Ոսկե ծիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոսկե ծիրան, Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող ամենամեծ ամենամյա կինոփառատոն, որը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից և անցկացվում է հուլիսին։ Փառատոնը ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։

Փառատոնի պատմությունը[խմբագրել]

Ատոմ Էգոյանը երրորդ Ոսկե ծիրան փառատոնին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնը ֆիլմերի հիմնական մասը ամեն տարի ցուցադրվում են «Մոսկվա» և «Նարիր» կինոթատրոններում։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի և երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։

Անվանակարգերը և մրցանակները[խմբագրել]

Փառատոնին ֆիլմերը ներկայացվում են երեք հիմնական մրցութային անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր։ Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ։ Փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգը հատուկ համահայկական մրցութային բաժին է, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչները ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերով։ Փառատնն ունի նաև արտամրցութային ծրագիր, որի բաժինները տարբեր տարիների փոփոխություններ են կրում, վերջին տարում՝ 2010-ին, դրանք հետևյալն էին՝«Երևանյան պրեմիերա», «Հայկական Էսքիզներ», «Բրիտանական վեց կարճամետրաժ», «Ոսկե ծիրան բարձրագույն կինոդպրոց»։

Ժյուրին[խմբագրել]

«Ոսկե ծիրանը» ունի առանձին ժյուրիներ համապատասխանաբար փառատոնի երեք՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր անվանակարգերի համար։ 2007 թվականից փառատոնն ունի նաև էկումենիկ և FIPRESCI ժյուրի, որոնք տալիս են իրենց հատուկ մրցանակները։ 2010 թվականին փառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահել է եղել իսլանդացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը, վավերագրական ֆիլմերի ժյուրին նախագահն է եղել իտալացի կինոքննադատ Լուչանո Բարիզոնեն, իսկ «Հայկական համայնապատկեր» անվանակարգի ժյուրիի նախագահը եղել է կինոգետ և պրոդյուսեր Արմեն Մեդվեդևը։

«Ռեժիսորներ առանց սահմանների»[խմբագրել]

«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) «Ոսկե Ծիրանի» ստեղծած ռեժիսորների և կինոյի մասնագետների ցանց է, որին անդամակացում են Հարավային Կովկասի տարածաշրջանի և հարակից այլ պետությունների կինոգործիչները։ ՌԱՍ-ը հիմնադրվել է հանրահայտ իրանից ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի նախաձեռնությամբ։ ՌԱՍ-ը աջակցում է համատեղ արտադրության ֆիլմ-նախագծերին, որոնք բացահայտում են ազգերի ու մշակույթների միջև ծագած խնդիրները։ ՌԱՍ-ը ընդգծում է, որ Խորհրդային միության փլուզումից հետո Կովկասյան տարածաշրջանում դարերով կողք կողքի ապրած ժողովուրդների միջև այսօր կան բազմաթիվ կրոնական, էթնիկ և մշակութային հակասություններ, որոնք արտահայտվում են նաև կինոարտադրության բնագավառում՝ ստեղծելով խնդիրներ պրոդյուսերների, ռեժիսորների և սցենարիստների համար։ ՌԱՍ-ը նպատակն է հաղթահարել սահմանները ու ստեղծել համընդհանուր մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կինոյի մթնոլորտ և կինոդաշտ։