Տաշիր-Ձորագետի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լոռու թագավորությունից)
Տաշիր-Ձորագետի կամ
Լոռու թագավորություն
 Բագրատունյաց Հայաստան 982 - 1113 Զաքարյան Հայաստան 
Մածնաբերդի իշխանություն 
Bagratuni flag.svg Bagrotouni.svg
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Jorgat harasm.gif
(1017)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Շամշուլդե
Լոռի
Մածնաբերդ
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Կյուրիկյաններ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
1rightarrow.png  Տես նաև Լոռի (այլ կիրառումներ) 

Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորություն ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում 982–1113 թվականներին[1], Բագրատունիների արքայատան գլխավորությամբ։ Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ՝ ներկայիս Հայաստանից և Ադրբեջանից, մասամբ՝ Վրաստանից։

Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ժամանակագրությամբ երրորդն էր, որը հիմնադրվել էր 982 թվականին՝ Գուրգեն Բագրատունու կողմից, և թագավորություն հռչակվել Սմբատ Բ-ի օգնությամբ։ Տարածքն ընդգրկում էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի հարավային և արևելյան հատվածները (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ), Ուտիք նահանգի հյուսիսային հատվածը (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, ինչպես նաև Փառիսոս և Գարդման՝ Ադրբեջանի տարածքում)՝ կազմելով 12 000 քառ. կմ։

Գուրգեն Բագրատունու և նրա հաջորդների օրոք Լոռու թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց։ Կառուցվեցին նոր բերդեր ու ամրություններ, եկեղեցիներ ու վանական համալիրներ։

Թագավորության հիմնադրման տարին տատանվում է 979 և 982 թվականների միջև։ Բանն այն է, որ Անիի Սմբատ Բ Տիեզերակալ թագավորը 979 թվականին իր եղբայր Գուրգենին նշանակում է Լոռու կառավարիչ՝ իշխանաց իշխան, իսկ 982 թվականին՝ շնորհում թագավորի տիտղոս [2]։ Գուրգենը Լոռու բարբառով հնչում է որպես «Կյուրիկե», ուստի հաճախ անվանում են ոչ թե Գուրգեն Ա, այլ Կյուրիկե Ա թագավոր, իսկ նրա հիմնադրած արքայատոհմը՝ ոչ թե Բագրատունի, այլ Կյուրիկյան։

Գուգարքի բնաշխարհը հարուստ է լեռնային անտառներով։ Թագավորության կենտրոնում Գուգարաց լեռներն են, որոնք ջրբաժան-սահման են հանդիսանում Ուտիքի ու Գուգարքի, այժմ՝ Լոռու ու Տավուշի միջև։ Նրա տարածքով հոսող գետերը (Կուր գետի վտակները) ջրերը կյանք են տալիս նրանց։ Կլիման ամռանը զով է, նպաստավոր երկրագործության համար, ձմռանը՝ մեղմ։ Լեռնային արոտները հնարավորություն էին ընձեռում անասնապահության զարգացման համար։ Գուգարքը Հայկական լեռնաշխարհի, այժմ՝ Հայաստանի Հանրապետության «կանաչ գոտին» է։

Պատմություն[խմբագրել]

9-րդ դարի վերջից Գուգարաց աշխարհի արևելյան գավառները, հիմնականում՝ Տաշիրն ու Ձորոփարը, գտնվում էին Բագրատունիների թագավորության կազմում և ղեկավարվում նշանակովի կառավարիչների միջոցով։ Վերջիններիս կենտրոնախույս ձգտումների պատճառով արքունիքը շուտով իշխանությունը հանձնեց իր տոհմակիցներին։ Այնուհետև երկրի սահմանները Տփղիսի ու Գանձակի ամիրայությունների ներքին ոտնձգություններից պաշտպանելու նպատակով Տաշիր-Ձորագետում ստեղծեց հատուկ ռազմավարչական մարզ։

Լոռու բերդի մուտքը

Կյուրիկյանների թագավորության կենտրոնը սկզբում Շամշուլդե բերդավանն էր, իսկ 1065 թվականից՝ Լոռե բերդը (այժմ՝ ՀՀ քաղաք Ստեփանավանի մոտ)[3]։ Երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու նպատակով 10-11-րդ դարերում Կյուրիկյանների թագավորության տարածքում կառուցվեցին և ամրացվեցին բազմաթիվ ամրություններ՝ Կայան, Լոռե, Մահկանաբերդ, Գագ, Մածնաբերդ և այլն, որոնք հսկում էին նաև կարևոր առևտրական ճանապարհները։ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի առաջին կեսին Դավիթ Անհողինի օրոք, Կյուրիկյանների թագավորությունը հուսալի պատվար էր Բագրատունյաց թագավորության համար՝ Գանձակի Շադդադյան ամիրների ներխուժումների դեմ Արևմտահայաստանի և Արևմտահայության հարցերու ուսումնասիրութեան կեդրոն։

Բագրատունիների կենտրոնական (1045), ապա՝ Կարսի (1065) թագավորությունների անկումից հետո Կյուրիկյանների թագավորությունը միակ Բագրատունյաց իշխանությունն էր, որ պահպանել էր իր գոյությունը։ 11-րդ դարի վերջին Կյուրիկե Ա-ի օրոք, սելջուկներն սկսեցին զավթել Կյուրիկյանների թագավորության գավառները։ 12-րդ դարի սկզբին արդեն Կյուրիկյանների թագավորությունը սահմանափակվում էր Տաշիր գավառով։ 1111—1113 թվականներին Կյուրիկյանների թագավորության վերջին գահակալներ Աբասն ու Դավիթը կորցրին նաև Տաշիրը և տեղափոխվեցին Տավուշ ու Մածնաբերդ, ուր հիմնեցին փոքրիկ իշխանություններ։

Հիմնադրում[խմբագրել]

10-րդ դարում սկսեցին առաջանալ Անիի Բագրատունիների գերիշխանությունը ճանաչող, սակայն ինքնուրույն իշխանություններ ու թագավորություններ։ Բագրատունիների թագավորության առաջին շրջանում Տաշիրը տնօրինվում էր արքայատոհմին չպատկանող նշանակովի կառավարիչ-վերակացուների միջոցով։ Սակայն հետագայում հաշվի առնելով նրանց անջատողական անթաքույց ձգտումները և ռազմավարական առումով խիստ կարևոր այդ տարածաշրջանն արքայատան անդամի միջոցով հնարավորինս հուսալի վերահսկողության տակ պահելու հրամայականը, Աշոտ Գ Ողորմածը (953-977) մինչ թվականը Տաշիրի կառավարիչ նշանակեց իրեն գահակից ավագ որդուն՝ Սմբատին, ով Գուգարքում իշխեց 14 տարի՝ 958-972 թվականներին[4]։ Թագավոր դառնալուց հետո Սմբատը Տաշիրում վերակացու հաստատեց կրտսեր եղբորը՝ Գուրգենին կամ Գուրգեն-Դերենիկին[5]։

Գուրգենի՝ թագավոր դառնալու տարեթիվը, այսպիսով, տատանվում է։ 977 թվականին՝ հոր մահից հետո, ըստ երևույթին, նա դառնում է տարածաշրջանի միակ թագավորը։ Սակայն նոր թագավորը՝ Սմբատ Բ-ն, Գուրգենին որպես թագավոր ճանաչել է 982 թվականինին։

Նորաստեղծ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունը ներառում էր ոչ միայն նախկին Տաշիր վարչական միավորն ամբողջությամբ, այլև հարակից մի շարք տարածքներ։ Այն ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք և Ծաղկունյաց լեռնաշղթա ու Նիգ գավառ։ Հյուսիսից այն սահմանակից էր վրաց Բագրատունիների թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից` Պահլավունիների իշխանությանը, արևելքից` Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։

Գուրգեն Բագրատունին շարունակել է Սանահինի ու Հաղբատի վանական համալիրների կառուցապատումն ու հարդարումը, ինչի վկայությունն է Սանահնի վանքին երկու մեծ ու շքեղ ջահ նվիրելը։ Նա մասնակցել է 988 թվականի ափխազաց Սմբատ թագավորի դեմ Սմբատ Բ-ի զորաշարժին` ի պաշտպանություն Դավիթ Կյուրապաղատի ու վրաց թագավոր Բագրատ Գ-ի։

Երբ Սմբատ Բ-ի կասկածներ հարուցած մահից հետո հենց նույն օրը գահակալեց նրա միջնեկ եղբայր Գագիկ Ա-ն (990-1020), նա իրեն ենթարկվելու պայմանով իրենց գահերին վերահաստատեց ինչպես կրտսեր եղբորը` Գուրգենին, այնպես էլ հորեղբորը` Կարս-Վանանդի թագավոր Մուշեղին։ Լինելով խիստ բարեպաշտ ու կրոնասեր անձնավորություն, նա այնուհետև կամավոր թողել է գահը և Սանահինում ութ տարի կրոնավորելով վախճանվել։ Հուղարկավորվել է Սանահնի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ունեցել է երկու որդի` Դավիթ ու Սմբատ։

Հզորացում[խմբագրել]

Դավիթ Կյուրիկյանի կամ Դավիթ Անհողինի օրոք Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին, իսկ ինքը եղավ Կյուրիկյան արքայատոհմի ամենանշանավոր ներկայացուցիչը։ Հայրական գահը պատանի հասակում ժառանգելը նրան չխանգարեց հասկանալու իր թագավորության առջև ծառացած խնդիրները և հաջողությամբ հասնելու դրանց լուծմանը։ Նա իր թագավորության կենտրոն դարձրեց դրա հյուսիսային ծայրամասում ընկած Շամշուլդե բերդաքաղաքը։ Դրանից հետո Դավիթը ձեռնամուխ եղավ իր թագավորությանը հյուսիսից և արևմուտքից Տփղիսի արաբական Ջաֆարիների ամիրայությունից ու նրան ենթակա Դմանիսի ամիրայությունից սպառնացող իրական վտանգը վերացնելուն։ Այդ նպատակով նա 990-ական թվականների կեսերին արագորեն գրավեց Դմանիսի ամիրայությունը և միացրեց իր թագավորությանը։[6] Դրա շնորհիվ թագավորության տարածքն ընդարձակվեց, նրա մյուս գավառներից Շամշուլդեի կտրվածությունը Շամշուլդե-Դմանիս ճանապարհի շնորհիվ վերացավ, իսկ արևմտյան սահմաններն անվտանգ դարձան։ Բնականաբար, Դմանիսի ամիրայության գրավումը պետք է հանգեցներ Տփղիսի ամիրա Ալի իբն Ջաֆարի ու Դավիթ Անհողինի զինական բախմանը։ Դավիթը նրան ջախջախելով հպատակեցրեց իրեն, որով վերացրեց նաև հյուսիսից իր թագավորությանը և, հատկապես, Շամշուլդեին սպառնացող լուրջ վտանգը։ [6]

Առաջին հերթին իր թագավորության շահերից բխող այս քայլերով Դավիթը նպաստեց նաև Բագրատունյաց Հայաստանի հյուսիսային սահմանների մի կարևոր հատվածի ամրապնդմանը։ Դրանից հետո մինչև 1001 թվականը նա ստիպված էր բախվել հարավ-արևելքից իր թագավորությանը սպառնացող մի նոր ու ավելի զորեղ ուժի` 970-ական թվականներից Գանձակում հաստատված քրդական ծագմամբ Շադդադյանների ամիրայության հետ։ Ծավալապաշտական միտումներ ունեցող և հատկապես Փատլուն I-ի (985-1031) օրոք հզորացած այդ ամիրայությունը փորձեց կանխել Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության հետագա վերելքը։ Երբ Փատլուն I-ը հարձակվեց Դավթի վրա, ըստ երևույթին, Կուրի ափին, խայտառակ պարտություն կրեց և մազապուրծ փախավ մարտադաշտից։[6] Սակայն Դավթին չհաջողվեց զարգացնել հաղթանակի արդյունքը և Շադադյաններին պատկանող հայկական տարածքների հաշվին ընդլայնել իր թագավորությունը։ Այդուհանդերձ, Շադադյաններից սպառնացող վտանգն առժամանակ կանխվեց։ Դրանից հետո Դավիթը ստիպված էր ճնշելու կենտրոնախույս միտումներ դրսևորած Գագի իշխան, մարզպան Դեմետրեի խռովությունը։ Ինչպես հետևում է Ասողիկի պատմածից, Դավթի վստահությունը կորցնելով, նա «թողու զհաւատս հայրենի հայութեան և թիկունս օգնականի զՎիրս արարեալ»,[6] քաղկեդոնական էր դարձել։ Բացի այդ, նա իր որդուն ևս քաղկեդոնական դարձնելով, Հնեվանքում Տաշիրի մամփայլ` արքեպիսկոպոս էր կարգել։ Այսպիսով, Դեմետրեն, քաղկեդոնականությանը հարելով, ակնհայտորեն փորձում էր իր անջատողական ծրագրերի իրագործման համար ստանալ վրաց աջակցությունը և դրա շնորհիվ դյուրացնել Դավթից անկախանալը։ Դա, սակայն, նրան չհաջողվեց։ Դավիթը նրան դուրս հանեց Գագից և խլեց բոլոր ամրոցներն ու տիրույթները` դատապարտելով թափառական կյանքի։ [6]

Դավիթն ամուսնացել էր Կախեթի վերջին արքեպիսկոպոս Դավթի (976-1010) դուստր Զորակրցելի հետ։ Այս իրողությունը, թագավորության հյուսիսային ծայրակետում գտնվող Սամշվիլդեն նստավայր դարձնելը, Դմանիսի ամիրայության նվաճումն ու Տփղիսի ամիրայությունը ջախջախելն ու հնազանդեցնելը և Դեմետրե մարզպանի խռովության ճնշումը վկայում էին, որ Դավիթ Կյուրիկյանի հեռահար նպատակը Կախեթի թագավորությանը մերձենալն էր, եթե ոչ դրան տիրանալը։ Սակայն դրան խանգարեցին երկու հանգամանք։ Դրանցից առաջինը նույն նկրտումն ունեցող վիրա-աբխազական թագավորության հզորացումն էր, իսկ երկրորդը` իր հորեղբայր ու սյուզերեն Գագիկ Ա-ին` սեփական ուժերը գերագնահատած Դավթի չհնազանդվելու անհաջող փորձը։ Ասողիկը գրում է․

Aquote1.png
— Իսկ Դաւիթ եղբօրորդի Գագկայ… սակաւ ինչ ամբարձեալ անհնազանդութեան մասամբ առ հօրեղբայր իւր Գագիկ:[6]
Aquote2.png


Ախթալայի բերդի ավերակները

Իր հզորության գագաթնակետում գտնվող Գագիկը 1001 թվականի ձմռանը մեծ զորքով շարժվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության վրա։ Նա մտավ Տաշիր, շրջապատեց Շամշուլդեն, ավերեց վրաց դաշտը, ապա Գագ բերդով իջավ Աղստև գավառ։ Այս ամենը կատարվեց ընդամենը երեք ամսվա ընթացքում։ Դավիթը երկու անգամ փորձեց մարտ տալ հորեղբորը, սակայն ուժերի ծայրահեղ անհավասարությունը նրան ստիպեց հրաժարվելու այդ մտքից և դիմելու կաթողիկոս Սարգիս Ա-ի օգնությանը։ Կաթողիկոսի միջնորդությամբ Դավիթը գնաց Շիրակավան` Գագիկ Ա-ի մոտ և հնազանդություն հայտնեց:

1041 թվականի Հովհաննես-Սմբատի մահից հետո Անիի Բագրատունյաց թագավորության գահը մնաց թափուր: Դավիթը զորքով մտավ Անիի Բագրատունյաց թագավորության տարածք: Սակայն Շիրակի ավերմամբ վրեժխնդիր լինելով հետ դարձավ: 1042 թվականին «յազդմանէ չարին կրկին շարժումն լինէր Յունաց` դավաճանութեամբ և կեղծաւորութեամբ սուտ քրիստոնէին Դաւթի Անհողինին»։[7][8] Եվ քանի որ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականությամբ «ի վիհն տառապանաց էած զազգս քրիստոնէից», ստացավ նոր` անարգական Դավիհ մականունը։

1045 թվականին Բյուզանդիայի կողմից Անիի Բագրատունյաց թագավորության կործանումից հետո ինչպես Սյունիքի ու Կարս-Վանանդի, այնպես էլ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունները հայտնվեցին անկախ կարգավիճակում։

Կործանում[խմբագրել]

1050 թվականին իբրև Տաշիր-Ձորագետի թագավոր է հիշատակվում Դավիթ Անհողինի ավագ որդի Կյուրիկե Բ-ն։[9] Դավիթ Անհողինի մարմինն ամփոփված է Սանահինի Սուրբ Աստվածածին եկեղեցում` հոր կողքին։ Ունեցել է 4 որդի` Կյուրիկե, Գագիկ, Ատրներսեհ, Սմբատ և մեկ դուստր` Հրանուշ։

Թեև Կյուրիկե Բ-ն գահակալեց իբրև անկախ թագավոր, իսկ 1064 թվականին Բյուզանդիայի կողմից Կարս-Վանանդի թագավորությունը վերացվելուց հետո դարձավ մայրամուտ ապրող Բագրատունյաց հարստության ազգապետ` խաղաղ իշխելով ընդամենը մեկուկես տասնամյակ։ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը կարճ տևեց, որովհետև այն շուտով հայտնվեց իր հարևանը դարձած Բյուզանդիայի քաղաքական ազդեցության ոլորտում։ Եթե Բյուզանդիան փորձում էր այդ ճանապարհով Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության թեկուզ և թույլ ուժերն օգտագործել թուրք-սելջուկյան ահագնացող ճնշմանը դիմակայելու նպատակով, ապա Կյուրիկե Բ-ն թերևս բյուզանդացիների օգնությամբ հայոց պետականությունը վերականգնելու թույլ հույսեր էր փայփայում։ Այդ հանգամանքով կամ էլ այլընտրանքի բացակայությամբ է բացատրվում, որ Կյուրիկե Բ-ն ընդունեց Բյուզանդիայի կայսր Կոստանդին Դուկասի (1059-1067) կողմից 1059-1063 միջև իրեն շնորհված կյուրապաղատի տիտղոսը և դրամ հատելու իրավունքը։ Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, նրան սոսկ բախտ էր վիճակված ապարդյուն ջանքեր գործադրելու իր թագավորության գոնե կախյալ գոյությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։

Տաշիր-Ձորագետի թագավորների ցանկ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորություն
  2. Արտաշես Շահնազարյան «Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության առաջացաումն ու հզորացումը»
  3. http://www.lib.armedu.am
  4. Մխիթարայ Այրիվանեցւոյ պատմութիւն Հայոց (այսուհետև` Մխիթար Այրիվանեցի), Մոսկվա, 1860, էջ 56:
  5. «Արարատ», 1897, -Գ, էջ 144, Մաշտոցի անվան Մատենադարան (այսուհետև` ՄՄ), ձեռ. −3031, էջ 38:
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Ասողիկ, էջ 256
  7. Մատթէոս Ուռհայեցի, էջ 88
  8. Սմբատ Սպարապետ, էջ 33
  9. Կ․ Կոստանեանց «Վիմական տարեգիր», էջ 23, Սանկտ Պետերբուրգ, 1913թ

Աղբյուրներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png