Մատաթիա առաքյալ
Մատաթիա (հունարեն՝ Ματθίας, լատիներեն՝ Matthias) — Հիսուս Քրիստոսի հետևորդներից, ով հետագայում համալրեց 12 առաքյալների շարքը:
[խմբագրել] Մատաթիա առաքյալը Նոր Կտակարանում
Միակ առաքյալը, ում մասին գրված չէ Ավետարանում, բնականաբար, Մատաթիան է. նրան առաջին և վերջին անգամ հանդիպում ենք Գործք առաքելոցում: Հուդայի դավաճանությունից ու ինքնասպանությունից հետո առաքելական 1 տեղ թափուր էր մնացել, ուստի Քրիստոսի Համբարձումից հետո 11 առաքյալները Պետրոսի գլխավորությամբ որոշում են վիճակ գցել 12-րդ առաքյալին գտնելու համար, քանի որ մարգարությունը փաստում էր, թե «Նրա [Հուդայի] պաշտոնը թող ուրիշն առնի» (Գործք. 1:20): Վիճակահանություն համար առաջ են քաշվում մի քանի պայմաններ. Հուդային փոխարինողը պետք է`
- ուղեկիցը լիներ առաքյալների Հիսուսի քարոզչության ընթացքում (Հովհաննեսի մկրտությունից մինչև համբարձում)
- առաքյալների հետ վկա լինի Քրիստոսի Հարությանը
Այնուհետև Գործք առաքելոցը փաստում է. «Եվ ներկայացրին երկուսին՝ Հովսեփին, որին Բարսաբա էին կոչում, և որ վերանվանվեց Հուստոս, ու Մատաթիային։ Եվ աղոթք անելով՝ ասացին. «Տե՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛ւյց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի և առաքելության, որից Հուդան ընկավ իր տեղը գնալու համար»։ Եվ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելավ Մատաթիային, և սա դասվեց տասնմեկ առաքյալների հետ» (Գործք. 1:21-26):
Ավանդության համաձայն Մատաթիա առաքյալը քարոզել է Եթովպիայում:
[խմբագրել] Հիշատակության օրը
Սուրբ Մատաթիա առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Խաչի հինգերորդ շաբաթվա երեքշաբթի օրըը: Հույն Եկեղեցին տոնում է օգոստոսի 9-ին, իսկ Լատին Եկեղեցին փետրվարի 24-ին:
[խմբագրել] Աղբյուրներ
- Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
- Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:
- Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997: