Ամբրոսիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբրոսիոս

Ամբրասիոս
Ընդհանուր տեղեկություններ
Եկեղեցի Վրաց Ուղղափառ եկեղեցի Վրաց Ուղղափառ եկեղեցի
Տիտղոս Ձերդ սրբություն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք
Կառավարման սկիզբ 1921 թվականի հոկտեմբերի 14
Կառավարման ավարտ 1927 թվականի մարտի 29
Նախորդող Լեոնիդ
Հաջորդող Քրիստափոր III
Ծնվել է 1861 սեպտեմբերի 7
Ծննդավայր Մարտվիլ, Վրաստան
Մահացել է մարտի 29, 1927(1927-03-29) (տարիքը 65)
Մահվան վայր Թբիլիսի, Վրաստան


Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Ամբրոսի

Սուրբ Ամբրոսիոս (վրաց.՝ ამბროსი, Ամբրոսի), վրացի կրոնական գործիչ և գիտնական, ով 1921-1927 թվականներին եղել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք։ Առավել հայտնի է խորհրդային կարգերի դեմ իր ընդդիմությամբ, 1995 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից սրբերի շարքին դասվել է՝ որպես Սուրբ Ամբրոսիոս Խոստովանող (ამბროსი აღმსარებელი):

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրոսիոսը ծնվել է Բեսարիոն Խելաիա (ბესარიონ ხელაია) անվամբ Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի Մարտվիլ քաղաքում, որն այն ժամանակ Ցարական Ռուսաստանի մաս էր կազմում։ Նա ավարտել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանը 1885 թվականին և քահանա է ձեռնադրվել Աբխազիայում, որտեղ որպես քահանա ծառայել է Սուխումում, Նոր Աֆոնում և Լիխնիում, ինչպես նաև վարել է վրացերենի դասընթացներ։ Էմբեր կեղծանվամբ նա հրապարակել էր մի շարք հոդվածներ, որոնք դատապարտում էին Աբխազիայի ռուսականացման քաղաքականությունը և մեղադրում տեղի ռուս պաշտոնյաներին աբխազ ժողովրդի մեջ հակավրացական տրամադրություններ հրահրելու մեջ[1]։ 1896 թվականին ընդունվել է Կազանի աստվածաբանական ակադեմիա, որն ավարտել է 1900 թվականին՝ հեղինակելով «Քրիստոնեության պայքարն իսլամի դեմ Վրաստանում» թեզը։ 1901 թվականին, արժանանալով հիերոմանակի կոչմանը, նա վերադարձավ Վրաստան, որտեղ նրան վարդապետ դարձրին Ռաչայի գավառի Չելիշի վանքում։ 1904 թվականին տեղափոխվել է Թբիլիսիի սինոդական գրասենյակ և դարձել Վերափոխման վանքի վարդապետ։

Ավտոկեֆալիստական շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ական թվականներին վրացական եկեղեցու կարգավիճակի վերաբերյալ բուռն քննարկումների ժամանակ նա դարձավ վրացական ավտոկեֆալիստական շարժման առաջնորդներից մեկը՝ կոչ անելով վերականգնել Վրաստանի ինքնավար (անկախ) ուղղափառ եկեղեցին, որը վերացվել էր Ցարական Ռուսաստանի կողմից 1811 թվականին։ Մեծ մասամբ մղվելով մամուլի և եկեղեցական կոմիտեներում՝ պայքարը գագաթնակետին հասավ 1905 թվականի ռուսական հեղափոխության ժամանակ և երբեմն վերածվեց դաժան բախումների։ Վրացի եպիսկոպոսները նշում էին, որ Սանկտ Պետերբուրգից Վրաստանի եկեղեցական գործերը վարելու համար ուղարկված ռուսական եքսարքոսների օրոք վրաց եկեղեցին բռնգանձվել էր մոտ 140 միլիոն ռուբլու ունեցվածք և կալվածքներ. եկեղեցական դպրոցները փակվել էին, իսկ պատարագի ժամանակ վրացերենի օգտագործումը չէր խրախուսվում, քսան եպիսկոպոսական աթոռներ թափուր էին, իսկ յոթ հարյուր քառասուն ծխերը՝ առանց քահանաների[2]։ Վրացիները դիմում ուղարկեցին ցարին, բայց ոչինչ չստացվեց։ Ավտոկեֆալիան հերքվեց։ 1905 թվականին Թբիլիսիում հավաքված վրաց հոգևորականների համաժողովը ցրվեց ոստիկանների կողմից և մի քանի «ավտոկեֆալիստներ» ձերբակալվեցին[3]։ Ամբրոսիոսին արգելեցին պատարագ մատուցել և փակեցին Ռյազանի Տրոիցկի վանքում։ Պայքարը գագաթնակետին հասավ 1908 թվականին, երբ մայիսի 28-ին Թբիլիսիի իր նստավայրում սպանվեց Վրաստանի ռուս եքսարքոս արքեպիսկոպոս Նիկոնը, իբր, անհայտ վրացի ազգայնականի կողմից։ Ոչ ոք երբեք չի դատվել կամ դատապարտվել սպանության համար[4], և թեև վրացի ավտոկեֆալիստների կապը հանցագործության հետ մնում էր անորոշ[5], ոստիկանության նախնական հետաքննությունը եզրակացրեց, որ նրանք կանգնած են եղել Նիկոնի սպանության հետևում, և ռուսական իշխանությունները օգտագործել են. իրավիճակը՝ որպես պատրվակ վրացի եպիսկոպոսներին իրենց պաշտոններից հեռացնելու համար։ Ամբրոսիոսը նույնպես դադարեցվել է ծառայությունից և արտաքսվել Ռուսաստան։ 1910 թվականին նա արդարացվեց, բայց միայն 1917 թվականի դեպքերը նրան թույլ տվեցին վերադառնալ Վրաստան[1]։ Թեև վրացական ավտոկեֆալիստական շարժումը արժանացավ համաշխարհային համակրանքին, վեճը անվճռականորեն ձգձգվեց տարիներ շարունակ․ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը այն ժամանակավորապես երկրորդ պլան մղեց[6]։

1917թվականի Փետրվարյան հեղափոխությունը Ռուսական կայսրությունում և դրան հաջորդած իրարանցումը թե՛ եկեղեցում, թե՛ պետությունում հնարավորություն տվեցին վրաց եկեղեցուն վերահաստատել իր ինքնավար կարգավիճակը։ 1917 թվականի մարտի 12-ին վրացի մի խումբ հոգևորականներ հռչակեցին իրենց եկեղեցու ինքնավարությունը և կաթողիկոս-պատրիարք ընտրեցին Կիրիոն եպիսկոպոսին։ Ռուս ուղղափառ Եկեղեցու Ամենասուրբ սինոդը հրաժարվեց ճանաչել այդ քայլը, և արդյունքը եղավ երկու եկեղեցիների միջև հաղորդակցության խզում [Ն 1]։ Շուտով Ամբրոսիոսը օծվեց Արևմտյան Վրաստանի Չկոնդիդիի մետրոպոլիտ, այնուհետև տեղափոխվեց Աբխազիա։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի փետրվարից մինչև մարտ Վրաստան խորհրդային ներխուժումը վերջ դրեց կարճատև անկախ Վրաստանի դեմոկրատական հանրապետությանը։ Շուտով կաթողիկոս-պատրիարք Լեոնիդը մահացավ խոլերայից, և 1921 թվականի հոկտեմբերի 14-ին նրա իրավահաջորդ ընտրվեց Ամբրոսիոսը։

Նորաստեղծ բոլշևիկյան ռեժիմի օրոք եկեղեցին զրկվեց իրավաբանական կարգավիճակից, սկսեցին փակվել եկեղեցիներն ու վանքերը։ Հոգևորականները հալածվել են, իսկ եկեղեցիների ու վանքերի ունեցվածքը բռնագրավվել[7]։

1922 թվականի փետրվարի 7-ին Ամբրոսիոսը հուշագիր ուղարկեց Ջենովայի կոնֆերանսին, որտեղ նա նկարագրեց այն պայմանները, որոնցում ապրում էր Վրաստանը Կարմիր բանակի ներխուժումից հետո, բողոքեց Վրաստանի ժողովրդի անունից, որը զրկված էր իր իրավունքներից, ընդդիմացավ Խորհրդային Միության օկուպացիային և պահանջեց քաղաքակիրթ մարդկության միջամտությունը՝ բոլշևիկյան վարչակարգի վայրագություններին ընդդիմանալու համար[8]։ 1923 թվականի փետրվարին Ամբրոսիոսը և Պատրիարքական խորհրդի բոլոր անդամները ձերբակալվեցին ու բանտարկվեցին բոլշևիկների կողմից։ 1924 թվականի մարտին խորհրդային իշխանությունները կազմակերպեցին նվաստացուցիչ հրապարակային դատավարություն։ Բացի Ջենովայի կոնֆերանսին դիմում ուղարկելուց, Ամբրոսիոսին մեղադրվում էր նաև եկեղեցու պատմական գանձերը թաքցնելու մեջ՝ դրանք խորհրդային պետության ձեռքը չանցնելու համար։ Պատրիարքի հետ ձերբակալված բոլոր հոգևորականները իրենց համերաշխությունն են հայտնել Ամբրոսիոսին, ով ստանձնել էր իր արարքների ողջ պատասխանատվությունը, որը նա հայտարարել էր, որ համապատասխանում էր իր պարտավորություններին և Վրաստանի եկեղեցու ավանդույթներին։ Նրա ամփոփիչ խոսքերն էին. «Իմ հոգին Աստծունն է, իմ սիրտը` իմ երկրինը, դուք, իմ դահիճներ, արեք այն, ինչ ուզում եք իմ մարմնի հետ»[9]։ Սպասվում էր, որ Ամբրոսիոսին կդատապարտեն մահապատժի, սակայն կոմունիստները չհամարձակվեցին մահապատժի ենթարկել նրան և դատապարտեցին ութ տարվա ազատազրկման, մինչ նրա ունեցվածքը բռնագրավվեց։

Կարճ ժամանակ անց 1924 թվականի Օգոստոսյան ապստամբությունը բռնկվեց Վրաստանի մի քանի շրջաններում Խորհրդային Միության դեմ և տևեց երեք շաբաթ։ Մոտ 3000 մարդ սպանվեց, ավելի քան 12000-ը մահապատժի ենթարկվեց, իսկ 20000-ը աքսորվեց Սիբիր։ Մահապատժի են ենթարկվել նաև մի շարք հոգևորականներ, որոնց թվում էր Քութայիսի և Գելաթի արքեպիսկոպոս Նազարին, ով գնդակահարվել էր առանց դատավարության։

Կարմիր ահաբեկչության տարածումը Վրաստանում և դրա հետևանքով առաջացած հասարակական ընդվզումը ստիպեցին խորհրդային իշխանություններին հաջորդ տարիներին համեմատաբար չափավորել իրենց ճնշումը Վրաստանի հասարակության վրա։ 1925 թվականի մարտի սկզբին Համամիութենական գործադիր կոմիտեի նախագահ Միխայիլ Կալինինը այցելեց Վրաստան և կոչ արեց համաներել 1924 թվականի օգոստոսի ապստամբության մասնակիցներին և դադարեցնել կրոնական հալածանքները։ 1926 թվականին Ամբրոսիոսին և մի քանի այլ հոգևորականներ ազատվեցին բանտերից։ Նա, սակայն, երկար չապրեց և մահացավ 1927 թվականի մարտի 29-ին Թբիլիսիում։

Ամբրոսիոսը նաև հայտնի էր՝ որպես եկեղեցու բեղմնավոր պատմաբան և վրացական սկզբնաղբյուրների հետազոտող։ Նա հեղինակել է մի շարք հոդվածներ, որոնք հրապարակվել են ռուսական ու վրացական մամուլում և հայտնաբերել միջնադարյան վրացական տարեգրության՝ «Մոկցևայ Քարթլիսայ» («Վրաստանի դարձը») (այսպես կոչված, Չելիշի օրենսգիրքը) մինչ այժմ անհայտ տարբերակը։

Սրբադասում[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը Ամբրոսիոսին սրբադասեց՝ որպես սուրբ վարդապետ Ամբրոսիոս Խոստովանող և որպես նրա հիշատակի օր նշանակեց մարտի 16-ը (նոր տոմարով՝ մարտի 29)։ 2013 թվականին նա հետմահու արժանացել է Վրաստանի ազգային հերոսի կոչման և շքանշանի[10]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միայն 1943 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչեց Վրաց պատրիարքության ավտոկեֆալիան և երկու եկեղեցիների միջև հարաբերությունները վերահաստատվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Marine Khositashvili, წმიდა მღვდელმთავარი ამბროსი აღმსარებელი (ხელაია) (The Holy Archpriest Ambrosius the Confessor (Khelaia)) Արխիվացված 2007-02-08 Wayback Machine, „საპატრიარქოს
  2. David Marshall Lang (1962). A Modern History of Georgia, London: Weidenfeld and Nicolson, p. 177.
  3. David Marshall Lang (1962). A Modern History of Georgia, p. 109. London: Weidenfeld and Nicolson, p. 177, Werth, p. 86
  4. Paul Werth, Georgian Autocephaly and the Ethnic Fragmentation of Orthodoxy, p. 96
  5. Paul Werth, Georgian Autocephaly and the Ethnic Fragmentation of Orthodoxy, p. 74; David Marshall Lang (1962). A Modern History of Georgia, p. 109. London: Weidenfeld and Nicolson, p. 178
  6. David Marshall Lang (1962). A Modern History of Georgia, p. 109. London: Weidenfeld and Nicolson, p. 178.
  7. David Marshall Lang (1962). A Modern History of Georgia, p.109. London: Weidenfeld and Nicolson, p. 241; Janin, p. 164.
  8. Tchantouridze, Lasha. Russia Annexes Georgia. Georgian Patriarch’s Letter to the 1922 Genoa Conference. The Canadian Journal of Orthodox Christianity. Volume III, No 3, Fall 2008
  9. David Marshall Lang (1962). A Modern History of Georgia, p. 109. London: Weidenfeld and Nicolson, p. 241
  10. «Mikheil Saakashvili – Georgia will not kneel, or lick the conqueror's boots». InterPressNews. 2013 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.