Խորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաղմոսավանքի Ավագ խորանը
Հրեական խորան (վերականգնված տեսքը)

Խորան (հին հուն.՝ σκηνή , լատ.՝ tentorium, tabernaculum, scena, եբր.՝ מִשְׁכָּן‎, միշկան, «կացավայր», եբր.՝ אהל מועד‎, օել մոեդ, «ժողովքի, հանդիպման վրան»), հատուկ վրան (տաղավար)՝ պատրաստված կտավից կամ մորթուց։ Աստվածաշունչը խորան է անվանում այն վրանը, որն անապատում շինեց Մովսեսը՝ որպես հրեից պաշտամունքի ժամանակավոր տաճար։

Այս խորանը հաճախ կոչվում էր «խորան վկայության» կամ «խորան ժողովքի»։

Խորան է անվանվում նաև քրիստոնեական տաճարի այն մասը, ուր տեղադրվում է պատարագի Ավագ սեղանը (այստեղից էլ՝ Ավագ խորան)։ Որպես կանոն ընդգրկում է կառույցի արևելյան աբսիդը։ Խորանի կիսաշրջան հատակագծով, գմբեթարդով ծածկված ավանդական ձևը պայմանավորված էր վաղ քրիստոնեական եկեղեցուն հարմարեցված շենքի՝ բազիլիկի նմանաձև տարրի առկայությամբ։ Հայոց վաղքրիստոնեական եկեղեցիներում (որոնք հիմնականում ձևափոխված մեհենական շենքեր են եղել) խորանը, մինչև պարտադիր աբսիդաձև դառնալը, եղել է ուղղանկյուն հատակագծով։

Խորան են նաև կոչվում Ավագ Խորանից աջ ու ձախ կամ տաճարի արևմտյան անկյուններին (նաև գավթի արևելյան անկյուններին) տեղադրված այն սենյակները (հաճախ երկհարկ), որոնք ունեն խորանաձև (աբսիդաձև) խորշ և լրացուցիչ սեղան՝ պատարագի կամ եկեղեցական այլ արարողությունների համար։

Խորան է աշխարհիկ կառույցներում, մասնավորապես պալատներում, հատուկ ձևով շինված սենյակ-դահլիճ արքունի խորհրդի կամ այլ նպատակի համար։ Ըստ Հովսեփ Օրբելու, այս խորանները հավանաբար գմբեթածածկ են եղել։

Հայերենում վաղ ժամանակներից խորան բառը օգտագործվել է նաև փոխաբերական բազմաթիվ իմաստներով՝ խորան երկնից (երկնքի խորանաձև կամարը), յոթնաստեղյան խորան (յոթ մոլորակների գոտին), խորան՝ որպես եկեղեցի, տաճար, խորան՝ որպես տուն, սենյակ, խորան հոգվո (մարդու մարմինը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png