Խոսրովի անտառ արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսրովի արգելոցին նվիրված ՀՀ 1999 թվականի փոստային նամականիշ։

Խոսրովի անտառ արգելոց, կազմավորվել է 1958 թվականին (տարածքը՝ 29196 հա), ՀՀ Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի հարավ-արևմուտքում՝ Ուրծի, Պահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծովի մակերևույթից 900-2400 մ բարձրության վրա՝ Ազատ գետի ջրային պաշարների, գիհուտների, կաղնուտների, լեռնաչորասեր բուսականության, հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակով։

Ըստ Մովսես Խորենացու՝ Խոսրով Բ թագավորի (գահակալել Է 330-338 թվականներին) հրամանով այս տարածքում ստեղծվել Է «Խոսրովակերտ» անտառը (այստեղից՝ արգելոցի անվանումը) և բնակեցվել որսի կենդանիներով ու թռչուններով։

Ռելիեֆ[խմբագրել]

Ռելիեֆը մասնատված է. տարածքը հիմնական և կողքային ձորերի ցանց Է, որը համադրվում Է սարավանդների ու միջլեռնային գոգավորությունների հետ։ Տարածքով հոսում են Ազատ և Վեդի գետերն իրենց վտակներով։ Կան բազմաթիվ հանքային աղբյուրներ և մի լճակ (մակերեսը՝ 0, 3 հա)։

Բուսական աշխարհ[խմբագրել]

Բուսական աշխարհն ընդգրկում Է բարձրակարգ բույսերի 560 ցեղի և 95 ընտանիքի շուրջ 1800 տեսակ (ՀՀ բուսական աշխարհի ավելի քան 50%-ը), որոնցից 146-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Տարածված է անտառային, կիսաանապատային, լեռնաչորային և հատկապես միջերկրածովյան տիպի (ֆրիգանային, տրագականտային և այլն) բուսականություն։ Տարածքի մոտ 64%-ը զբաղեցնում Են լեռնաչորասեր բույսերը, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները։ Խոսրովի անտառ արգելոցի զարդը մնացուկային բազմապտուղ գիհու և խոշորառէջ կաղնու նոսրանտառներն են, որոնց ուղեկցում են սովորական և կլորատերև հացենին, սովորական արոսենին, թխկու և տանձենու տարբեր տեսակներ։ Շատ են գիհու և փռշնու, գիհու և արոսենու, գիհու և տանձենու խառը անտառակները։

Անտառներում շատ են թփերը՝ գերիմաստին, ցախակեռասը, մասրենու, սզնու տարբեր տեսակներ, խոտածածկը հարուստ է դաշտավլուկազգիներով։ Հանդիպում են 37 տեսակի ուտելի սնկեր։ Կիսաանապատներում խոտաբույսերից տարածված են բուրավետ օշինդրը, ավելուկը, նեղատերև բոշխը, մանգաղաձև եղջրագլխիկը, սագասոխուկը, սոխուկավոր բույսերից՝ եռասռնակ ձնծաղիկը, երկծաղիկ վարդկակաչը, բելևալիան, տարբեր գույների հիրիկներ, վառ կարմիր կակաչները, բազմամյա բույսերից՝ սպիտակածաղիկ փշոտ կապարը, եղեսպակի, տերեփուկի, խոզանափշի, խռնդատի որոշ տեսակները։ Կիսաանապատներից վեր տարածված է ֆրիգանան՝ իր խայտաբղետ տեսակներով, որոնց համակեցություններն արգելոցում ներկայացված են Ֆենցլի նշենու, մահալեբյան և ալեհեր բալենու, Պալլասի դժնիկի, ասպիրակի, ուռատերև տանձենու, մերկատերև փռշնու, բթատերև խնկենու, դաբաղային աղտորի, թալատերև զուգատերևի, ժայռային սարի չամիչի, փշավոր փշամանդիկի զուգակցությամբ։

Արգելոցի ժայռալանջերին խոտաբույսերից տարածված են ուրցը, հոտավետ ուրցադաղձը, գեղեցկատես եղեսպակը, խոզանափշի և երնջնակի փշոտ տեսակները, կանաչադեղնավուն ծաղիկներով կենտատերևը, արծաթատերն, ու բազմատերև տարկավանը, եթերայուղատուներից՝ փքված աբեղախոտը, Կոչիի ուրցը, վայրի ռեհանաուրցանման ուրցադաղձը, ալեհեր լերդախոտը։ Շատ են բարձիկանման բույսերը՝ գազի, ոզնաթփի, կորնգանի տարբեր տեսակները։ Փշոտ գազի խեժաբեր տեսակներն առաջացնում են տրագականտներ։ Կան բազմաթիվ բնաշխարհիկներ (Թախտաջյանի արոսենին ու կաթնուկը, Վավիլովի աշորան և այլն), գեղազարդիչ բույսեր, դեղաբույսեր, հազվագյուտ և անհետացող բույսերի տեսակներ։

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների՝ 9, երկկենցաղների՝ 4, սողունների՝ 30, թռչունների՝ 142, կաթնասունների 50 տեսակ։ Ջրավազաններում ապրող ձկներից հայտնի են կարմրախայտը, հայկական կարմրակնը, Քուռի բեղլուն և այլն, երկկենցաղներից՝ լճագորտը և փոքրասիական գորտը, կանաչ դոդոշը, սիրիական սխտորագորտը, սողուններից՝ դեղնափորիկը, արևմտյան վիշապիկը, խայտաբղետ իժանման սահնօձը, կասպիական կրիան, գյուրզան և այլն, թռչուններից՝ քարակաքավը, սպիտակագլուխ անգղը, թխակապույտ աղավնին և այլն, կաթնասուններից՝ գորշ արջը, լայնականջ ոզնին, լուսանը, առաջավորասիական ընձառյուծը և այլն։

Խոսրովի անտառ[խմբագրել]

Խոսրովի անտառը (Խոսրովի արգելոց) զբաղեցնում է 27000 հա տարածք։ Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին։ Գտնվում է 1600-2300 մ բարձրությունների վրա։ Խոսրովի անտառը 1958 թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով։ Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում է կիսաանապատային լանդշաֆտը։ Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում և հանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով։ Կան նաև լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս։ Ավելի բարձր՝ լեռնատափաստանային բուսածածկույթ է։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ և այլն։ Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը. հանդիպում են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն։ Կան բազմաթիվ սողուններ, մասնավորապես՝ թունավոր գյուրզան։ 1954 թ-ից կլիմայավարժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն։

Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը, միջնադարյան կամուրջ և այլ պատմական հուշարձաններ։ Խոսրովի անտառով անցնում է ջրառատ Ազատ գետը, որի վտակների վրա կան բազմաթիվ հիասքանչ ջրվեժներ։

«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։ Ըստ Խորենացու, Խոսրովի գահակալության ժամանակ, արգելոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png