Կաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաշի (այլ կիրառումներ)
Պատրաստի կաշիներ
Կաշվե ձեռնոցներ

Կաշի, կենդանիների մորթուց մշակվող նյութ։ Ըստ նշանակման կաշին ստորաբաժանվում է 4 դասի, կոշկեղենի, թամբալծասարքի, տեխնիկական և գալանտերեա-հագուստեղենի։

Կոշկեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշկեղենի կաշին լինում է երեսացու և ներբանացու։ Կոշիկի ներբանի կաշին ամրացվում է պտուտակներով և թելակարա-սոսնձային մեթոդներով (զարդեզրով, միջնակարով, սոսնձային)։ Մշակվում է խոշոր եղջերավոր կենդանիների, ուղտի, խոզի, ծովային կենդանիների, ձիու մաշկից՝ տարբեր դաբաղանյութերի կիրառմամբ։ Կիրառվում է համակցված դաբաղում (քրոմի, տանիդի, սինտանամի, երբեմն նաև ցիրկոնիումի, ալյումինի միացություններով)։ Կոշիկի ներբանացու կաշին ստորաբաժանվում է ըստ դաբաղման, վերջնամշակման բնույթի, հաստության, տեսակի (4 տեսակ), ընդհանուր տեսքի (ամբողջական կաշի, կիսակաշի)։ Ներբանացու կաշվից պատրաստում են ներբան, միջատակ և այլ մասեր։ Կոշիկի երեսացու կաշին փափուկ նյութ է, որը շահագործման ընթացքում (ինչպես նաև կոշիկի մասեր պատրաստելիս) ձգվում է, սեղմվում, ծռվում, ենթարկվում փոշու, կեղտի, քիմիական նյութերի ներգործության։ Պետք է ունենա բավականաչափ օդա- և գոլորշիաթափանցելիություն, անջրթափանցելիություն։ Երեսացու կաշին լինում է յուխտային և քրոմային դաբաղմամբ։ Յուխտից պատրաստում են աշխատանքային, զինվորական կոշիկներ և սանդալներ։ Կոշիկի յուխտը պետք է լինի նաև քրտնակայուն և գոլորշիաթափանցելի։ Ռետինե ներբաններով, տաք վուլկանացման մեթոդով ամրացվող կոշիկների համար կիրառվում է ջերմակայուն յուխտ։ Սանդալների յուխտը պետք է լինի առավել առաձգական, բայց փափուկ, քիչ ճարպածծված (8-16% ճարպ), ունենա լավ դրվագծված արտաքին մակերեույթ։ Թողարկվում են նաև լաքային և աստառացու կաշիներ, որոնք պետք է լինեն փափուկ, հավասարաչափ ներկված, առանց բծերի և այլ արատների։ Լաքային կաշին պետք է լինի փափուկ, ունենա հավասարաչափ փայլուն, չթափվող լաքե թաղանթ, պարզ արտահայտված մերեա, խնամքով մշակված մորթափառ։ Առավելապես կիրառվում է մոդելային կոշիկների և գալանտերեային արտադրանքի համար։ Աստառացու կաշին ստանում են դաբաղած կիսաֆաբրիկատի խոտանման ժամանակ՝ շատ արատներ ունեցող կաշիներից։

Թամբալծասարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամբալծասարքի կաշվից պատրաստում են գոտի, պատյան, պայուսակ, պլանշետ, հանդերձանք, լծասարք (օգտագործում են չդաբաղված կաշի)։ Թամբալծասարքի կաշին ստանում են խոշոր եղջերավոր անասունների մաշկից։ Կիրառվում են դաբաղման համակցված մեթոդներ։

Տեխնիկական[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական կաշվից պատրաստում են շարժաբեր փոկեր (մշակվում է խոշոր եղջերավոր անասունների մաշկից), մեքենամասեր և այլ տեխնիկական շինվածքներ։ Տեխնիկական կաշին աչքի է ընկնում ձգման մեծ ամրությամբ, խտությամբ, մեծ առաձգականությամբ, հավասար հաստությամբ։ Դրանից ստանում են մաքոքամղիչ, կցորդիչներ, թեզանիքներ, բաժանարար փոկեր և այլ մեքենամասեր։

Գալանտերեա-հագուստեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալանտերեա-հագուստեղենի կաշին փափուկ է, ստացվում է դաբաղման քրոմային և համակցված մեթոդների կիրառմամբ։ Հագուստեղենի շերետը, որն աչքի է ընկնում ձգելիությամբ, ստանում են ոչխարի մաշկից։ Հագուստեղենի կաշին ստանում են նաև խոզի մաշկից։ Գալանտերեային արտադրանքի կաշին պետք է լինի հավասարաչափ ներկված, ոչ դյուրաբեկ, շփակայուն։ Երբեմն ենթարկում են տպադրոշմման։ Ձեռնոցների կաշին ստանում են ոչխարների, այծերի, մտրուկների, գոճիների, շների մաշկից՝ քրոմային, ալյումինա-քրոմային և ճարպային դաբաղմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 245