Կտավատ
Կտավատը թելատու և ձիթատու հնագույն մշակաբույս է: Այն (վուշ) կտավատազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է կտավատի ավելի քան 230 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 12(13) տեսակ՝ ավստրիական, երկծաղիկ, նրբատերև, վահանակերպ և այլն: Հանդիպում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում:
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 50 սմ: Տերևները նշտարաձև են, ամբողջաեզր: Ծաղիկները կապույտ են, երկնագույն, վարդագույն, կարմիր, դեղին, սպիտակ: Ծաղկում է մայիսից մինչև ցրտերն ընկնելը: Պտուղը հինգբնանի, կլորավուն կամ ձվաձև տուփիկ է, սերմերը՝ գորշ դեղնավուն, մանր ու հարթ: Մշակության մեջ տարածված սովորական կանեփը միամյա է: Լինում է թելատու, ձիթատու (գանգրավուշ) և միջանկյալ խմբերի: Արմատն առանցքային է, թույլ զարգացած: Ցողունի բարձրությունը 0,1–1 մ է: Մշակվում է Շիրակի և Սյունիքի մարզերում:
Բարսեղյանի (հանդիպում է միայն Արարատի մարզի աղի ճահճուտներում), անատոլիական (Վայոց ձորի մարզում) և դեղնավուն (Վայոց ձորի և Սյունիքի մարզերում) կտավատները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Կտավատի բոլոր տեսակները պարունակում են յուղեր (մինչև 33%), սպիտակուցներ, գլյուկոզա, լորձանյութ, լինին, վիտամիններ, ֆերմենտներ և այլն: Կտավատի ձեթով պատրաստում են տարբեր քսուքներ:
Կտավատի մանրաթելից պատրաստված գործվածքները շատ գեղեցիկ են, լավ ներծծում են խոնավությունը և արագ չորանում են:
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |