Ռեհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բույսի ընդհանուր տեսքը
Ռեհանի սերմեր

Ռեհան կամ շահասպրամ (Ocimum basilicum), շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող ամենատարածված կանաչեղեններից է, որն օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ` որպես համեմունք: Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք` բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը: Հարուստ է նաև վիտամիններով և հանքային աղերով: Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար: Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը:

Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը:

Ռեհանը միամյա, ջերմասեր բույս է: Ցողունի երկարությունը կազմում է 25-30 սմ: Խիստ ճյուղավորված է և խիտ տերևավորված: Տերևներն, իրենց հերթին, ձվաձև են` կանաչ կամ մանուշակագույն: Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն: Ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր ամիսը: Սերմերը մանր են, սևադարչնագույն, կլորավուն ձվաձև: 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է: Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի:

Արտաքին հղումներ [խմբագրել]