Մետրոպոլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետրոպոլիտ, միտրոպոլիտ (հուն․— մայրաքաղաքացի), հոգևոր բարձր պաշտոնյա քրիստոնեական եկեղեցիներում։ Սկզբնապես եղել է տվյալ նահանգի գլխավոր քաղաքի (մետրոպոլիայի, որից և անվանումը) եպիսկոպոսը Հռոմեական կայսրությունում։ Մետրոպոլիտի իրավասության շրջանակները վերջնականապես որոշվել են Նիկիայի 1-ին տիեզերաժողովում (325թ), ապա Անտիոքի եկեղեցաժողովում (341թ)։ Մետրոպոլիտները իրավունք ունեին գումարել նահանգի եկեղեցական ժողովները, հսկել իրենց հոգևոր իշխանությանը ենթակա գավառների եկեղեցական գործերը։ Մետրոպոլիտներին ընտրում էին եպիսկոպոսները։ Արևմտյան Եվրոպայում V դարից հետո Մետրոպոլիտների իրավասության շրջանակները նեղացել են, հետզհետե նրանք հավասարվել են եպիսկոպոսներին (բացառությամբ Անգլիայի, ուր ցարդ պահպանվել է Մետրոպոլիտի հոգևոր իրավազորությունը)։ XI դարից Մետրոպոլիտները զրկվել են նույնիսկ գավառներում եկեղեցական ժոդովներ հրավիրելու իրավունքից։ XIX դ․ կաթոլիկ եկեղեցիներում Մետրոպոլի պաշտոնը անվանական էր, հիշվում էր սոսկ որպես տիտղոս։ Բողոքական եկեղեցիներում Մետրոպոլիտների իրավունքները որոշ չափով պահպանվեցին։ Ռուսաստանը մինչև 1589թ-ը (պատրիարքության հաստատվելը)դիտվել է որպես մեկ մետրոպոլիտություն՝ Մետրոպոլիտի գլխավորությամբ, որը մինչև XIII դ․ նստում էր Կիևում, ապա՝ Վլադիմիրում, իսկ XIV դարից՝ Մոսկվայում։ Հայաստանյայց եկեղեցում, ըստ Հովհաննես Դրասխանակերտցի պատմիչի, Մետրոպոլիտ պաշտոնը եղել է տակավին IV դարից և պահպանվել նաև հետագայում (XIII դ․ Սյունյաց Մետրոպոլիտ էր պատմագիր Ստեփանոս Օրբելյանը և այլն)։ Հայ եկեղեցական նվիրապետության մեջ Մետրոպոլիտը դասվել է ընդհանրական և տեղական կաթողիկոսներից հետո։ Երբեմն էջմիածնի Մայր աթոռը Մետրոպոլիտի տիտղոսը շնորհել է եպիսկոպոսներին, սոսկ որպես պատիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png