Միջին պալեոլիթը Հայկական լեռնաշխարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջին քարե դարը Հայկական լեռնաշխարհում տևել է մոտավորապես մեր թվականությունից առաջ 100.000— 40.000 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանին։ Այն հին քարի դարի միջին շրջանի մշակույթ է, որը համապատասխանում է երկրի պատմության չորրորդական դարաշրջանի կեսերին՝ մինդել-ռիսյան միջսառցային և ռիսյան առավելագույն սառցապատման շրջաններին[1]։

Բնական պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսյան մեծ սառցապատման փուլում Հայկական լեռնաշխարհի մի զդալի մասը ծածկվում է սառցե վիթխարի վահանով, որի հետքերն են մինչև այժմ էլ բևեռային շրջաններից հազարավոր կիլոմետրեր հարավ պահպանված մորենների հսկայական կուտակումները[2]։ Հայաստանի լանդշաֆտը, բնական պայմանները, կլիման, բուսական ու կենդանական աշխարհն այդ շրջանում զգալիորեն փոխվում են։ Ռիսյան շրջանի վերջում Հայաստանի սառցակալումը հասնում է առավելագույն չափերի։ Սառցային ծածկույթը, հետզհետե մեծանալով, տարածվում է մինչև Մասիսի (Արարատի), Արագածի, Նեխ-Մասիքի (Սիփանի) և այլ գագաթներն ու լեռնաշղթաների լանջերը։ Սառցադաշտերի հարաճուն շարժման և դրան ուղեկցող նոր սառցակալման հետևանքով վերանում են անտառները, փոխվում տափաստանները, բաց տարածությունները դառնում են լանդշաֆտի գերակշռող տիպ։ Փոխվում է և կենդանական աշխարհը, անհետանում են այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են հին (հարավային) փիղը, մերկա-ռնգեղջյուրը և մինչ այդ Հայաստանում գոյություն ունեցող հիպոպոտամը ( գետաձի)։ Նախկին ջերմասեր կենդանիների փոխարեն Հայաստանի նախալեռներից հյուսիս հանդես են գալիս հյուսիսային ազնիվ ու հսկա եղջերուները, սառցային ժամանակի այլ կենդանիներ։ Այժմ Հայաստանի ֆաունայի բնորոշ ներկայացուցիչներ են դառնում մամոնտը (նախնական փիղ), բրդոտ ռնգեղջյուրը, վայրի ցուլը, գիշատիչների բազմաթիվ տեսակներ և այլն, որոնց մնացորդները հայտնաբերվել են Հայաստանի ռիսյան շրջանի նստվածքներում[3]։

Նախնադարյան մարդու գոյության պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն կյանքը շարունակում էր հարատևել սառցային հսկայածավալ մեռյալ անապատից դուրս, գետերի խիտ ցանցով կտրտված ցածրադիր հովիտներում ու դաշտերում։ Չնայած դաժան կլիմայական պայմաններին և երկարատև ձմռանը, գետերի առատորեն ոռոգվող հովիտները ամռանը հրաշալի արոտավայր են դառնում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բազմաթիվ հոտերի համար։ Նախնադարյան մարդը կարողանում է հարմարվել ռիսյան սառցապատման դաժան պայմաններին, ապաստան գտնելով ժայռերի բնական խորշերում, անձավներում, քարայրներում, լեռների թեքություններում։ Այդ պատճառով մուստյերյան դարաշրջանի շատ բնակավայրեր կապված են քարայրների հետ, որտեղ պահպանված են մշակութային բազմաթիվ շերտեր։ Այրերին տիրանալը եղել է նախնադարյան՝ նեանդերթալյան տիպի մարդու խոշոր նվաճումներից մեկը, մանավանդ որ դրանք նախապես ծառայում էին որպես վայրի կենդանիների պատսպարաններ[4]։ Նրանց դուրս վանելու համար մարդը դիմում է զենքի և հատկապես կրակի օգնությանը։ Նեանդերթալցին չբնաջնջվեց, չանհետացավ, ընդհակառակն, նա շարունակեց անընդհատ նորանոր վայրերում բնակվել։ Սառցային դարաշրջանի սկզբում Հայաստանի տերիտորիայի և հարևան երկրների հին բնակիչների մշակութային զարգացումը հասել էր այնպիսի աստիճանի, որ մարդկանց թույլ էր տալիս ավելի ակտիվորեն հարմարվել նոր, համեմատաբար դժվար պայմաններին։ Մուստյերյան դարաշրջանում գգալիորեն զարգանում է որսորդությունը, որը դառնում է սննդի հայթայթման հիմնական միջոցը՝ որսում են գերազանցապես խոշոր կենդանիներ՝ վայրի եզներ, ձիեր, ազնիվ եղջերուներ, քարայծեր և այլն։ Որսորդության արդյունքները զգալի չափով լրացվում են նաև հավաքչությամբ։

Շրջապատի դաժան պայմանները, կենաց ու մահու կռիվը վերափոխում են մարդուն, դարձնում ավելի ճկուն, հնարամիտ, դիտողական, դրականորեն ներգործում քարեդարյան մշակույթի զարգացման ընթացքի վրա։ Մուստյերյան մարդու խոշորագույն հայտնագործությունը կրակ ստանալու եղանակների գյուտն էր, որին նա հասավ սերունդների փորձի միջոցով, կայծքարի հրահանների կամ փայտի շփման օգնությամբ։ Կրակի օգտագործումը դարձավ մարդու գոյության մշտական, անփոխարինելի պայմանը, իսկ օջախը՝ բնակավայրի անբաժան ուղեկիցը։ Կրակի կայաններում մշտապես վառվող օջախների մոտ են բերվում որսորդությամբ և հավաքչությամբ ձեռք բերված մթերքները, որոնք եփված վիճակում ավելի դյուրամարս էին և նպաստում էին մարդկային օրգանիզմի զարգացմանը։ Կրակը նաև պաշտպանության լավագույն միջոց էր։ Կրակի շնորհիվ է նշանակալից չափով նախնադարյան կայանը գիշերելու վայրից կամ մարդկային խմբի ժամանակավոր կայանից վերածվում արդեն կազմակերպված ճամբարի, կրակ ստանալու եղանակների յուրացումը մուստյերյան ժամանակաշրջանի վերջում օգնեց նեանդերթալյան մարդու բնակությանը այնպիսի շրջաններում, որոնք անմատչելի էին նախորդ փուլերում։ Հաղթահարելով ցուրտը, մարդիկ թափանցում են Եվ­րոպայի ու Ասիայի բարեխառն լայնությունները։ Նրանք չեն նահանջում շարժվող սառույցների առջև, այլ գնում են ընդառաջ՝ ընդլայնելով նախնադարյան մարդու կողմից զբաղեցված տերիտորիայի սահմանները։

Մաստյերյան քարե գործիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի պայմանների փոփոխությանը զուգընթաց փոխվում ու զարգանում են նաև նախամարդու աշխատանքային գործիքները՝ հետագա տարբերակման, մասնագիտացման և գլխավորապես որսորդության պահանջներին հարմարեցնելու ուղղությամբ։ Աշելյան ժամանակի բնորոշ երկկողմանի մշակումը տեղի է տալիս գործիքի միակողմանի մշակմանը, զգալի չափով զարգանում է բեկոտման տեխնիկան, փոքրանում են գործիքների չափերը, փոխվում է պատինայի թանձրությունը, առաջնակարգ նշանակություն են ստանում ցլեպներից ու շեղբերից պատրաստվող մանր գործիքները, որոնք այժմ ծառայում են գլխավորապես որսի մսամթերքը մշակելու գործին[5]։

Քարի մշակման տեխնիկայի կատարելագործումը, քարե գործիքների բազմազանությունն ու բարդացումը պայմանավորված էին նյութական արտադրության բարդացող կարիքներով և արտացոլում էին մարդու աշխատանքային փորձի և հմտությունների հետագա հարստացումը։ Հասկանալի է, որ նշված փոփոխությունները կատարվում էին հարյուր- հազարավոր տարիների ընթացքում և որ միջին պալեոլիթի վաղ շրջանի գործիքների մեջ պահպանվում են աշելյան տեխնիկայի ավանդույթները՝ գործիքների պարզ, նախնական մշակումը, նրանց խոշոր չափերը, հատիչների և սկավառակաձև գործիքների երկկողմանի մշակումը, որոնք հիշեցնում են ուշ աշելի համանման ձևերը[4]։ Վաղ մուստյերյան հասակի գործիքների բնորոշ ժողովածուներ են հավաքված Արտին լեռան և Հրազդանի միջին հոսանքի պալեոլիթյան կայաններում՝ Սատանի- դարում, Արեգունի և Հարավային բլուրներում, Արզնիում, Նռնունիսում, Ջրաբերում, Հուսավանում, Ֆանտանում, Տաճարաբակում , Ճատկերանում, Արգելում, Պեմզաշենում, որոնք մեծ մասամբ հայտնի են որպես ստորին պալեոլիթի նշանավոր կայաններ» ։

Միջին պալեոլիթի բնակավայրերը և գործիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին պալեոլիթի սկզբների նշանավոր բնակավայրերից մեկը գտնվում է Արզնի առողջարանի մոտ, Հրազդանի 80 մետրանոց դարավանդի վրա, մի փոսորակ տեղում։ Մարդիկ այստեղ ապրել են մինչև ռիսյան սառցակալման առավելագույն զարգացման շրջանը։ Արզնու միջին պալեոլիթյան գործիքների հավաքածուի բնորոշ տիպերի թվին են պատկանում մուստյերյան նշաձև հատիչների միջուկները, սրածայրերը, քերիչները, ցլեպները, շեղբերը և այլն։ Ձեռքի հատիչները՝ նշաձև, ձվաձև և եռանկյունի, աշելյանից տարբերվում են իրենց փոքր չափերով և հարմարեցված են քերթելու ու ծակելու համար։ Սրածայրերը պատրաստված են եռանկյունաձև ցլեպներից, ունեն մանրակրկիտ, նուրբ հարդարում, աչքի են ընկնում բարեձևությամբ և հավասարապես սուր, բանող ծայրով։ Քերիչները պատրաստված են լայն, հաճախ տձև ցլեպներից, ունեն պրիմիտիվ տեսք, բանող մասերը կրում են հարդարման կամ օգտագործման հետքեր։ Շեղբերը երկարավուն չափեր ունեն և նուրբ ընդլայնական կտրվածք։ Միջուկները, որոնք ստացվել են վանակատի զանգվածային կտորներից, ունեն խոշոր չափեր, կանոնավոր, լայն սկավառակաձև տեսք, երկկողմանի կամ միակողմանի մշակում, աշելյան սկավառակաձև գործիքներից տարբերվում են փոքր չափերով, լավ պահպանվածությամբ և նուրբ ընդլայնական կտրվածքով։ Հայաստանի պալեոլիթյան կայաններին բնորոշ է միջուկների շատ մեծ թիվը, որը վկայում է միջին պալեոլիթի կայաններում գործիքների մշակման մեծ քանակության և տևականության մասին։ Մուստյերյան մշակույթի ավելի ուշ փուլին են պատկանում Հարավային և Արեգունի բլուրների կայանները։ Մարդկային հասարակության պատմության հնագույն ժամանակաշրջանի հետ համեմատած այս կայանների մարդիկ հասել են նշանակալից հաջողությունների։ Նրանց պատրաստած շեղբերն ու ցլեպները ավելի բարակ են և կանոնավոր։ Այս հուշարձաններում հայտնաբերված սրածայրերը ձեռք են բերում երկարավուն եռանկյունու կամ տերևի ձև, նրանց եզրերը մշակվում են մանր, նուրբ ռետուշով։ Երկարավուն քերիչներն ու քերթիչները մշակվում են ճնշելով եզրերից մանր մասնիկներ պոկելու եղանակով, ուստի բանող մասերն ունեն ատամնավոր հարդարում, իսկ մեջքերը հարթված են՝ ձեռքը հենելու համար։ Քարի մշակման այս նոր տեխնիկայի առաջացումն ու զարգացումը նախապատրաստում է անցումը դեպի վերին պալեոլիթի մշակույթը։ Արտին լեռան և Հրազդանի միջին հոսանքի մի շարք կայաններում հայտնաբերված վաղ մուստյերյան հասակի գործիքների հետ միասին գտնվել են նաև զգալի թվով բարակ ու լավ մշակված գործիքներ, մասնավորապես սրածայրեր և քերիչներ, որոնք բնորոշ են ուշ կամ զարգացած մուստյեին։ Հայաստանի չորրորդական շրջանի բնակավայրերի գլխավոր ու առանձնահատուկ գիծն այն է, որ նրանք, շատ քիչ բացառություններով, տալիս են քարեդարյան մշակույթի զարգացման հաջորդական բոլոր փուլերին վերաբերող աշխատանքի գործիքների հարուստ կոմպլեքսներ, որոնք Հայաստանում նախամարդու հարատև ու անընդմեջ բնակության անհերքելի և ուղղակի վկաներն են[6]։ Այդուհանդերձ մուստյերյան մշակույթը հայտնաբերվում է ոչ միայն նախորդ շրջանի՝ շելյան և աշելյան կայաններում, այլև տարածվում և ընդգրկում է համեմատաբար ավելի լայն շրջանակներ։ Ինչպես վերը նշվեց, հին քարի դարի մուստյերյան շրջանին վերաբերող ընդարձակ կայանների մնացորդներ հայտնաբերվել են նաև Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասերում։ Սրանցից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Հարբերդի (էլազիկ), Լիզի (Հարք գավառում), Դիարբեքիրի և Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքներում նշված կայանները՝ լեվալուամուստյերյան տիպի գործիքների բնորոշ հավաքածուներով[7]։ Նշված կայանները կապող օղակներ են հանդիսացել Հայկական լեռնաշխարհի սահմանամերձ գոտիների, Արևելյան Հայաստանի և Կովկասի միջև, համեմատաբար մեծ հնարավորություններ ընձեռելով, որ մուստյերյան մարդը դուրս գար մի կողմից դեպի լեռնային դժվարամատչելի շրջանները, մյուս կողմից դեպի Փոքր Ասիայի ափերը ողողող ծովերը։

Միջին պալեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկանալի է, որ Հայաստանի քննարկվող շրջանի նյութական մշակույթի հուշարձանները ավելի մերձավոր աղերսներ ունեին տերիտորիալ տեսակետից Հայկական բարձրավանդակին անմիջապես հարող մարզերի՝ Կենտրոնական Փոքր Ասիայի, Ասորիքի, Պաղեստինի և Կովկասի քարեդարյան կայանների հետ։

Միջին պալեոլիթի մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին պալեոլիթի մարդը Շանիդարի քարայրում 19571958 թվականներին Հայկական լեռնաշխարհի ծայրագույն հարավում, Հայկական Միջագետքի, Իրանի, Ասորիքի սահմանների միացման հանգուցակետում, Մեծ Հարգետի միջին հոսանքում, այժմյան Ռևանդուզից հյուսիս-արևմուտք՝ Շանիդար քարայրում, մոլստյերյան գործիքների հետ միասին գտնվել են նեանդերթալյան մարդկանց մնացորդներ։ Շանիդարը հսկայական քարայր է։ Այստեղ մարդիկ բնակվել են հազարամյակներ շարունակ, որի հետևանքով քարայրի հատակին առաջացել է 13 մ հաստությամբ նստվածքների շերտ։ Ամերիկյան արշավախմբերի պեղումների ժամանակ քարայրի ներկայիս մակերեսից 8 մ խորության վրա հայտնաբերվել է վյուրմյան վաղ սառցակալման շրջանի ստալագմիտային կեղև, որը գոյություն է ունեցել մոտավորապես 65000 տարի առաջ։ Ուշագրավ է, որ այդ շերտում բացվել է նեանդերթալյան երեխայի կմախք և քարե չորս ծայրապանակ, որոնք հիշեցնում են Քարմել լեռան քարայրի գործիքները։ Քարայրի տարբեր շերտերում (1— 6) գտնվել է պեղածո մարդկանց 6 կմախք, որոնց գոյության հարատևությունը հասնում է 20.000 տարվա՝ 65—60.ՕՕՕ-ից մինչև 40—35.000 թվականներին մ. թ. ա. ։ Դրանք եղել են հորդաներով ապրող նեանդերթալյան մարդիկ, որոնք լիովին տիրապետել են կրակին և զբաղվել որսորդությամբ։ Այդ մասին են վկայում քարայրում հայտնաբերված կենդանական ոսկորները և օջախների մնացորդները։ Առանձնապես հատկանշական է, որ 20.000 տարվա ընթացքում նկատելի փոփոխություններ չեն կատարվել ոչ քարե գործիքների ձևերի ու կազմի, ոչ էլ Շանիդարի նեանդերթալյան մարդու կառուցվածքի մեջ։ Շանիդարի մարդիկ ունեն բանական մարդու (homo sapiens) որոշ գծեր՝ ուղիղ ճակատ, լայն ու ցած ակնախոռոչներ և այլն։ Նրանք կարծես թե պատկանում են Առաջավոր Ասիայի բանական նեանդերթալցիների տիպին, որը և համարվում է ժամանակակից (կրոմանյոնյան) մարդու անմիջական նախորդը։

Միջերկրականի ափին, Կաֆզեխի քարայրի պեղումների ժամանակ ևս գտնվել են նեանդերթալցիների մնացորդներ, որոնք մի շարք գծերով նման են շանիդարցիներին։ Բացի Շանիդարից և Կաֆզեխից, Հայկական լեռնաշխարհի սահմաններում, պատմական Պարսկահայք նահանգում՝ Ուրմիա (Կապուտան) լճի ափին հայտնի է Տամտամ քարայրը (Ուրմիա քաղաքից 20 կմ հյուսիս) նեանդերթալյան մարդու մնացորդներով[8]։ Հայաստանի անմիջական հարևանությամբ՝ Մի­ջերկրական ծովի արևելյան ափին (Քարմել, Ագլուն, Ռաս-էլ-քելբ, Զաբրուտ) և Առաջավոր Ասիայում (Բիսութուն, Հազարմերդ, Տամտամ և Շանիդար) կան մի շարք հին քարայրային կայաններ, որոնք համանման գծերով կապվում են ոչ միայն իրար, այլև Հայկական լեռնաշխարհի հուշարձանների հետ։ Այս բոլորը հնարավորություն են տալիս ենթադրելու, որ զարգացած նեանդերթալցիների նշված տիպը լայնորեն տարածված էր նաև Հայկական լեռնաշխարհում։ Միջին պալեոլիթում ամենուրեք նկատվում են նստակեցության հետքեր։ Արագած լեռան սիստեմում և Հրազդան գետի միջին հոսանքում (գետի բազալտյա կիրճերում, նրա հնագույն դարավանդների վրա), պալեոլիթյան կայաններից ոչ հեռու կան մի շարք քարայրներ, որոնք պատկանում են մուստյերյան ժամանակին։ Հնությունը ևս միջին պալեոլիթի մարդուն ստիպում էր շարժվել միայն որոշակիորեն բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող միջավայրի սահմաններում։ Հետաքրքիր է, որ վաղ մոլստյերյան բնակչության կյանքի հետքերը մասամբ ժամանակակից են ռիսյան սառույցների առավելագույն զարգացման շրջանին։ Այդ պատճառով Արածանի գետի միջին հոսանքի հովտում, Հրազդանի հոսանքն ի վար, Նոնունիսի շրջակայքում՝ Կրաբերում, Ֆանտանում և այլուր ռիսյան առավելագույն սառեցման մորենների հաստության տակ թաղված շերտերում, պլեյստոցենյան ֆաունայի հարևանությամբ գտնված են մոլստյերյան բազմաթիվ գործիքներ։

Միջին պալեոլիթի մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսով, միջին պալեոլիթի մշակույթը Հայաստանում ներկայացված է ավելի լայն կերպով՝ հուշարձանների ավելի մեծ թվով, քան ստորին պալեոլիթյան մշակույթը։ Հայկական լեռնաշխարհը և նրան սահմանակից մարզերը բնակեցված էին նեանդերթալյան մարդկանց բազմաթիվ խմբերով, որոնք միջանկյալ օղակներ էին հին մարդու՝ պիթեկանթրոպի և ժամանակակից մարդու միջև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. В. Арциховский, Основы археологии, 1954
  2. Ս. Դ. Լիսիցյան, ՀՍԽՀ ֆիզիկական աշխարհագրություն
  3. ' С. А. Сардарян, Палеолит в Армении
  4. 4,0 4,1 А. В. Арциховский, Основы археологии
  5. Б. Б. Пиотровский, Археология Закавказья, Л., 1949
  6. M. 3. Паничкина, Палеолит Армении, ինչպես նաև' С. А. Сордарян, Па­леолит в Армении,
  7. В. Б. Любин. Палеолит Турции
  8. И. К. Иванова. Геологический возраст ископаемого человека, М. 1965