Զրադաշտականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զրադաշտականություն (ավեստա. vahvī- daēnā- māzdayasna, թարգ.՝ «Իմաստության պաշտամունքի Բարի հավատք», պարս.. «بهدین»‎ - behdin, թարգ.՝ «Բարի հավատք»), Պարսկաստանում և Մերձավոր Արևելքում նախաքրիստոնեական ու հետքրիստոնեական շրջաններում, մինչև Իսլամի հաստատումը, տիրապետող կրոնական ուղղություն, որի հիմնադիրն է համարվում Զրադաշտը։

Ծագումը[խմբագրել]

Պատմությանը հայտնի Աստծո նախախնամությամբ, հայտնությամբ տրված առաջին կրոնը։ [1]։ Հստակ թվագրմանն անհայտ է կրոնի ծագումը, սակայն պատմական առաջին հիշատակումները թույլ են տալիս եզրակացնելու, որ այդ շրջանում արդեն Զրադաշտականությունը բավականին տարածված էր և երիտասարդ կրոնների շարքին չէր պատկանում։ Զրադաշտականությունն իր անունը ստացել է Աստծուց հայտնությամբ զրադաշտական դավանանքի ուսմունքն ու հիմնական գաղափարները ստացած նահապետի՝ Զրադաշտի անունով, ով հելլենիստական աշխարհում հայտնի էր Զորոաստր, իսկ ասիականում՝ Զարաթուշթրա-Զարթոշթ անունից։

Ուսմունքը[խմբագրել]

Զրադաշտականությունն վերաիմաստավորված ներառել է հին մազդեզականության որոշ գաղափարներ և ծեսեր, իսկ առանձին աստվածներին փառաբանող պաշտամունքային երգեր մտել են Ավեստա։ Ըստ Զրադաշտականության նախապես գոյություն է ունեցել երկու սկզբունք՝ բարի, ստեղծարար ոգի Սպենտա Մանյուն՝ Ահուրամազդան (Ահուրա Մազդա)՝ միակ գերագույն աստվածությունը, և չարը անձնավորող՝ Ահրիմանը (Անգրի Մանյու)։ Ահուրամազդայի արարչությունն են յոթ աստվածային զորությունները՝ Ամահրասպանդները (Ամեշա Սպենտաներ), բնաշխարհի առանձին մասերի արարիչներն ու հովանավորները և աստվածային էակները՝ Յազատները, որոնցին են նաև հին դիցարանի աստվածները Միթրան, Անահիտը և այլն։

Աշխարհի արարումը[խմբագրել]

Ահուրամազդայի արարչագործությունը, համաձայն Զրադաշտի տված ուսմունքի, ընթացել է երկու փուլով. սկզբում գերագույն աստվածն արարել է ոչ նյութական, հոգևոր, ոգեղեն աշխարհը՝ «մենոգ», որից հետո միայն ոգեղեն աշխարհին կյանք տվել նյութականում՝ «հետիհ»
Արարչագործության այս երկու փուլերը միասին Զրադաշտականությունում կոչվում են «Բունդահիշն»՝ հիմքերի արարում։ Ահուրամազդայի արարչագործությունը հանգեցրել է չար սկզբունքի գործունեությանը, քանի որ ոգեղեն աշխարհում արարված էակները անխոցելի էին, իսկ արդեն «հետիհ»ում՝ նյութական աշխարհում, նրանք հասանելի են դառնում չար ուժերի համար։ Ահրիմանը գործի է դնում իր էմանացիաները «դրսևորումները տարբեր տարերքներում»՝ Չար Մտքին, Ցասմանը, Կեղծիքին։ Նրան են հարում դևերը, որոնք ձգտում են ավերել Ահուրամազդայի արարչային աշխարհը։ Այսպես են առաջանում մահը, հիվանդությունները, աղետները։
Այս պայքարում, որ պիտի վերջանա Ահուրամազդայի հաղթանակով մեծ տեղ է զբաղեցնում մարդը։ Մարդն ունակ է ընտրություն կատարել չարի ու բարու միջև։ Ճիշտ ընտրության դեպքում, որը համապատասխանում է Զրադաշտական բարոյական երրորդությանը՝ «Բարի Խոսք», «Բարի Միտք», «Բարի Գործ», մարդն իր կյանքի նպատակն է համարում չեզոքացնել, ոչնչացնել չարիքը, օժանդակել աշխարհում արդարությունը վերականգնելուն։

Բարեպաշտ կյանքի ուղի[խմբագրել]

Աշխարհում արդարության վերականգնման ու չարի ոչնչացմանը հասնելու միակ ուղին Արտան է՝ վարքի և պաշտամունքի բարձրագույն և արդար կարգը, որի հիմքում ընկած է մարդկային վարվելակերգի զրադաշտական երրորդությունը՝ «Բարի Խոսք», «Բարի Միտք», «Բարի Գործ»։
Այն հրաշագործ պահը, երբ Ահուրա Մազդան, Ամահրասպանդները և մարդիկ հաղթանակ կտոնեն չարի ու Ահրիմանի դեմ կոչվում ՝ Ֆրաշոքարաթի։ Այդ ընթացքում Մարդը պարտավոր է բազմացնել և պահպանել բարի արարչությունները, այն, ինչ օգտակար է, լինել զուսպ և կարգապահ, կատարել կրոնական կանոնները, պաշտամունքային և մաքրագործական ծեսերը։ Կրոնաբարոյական օրենքների խախտումով մարդն օժանդակում է չարիքին և մեղք գործում իր հոգու դեմ։ Մահացածի հոգին, համապատասխան մարդու արդար և անարդար խոսքերի, մտքերի և արարքների ուղարկվում է դրախտ կամ դժոխք։
Զրադաշտության կրոնա-փիլիսոփայական համակարգում կարևոր է և’ հոգևոր և’ մարմնավոր՝ բարոյապես ոչ հակադիր վիճակների և երեք ժամանակների մասին ուսմունքը։ Կան Անեզրական և Եզրական ժամանակներ, վերջինս իր հերթին բաժանվում է երկու հատվածի՝ Արարչագործության (երբ Ահուրամազդան ստեղծել է ողջ աշխարհը) և Միախառնության (որ սկսվել է Ահրիմանի հարձակումով Ահուրամազդայի արարչության վրա, և ավարտվելու է Զրադաշտից 3000 տարի հետո՝ Փրկչի գալստյամբ, վերջին դատաստանով, Չարիքի ոչնչացմամբ և Անեզրական ժամանակի վերադարձով)։

Իրանում գործող միակ զրադաշտական տաճարը Յազդ քաղաքում

Ուսմունք երեք շրջանների մասին[խմբագրել]

Ահուրա Մազդայի կողմից արարչագործության մասին Զրադաշտի կողմից տարածված ուսմունքը երեք շրջանների մասին է աշխարհի ու մարդկային պատմությանը տալիս է որոշակի պարբերական բնույթ։ Երեք շրջանները՝ «Արարում», «Խառնում» և «Բաժանում», ենթադրում են երրորդ փուլում նյութական աշխարհի վերականգնում այն նույն վիճակով, ինչպիսին այն եղել է առաջինում, երբ նոր էր միայն աշխարհն արարվել որպես նյութական ու այնտեղ դեռևս ոտք չէին դրել չարիքները։
Զրադաշտականության զարգացումն ու կրոնափիլիսոփայության մշակումը հետագայում ձևավորեց նաև մարդու ռեինկարնացիայի գաղափարը, որը միայն ավարտվելու էր երրորդ փուլում, երբ Ահուրա Մազդան վերջնական հաղթանակ էր տոնելու Ահրիմանի և նրան աջակցող չար ուժերի նկատմամբ։
Զրադաշտն իր ուսմունքում փորձել է բացատրել այն տանջանքներն ու չարչարաքները, որոնք բաժին են հասնում մարդկությանը, միաժամանակ տալիս է նրանց ուղի, որով և հնարավոր է վերջ դնել դրանց կրկնությունը ներկայում ու ապագա սերունդների համար։

Պատմությունը[խմբագրել]

Աքեմենյան շրջանում, մարական մոգերի ակտիվ մասնակցությամբ Զրադաշտականությունը արևելքից տարածվել է Իրանի արևմտյան նահանգները։ Սակայն Զրադաշտականությունը վերջնականապես ձևավորվել և պաշտոնական կրոն է դարձել Սասանյանների օրոք՝ մրցակից կրոնների՝ քրիստոնեության և մանիքեության դեմ պայքարում։ Շապուհ Բ-ի և Հազկերտ Բ-ի օրոք քաղաքական նպատակներով, դաժան, բայց ոչ արդյունավետ փորձեր են արվել զրադաշտականացնելու Սասանյան Իանի տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին՝ հատկապես ասորիներին և հայերին։ Զրադաշտականության պաշտոնական դավանաձևի հետ գոյություն են ունեցել նաև աղանդներ, որոնցից ամենատարածվածը զրվանականությունն էր։ Զրվանականները Ահուրամազդային և Ահրիմանին համարում էին նախնական աստվածային սկզբունքի՝ ժամանակի (Զրվանի) ծնունդ։ Զրադաշտականության այս տարբերակն է ներկայացված քրիստոնեական հեղինակների գործերում, մասնավորապես՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում։ Զրադաշտականությունն ազդել է քրիստոնեության, մանիքեության, մահմեդականության, ինչպես նաև ստոիկյան ու գնոստիկյան ուսմունքների ձևավորման վրա։

Զրադաշտականության ծնունդը[խմբագրել]

Հնադարում Զրադաշտականության մեջ ընդունված չէր ժամանակագրական հերթականություն պահպանել և միայն հելլենիստական շրջանի մեկնարկով է ձևավորվել մշակույթը պարզելու և կազմելու ժամանակագրություն։ Ըտս «Արդա Վիրազ» գրքի Զրադաշտին ու Ալեքսանդր Մակեդոնացուն բաժանում է 300 տարի, իսկ ահա Բունդահիշնայի ժամանակագրության տվյալներով, եթե վերցնենք Դարեհ Ա-ի գահակալության սկզիբը՝ մ.թ.ա. 522 թվականը, ապա ստացվում է մ.թ.ա. 754 թվական։ [2]
Ընդհանուր առմամբ գիտական լայն շրջանակներում Բունդահիշնի ժամանակագրությունը հավաստի ու միանշանակ չի ընդունվում։ Ներկայիս զրադաշտականները սեփական ժամանակագրության համար ընդունել են իրանցի աստղաբան Զ. Բեհրուզայի տարբերակը, համաձայն որի, Զրադաշտը Ահուրա Մազդայի հետ հանդիպել ու նրանից ստացել է ուսմունքը մ.թ.ա 1738 թվականին։

Զրադաշտականության ժամանակագրական բաժանումը[խմբագրել]

  1. Արհայիկ շրջան, մ.թ.ա. 558 թվականից առաջ, մինչև Զրադաշտի ծնունդն ընկած ժամանակահատվածը։ Այդ ընթացքում զրադաշտական գաղափարախոսությունն ու ուսմունքը հիմնականում տարածվել է բանավոր։
  2. Աքեմենյան շրջան, մ.թ.ա 558 - մ.թ.ա. 330 թվականները։ Այս ընթացքում Աքեմենյան արքաների կողմից արված արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում են զրադաշտական աստվածություններն, ինչպես նաև կարելի է հանդիպել հիշատակումներ ծիսակարգերի ու զրադաշտական խորհրդանիշների մասին։
  3. Հելլենիստական շրջան, մ.թ.ա. 330 - մ.թ. 226 Աքեմենյան Պարսկաստանի անկումը թուլացրեց զրադաշտականության տարածումը, միաժամանակ Իրանական սարահարթի արևելքում սկսեց տարածվել Բուդդայականությունը։
  4. Սասանյան շրջան, մ.թ. 226 - 652 Սասանյան Պարսկաստանի իշխանության օրոք զրադաշտականությունը վերածնվեց, միաժամանակ իրականացվեցին առաջին մատենագրությունների կազմումն ու ուսմունքի գրավոր փոխանցումը։ Զրադաշտական մոգ Ադուրբադ Մահրասպանդանի կողմից իրականացվեց ուսմունքի աշխատությունների հավաքագրումն ու պահպանությունը գրավոր տարբերակով։
  1. Իսլամի հաստատում և զրադաշտականության ճնշումներ, մ.թ. 652 - 20-րդ դար Զրադաշտականության անկման երկրորդ ժամանակաշրջանը, որի ընթացքում հետապնդումների էին ենթարկվում կրոնի հետևորդները։ Ավանդույթների հիմնական պաշտպանները գաղթում են Հնդկաստանի արևմտյան շրջաններ, որտեղ առ այսօր պահպանվել են զրադաշտության հետևորդների համայնքներ։ Իրանում շարունակական ճնշումների ներքո որոշ գործիչներ շարունակում էին ուսմունքի պահպանությունը։
  2. Ժամանակակից շրջան, 20-րդ դարից առ այսօր ընկած ժամանակահատվածում զրադաշտական համայնքի ներկայացուցիչները հաստատվում են Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում ու Ավստրալիայում։ Բացվում են Զրադաշտականության համաշխարհային կենտրոններ Իրանում և Հնդկաստանում։

Տաճարներ, հոգևորականություն[խմբագրել]

Հոգևոր դաս[խմբագրել]

Զրադաշտականության մեջ մեկ ընդհանուր տերմինով ընդգծվում են հոգևոր դասի ներկայացուցիչները, ովքեր կոչվում են ավեստ. աշրավան aθravan կամ պահլվ. աշրոն asrōn - «կրակի պահապաններ»։ Սակայն հոգևոր դասի մեջ գործում է նաև հետևյալ բաժանումը՝

  1. «Մոբեդան Մոբեդ» - զրադաշտական հոգևորականության բարձրագույն աստիճանը՝ մոգերի մոգ, մոբեդների մոբեդ։ Նա կարող է ընդունել ընդհանուր Զրադաշտականությանը վերաբերվող հոգևոր «գաթիկ» և աշխարհիկ «դաթիկ» որոշումներ։
  2. «Սար Մոբեդ», երկրորդ ամենաբարձր հոգևոր կոչումը զրադաշտականությունում, որի ներկայացուցիչը ղեկավար է զրադաշտական այս կամ այն համայնքը, հիմնականում որոշումներ է կայացնում տեղական հոգևոր աշխարհի ներկայացուցիչների համար։
  3. Դաստուր
  4. Մոբեդ
  5. Հիրբադ

Զրադաշտականությունում հոգևոր դասի ներկայացուցիչ անհնար է դառնալ, քանի որ դրա իրավունք ունենք միայն մոգական ծագմամբ ընտանիքների ներկայացուցիչները, ովքեր կոչվում են «մոբեդ զադէ»։

Սրբազան կրակ[խմբագրել]

Զրադաշտական տաճարներում կամ մեհյաններում, որոնք կոչվում են «ատաշկադէ» հայերեն (ատրուշան) բառացիորեն՝ (Կրակի տուն), պահվում են անմար կրակներ, որոնք վառվում են ավելի քան տասնամյակներ, հարյուրամյակներ ու անգամ հազարամյակներ։ Մոբեդների ընտանիքը, ում ղեկավարության տակ գտնվում է այս կամ այն մեհյանը, պարտավորություն է ստանձնում անմար պահել մեհյանի կրակը։
Ցայսօր վառվում է միայն Յազդ քաղաքի տաճարի սրբազան կրակը, որտեղ զրադաշտականները տեղափոխվել ու առ այսօր ապրում են սկսած 13-րդ դարից։

Խորհրդանիշներ[խմբագրել]

Սասանյան Պարսկաստանի Շապուհ Բ արքայի ոսկե մետաղադրամը, որի հետնամասում պատկերված է սրբազան կրակը հատուկ կրակարանում

Որպես մաքրության նշան, զրադաշտական հոգևորականներն ու ընդհանրապես հավատացյալները կրում են սպիտակ հագուստներ, որոնք կոչվում են սեդրե։ Այն միասնական մեկ ընդհանուր կտորից է ու իրար միջև կցված է միայն ինը կարերով։ Սեդրեն խորհրդանշում է մաքրություն և արդարություն, պաշտպանում հավատացյալին չարիքներից և թյուր գայթակղություններից։
Սեդրեի կրելը զրադաշտականությունում պարտադիր բնույթ է կրում և խորհուրդ է տրվում որքան հնարավոր է քիչ ժամանակ անցկացնել առանց համապատասխան հագուկապի։
Զրադաշտական խորհրդանիշներից գլխավորը կրակն է, որը վառվում է հիմնականում սրբավայրերում՝ մեհյաններում հատուկ կրակի համար նախատեսված կրակատներում՝ ատրուշաններում, ինչպես նաև տեղափոխվում վայրից վայր։ Կրակի պահպանման համար հատուկ կառուցվում են ատրուշաններ, իսկ կրակն այրվում է հիմնականում, այսպես կոչվող, զոհասեղանների հարևանությամբ։
Մեծ տարածում ստացած զրադաշտական խորհրդանիշներից մեկն է նաև Ֆարավահարը, որը գալիս է դեռևս Աքեմենյան Պարսկաստանի ժամանակաշրջանից ու պատկերում է թևավոր սկավառակի կենտրոնում կանգնած մարդու։ Զրադաշտականները հիմնականում չեն ընդունում գաղափարը, որը կենտրոնում պատկերված է Ահուրա Մազդան՝ նշելով, որ դա միայն ֆրավաշիի պատկերն է։
Զրադաշտականությունում հատուկ նշանակություն է տրվում սպիտակ գույնին, որպես վերածնունդի և մաքրության խորհրդանիշ։

Աշխարհահայցք և բարոյականություն[խմբագրել]

Զրադաշտական աշխարհահայացքը ենթադրում է երկու՝ բարի և չար ուժերի պայքար մարդկային հասարակությունում, միաժամանակ բարի հաղթանակի համար զրադաշտական համայնքի ներկայացուցիչները չպետք է իրենց զրկեին աշխարհիկ կեցության հիմնական պահանջներից, որոշ դեպքերում նաև ուրախություններից և հաճույքներից։ Զրադաշտականությանը հատուկ չէ անձի ամբողջական նվիրումը կրոնի պաշտպանությանն ու կույր հավատքը։ Միաժամանակ չի խրախուսվել միանձնությունն ու ասկետիզմը։
Հոգևորական դասի հիմնական պահանջն է եղել համայնքի ներկայացուցիչներից սահմանված կարգ ու կանոնի պահպանությունն ու բարիքներ բերող պատվիրանների կատարումը։

Բարի պատվիրաններ Մեղքեր
1. մեծահոգություն
2. ազնվություն
3. շնորհակալ լինել
4. բավարարվածություն
5. (ընկալում) հասկանալ, որ պետք է միայն բարին անել ու բարով պատասխանել մարդկանց
6. վստահություն, որ այն ամենն, ինչ լավն է ու բարին՝ արարվել է արարչի՝ Ահուրա Մազդայի կողմից
7. վստահություն, որ այն ամենն, ինչ սուտն է ու չարիք՝ դա արարվել է Ահրիմանի կողմից
8. հավատ վերածնությանն ու վերջնական փրկությանը
9. ամուսնություն
10. խնամակալության պարտավորությունների կատարում
11. արդար աշխատանք
12. վստագություն Մաքուր հավատին
13. հարգանք մյուսների արած աշխատանքի նկատմամբ
14. տեսնել մյուս մարդկանց առաքինություններն ու գնահատել դրանց ըստ արժանավույն
15. սիրել բարի մարդկանց
16. հեռու վանել մտքերը չարիքի և վրեժխնդրության մասին
17. երբեք չար նախանձի զգացմամբ լցված չլինել
18. չունենալ հեշտասեր ցանկություններ
19. թշնամություն չունել մարդկանց հետ
20. բացակա կամ մահացած մարդկանց ունեցվածքին երբեք վնաս չհասցնել
21. չպահել քո մեջ չարիք
22. ամոթի զգացումից մեղքեր չգործել
23. չքնել ալարկոտությունից
24. վստահություն ու հավատ Յազատաների հանդեպ
25. չկասկածել դրախի և դժոխքի գոյության վրա և հավատալ հոգու համապատասխանությանը դրանց
26. հեռու մնալ չարախոսություններից ու նախանձից
27. ուսուցանել մյուսներին անել միայն բարին
28. լինել բարիների ընկերն ու չարիքի թշնամին
29. հեռու մնալ խաբեությունից
30. չստել ու չխաբել
31. խոստումներն ու համաձայնությունները միշտ կատարել
32. խուսափել վնաս տալ մյուս մարդկանց
33. միշտ պատրաստ լինել օգնելու հիվանդներին, անօգնականներին և ճանապարհորդներին
1. պղծվածություն
2. այլասերում
3. արդարամիտի սպանություն
4. ամուսնական պարտավորությունների խախտում
5. խնամակալության պարտավորվածությունների խախտում
6. մարել Վրահրամի կրակը
7. շան սպանություն
8. կուռքերի պաշտամունք
9. հավատը ամեն տեսակի այլ դավանանքներին
10. վստահության կորուստ
11. ստի աջակցություն և մեղքը թաքցնել
12. անգործություն
13. հավատը գնոստիկական ուսմունքներին
14. զբաղվել կախարդությամբ
15. աղանդավորություն
16. դևերի պաշտամունք
17. գողի հովանավորչություն
18. համաձայնության խախտում
19. վրեժխնդրություն
20. բռնություն, որը նպատակ ունի սեփականացնելու ուրիշի ունեցվածքը
21. մաքուր և արդարամիտ մարդկանց վիրավորել
22. զրպարտություն
23. մեծամտություն
24. գնալ ուրիշի կանանց մոտ
25. անշնորհակալություն
26. ստել
27. անբավարարվածություն լավով ու բարիով
28. ուրախության զգացում այլոց ցավից և տանջանքներից
29. չարիքների ի կատար ածում
30. ցավի զգացում կատարած բարի գործի համար

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մերի Բոյս - Զրադաշտներ. հավատամք և ավանդույթներ էջ 6
  2. Բունդահիշն, XXXIV

Տես նաև[խմբագրել]