Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Եվրոպայի Խորհրդի այն հաստատությունն է, որը այդ կազմակերպության ներսում ներկայացնում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինները։ Այն կազմված է երկու պալատներից՝ Տեղական իշխանությունների պալատ, Ռեգիոնների պալատ, և ունի Քարտուղարություն՝ իր Գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ, ով ընտրվում է Կոնգրեսի կողմից 5 տարի (վերընտրվելի) ժամկետով ։

Պատմություն[խմբագրել]

Կոնգրեսը ստեղծվել է 1994 թվ.-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշմամբ։ Նրա կանոնակարգը և լիազորությունները արդյունքն են այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխությունների (սկսած դեռ 1953 թվ.-ից), որոնք կրում են ներպետական ինքնավարության երկու՝ նախ տեղական, այնուհետև տարածքային մակարդակների երկփուլ ճանաչում, ինչպես նաև իր կազմակերպման և գործունեության արագընթաց պառլամենտարիզացում ։

1953 թվ.-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կազմակերպել Տեղական իշխանությունների եվրոպական կոնֆերանս՝ ոգեշնչվելով Համայնքային ազատությունների եվրոպական խարտիայից, որն ընդունվել էր այդ նույն տարում Վերսալում Եվրոպայի համայնքների խորհրդի կողմից։ Սա ֆրանսիական մասնավոր ասոցիացիա էր՝ ստեղծված 1951 թվ.-ին, որը 1984 թվ.-ին դարձավ Եվրոպայի համայնքների և ռեգիոնների խորհուրդ (Conseil des communes et régions d’Europe - CCRE)։

1956 թվ.-ին Կոնֆերանս կազմակերպելու գաղափարը հաստատվում է նաև Նախարարների կոմիտեի կողմից։ Այնուամենայնիվ, Տեղական իշխանությունների կոնֆերանսը տեղի կունենա միայն 1957 թվ.-ի հունվարի 12-ին Ստրասբուրգում՝ ֆրանսիացի Ժակ Շաբան-Դելմայի նախագահությամբ (նա նախագահել է Տեղական իշխանությունների եվրոպական կոնֆերանսը 1957-1960 թթ.-ին )։

1960 թ.-ի Կոնֆերանսը իր տարեկան ժողովի կապակցությամբ է, որ, ցանկանալով պաշտոնականացնել իր իրավական կարգավիճակը, ընդունում է Խարտիայի նախագիծ, որը կհաստատվի 1961 թվ.-ի սեպտեմբերի 13-ին Նախարարների կոմիտեի կողմից։ Այս պահից սկսած Տեղական իշխանությունների եվրոպական կոնֆերանսը համարվում է պաշտոնապես ստեղծված համաձայն իր Կանոնադրության հոդված 17-ի, ըստ որի «Նախարարների կոմիտեն հարկ եղած դեպքում կարող է ստեղծել խորհրդատվական կամ տեխնիկական բնույթի կոմիտեներ և հանձնաժողովներ»։

1975 թվ.-ի փետրվարի 19-ին Նախարարների կոմիտեն բարեփոխում է Կոնֆերանսի Խարտիան ընդարձակելու համար նրա խորհրդատվական լիազորությունների դաշտը տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների նկատմամբ ։ Արդեն անվանվելով Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանս, այն 1979 թվ.-ին ևս մեկ անգամ է վերանվանվում և դառնում Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների մշտական կոնֆերանս ։ Մշտական կոնֆերանսի գործունեության ամենամեծ ձեռքբերումը մնում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, որը բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրմանը սկսած 1985 թվ.-ի հոկտեմբերի 15-ից և ուժի մեջ է մտել 1988 թվ.-ի սեպտեմբերի 9-ին և որով այն ստորագրող պետությունները պարտավորվում են ընդունել իրենց ներքին օրենսդրության մեջ տեղական ինքնակառավարման սկզբունքը։ 1993 թվ.-ի հոկտեմբերի 9-ին Վիեննայում Եվրոպայի Խորհրդի առաջին գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները հաստատում են իրենց մտադրությունը հիմնել մի խորհրդատվական մարմին, որը ուղղղակի կերպով կներկայացնի ինչպես տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ տարածքային կառավարման մարմինները Եվրոպայում։ 1994 թվ.-ի Նախարարների կոմիտեի որոշմամբ ընդունվում է կանոնադրական բնույթի մի փաստաթուղթ, որը հիմք է հանդիսանում Եվրոպայի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և իր երկու պալատների ստեղծման համար։

Դերը[խմբագրել]

Կոնգրեսի հիմնական նպատակներն են ապահովել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների մասնակցությունը եվրոպական ունիֆիկացման գործընթացին և Եվրոպայի խորհրդի աշխատանքներին, նպաստել տեղական և տարածքային ժողովրդավարության առաջխաղացմանն ու տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցությանը ։

Կոնգրեսը մասնավորապես քաջալերում է Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում տեղական և տարածքային իշխանությունների արդյունավետ կազմակերպանը, մասնավորապես նոր ժողովրդավարական երկրներում, քննում է անդամ և անդամակցման թեկնածու պետություններում տեղական և տարածքային ժողովրդավարության մակարդակը, զարգացնում է այնպիսի նախաձեռնություններ, որոնք թույլ կտան քաղաքացիներին դառնալ իրապես ժողովրդավարության մասնակից տեղական և տարածքային մակարդակով, ներկայացնում է տեղական և տարածքային խորհուրդների շահերը եվրոպական քաղաքականության ձևավորման գործում, խրախուսում է տարածքային և միջսահմանային համագործակցությունը հանուն խաղաղության, հանդուրժողականության և տևական զարգացման, քաջալերում է Եվրոռեգիոննեի ստեղծումը, ներգրավվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների ընտրությունների դիտորդությանը այն պետություններում, որոնք դրա հայտն են ներկայացնում ։ Կոնգրեսը իրագործում է իր գործունեությունը մի շարք համագործակիցների մասնակցությամբ՝ ազգային ասոցիացիաներ, միջազգային ասոցիացիաներ, դիտորդներ և այլ համագործակիցներ ։

Իր առաքելության շրջանակներում Կոնգրեսը պատրաստում է բազմաթիվ զեկույցներ ։ Տեղական ժողովրդավարության մոնիտորինգի շրջանակներում Կոնգրեսը պատրաստում է երկու տիպի զեկույց՝

  • Մոնիտորինգի զեկույց. սա Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունում տեղական և տարածքային ժողովրդավարության հետևողական զեկույց է, որը կատարվում է երկրի առ երկիր ։ Մոնիտորինգի գործունեությունը կարևոր հիմք է հանդիսնում տեղական և տարածքային ժողովրդավարության հարցերի վերաբերյալ անդամ պետությունների իշխանություների հետ քաղաքական կառուցողական երկխոսություն հաստատելու համար։ Սա Կոնգրեսին թույլ է տալիս անդամ երկրների կառավարություններին, խորհրդարաներին, հասարակական կազմակերպություններին, պատգամավորներին և մամուլին հայտնի դարձնել իր հիմնական պայմանագրերը և իրավական գործիքները տեղական և տարածքային ինստիտուցիոնալ հարցերում։ Այսպիսով բազմաթիվ օրենսդրական բարեփոխումներ են ձեռնարկվել անդամ պետությունների կողմից՝ հիմնվելով այս զեկույցների առաջարկությունների վրա։ Սա մի նոր ընթացակարգ է, որը թույլ է տալիս արագացնել առաջարկությունների կիրառումը այն պետությունների իշխանությունների կողմից, որոնք հանդիսանում են հսկողական զեկույցի խնդրո առարկա։ Այդպիսով այդ պետությունները պետք է գրավոր ներկայացնեն այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են իրագործելու համար իրենց հասցեագրված առաջարկությունները։
  • Ընդհանուր մոնիտորիգ. խոսքը գնում է այն զեկույցների մասին, որոնք ներկայացնում են Եվրոպայի Խորհրդի անդամ և թեկնածու պետություններում Տեղական ինքնավարման եվրոպական խարտիայի կիրառման վերլուծություն։ Անդամ պետություններում Խարտիայի կիրառման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու ընդհանուր պարտավորության շրջանակներում Կոնգրեսը պատրաստում է միջանկյալ զեկույցներ ։

Ընտրությունների դիտորդության իր առաքելության շրջանակներում Կոնգրեսը պատրասնում է դիտորդական զեկույցներ. Կոնգրեսը պարբերաբար հետևում է անդամ և թեկնածու պետություններում տեղական և տարածքային ընտրությունները՝ առանցքային աշխատանք իր նպատակի իրականացման հարցում, որն է հետևել այդ երկրների դեպի տեղական և տարածքային ժողովրդավարություն կատարած առաջընթացներին։ Ընտրությունների դիտորդությունը, որը չի սահմանափակվում միայն ընտության ընթացքով, այլ ներառում է նաև ընտրական քարոզարշավի վերլուծություն, բերում է նրան, որ Կոնգրեսը այն քննարկում է առավել բարձր մակարդակով՝ քաղաքական կուսակցությունների և խմբերի ներկայացուցիչների հետ, ովքեր առարկում են ընտրությունների արդյունքները, ընտրական հանձնաժողովների հետ, ինչպես նաև մամուլի և քաղաքացիական իրավունքների ներկայացուցիչների հետ։ Բացի դիտորդության այս մանրակրկիտ զեկույցներից Կոնգրեսը ազգային իշխանությունների նախաձեռնությամբ ընդունում է առաջարկություններ, որոնք վերաբերում են ընտրությունների դիտորդությանը, ինչպես նաև բանաձևներ՝ հասցեագրված պետության ներպետական մարմիններին ։

Կառուցվածքը[խմբագրել]

Կազմված լինելով տեղական ինքնակառավարման կամ տարածքային կառավարման մարմնում ընտրովի մանդատ ունեցող ներկայացուցիչներից՝ Կոնգրեսն այսօր ունի 318 լիիրավ և 318 փոխարինող անդամ՝ ներկայացնելով անդամ պետությունների ավելի քան 200.000 տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններ ։ Նրանց մանդատի տևողությունը երկու տարի է ։ Կոնգրեսի անդամները խմբեր են կազմում ըստ ազգային ներկայացուցչությունների և ըստ քաղաքական խմբակցությունների՝ Ժողովրդական եվրոպական քաղաքական խմբակցություն-Դեմոկրատ քրիստոնյաներ (PPE-DC/Groupe Parti Populaire Européen-Démocrates Chrétiens), Սոցաիալիստական խմբակցություն (SOC/Groupe Socialiste), Անկախ և լիբերալ դեմոկրատական խմբակցություն (GILD/Groupe Indépendant et Libéral Démocratique) և անկողմնակալները , որոնք չեն անդամակցում ոչ մի խմբակցության։

Կոնգրեսը երեք նստաշրջան է ունենում, որոնք տեղի են ունենում Ստրասբուրգում (պլենար նստաշրջան մայիսին, աշնանային նստաշրջան նոյեմբերին և գարնանային նստաշրջան մարտին)։ Կոնգրեսի երկու Պալատներից յուրաքանչյուրի նստաշրջանները նույնպես տեղի են ունենում Ստրասբուրգում ու նախորդում կամ/և հաջորդում են Կոնգրեսի տարեկան նստաշրջանին։

Կոնգրեսը ընտրում է իր նախագահին (ներկայիս նախագահը՝ Յավուզ Միլդոն - Թուրքիա) յուրաքանչյուր Պալատի ներկայացուցիչների թվից երկու տարի ժամկետով։ Կոնգրեսը ղեկավարում է իր Գլխավոր քարտուղարը (ներկայումս՝ Ուլրիխ Բոները) ։ Կոնգրեսի մյուս մարմիններն են՝ Բյուրոն (բաղկացած երկու Պալատների Բյուրոներից, որը նախագահում է Կոնգրեսի նախագահը), Մշտական հանձնաժողովը, որը հանդես է գալիս Կոնգրեսի անունից աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում, չորս հիմնական (կանոնադրությամբ նախատեսված) հանձնաժողովները ու հատուկ աշխատանքային խմբերը ։

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անդամների տեղերի բաշխումը՝

Պետություն Լիիրավ անդամ -
փոխարինող անդամ
Պետություն Լիիրավ անդամ -
փոխարինող անդամ
Պետություն Լիիրավ անդամ -
փոխարինող անդամ
Ադրբեջան Ադրբեջան 6-6 Ալբանիա Ալբանիա 4-4 Անդորրա Անդորրա 2-2
Ավստրիա Ավստրիա 6-6 Բելգիա Բելգիա 7-7 Բոսնիա և Հերցոգովինա Բոսնիա և Հերցոգովինա 5-5
Բուլղարիա Բուլղարիա 6-6 Գերմանիա Գերմանիա 18-18 Դանիա Դանիա 5-5
Էստոնիա Էստոնիա 3-3 Թուրքիա Թուրքիա 12-12 Իռլանդիա Իռլանդիա 4-4
Իսլանդիա Իսլանդիա 3-3 Իսպանիա Իսպանիա 12-12 Իտալիա Իտալիա 18-18
Լատվիա Լատվիա 3-3 Լեհաստան Լեհաստան 12-12 Լիխտենշտեյն Լիխտենշտեյն 2-2
Լիտվա Լիտվա 4-4 Լյուքսեմբուր Լյուքսեմբուրգ 3-3 Խորվաթիա Խորվաթիա 5-5
Կիպրոս Կիպրոս 3-3 Հայաստան Հայաստան 4-4 Հունաստան Հունաստան 7-7
Հունգարիա Հունգարիա 7-7 Մալթա Մալթա 3-3 Մակեդոնիա Մակեդոնիա 3-3
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 18-18 Մոլդովա Մոլդովա 5-5 Մոնակո Մոնակո 2-2
Մոնտենեգրո Մոնտենեգրո 3-3 Նիդերլանդներ Նիդերլանդներ 7-7 Նորվեգիա Նորվեգիա 5-5
Շվեդիա Շվեդիա 6-6 Շվեյցարիա Շվեյցարիա 6-6 Չեխիայի հանրապետություն Չեխիայի հանրապետություն 7-7
Պորտուգալիա Պորտուգալիա 7-7 Ռումինիա Ռումինիա 10-10 Ռուսաստանի դաշնություն Ռուսաստանի դաշնություն 18-18
Սան Մարինո Սան Մարինո 2-2 Սերբիա Սերբիա 7-7 Սլովակիա Սլովակիա 5-5
Սլովենիա Սլովենիա 3-3 Վրաստան Վրաստան 5-5 Ուկրաինա Ուկրաինա 12-12
Ֆինլանդիա Ֆինլանդիա 5-5 Ֆրանսիա Ֆրանսիա 18-18
Ընդհանուր= 318 լիիրավ անդամ + 318 փոխարինող անդամ կամ 636 Կոնգրեսի անդամ

Արտաքին հղումներ[խմբագրել]