Գինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գինձ
Գինձ
Գինձ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Coriandrum
Տեսակ Գինձ (C. sativum)
Միջազգային անվանում
Coriandrum sativum

Գինձ, համեմ (լատին․՝ Coriandrum sativum), հովանոցավորների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատն առանցքային է, ցողունը՝ ուղղաձիգ, 20-120 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, հերթադիր, կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ։ Համեմը պոլիգամ բույս է, ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, դեղին, ծաղկում է ամռանը` հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից՝ մուգ, իսկ ներսից՝ բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են 0.5-1 %եթերայուղ, 2 %, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և 20 % ճարպայուղ։ Տերևները հարուստ են վիտամիններով E, A-նախավիտամիններով, հանքային աղերով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ .Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։ Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է գլխացավերի, ինչպես նաև ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն վնասակար է աչքերի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։ Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։

Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի և փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6 ամիս անց։

Տապակած գինձը կանխարգելում է սրտխառնոցի առաջացումը և վերացնում է բղկոցը։ Հնդկական բժշկության մեջ գինձի պտուղներն օգտագործում են որպես կազդուրող, ցավազրկող, միզամուղ միջոց։ Տիբեթյան բժշկության մեջ այն կիրառում են ջերմությունը իջեցնելու և ծարավը հագեցնելու համար։

Գինձն ախորժակը գրգռող և մարսողությունը կարգավորող հատկություն ունի։ Գործածվում է նաև լնդերի արնահոսության և հիպերտոնիայի բուժման ժամանակ։ Առանձին դեպքերում (հատկապես հիստերիայի), նշանակում են որպես հանգստացնող և հակակծկանքային միջոց։

Վերին ցողունների հյութը և սերմերից պատրաստած թուրմը օգտագործում են հազի ժամանակ և որպես լեղամուղ ու միզամուղ միջոց։ Թարմ հյութով և արմատների եփուկով բուժում են կարմրուկը և գեղձախտը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Diederichsen A. Promoting the conservation and use of underutilized and neglected crops 3։ Coriander Coriandrum sativum L. — 1996. — 83 с.
  • Смолянова А. М. Эфиромасличные культуры. — М.։ Колос, 1976.
  • Лукьянов И. А. Кориандр. — Белгород։ Белгородское кн. изд-во, 1960. — 75 с.
  • Полуденный Л. В., Сотник В. Ф., Хлапцев Е. Е Эфирномасличные и лекарственные растения. — М.։ Колос, 1979.
  • Կարեն Աֆրիկյան «Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային խոտաբույսերը», Երևան 2013 թվական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 72