Հռոմկլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմկլա
Hromkla Halfeti.jpg
Հռոմկլայի բերդը
##Հռոմկլա (Թուրքիա)
Red pog.svg
Տիպ Բերդաքաղաք
Կոորդինատներ 37°09′35.99″ հս. լ. 37°30′00″ ավ. ե. / 37.16.14.8, 37.50.16.537°09′35.99″ հս. լ. 37°30′00″ ավ. ե. / 37.16.14.8, 37.50.16.5
Տեղագրություն Թուրքիա Թուրքիա Եփրատ գետի ափին
Կառուցող Հռոմեացիներ
Օգտագործվան մեջ Որպես բերդ՝ հռոմեացիների դարաշրջանից սկսած
Որպես կաթողիկոսի նստավայր՝ 1203-1293 թթ.
Ավերված 1839 թվականին Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից
Ընթացիկ վիճակ Բերդերի ավերակներ, հայկական եկեղեցիներն ավերված
Հանրային
մատչելիություն
այո
Կապված անձինք Ներսես Դ Կլայեցի, Գրիգոր Դ Տղա, Կոստանդին Ա Բարձրբերդցի Ամենայն Հայոց Կաթողիկոսները
Մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը
Իրադարձություններ 1178 թ-ին և 1179 թ-ին Հռոմկլայում գումարվել են հայ եկեղեցական ժողովներ
Հռոմկլան հարակից գետի հակառակ ափից

Հռոմկլա - Հռոմ-Քար, Կլայն Հռոմեական: Բերդաքաղաք Եփրատեսիա նահանգում, Եփրատ գետի աջ ափին, Փարզման (այժմ` Մերզումեն) վտակի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա: Շրջափակված էր դժվարամատչելի ժայռերով, երեք կողմից ողողվում էր Եփրատի ու Փարզմանի ջրերով, ուներ քառաշարք պարիսպ ու աշտարակաձև, երկհարկանի մաշիկուլներով 7 դարպաս: Ժայռերին խարսխված բարձր պարիսպներն ամրացված էին ուղղանկյուն կտրվածքի աշտարակներով: Բերդի ներսում պահպանվել են աշխարհիկ շենքերի ավերակներ: Հռոմկլան հռչակված էր ձիթենու, թզենու, պիստակենու ծառերով, ձմերուկի, սեխի, դդմի մշակությամբ:

Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել: Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ (այստեղից էլ նրա Հռոմկլա` հոռոմների կամ հույների բերդ անունը):

11-րդ դարի 2-րդ կեսից ենթարկվել է Փիլարտոս Վարաժնունու, այնուհետև` Գող Վասիլի հայկական իշխանություններին: Մեծ իշխան Գող Վասիլի մահից (1112) հետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա Վասիլից Հռոմկլան գրավել և պարգևել է իր ազգական Ջոսլին II Կուրնեին: 1151-ին Ջոսլինի այրին` Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն: Վերջինս վերակառուցել է Հռոմկլայի ամրությունները, հիմնել երկու հոյաշեն եկեղցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին) և հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ: Ավելի ուշ Հռոմկլայում կառուցվեց նաև Ս. Փրկիչ եկեղեցին: 1178-ին և 1179-ին Հռոմկլայում գումարված ժողովները, որոնց մասնակցել են գրեթե բոլոր հայ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, քննարկել և մերժել են բյուզանդական եկեղեցուն միանալու Հռոմի պապի առաջարկը, ճանաչել Հռոմկլայի կաթողիկոսության համահայկական ընդհանրական իրավունքը: Մինչև 13-րդ դարի սկիզբը Հռոմկլան եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը: Հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործն այն միացրեց արքունի տիրույթներին: Մինչև 1292-ը Հռոմկլայում է եղել Հայոց կաթողիկոսական աթոռը: Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166-1173) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն: Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը: Հռոմկլան հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով: Հռոմկլայում են գործել կաթողիկոսներ Ներսես Դ Կլայեցին, Գրիգոր Դ Տղան, Կոստանդին Ա Բարձրբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը և ուրիշներ:

1292 թ-ի մայիսին Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը խոշոր ուժերով պաշարեց Հռոմկլան, որի բնակչությունը և պահակազորը 33 օր հերոսաբար դիմադրում էին թշնամուն: Դրսի օգնությունից զրկված պաշտպանները հունիսի 28-ին քաղաքը հանձնեցին թշնամուն: Պահակազորը սրի քաշվեց, քաղաքը կողոպտվեց, բնակչության զգալի մասը, այդ թվում` Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսը, գերվեցին: Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ: Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատվել է մայրաքաղաք Սսում: 16-րդ դարից հետո` օսմանյան թուրքերի տիրապետության ժամանակ, Հռոմկլայի Ս. Աստվածածին եկեղեցին փոխվեց մզկիթի, մյուսներն ավերվեցին: Հռոմկլան վերջնականապես ավերվեց 1839-ին` Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից: Հռոմկլայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Դ Կլայեցու աճյունները: Մինչև 20-րդ դարի սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների համար ուխտատեղի էր (եզդիներն այն անվանում էին Տեր Ներսես):

[խմբագրել] Գրականություն

  • Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Երևան, 1965:
  • Կիլիկիա, ՍՊԲ, 1894:
  • Կյուլեսերյան Բ., Ծովք: Ծովք-Տլուտք և Հռոմ-կլա, Վնն., 1904:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով