Հայկական իժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական իժ

Հայկական իժ (լատ.՝ Vipera raddei), իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի օձ։ Տարբեր գիտնականների կողմից դասվում է Vipera կամ Montivipera ցեղին։

ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի լեռներում։ Տարածված է կիսաչորային լեռնատափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (18-99 սմ), պոչը 8-18 անգամ կարճ է։ Արուները խոշոր են էգերից։ Մարմինը հաստ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված մանր կատարավոր թեփուկներով։ Վերաչքային վահանիկները հարթ են ու ցցված։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը` դեղնավուն, բիբը` էլիպսաձև, ուղղահայաց։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Աչքից դեպի հետ և ներքև ձգվում են մուգ զոլեր։ Գլխի հետևի մասում կան զույգ մուգ, դեպի հետ լայնացող, կաթիլանման խալեր։ Պարանոցից դեպի պոչի ծայրը ձգվում է բաց վարդագույնից դեղնավուն կամ նարնջագույն մուգ ընդգծված խալերից կազմված շղթայաձև նախշ։ Մուգ մեկական շարք է ձգվում նաև մարմնի կոմնային մակերեսով։ Որովայնային մակերեսը մոխրագույն է՝ սև ու սպիտակ խալերով, կամ սև է՝ սպիտակ բծերով։ Ներքևի ծնոտի վահանիկները մոխրագույն են։

Սնվում է մանր հոդվածոտանիներով (մորեխներ, ծղրիդներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչուններ և մանր կրծողներ)։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսի վերջից հունիսի սկզբին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգն ունենում է 3-14 ձագ։

Կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Հայաստանի բնաշխարհ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2006, էջ 488։