Հուդա Իսկարիովտացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հուդայի համբույրը» հատված Ջոտտոյի նկարից

Հուդա Իսկարիովտացի (եբր.՝ יהודה איש קריות‎, Եհուդա իշ-Կրայոտ), քրիստոնեությունում՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, որի մատնությունը թույլ տվեց հրեա քահանայապետերին բռնել և խաչելության դատապարտել Հիսուս Քրիստոսին ։

Հուդա Իսկարովտացու ծագումը[խմբագրել]

Ավետարանում Հուդա Իսկարիովտացու անունն առաջին անգամ հանդիպում է Տասներկու առաքյալների ընտրության ժամանակ։ Այդ ընտրությունը ներկայացնում են համատես Ավետարանների 3 հեղինակները (Մատթ. 10։2-4, Մարկ. 3։16-19, Ղուկ. 6։14-16)։ Ավետարանում Հուդայի ծննդյան վերաբերյալ տեղեկություններն առավել քան աղքատիկ են։ Առաքյալները բոլորը գալիլիացիներ էին, չնայած որ ոմանց ծննդավայրը ակնհայտ կերպով տրված չէ։ Սակայն Գործք առաքելոցում բազմության կողմից ասված «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են» (Գործք. 2։7) արտահայտությունը մեզ բացահայտում է Տասներկուսի գալիլիական ծագումը։ Միայն ոմանք Հուդա Իսկարիովտացուն փորձում են գալիլիացի չհամարել։ Այս հարցի ճշտման համար անդրադառնանք Հուդայի՝ «Իսկարիովտացի» կոչմանը։ «Իսկարիովտացի» բառը համարում են կազմված 2 բաղադրիչից՝ «իշ», որ նշանակում է այր, մարդ,և «Կարիոտ», որ քաղաքի կամ գյուղի անվանում է ։ Հետագայում որոշ ասորական և հայկական թարգմանություններում Հուդային անվանեցին նաև «Կարիոտացի», «Սկարիոտացի» ։ Կարիոտը (Կերիոտ, Կարիովտ, Կարիավոթ, Ասովր) պատկանում էր Հակոբի որդի Հուդայի ցեղին (հմմտ. Հեսու 15։25 , Երեմ. 48։24)։ Կարիոթը, սակայն, դուրս էր Գալիլիայից, ինչի համար էլ Հուդա Իսկարիովտացուն գալիլիացի չեն համարում։ Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի ոչ թե ինքը Հուդան էր բուն Իսկարիովտացի, այլ հայրը՝ Սիմոնը (Հովհ. 6։72), որ հավանաբար գաղթել էր Կարիովտից և բնակություն հաստատել Գալիլիայում, ինչի հետևանքով էլ «Իսկարիովտացի» անունը հորից անցել էր որդուն։ Իսկարիովտացի անվան այլ բացատրություն է, թե այն ծագել է որպես ածական արամերեն «շեքայիրա» արմատից, որ թարգմանվում է ստախոս, կեղծավոր ։ Մեկ այլ բացատրությամբ այն առաջացել է եբրայերեն «էշկար»` առևտուր, ապրանք բառից: Տասներկուսի շարքում թեպետ Հուդան միշտ վերջինն է հիշվում, բայց ամենայն հավանականությամբ դա ավետարանիչների միտումնավոր դասավորության հետևանք է` կապված Իսկարիովտացու իրագործած մատնության հետ։ Ենթադրելի է, որ Հուդան պատվով ու կարգով էլ վերջինը չէր, քանի որ Հիսուսն առաքելական խմբի գանձապահի ու մատակարարի պաշտոնը նրան էր վստահել և ինչ նպաստ, որ նվիրվում էր իրենց ապրուստի համար, պահողը Հուդան էր, և ինչի կարիք, որ ունեին, գնողն ու պատրաստողը դարձյալ նա էր (հմմտ. Հովհ. 12։6, 13։29)։ Սրանից էլ ենթադրելի է դառնում, թե Հուդան ոչ թե ձկնորս էր, այլ՝ մաքսավոր։ Խոսելով Հուդայի մասին Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ նա գող էր (Հովհ. 12։6)։ Այս հատկանիշը կապված է Բեթանիայում` բորոտ Սիմոնի տանը Հիսուսի մասնակցած ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ (Մատթ. 26:6-13, Մարկ. 14:3-9, Հովհ. 12:2-8): Ընթրիքի ընթացքում Ղազարոսի քրոջ` Մարիամի կատարած օծումը (սա, ի դեպ, հյուրին մեծարելուև գնահատելու յուրահատուկ սովորույթ էր) ոմանց աչքին անիմաստ շռայլություն է թվում։ Դրա դեմ հատկապես արտահայտվում է Հուդան՝ ասելով, թե Վարդապետին պատվելու համար յուղի փոքր քանակն էլ կբավարարեր, մինչդեռ 300 դենար (իսկ սա, ըստ երևույթին մեծ գումար էր) արժեցող նարդոսյան անուշահոտ յուղը կարելի էր վաճառել և ողորմություն անել աղքատներին (Հովհ. 12։4-5)։ Հուդայի այս հանդիմանությանը արձագանքում են նաև մյուս առաքյալները (Մատթ. 26։8-9, Մարկ.14։4-5)։ Բայց եթե առաքյալները դիտողությունը անում էին մղված ազնիվ նախանձախնդրությունից, ապա Հուդան դրդվեց նախանձից, քանի որ «Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում,և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում» (Հովհ. 12։6)։

Ինչո՞ւ էր Հուդան առաքյալների շարքում[խմբագրել]

Եկեղեցու հայրերը և, առհասարակ, ավետարանի մեկնիչները այս հարցին տալիս բազմազան բացատրություններ, որոնց հիմքը նույնն է՝ ներողամտությունը, ինչպես Պողոս առաքյալն էլ է ասում. «Նա /Քրիստոսը/ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2։4)։ Իսկարիովտացին նախ բարի էր, երբ Քրիստոսից առաքելության կոչվեց, բայց հետո ընկավ ագահության մեղքի մեջ, որն արծաթասիրությունն էր։ Իսկ Հիսուս համբերությամբ տանում էր նրա այդ մոլուցքը որպես օրինակ մեզ, քանզի մենք էլ համբերությամբ պիտի տանենք մեղանչած եղբորը, որքան հնարավոր է ծածուկև այնքան ժամանակ պիտի սպասենք, քանի դեռ նա դարձի չի եկել ։ Ըստ Ամբրոսիոսի` Փրկիչն «ընտրեց նաև Հուդային ոչ թե անգիտության հետևանքով, այլ` շրջահայեցության. Քրիստոս պիտի մատնվեր նրանից…»: Ուշ շրջանի որոշ մեկնաբաններ առաջ են քաշում այլ բացատրություններ: Ինչպես դրախտում առկա էր օձը (Ծննդ. 3:1-13), կամ Նոյյան տապանում` Քամը (Ծննդ. 7։13), այնպես էլ Փրկչի աշակերտների մեջ հայտնվեց Հուդան։ Եվ, բացի այս, Հուդան միակը չէր հազարավոր այն կեղծավորների մեջ, որոնց համար կրոնը խարդավանքի առարկա էր ։ Քանի որ Հուդան անհագ էր արծաթասիրության մեջ, Հիսուս կամեցավ նրան տալ գանձանակը, որպեսզի Իսկարիովտացին, ձեռքում ունենալով դրամը, հեռու մնա աղտից։ Հիսուսը «կամենում էր», որ Հուդան գողանա գանձանակի արծաթը, իսկ հանուն արծաթի չվաճառի Տիրոջը, բայց նա՝ Հուդան, երկու մեղքերն էլ գործեց։ Հիսուս ներքուստ ճանաչում էր Հուդային՝ որպես վատ և պարզ միտք չունեցող մեկի, ուստի նրան չուղարկեց քարոզելու, այլ պահեց իր մոտ՝ կենցաղային տարբեր գործերի համար։ Շատ հավանական է նաև, որ վստահության նման ցուցաբերությամբ Քրիստոս ուզում էր ազդել Հուդայի վրա, նրա մեջ սեր և նվիրվածություն առաջացնել Իր հանդեպ։ Սակայն Հուդան չափազանց կապված էր դրամին և դրա համար էլ չարաշահում էր Քրիստոսի վստահությունը ։ Տեղին է նկատել, որ Հուդայի անհավատարիմ գանձապահությունը մինչև վերջին ժամանակները, մինչև Բեթանիայի ընթրիքի օրը, հայտնի չէր Առաքյալներին, որոնք առևտրի մեջ գտնվող, վաճառականությամբ քիչ թե շատ զբաղվող մարդիկ էին եղել։ Դժվար թե մինչ այդ, գողի մասին իմանալով, նրանք թույլ տային, որ դրամը նրա ձեռքում շարունակեր մնալ։ Հիսուսի լռության պարագայում հարցը միանգամայն այլ էր։ Նրա համար դրամի պահվելը կամ գողանալը կարևորություն չուներ։ Հիսուս ցանկանում էր բուժել արծաթասեր աշակերտի մոլությունը, դրամը ձեռքը տալով՝ կշտացնել նրա անհագուրդ ագահությունը ։ Այնուամենայնիվ, իմանալով Հուդայի՝ մեղսագործ լինելու մասին, Հիսուս նրան երբեք բացահայտորեն չհանդիմանեց դրա համար։ Սբ. Գրիգոր Տաթևացին այս կապակցությամբ մի քանի պատճառներ է առաջադրում.

  1. Եթե Քրիստոս Հուդային հանդիմաներ, ապա Հուդան ավելի հանդուգն կդառնար, քանզի այդպիսին են չարի ծառաները. քանի դեռ ծածուկ է գործը, այն ահով են կատարում, բայց երբ հայտնի է դառնում, այն ժամանակ սկսում են համարձակ գործել։
  2. Եթե Հուդան հանդիմանվեր, միգուցե ժամանակից շուտ մատներ Հիսուսին։
  3. Հնարավոր էր նաև հանդիմանությունը պատճառ դառնար, որպեսզի Հուդան թողներ Վարդապետին և հեռանար. այդ ժամանակ կխափանվեր Փրկչի մատնությունը, որ սահմանել էր Հայրը աշխարհի փրկության համար։ Նախասահմանել ասելով՝ նկատի չունենք, թե Հուդային հարկադրաբար բերեց մատնության, այլ՝ նկատի ունենք Աստծո ամենագիտությունը։
  4. Քրիստոս չհանդիմանեց Հուդային, քանզի գիտեր, որ եթե ասեր էլ, միևնույն է, Հուդան չէր ուղղվելու. դրա համար էլ սրբությունը չտրվեց շանը և մարգարիտները՝ խոզին (հմմտ. Մատթ. 7։6) ։

Գրեթե նույն է նաև մատնության պարագան։ Բանն այն է, որ Հուդայի պատկերացումները Ուսուցչի գործի մասին աղավաղված էին։ Այդպես էր նաև մյուս աշակերտների մոտ. նրանց համար դժվար էր փոխել բոլոր այն պատկերացումները, որ ունեին Մեսիայի գալուստի վերաբերյալ։ Փրկիչը նրանց պատկերացմամբ պիտի աշխարհ գար աշխարհիկ իշխանությամբ, որպես իրական թագավոր և պիտի ոչնչացներ բոլոր թշնամիներին ու չարին՝ ընտրյալ ազգի՝ հրեաների համար ապահովելով Հազարամյա երջանիկ թագավորությունը։ Ահա այսպիսի թագավորության և իշխանի բացակայությունը Հուդայի ներսում հիասթափություն է առաջացնում, նրա մեջ չարության զգացում ծնում և մղում դավաճանական քայլի։ Ավետարանը որպես մատնության հիմնական պատճառ և նպատակ տալիս է արծաթը, սակայն պնդել, թե Հուդան ղեկավարվում էր միայն ագահությամբ և արծաթասիրությամբ, նշանակում է անիրավացիորեն պարզունակացնել ավետարանական ողբերգությունը ։ Քրիստոսը մատնիչին ընդունեց Տասներկուսի շարքը դարձյալ ներողամտությունից դրդված։ Հարցն այն է, որ Փրկիչը ոչ ոքից չէր խլում փրկվելու հնարավորությունը, ոչ մեկին չէր զրկում Իր խրատներից, ինչպես ասված է. «… նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարներիև մեղավորների վրա» (Մատթ. 5։45)։ Բացի այս, Քրիստոս Հուդային ընդունել էր Իր մոտ, քանի որ նրան այդ «հրամանը» տրվել էր Հորից` աղոթքի ժամանակ (Ղուկ. 6:12-13): Հուդայի մեղքն այն էր, որ նա չօգտվեց Քրիստոսի մերձավորությունից և ետ չկանգնեց իր նեղ-նյութական ակնկալիքներից : Հետաքրքրական է այն, որ հենց ինքը` Հիսուսն էլ Հուդային, թեև ոչ բացահայտորեն, անվանում է սատանա՝ ասելով «ձեզանից մեկը սատանա է» (Հովհ. 6։71)։ Բացի վերը նշած Տասներկուսից, որ հետագայում պիտի դառնային քրիստոնեության տարածողներն աշխարում, կայինևս 72 աշակերտներ (Ղուկ. 10։1), ինչպես նաև Հիսուսին հետևող մի հոծ բազմություն։ Քրիստոս երբեք չէր զլանում Իր քարոզները խոսել նաև վերջինների համար։ Ահա այդպիսի քարոզխոսություններից էր նաև Կափառնաումում խոսված քարոզը (Հովհ. 6։26-60), որի ժամանակ Քրիստոսի վարդապետությունն ալեկոծություն առաջ բերեց լսողներից շատերի մտքում և հոգում այնպես, որ շատերը հետ քաշվեցինև այլևս Նրա հետ չէին շրջում (հմմտ. Հովհ. 6։67)։ Հիսուս, իհարկե, քաջ գիտեր, որ այդպես է լինելու, ուստի դարձավ Տասներկուսինև հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք նրանք էլ միտք ունեն հեռանալու (Հովհ. 6։68)։ Վարդապետի հարցին առաջինը պատասխանում է միշտ անհամբեր ու բորբոքվող Պետրոսը .«Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը` Աստծու Որդին» (Հովհ. 6։69-70)։ Պետրոսի այս խոսքերին արձագանքեցին նաև ընկերները, նրանց հետ նաև Իսկարիովտացի Հուդան։ Երբ Հիսուս լսեց Իր ընտրյալների խոսքերը, նրանց ինչ-որ ձևով փորձեց հասկացնել, որ այդ խոսքերին այնքան էլ չի հավատում. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ` Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է»,- ասաց նա։ Աշակերտների վերաբերմունքին Հովհաննես Ավետարանիչը չի անդրադառնում, այլ միայն բավարարվում է ասելով, որ Հիսուս նկատի ուներ Հուդային (Հովհ 6։72) ։ Թե ինչո՛ւ է Բարձրյալի Որդին Իսկարիովտացուն անվանում «սատանա», սբ. Գր. Տաթևացին հիմնավորում է 4 պատճառներով.

  1. Հուդան ոչ թե բնությամբ էր սատանա, այլ՝ սատանայական կամքի հետևմամբ։
  2. Հուդան համախոհ եղավ Փրկչի սպանությանը։
  3. Ինչպես սատանան չարախոսեց Աստծուն, այնպես էլ՝ Հուդան։
  4. Սատանան խռովեցրեց երկնայիններին (տես Հրեշտակներ), իսկ Իսկարիովտացին՝ երկրայիններին ու Առաքյալների դասին։

Հիսուսի կողմից Հուդայի՝ սատանա անվանվելու վերաբերյալ կան մի քանի այլ մեկնություններ ևս։ Դրանցից մեկում, որ պատկանում է սբ. Եփրեմ Ասորուն, գրված է, որ Հիսուս այդպես է ասել, որպեսզի ներկաները հետագայում հասկանան, որ Փրկիչը ընտրել է մատնիչ աշակերտին՝ կանխավ իմանալով նրա՝ մատնիչ լինելու մասին, և չի տալիս մատնիչի անունը, քանզի չի ուզում վարկաբեկել նրան, եթե հանկարծ նա ապաշխարի ։ Մեկ այլ մեկնությամբ Քրիստոս հայտնում է Իր գիտությունը մատնիչ-սատանայի մասին, որպեսզի Առաքյալները` որպես Քրիստոսին մշտապես հետևողներ, չընկնեն ավելորդ անձնապաստանության մեջ: Նա հայտնում է, որ իրենց մեջ կա մեկը, որ շատ մոտ է գտնվում սատանային: Իսկարիովտացու բոլոր քայլերն աստիճանաբար տանում էին Քրիստոսի մատնությանը, թեև ինքն էլ դեռևս պարզորեն չէր գիտակցում իր այդ նպատակը :

Մատնության նախադրյալներ[խմբագրել]

Հիսուսի կատարած բազում հրաշքները և հատկապես Ղազարոսին տրված հարությունը (Հովհ. 11:1-44) անհանգստություն էր պատճառում Նրա հակառակորդներին: Հնարավոր է, որ ոմանք մասամբ ընդունում էին Քրիստոսի կատարած հրաշքների ճշմարտացիությունը, բայց միևնույն ժամանակ վախենում էին, որ դա կարող է ժողովրդական հուզում առաջ բերել, ինչն էլ իր հերթին, առիթ կտար հռոմեական իշխանություններին վերջնական հաշվեհարդար տեսնել հրեաների հետ: Բացի այդ, որ ամենակարևորն է, նրանք Քրիստոսին չէին ընդունում որպես Մեսիա, որովհետև Հիսուս չէր համապատասխանում նրանց` Մեսիայի վերաբերյալ պատկերացումներին։ Նրանք իսկապես զգուշանում էին, որ Հիսուս կարող է ժողովրդական շարժման առաջնորդ դառնալև դրանով վնասել մի ամբողջ ազգի։ Ահա այս պատճառով Կայիափա քահանայապետի գլխավորությամբ քահանայապետական ժողով գումարվեց (Հովհ. 11։47-53), ուր վճռվեց ամեն գնով ասպարեզից հեռացնել Հիսուս Նազովրեցուն, քանզի «ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի» (Հովհ. 11։50)։ Ասես ի պատասխան ժողովականների մտածմունքի՝ ժողովը դեռ չավարտած՝ անակնկալ լուր է տրվում, թե Հիսուսի աշակերտներից մեկը ցանկանում է տեսնել Կայիափային։ Այն ժամանակ, երբ Քրիստոս Ձիթենյաց լեռան վրա քարոզ էր խոսում Վերջին դատաստանի մասին (Մատթ. 25։31-46), Հուդան միայնակ քաղաք էր եկել՝ հավանաբար, մատակարարի իր պարտականությունները կատարելու։ Հասնելով Երուսաղեմ՝ նրա ականջին հասնում են լուրեր սանհեդրինի ժողովի և դրա կայացրած որոշումների մասին (Հովհ. 11։56)։ Թե նախապես չարություն նյութելով էր եկել քաղաք, կամ թե լսելով լուրը՝ Հուդան կողմնորոշվեց՝ ի՛նչ պիտի անի, Ավետարանը չի բացահայտում, բայց դրա մեջ երևում է, որ Հիսուսի դեմ կատարած այս քայլի հիմնական դրդողը դրամասիրությունն էր։ Ահա այդ արծաթասիրության դևի մասին է նշում Ղուկաս Ավետարանիչը՝ ասելով. «Ապա սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ…» (Ղուկ. 22։3)։ Իսկապես, Հուդան, մտնելով դավադիրների մոտ, միանգամից հարցնում է. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ» (Մատթ. 26։15)։ Սանհեդրինի անդամները Հուդային դրամ՝ արծաթ են խոստանում (Մարկ. 14։11, Ղուկ. 22։5), ինչի մասին Մատթեոսն ավելի ստույգ ասում է, թե երեսուն արծաթ էր (Մատթ. 26։15)։ Հուդան միայն մի բան է պարտավորվում անել՝ Ուսուցչին մատնել «ամբոխից մեկուսի» (Ղուկ. 22։6)։ Ամենայն հավանականությամբ, պայմանավորվում են նաև մատնությունն իրագործել Զատկական տոներից հետո, ինչպես իրենք՝ քահանայապետներն էլ էին որոշել (Մատթ. 26։5, Մարկ. 14։2)։ Հարցը վերջնականապես ճշտելուց հետո Հուդան վերադառնում է Վարդապետի մոտ՝ ձևացնելով, թե ոչինչ չի եղել, բայց մտքում միշտ հնար որոնելով Տիրոջը մատնելու համար։

Երեսուն արծաթ[խմբագրել]

Հին Օրենքում երեսուն արծաթը ստրուկի արյան գինն էր, ինչպես Հնգամատյանում է գրված. «Եթե ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարվածի, ցլատերը նրա տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծվի» (Ելք 21։32)։ Մարգարեություններում երեսուն արծաթը հավասար է մշակի մեկ տարվա ամբողջ վարձին (Զաք. 11։12)։ Եվ ավելի ներքևում պիտի տեսնենք, թե երեսուն արծաթ արժեր բրուտների ագարակի չափ հողատարածությունը (Մատթ. 27։7)։ Թե ի՛նչ դրամական արժեք ուներ երեսուն արծաթն այն ժամանակ, դժվար է ասել, սակայն Ավետարանից երևում է, որ այդ գումարը Հուդայի համար չափավոր և անգամ էական գումար էր, քանզի Հուդան, որ հավանաբար չէր էլ ակնկալում այդքան ստանալ, առանց սակարկության համաձայնում է դրան։ Երեսուն արծաթը, որ մեկ ստրուկի արժեքն էր Հին Ուխտում, այստեղ սիմվոլիկ նշանակություն է ստանում, քանի որ Իսկարիովտացին այդպիսով ինքն է հավասարվում ստրուկի, որի «տերը» ոչ թե Հիսուսն է՝ Աստված, այլ՝ դրամը՝ արծաթը (հմմտ. Մատթ. 6։24, Ղուկ. 16։13)։ Մեկնիչների մի մասի կարծիքով հովվապետները ստրուկին հավասար գին նշանակեցին՝ ի նշան Հիսուսի հանդեպ իրենց արհամարհանքի , մյուսների ենթադրությամբ երեսուն արծաթը խորհրդանշական թիվ է, որ նշանակում է կրոնուրացություն , ինչպես Զաքարիայի մարգարեությունում է գրված. «Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվե՛ք իմ վարձը, իսկ եթե` ոչ, ասացե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ։ Տերն ինձ ասաց.«Դու բովի մեջ գցիր դա, քննի՛ր, թե այն փորձվա՞ծ է արդյոք այնպես, ինչպես ես, որ փորձվեցի նրանց կողմից իրենց համար»։ Ես վերցրի երեսուն արծաթըև Տիրոջ Տանը գցեցի բովի մեջ» (Զաք. 11։12-13) ։

Հուդան մատնում է Հիսուսին[խմբագրել]

Ավետարանը չի տեղեկացնում, թե ի՛նչ արեց Հիսուսը Ձիթենյաց լեռան քարոզից հետո՝ մինչև Զատկական ընթրիք ընկած ժամանակահատվածում։ Համատես հեղինակները միանգամից հայտնում են ընթրիքի նախապատրաստության մասին (Մատթ. 26։17-19, Մարկ. 14։12-16, Ղուկ. 22։14), որից անմիջապես հետո նշում են, որ Տասներկուսը Տիրոջ հետ սեղան նստեցին (Մատթ. 26։20, Մարկ. 14։17, Ղուկ. 22։14)` Զատկական ընթրիքն ուտելու, ինչպես Մովսեսի Օրենքն էր պահանջում (Ելք 12:1-14): Հրեական բարեպաշտական սովորության համաձայն Զատկական ընթրիքի սկզբնական մասից հետո տեղի էր ունենում սրբության լվացման արարողությունը: Հիսուսի վերջին Զատկի ընթրիքի ժամանակ Առաջին բաժակից (Ղուկ. 22:16-18) հետո տեղի ունեցած լվացման մասին հայտնում է միայն Հովհաննես Ավետարանիչը (Հովհ. 13:4-5): Երբ Հիսուս ելավ տեղից և սկսեց լվանալ աշակերտների ոտքերը, վերջիններս զարմացան այդ անսովոր տեսարանից. ոտքերը լվանալը, ինչպես ընդունված էր, հարգանքի և սիրո արտահայտության նշան էր և միշտ փոքրից մեծին էր ցույց տրվում այդ պատիվը և, իհարկե, որպես օրենք մատուցվում էր օտարներին և ոչ յուրայիններին: Հիսուս «խախտել» էր թե՛ առաջին, թե՛ երկրորդ պայմանը։ Այդուհանդերձ, առաքյալներն ավելի շփոթված, քան ուրախացած, թույլ տվեցին, որ Հիսուսը լվանա ոտքերը։ Ավանդաբար ասվում է, թե առաջինը լվացվել են Հուդա Իսկարիովտացու ոտքերը։ Սա կապվում է այն ավանդության հետ, թե Հուդան ընթրիքի ժամանակ նստել էր Քրիստոսի կողքին։ Սուրբ Գրիգոր Տաթևացին էլ կողմ է այն վարկածին, թե Քրիստոս նախ Հուդայի ոտքերն է լվացել, այնուհետև Պետրոսինը, ապա՝ մնացած Առաքյալներինը։ Հուդայի լվացումը բացատրելով՝ Տաթևացին ասում է, թե Հուդան, տեսնելով, որ Փրկիչը պատրաստվում է լվացումն սկսել, եկավ ժպիրհ ու հանդուգն դեմքով և ոտքերը իջեցրեց կոնքի մեջ։ Արդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե որքա՜ն էր Հիսուս փափագում Հուդայի դարձը, որ անգամ լվաց իրեն մատնել պատրաստվողի ոտքերը։ Սակայն այս էլ Հուդայի սրտից չվանեց սատանային, որ վաղուց բույն էր դրել նրա մեջ։ Հուդայից հետո Պետրոսի ոտքերը լվանալու համար Վարդապետի և Պետրոսի երկխոսությունը (Հովհ. 13։6-10) Քրիստոսի համարևս մեկ առիթ հանադիսացավ զգուշացնելու, որ իրենց մեջ մեղքի որոգայթներում գտնվող մեկը կա, ով մնացածի պես մաքուր չէ (Հովհ. 13։10)։ Ինչպես Ավետարանիչն է նշում (Հովհ. 13։11), Քրիստոս դրանով ուզում էր ասել, որ Իրեն հայտնի է մատնիչ-դավաճանի մտադրությունը։ Մյուս կողմից Նա ուզում էր Իսկարիովտացուն գոնե այդ վերջին պահին մղել դեպի ապաշխարանք, դեպի խղճի ձայն ։ Ավարտելով լվացման արարողությունը՝ Վարդապետը դարձյալ սեղան նստեց. Նրա՝ սաղմոսից (Սաղմ. 40։10) մեջբերած տողերից՝«Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ» (Հովհ. 13։18), Առաքյալները հասկացան, որ իրենց սիրելի Ուսուցչին ինչ-որ վտանգ էր սպառնում։ Ի վերջո Հիսուս ողղակի ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Մատթ. 26։21, Մարկ. 14։18, Հովհ. 13։21)։ Առաքյալներից յուրաքանչյուրի ներսում կասկած առաջացավ սեփական անձի անաղարտության վերաբերյալ։ Նրանք սկսեցին կասկածել իրենք իրենց և չգտնելով պատասխանը՝ նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել Փրկչին. «Միթե ե՞ս եմ, Տե՛ր» (Մատթ. 26։22, Մարկ. 14։19)։ Հիսուս նույնպիսի խորհրդավորությամբ շարունակեց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու» (Մատթ. 26։23, Մարկ. 14։20)։ Ոմանք ասում են, թե Հուդան այնչափ հանդուգն էր, որ Վարդապետին չպատվեց, այլ Նրա հետ միաժամանակ պատառը թրջեց։ Քրիստոսի պատասխանն ավելի մեծ տարակուսանք գցեց առանց այն էլ շփոթված աշակերտների մեջ. նրանցից ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, թե պնակին առաջինը ձեռք երկարեցնողն ո՛վ էր։ Չսպասելով յուրայինների արձագանքին՝ Քրիստոս դարձյալ շարունակեց խոսքը և ասաց, որ Իր մահը մարդկության փրկության համար կատարվելիք և աստվածային կամքով նախասահմանված մի կետ է (հմմտ. Սաղմ. 21։17, Ես. 53, Դան. 9։26, Զաք. 12։9-14), հետևաբար այն խափանել հնարավոր չէ։ Մարդու որդին պետք է խաչվի ու մեռնի և կխաչվի ու կմեռնի, սակայն վա՛յ այն մարդուն, որ մատնիչն ու չարության գործիքը կդառնա և այդպիսի մի մեծ եղեռնագործության մեղքն իր վրա կառնի. ավելի լավ է, որ այդ մարդը աշխարհ եկած չլիներ, քան թե աշխարհ գալով իրեն այս ահավոր դատապարտությունը պատրաստեր (Մատթ. 26։24, Մարկ. 14։21, Ղուկ. 22։22)։ Հիսուսի այս և նախորդ խոսքը, պարզ է, ուղղված էին Իսկարիովտացու հասցեին, որն ամեն րոպե, ամեն վայրկյան կորցնում էր իր ընտրած քայլից ետ կանգնելու հնարավորությունը։ Սակայն Հուդան այս անգամ էլ անհողդողդ մնաց։ Պետրոս Առաքյալը նշան է անում Տիրոջ կողքին նստած Հովհաննեսին, որն էլ փարվելով Վարդապետի կրծքին հարցնում է. «Տե՛ր, ո՞վ է» (Հովհ.13։23-25)։ Հիսուս, զիջելով սիրելի աշակերտի հարցին, պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմև կտամ իրեն»։ Եվ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Հուդային (Հովհ. 13։26)։ Ըստ Սարգիս վրդ. Կունդի «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» աշխատության մեջ առաջ բերված մեկնության՝ պատառը, որ Հիսուս տվեց Հուդային, թաթախվել էր ոչ թե գինու (սա մինչև օրս բավականին վիճելի հարց է), այլ ջրի մեջ։ Դրա նպատակն էր ցույց տալ, որ Հուդան այլևս Աստծո շնորհից անմասն է ։ Առաքյալներն այս ակնարկը ևս չեն հասկանում։ Վարդապետին հասկացավ միայն Հուդան ։ Նա դառնում է դեպի Քրիստոսը և հարցնում այնպես, ասես ինքը բոլորովին անտեղյակ էր. ««Միթե ե՞ս եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց՝ դու ասացիր» (Մատթ. 26։25)։ Եվ երբ Հուդան վերցրցնում է պատառը, սատանան մտնում է նրա մեջ (Հովհ. 13։27)։ Պատառը ճաշկերույթի ժամանակ ինչ-որ մեկին տալը համարվում էր բարեհաճության և սիրո նշան։ Այն տալով Հուդային՝ Քրիստոս մի վերջին փորձն էր անում կործանվող հոգին փրկելու համար։ Տեսնելով, որ Հիսուսի այս փորձն էլ անհաջողության մատնվեց՝ սատանան ամբողջությամբ տիրեց մատնիչին՝ որպեսզի վերջինիս բաց չթողնի իր ճիրաններից ։ Բացի այդ սատանան, տեսնելով, որ Հուդան հիմա այլևս ետ չի կանգնելու մտադրությունից, մտավ նրա մեջ, քանզի այլևս չէր վախենում, թե Քրիստոս կարող է հալածել իրեն ։ Քրիստոսի պատասխանից՝ «դու ասացիր», Հուդան շփոթվեց, գրգռվեց, նրա ծրագիրը ամբողջովին խառնվեց. Հիսուս տեղյակ էր դավաճանությանը, կարող էր պաշտպանական կամ խուսափողական միջոցներ ձեռք առնել,և Հուդան այդպիսով կզրկվեր դրամից։ Նա նստած տեղում հանգիստ չէր կարողանում մնալև իր անելիքը չէր կարողանում որոշել։ Տեսնելով այդ՝ Հիսուս ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա՛» (Հովհ. 13։27) ։ Հուդան շատ լավ հասկացավ Վարդապետին և վերցնելով պատառը՝ դուրս ելավ (Հովհ. 13։30)։ Հուդայի ելնելուն պես Հիսուս դարձավ աշակերտներինև ասաց. «Այժմ մարդու Որդին փառավորվեց,և Աստված փառավորվեց նրանով …» (Հովհ. 13։31), որով նկատի ուներ այն, որ Հուդայի մեկնումով դրվում էր խաչիև չարչարանքների սկիզբը, ինչովև Քրիստոս փառավորվեց ։ Վերջացնելով ընթրիքը և տալով վերջին պատվիրանները՝ Վարդապետն աշակերտների հետ ելնում է վերնատնից և ուղղվում Գեթսեմանի պարտեզ, ինչպես մարգարեն մարգարեացել էր. «Այն օրը նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենյաց լեռան վրա` Երուսաղեմի դիմաց, արևելյան կողմը. Ձիթենյաց լեռը պիտի պատռվի…» (Զաք. 14:4): Պետք չէ կարծել, թե Հիսուս վերնատնից դուրս ելավ` նպատակ ունենալով փախչել։ Ընդհակառակը, Նա գնաց մի տեղ, որ Հուդային քաջ հայտնի էր (Հովհ. 18։2) ։ Հասնելով Գեթսեմանի պարտեզ՝ Հիսուս պատվիրեց տասնմեկից առանձնացրած երեք աշակերտներին՝ Պողոսին, Հովհաննեսինև Հակոբոսին, աղոթել և ինքն էլ առանձնացավ աղոթքի (Մատթ. 26։36-39, Մարկ. 14։32-36, Ղուկ. 22։40-42)։ Ավետարանը բնավ ոչինչ չի ասում, թե ի՛նչ արեց Հուդան վերնատնից դուրս գալուց հետո՝ մինչև Գեթսեմանի հասնելը։ Հուդայի և քահանայապետների վերջնական համաձայնությամբ դավաճանությունը պիտի գործադրվեր Զատկից հետո, ուստի խորհուրդը պիտի գաղտնի մնար, չհասներ Հիսուսի ականջին, որպեսզի Հիսուս խույս չտար։ Բացի այդ, ամեն ինչ պիտի արվեր անաղմուկ՝ ուխտավորների հեռանալուց հետո։ Սակայն Զատկական ընթրիքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը խախտեց այդ ծրագիրը։ Դավադրությունը գաղտնի չէր մնացել։ Հիսուս գիտեր և կարող էր Իրեն ազատել վտանգից, ինչի արդյունքում հօդս էին ցնդելու Հուդային խոստացած երեսուն արծաթները։ Ուստի Հուդան, դուրս գալով վերնատնից, շտապում է Կայիափայի մոտ ։ Հուդան Հիսուսի տեղը գիտեր, կարող էր ճշտել նաև մեկնելու վայրը, չնայած որ նա գուշակում էր, թե ո՛ւր պիտի գնար Վարդապետը, ուստի, եթե առանց ժամանակ կորցնելու պատրաստեին համապատասխան մարդկանց, ինքը կառաջնորդեր նրան այնտեղ, ուր Հիսուսն էր, և կկատարեր իր հանձնարարությունը։ Անմիջապես հրամայվում է կազմել ձերբակալության գնացողների խումբը, որ պիտի շարժվեր այնտեղ, ուր կառաջնորդեր Հուդան։ Հիսուսի տագնապի ժամերն անցել էին, աղոթքն ավարտվել էր, երբ Նա նկատեց ձերբակալության եկող խմբին և նրանց հետ Հուդային՝ Տասներկուսից մեկին (Մատթ. 26։47, Մարկ. 14։43, Ղուկ. 22։47, Հովհ. 18։2-3) ։ Հետաքրքիր է, որ համատես Ավետարանների բոլոր երեք հեղինակներն էլ Հուդայի վերաբերյալ տալիս են «Տասներկուսից մեկը» արտահայտությունը։ Բանն այն է, որ Հուդայի քայլը նրանց համար ինչ-որ անըմբռնելիև ծայրահեղ հրեշային արարք էր։ Հուդան իր գաղտնի ծրագրած մատնությունն այժմ բացահայտորեն իրագործում էր։ Նա եկել էր՝ իր հետ բերելով «բազում ամբոխ» (Մատթ. 26։47), որի նպատակն էր ձերբակալել Փրկչին ։

«Հուդայի համբույրը»

Մատնիչը նախապես որոշակի պայմանավորվածության էր եկել ամբոխի հետ.նա պիտի մոտենար և մտերմաբար համբուրեր Քրիստոսին, ինչն էլ պիտի նշան լիներ զորախմբի համար, թե ո՛վ է Քրիստոսը (Մատթ. 26։48, Մարկ. 14։44, Ղուկ. 22։47)։ Հուդան, կեղծավոր սիրալիրությամբ մոտենալով Տիրոջը, կանչում է. «Ողջո՜ւյն Վարդապե՛տ» (Մատթ. 26։49)։ Նա համբուրեց Քրիստոսին։ «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար» (Մատթ. 26։50), - հարցնում է Քրիստոսը,- Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն» (Ղուկ. 22։48)։ Հուդան ոչինչ չի պատասխանում։ Հիսուս չի սպասում պատասխանին, մոտենում է զինվորներից, քահանաներից կազմված խմբին և բացահայտում, որ ինքն է Քրիստոսը։ Երբ Հիսուս երկրորդ անգամ է կրկնում, որ ինքն է Նազովրեցի Հիսուսը (Հովհ. 18։4-9), զինվորները ձերբակալում են Նրան (Մատթ. 26։50, Մարկ. 14։46)։

Հուդայի ինքնասպանությունը[խմբագրել]

Մատնությունից հետո մինչև Հուդայի հուսահատությունն (Մատթ. 27։3-10) ընկած միջոցում մատնիչի մասին տեղեկություններ Ավետարանը չի տալիս։ Հուսահատության դրվագին Մատթեոս Ավետարանիչն անդրադարձել է Հիսուսին Կայիափա քահանայապետի մոտից Պիղատոսի պալատ (Մատթ. 27։1-2) տանելու միջոցին։ Սակայն Մատթեոսը սա, ըստ երևույթին, պատմում է որպես միջանկյալ պատմություն։ Այս եզրակացությունն առաջ է գալիս այն ենթադրությունից, որ քանի դեռ Փրկիչը վերջնականապես չէր խաչվել, դժվար թե Հուդայի ներսում արթնանար խղճի զգացումը։ Այն վերջնական և վճռական պիտի լիներ միայն Փրկչի՝ խաչ բարձրանալուց հետո ։ Հուդան չէր սպասում Քրիստոսի մահավճռին կամ էլ կուրացած արծաթասիրությամբ՝ չէր մտածում սեփական արարքի հետևանքների մասին։ Երբ Ուսուցիչը դատապարտվեց, նրա մեջ արթնացավ խիղճը. նա արդեն բավարարվել էր արծաթին տիրելու գաղափարով, սակայն երբ նրա առաջ ծառացավ իր արարքի ամբողջ սարսափը, նա զղջաց։ Անհրաժեշտ է նշել, որ Հուդայի զղջումը, ի դժբախտություն իրեն, միակցված էր հուսահատության, այլ ոչ Աստծո բարերար ներողամտության հույսի հետ։ Այդ զղջումը միայն խղճի՝ անտանելիորեն այրող խայթն էր՝ առանց ետադարձ ճանապարհի հույսի, ինչի համար էլ այն անօգուտ էր ու անպտուղ։ Որպես խղճի ձայնը մի փոքր ճնշելու փորձ՝ մատնիչը քահանայապետներին վերադարձրեց երեսուն արծաթը (Մատթ. 27։3)։ Հուդան փորձում է սեփական ուժերով շտկել ամեն ինչ. նա վերադարձնում է արծաթը և խոստովանում. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27։4)։ Այս խոստովանությունն, ըստ Հովհան Ոսկեբերանի, է՛լ ավելի է ծանրացնում Հուդայի, որովհետև նա չզղջաց կամ էլ զղջաց, բայց ուշ։ Քահանայապետի պատասխանն է լինում. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես» (Մատթ.27։4)։ Այդ ժամանակ հուսաբեկված Հուդան դուրս է բերում երեսուն արծաթը և նետում Տաճարի մեջ, որից հետո հեռանում և կախում է իրեն (Մատթ. 27։5)։ Տաճարում նետած դրամները քահանայապետները անհնար համարեցին «ընդունել գանձանակի մեջ», քանի որ «արյան գին» էին (Մատթ. 27։6)։ Հնարավոր է նաև նրանք այս պարագայում հիմնվեցին Օրենքի վրա (Բ Օրենք 23։18)։ Այս դեպքում նրանք ևս մեկ անգամ ցուցաբերեցին ծայրահեղ հակակրական և չար վերաբերմունք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես այն ժամանակ, երբ մատնությունը գնահատեցին ստրուկի արժեքով։ Նրանք Գեհենի ձորում գնեցին Ակեղդամայի արտը, որը նախկինում բրուտի արտ էր, իսկ այժմ վերածեցին օտարների համար գերեզմանոցի։ Բրուտի արտին դրանից հետո տրվեց Ակեղդամա անվանումը (Մատթ. 27։7-8, Գործք 1։19) ։ Ավետարանն ասում է, թե սրանով կատարվեց Երեմիայի մարգարեությունը. «Եվ առան երեսուն կտոր արծաթը` վաճառվածի գինը, որ նշանակվել էր իսրայելացիներից,և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերը ինձ հրամայել էր» (Մատթ. 27։9-10/այս մարգարեությունն իրականում Զաքարիա մարգարեինն է (Զաք. 11։13))։ Գործք առաքելոցում Պետրոս առաքյալը վկայում է, որ Հուդան կախվեց՝ «ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց» (Գործք. 1։18)։ Եվ վերջապես վերջին փոքրիկ դրվագը՝ քիչ թե շատ կապված Հուդա Իսկարիովտացու հետ։ Քրիստոսի Համբարձումից մի քանի օր հետո, երբ տասնմեկ առաքյալները և ևս հարյուր քսան հավատացյալներ հավաքվել էին վերնատանը, Պետրոսը ոտքի է ելնում ու առաջարկում ներկա գտնվողների միջից ընտրել նրան, ով պիտի լրացնի Հուդայի՝ թափուր մնացած տեղը։ Սա նախ անհրաժեշտ էր տասներկու թիվը, որ Իսրայելի տասներկու ցեղերին էր համապատասխանում, ամբողջացնելու, ապա նաև Դավթի մարգարեության լրման համար. «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Սաղմ. 108։8, Գործք 1։20)։ Ընտրվողի համար անհրաժեշտ պայման էր, որ Հիսուսի կյանքին, ասածներին ու գործերին անձամբ տեղյակ, տեսած ու լսած լինի՝ սկսած Հորդանանում Հովհաննես Մկրտչից մկրտվելու (Մատթ. 3։13-17, Մարկ. 1։9-11, Ղուկ. 3։21-22) օրվանից մինչև մահը (Մատթ. 27։45-54, Մարկ. 15։33-39, Ղուկ. 23։44-47, Հովհ. 19։28-30), Հարությունն (Մատթ. 28։1-10, Մարկ. 16։1-13, Ղուկ. 24։1-48, Հովհ. 20։1-29) ու Համբարձումը (Մարկ. 16։19, Ղուկ. 24։50-53, Գործք 1։9-11), որպեսզի կարողանա տասնմեկի հետ հավասարապես ու կատարյալ հավատքով Հարության մասին վկայել։ Առաջարկված թեկնածուներն էին Արդար (Հուստոս) Հովսեփ Բարսաբան և Մատաթիան։ Նրանց միջև ընտրություն կատարելու համար վիճակ գցվեց՝ նախապես աղոթքով խնդրելով Փրկչին հաջողեցնել վիճակահանությունըև ցույց տալ հարմարագույն անձնավորությանը։ Աստծո նախախնամությամբ վիճակն ընկավ Մատաթիային, և սա դասվեց Տասներկու Առաքյալների հետ (Գործք 1։15-26)` որպես փոխարինող Հուդա Իսկարիովտացու առաքելական պաշտոնի:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997թ:
  3. Սուրբ Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յոհաննու Աւետարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005թ:
  4. Հ. Ալեքսանդր Մեն, Մարդու Որդին, Երևան, 1996թ:
  5. «Մեկնութիւն Սուրբ Աւետարանին Որ Ըստ Մատթէոսի Արարեալ ի սրբոյն Ներսիսէ շնորհալւոյ մինչ ի համարն 17. հինգերորդ գլխոյն. եւ անտի աւարտեալ յերանելւոյն Յօհաննու Երզնկացւոյ` որ և կոչի Ծործորեցի»։
  6. Սարգիս Կունդ, Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005թ.։
  7. Архиепископ Аверкий, Четвероевангелие, Москва, 1999.
  8. Толковая Библия, Том 1, 2, 3, Стокгольм, 1987г.
  9. Святой Ефрем Сирин, Творения, Том 8, издание Свято-Троицкой Лавры,1995.

Այցելեք նաև[խմբագրել]