Հակոբոս Ալփյան
Հակոբոս Ալփյան (Հակոբոս` եբր. «գարշապարից բռնող»)հունարեն՝ Ιάκωβος ο Μικρός, լատիներեն՝ Iacobus Minor — Հակոբոս Կրտսեր) — ըստ Նոր Կտակարանի` Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը:
Բովանդակություն |
[խմբագրել] Հակոբոս Ալփյան առաքյալը Նոր Կտակարանում
Նոր Կտակարանում Հակոբոս կրտսերը (այսպես է անվանվում Զեբեդեոսի որդի Հակոբոսի հետ չշփոթելու համար) հիշատակվում է Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի կողմից բերվող առաքյալների ցուցակներում(Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), սակայն այլ տեղեկություններ նրա մասին Ավետարանում այլևս չենք գտնում: Վերջին տեղեկությունը նրա մասին Գործք առաքելոցում է (1:13)` Մատաթիայի ընտրության ժամանակ: Ուշագրավ է, որ Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում Հակոբոսը Թադեոսի հետ հիշվում է որպես Ալփեոսի որդի: Մարկոս 2:14 համարում Ալփեոսի որդի է անվանվում նաև Ղևի-Մատթեոսը, ինչի արդյունքում կարծիք է ձևավորվել, որ երեք առաքյալները` Հակոբոս Կրտսերը, Թադեոսը և Մատթեոսը եղբայրներ էին:
[խմբագրել] Հակոբոս Ալփյան առաքյալը Ավանդության մեջ
Ըստ եկեղեցական ավանդության Հակոբոսը, նախքան Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը իր եղբոր` Մատթեոսի նման մաքսավոր է եղել: Հոգեգալստից հետո քարոզել է Հրեաստանում, այնուհետև, Անդրեասի հետ մեկնել է Էդեսսա: Հետագայում ինքնուրույն քարոզել է Գազայում և Էլևթերոպոլիսում (Հարավային Պաղեստին) և Եգիպտոսում: Որոշ հեղինակներ այս Հակոբոսին նույնացնում են Հակոբոս Տյառնեղբոր հետ, ինչը չունենալով բավականին հիմքեր, մերժելի է Արևելյան եկեղեցիների կողմից: Նրա մահվան և թաղման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի վարկածներ: Բոլոր հեղինակները համաձայն են, որ նա նահատակվել է, սակայն տարբերվում է վայրը և եղանակը: Նա կամ մահ է ընդունել «հրեաների կողմից քարկոծման միջոցով», կամ խաչվել է Եգիպտոսի ճանապարհին:
[խմբագրել] Հիշատակության օրը
Սուրբ Հակոբոս Ալփյան առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Վերափոխմանը Երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` Թովմաս, Սիմոն Կանանացի առաքյալների հետ միասին նույն օրը: Հույն Եկեղեցին տոնում է հոկտեմբերի 9-ին, Լատին Եկեղեցին` Մայիսի 1-ին` որպես Հակոբոս Տյառնեղբայր:
[խմբագրել] Աղբյուրներ
- Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
- Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
- Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:
- Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999г.