանց առջև ծառացող խնդիրների լուծմանը։

Գագաթաժողովի մասնակիցները վերահաստատում են ԵԽ տարածքում մարդու իրավունքների, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը պաշտպանելու ու զարգացնելու պատրաստակամությունը։ Ամուր հիմքերով քաղաքացիական հասարակության ձևավոևման և ժողովրդավարական ինստիտուտների հաստատման նպատակով որոշվում է ապագա ժողովրդավարության ձևաչափ մշակել։ Մարդու իրավունքների պաշտպանության պայմաններում ԵԽ երկրների քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով կազմակերպությունը որոշում է ակտիվորեն պայքարել ահաբեկչության դեմ, որը «ժողովրդավարական հասարակությունների սպառնացող հիմնական վտանգ է և չի կարող արդարացվել որևէ հանգամանքով կամ մշակույթով»։

Հայաստանը ԵԽ-ի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՀՀ Եվրախորհրդի անդամ» հայկական հուշադրամի դարձերեսը, 2001

Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար Հայաստանը դիմել է 1996 թ մարտին[2]։ Դեռևս հունվարին ՀՀ Ազգային ժողովը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հատուկ հյուրի կարգավիճակ էր ստացել։ Իսկ 2000 թ նոյեմբերին ԵԽ Նախարարների կոմիտեի որոշմամբ Հայաստանը կազմակերպությանն անդամակցելու հրավեր է ստանում, 2001 թ հունվարի 25-ին այն արդեն Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ էր և ստանձնել էր հետևյալ պարտավորությունները.

  1. անդամակցություն ստանալու պահին ստորագրել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) և նրան լրացնող Թիվ 1, 2, 4, 6, 7 և 11 արձանագրությունները.
  2. վավերացնել ՄԻԵԿ-ը և նրան լրացնող Թիվ 1, 4, 6 և 7 արձանագրությունները անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում.
  3. ստորագրել և վավերացնել Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան և դրա արձանագրությունները անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում.
  4. ստորագրել և վավերացնել Տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում.
  5. ստորագրել և վավերացնել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան՝ անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում.
  6. ստորագրել և վավերացնել անդամակցություն ձեռք բերելուց հետո երկու տարվա ընթացքում Տարածքային համայնքների կամ իշխանության մարմինների միջև անդրսահմանային համագործակցության եվրոպական շրջանակային կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաև հանձնման, քրեական հարցերում փոխադարձ օժանդակության, հանցագործ գործունեությունից ստացված եկամուտների լվացման, որոնման, զավթման և բռնագրավման և բանտարկված անձանց փոխանցման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները՝ միաժամանակ կիրառելով դրանցում առկա հիմնարար սկզբունքները.
  7. ստորագրել Եվրոպական սոցիալական խարտիան անդամակցություն ձեռք բերելուց հետո երկու տարվա ընթացքում և վավերացնել այն անդամակցություն ձեռք բերելուց հետո երեք տարվա ընթացքում՝ ջանալով կիրառել Խարտիայի սկզբունքներին համապատասխան քաղաքականություն.
  8. ստորագրել Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագիրը և համապատասխան արձանագրությունները անդամակցություն ձեռք բերելու պահին և վավերացնել դրանք անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում.

• հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում

  1. հետամուտ լինել հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով.
  2. օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդեցությունը՝ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար.
  3. միջազգային և ներքին հակասությունները կարգավորել խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն (պարտավորություն, որը պարտադիր է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար)՝ վճռականորեն մերժելով հարևանների նկատմամբ ուժի սպառնալիքի որևէ դրսևորում.

• ներպետական օրենսդրություն

  1. անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել Քրեական oրենսգրքի երկրորդ (հատուկ) մասը՝ de jure վերացնելով մահապատիժը և ապաքրեականացնելով փոխադարձ համաձայնությամբ միասեռ փոխհարաբերությունները չափահասների միջև.
  2. անդամակցություն ձեռք բերելուց հետո վեց ամսվա ընթացքում ընդունել օմբուդսմենի (մարդու իրավունքների պաշտպանի) մասին օրենքը.
  3. անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել նոր օրենք լրատվամիջոցների մասին.
  4. անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել նոր օրենք քաղաքական կուսակցությունների մասին.
  5. անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել նոր օրենք ոչ կառավարական կազմակերպությունների մասին.
  6. անդամակցություն ձեռք բերելուց հետո վեց ամսվա ընթացքում ընդունել օրենք Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարություններից բանտային համակարգի, այդ թվում նաև նախնական կալանքի վայրերի և աշխատանքային գաղութների նկատմամբ պարտականությունները (իրավասությունները) Արդարադատության նախարարությանը փոխանցելու մասին՝ ապահովելով համակարգի բարեփոխումները և ապառազմականացումը, և երաշխավորել նշված օրենքի արդյունավետ կիրառումը՝ ընդունելուց հետո վեց ամսվա ընթացքում, բացառությամբ նախնական կալանքի վայրերի և աշխատանքային գաղութների արդյունավետ փոխանցման, ինչը պետք է կատարվի նշված օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում.
  7. անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել օրենք քաղաքացիական ծառայության մասին
  8. նախքան հաջորդ տեղական ընտրությունները փոփոխել տեղական իշխանությունների լիազորությունները կանոնակարգող օրենսդրությունը՝ նրանց առավել մեծ պարտականություններ և անկախություն վերապահելու նպատակով այս ոլորտում Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵՏՏԻԿ) հանձնարարականների համաձայն
  9. վերացնել ընտրական նոր օրենսգրքի թերությունները մինչև հաջորդ ընտրությունները՝ մասնավորապես ուշադրություն հատկացնելով հանձնաժողովների գործունեության ընթացակարգային կողմերին և ընտրամատյանների ստեղծման համար պատասխանատու իշխանությունների աշխատանքին

• մարդու իրավունքներ ՝

  1. դատաիրավական համակարգի համալիր բարեփոխում inter alia

դատաիրավական համակարգի լիակատար անկախությունը, քրեական դատավարություններում դատապաշտպանի լրիվ և անմիջական մատչելիությունը երաշխավորելուհամար, (պարտադիր անչափահասների համար). անհրաժեշտության դեպքում ծախսերը պետք է հոգա պետությունը

  1. երաշխավորել, որ բոլոր եկեղեցիները կամ կրոնական համայնքները, մասնավորապես նրանք, որոնց անվանում են «ոչ ավանդական, կարող են դավանել իրենց կրոնը առանց խտրականության
  2. սերտ համագործակցել ՈԿԿ-ների հետ՝ երաշխավորելու բանտարկյալների և դատապարտվածների իրավունքների նկատմամբ հարգանքը
  3. անդամակցության երեք տարիների ընթացքում ընդունել այլընտրանքային ծառայության մասին եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք և միևնույն ժամանակ ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու պատճառով ազատազրկված կամ ուղղիչ աշխատանքի դատապարտված անձանց՝ նրանց հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարել չզինված ռազմական կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև, այլընտրանքային ծառայության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո.
  4. պետական հեռուստակայանը դարձնել հանրային կայան, որը կկառավարի անկախ վարչական խորհուրդը.

• պարտավորությունների մոնիտորինգը
1. սերտ համագործակցել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների կատարման՝ Վեհաժողովի հանձնաժողովի (Մոնիտորինգային հանձնաժողով) ստեղծման մասին Վեհաժողովի Թիվ 1115 (1997) որոշման կիրառման համատեքստում.
2. սերտ համագործակցել մոնիտորինգային գործընթացին, որը սկսվել է համաձայն 1994 թ նոյեմբերի 10-ին (95-րդ նստաշրջանին) Նախարարների կոմիտեի ընդունած հայտարարագրի։

Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի խորհրդի մարմիններում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախարարների կոմիտեում Հայաստանը ներկայացնում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Մշտական ներկայացուցիչ է նշանակված Արմեն Պապիկյանը
  • Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է 4 անդամներից և չորս փոխարինողներից կազմված պատվիրակությունով, որի կազմում են Դավիթ Հարությունյանը (Հայաստանի պատվիրակության ղեկավար), Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Կարեն Կարապետյանը։
  • Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության մշտական քարտուղարության անդամներն են Ալիսա Մարտիրոսյանը (պատվիրատության քարտուղար), Էսթերա Մկրտումյանը
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի անդամը Ալվինա Գյուլումյանն է։
  • Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում (ԵՏՏԻԿ) Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ և չորս փոխարինող։
  • Հայաստանը ներկայացված է նաև Տեղական իշխանությունների պալատում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]