Բարդուղիմեոս առաքյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդուղիմեոս առաքյալ

Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալ, (արամ.` Bartolomeos` «Թոլոմեյի որդի», եբր. בר־תלמי, հուն. Βαρθολομαίος) Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներից մեկը։ Հայաստանում քարոզչությունը սկսել է Գողթան գավառից, ուր կառուցել է Տյառնընդառաջ եկեղեցին։ Այնուհետև քարոզել է Սյունյաց, Այրարատյան, Վասպուրականի նահանգներում։ Բարդուղիմեոս առաքյալն է Հայաստան բերել Տիրամոր պատկերը և Անձևացյաց գավառի Դարբնաց քար կոչված վայրում (ուր Անահիտի մեհյանն էր) կառուցել է Սուրբ Աստվածածնի եկեղեցին, հիմնադրել կուսանոց։ Բարդուղիմեոսն Աղբակում քրիստոնյա է մկրտել Սանատրուկ թագավորի քրոջը՝ Ոգուհուն և Տերենտիանոս հազարապետին։ Զայրացած Սանատրուկը երեքին էլ նահատակել է Աղբակում, 66թվականին։ Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանը գտնվում է Աղբակի Սուրբ Բարդուղիմեոս վանքում։ Հայ եկեղեցին Բարդուղիմեոս առաքյալի հիշատակը տոնում է դեկտեմբերի 8-ին և փետրվարի 25-ին։ Բարդուղիմեոսի մասին հայ մատենագրության մեջ ստեղծվել են վարքեր և ճառեր։

Բարդուղիմեոս առաքյալը Նոր Կտակարանում[խմբագրել]

Ըստ Նոր Կտակարանի՝ Բարդուղիմեոս առաքյալը Գալիլիայի Կանա քաղաքից էր (հմմտ. Հովհ. 21։2)։ Քանի որ «Բարդուղիմեոս»-ը ավելի շատ ազգանուն է կամ կոչում, 9-րդ դարից մինչև այսօր Աստվածաշնչի ուսումնասիրողները նույնացնում են նրան Հովհաննեսի Ավետարանի առաջին գլխում հիշատակվող Նաթանայելի (եբր.` «Աստվածատուր») հետ. «Փիլիպպոսը գտնում է Նաթանայելին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։ Նաթանայելը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ Երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։ Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայելի թագավորը»։ Հիսուս պատասխան տվեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հավատում, որ քեզ ասացի, թե՝ թզենու տակ տեսա քեզ. դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ Եվ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացոված և Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս և իջնելիս մարդու Որդու վրա»»: Նաթանայել Բարդուղիմեոսի դավանությունը Քրիստոսին (Հովհ. 1:49) նրան կնքել է նաև «Նախադավան» առաքյալ տիտղոսով։ Համատես Ավետարաններում Բարդուղիմեոսը նշվում է լոկ 12-ի շարքում (Մատթ. 10։3, Մարկ. 3։18, Ղուկ. 6։14), մի վերջին անգամ էլ հիշատակվում է Հովհաննու Ավետարանում (21։2) և Գործք առաքելոցում (1։13)։

Բարդուղիմեոս առաքյալի քարոզչությունը համաձայն Ավանդության[խմբագրել]

Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները համարվում են Հայ եկեղեցու հիմնադիրները։ Ավանդության համաձայն Բարդուղիմեոս առաքյալն իր քարոզչական գործունեության առաջին մասն իրականացրել է Պարթևական աշխարհում՝ հասնելով ընդհուպ Եդեմ գավառ (Հնդկաստանին մոտ)։ Քարոզել է նաև «Ասորվոց և Դերմանիկեցվոց երկրներում»։ Պարթևական տերություն մտնելով՝ Քրիստոնեություն է տարածել նաև Հայաստանում` մոտավորապես 60-66 թվականներին` սկսելով քարոզչությունը Սյունյաց նահանգի Որդվատ գյուղից, որտեղից անցել է Գողթն գավառ (համաձայն աղբույրների՝ Հայոց Սանատրուկ թագավորի գահակալության 29-րդ տարում այստեղ եպիսկոպոս է ձեռնադրել իր պարսիկ հետևորդներից մեկին՝ Կումսին) ապա Արտաշատ։ Այստեղ հանդիպում է Թադեոս առաքյալին, ինչը ցրում է այն կարծիքը, թե Բարդուղիմեոսը քարոզել է Հայաստանում Թադեոսի նահատակությունից հետո։ Արտաշատից առաքյալը մեկնում է Հեր և Զարևանդ գավառները, ապա Անձևացյաց գավառի Աղբակ քաղաք, որտեղ նրա գործուն՝ Սուրբ Հոգով լեցուն քարոզխոսությամբ՝ քրիտոնեություն է ընդունում նաև թագավորի քույրը՝ Իշխանուհին (Ոգուհին)։ Պատժելու համար Բարդուղիմեոսի մոտ է ուղարկվում Տերենտիոս հազարապետը, ով ևս դարձի է գալիս և մկրտվում է։ Սանատրուկ թագավորի հրամանով Բարդուղիմեոսը, Ոգուհին և Տերենտիոսը ներկայացվում են ատյան, որտեղ հարցաքննվելուց հետո՝ 66թ.-ին, բրածեծ անելով նահատակվում է Բարդուղիմեոսը, իսկ սրախողխող արվելով մյուսները։ Այլ եկեղեցիների ավանդության համաձայն Բարդուղիմեոսը նահատակվել է մաշկազերծ արվելով, ինչի համար էլ պատկերագրության մեջ հաճախ պատկերվում է մորթը ձեռքին։ Որպես նահատակության վայր նշվում է Աղբակ քաղաքը։ Սովորաբար հայ կերպարվեստի մեջ Բարդուղիմեոս առաքյալը պատկերվում է դաշույնը և Տիրամոր պատկերը ձեռքին։ Վերջին հանգամանքը պայմանավորված է Աստվածածնի վերափոխման ավանդության հետ։ Համաձայն այդ ավանդության՝ Սուրբ Կույսի ննջման և թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը չի եղել առաքյալների հետ և վերադառնալով շատ է տրտմում, որ չի կարողացել հրաժեշտ տալ Աստվածածնին։ Առաքյալի թախանձանքներին տեղի տալով մյուս առաքյալները բացում են Սուրբ Կույսի գերեզմանը, բայց այն թափուր են գտնում. Աստվածածինը վերափոխվել էր երկինք։ Ի մխիթարություն Նաթանայել Բարթուղոիմեոսի Հովհաննես առաքյալը նրան է հանձնում Սուրբ Կույսի կենդանագիր պատկերը, որը տրվել էր Հովհաննես Ավետարանիչին՝ որպես սփոփանք և ապաքինում հիվանդներին։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ Բարդուղիմեոսը պատկերը Հայաստան է բերում և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում, ուր հետագայում, ի պատիվ Տիրամոր պատկերի, կուսանոց է հիմնվում։ Բարդուղիմեոս առաքյալի՝ Հայաստանում գործելու մասին են վկայում ոչ միայն հայկական, այլև ասորական և լատինական աղբույրները։ Հայ միջնադարյան գրականության մեջ մեծ տեղ են զբաղեցրել Բարդուղիմեոս առաքյալին նվիրված ճառերը, գանձերը, տաղերը, աղոթքները և շարականները։ Հայտնի է Բարդուղիմեոս առաքյալի անունով վանք՝ Վասպուրականի Աղբակ գավառում։

Հիշատակության օրը[խմբագրել]

Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և տարեվերջին՝ Թադեոս առաքյալի հետ միասին՝ Տոն Առաջին լուսավորիչների անվամբ Հիսնակի առաջին կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Հույն Եկեղեցին տոնում է հունիսի 11-ին և օգոստոսի 25-ին, Լատին Եկեղեցին՝ օգոստոսի 25-ին։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
  3. Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում, հտ. Ա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2001։
  4. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
  5. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
  6. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002թ։
  7. Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն։
  8. Новый библейский словапь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
  9. Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այցելեք նաև[խմբագրել]