Ջրվեժ
Ջրվեժը գետի այն հատվածն է, որտեղ ջուրը բարձրությունից թափվում է։ Ջրվեժի մեծությունը կախված է բարձրությունից և թափվող ջրի քանակից։ Ջրվեժներով հարուստ են հիմնականում լեռնային գետերը։
Բովանդակություն |
Նիագարայի ջրվեժ [խմբագրել]
Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 50 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում: Առաջինում թափվող ջրի քանակը վայրկյանում կազմում է 5900 մ3, իսկ ջրի աղմուկը լսվում է 25 կմ հեռավորությունից: Այստեղից էլ առաջացել է Նիագարա (տեղացիների լեզվով, նշանակում է «Մեծ աղմուկ») անունը։
Անխել ջրվեժ [խմբագրել]
Հարավային Ամերիկայում՝ Վենեսուելայի Չուրուն գետի վերին հոսանքում է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ, կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ-ին հայտնաբերել է այն):
Վիկտորիա ջրվեժ [խմբագրել]
Աֆրիկայում՝ Զամբեզի գետի վրա է գտնվում Վիկտորիա ջրվեժը, որի լայնությունը 1800 մ է, բարձրությունը՝ 120 մ: Աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ: Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով. 1855 թ-ին ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորիա թագուհու անունով է կոչել անգլիացի ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգստոնը: Տեղացիներն այդ ջրվեժն անվանում են Մոսի օա Տունյա՝ «Շառաչող ծուխ»:
Ջրվեժներն այնքան շատ են Նորվեգիայում, որ այն նաև ջրվեժների երկիր են անվանում: Խոշոր ջրվեժներից է Ռուսաստանի Իտուրուպ կղզում (Կուրիլյան կղզիներ) գտնվող Իլյա Մուրոմեց ջրվեժը, որի բարձրությունը 141 մ է:
Հայաստանի ջրվեժները [խմբագրել]
Բազմաթիվ ջրվեժներ կան նաև ՀՀ-ում:
| Ջրվեժի անունը | Գետի անունը | Բարձրությունը (մ) | Մարզ |
|---|---|---|---|
| Գեղարոտի | Գեղարոտ | 6 | Արագածոտն |
| Խոսրովի | Գողտ | 8 | Կոտայք |
| Ամբերդի | Ամբերդ | 4 | Արագածոտն |
| Աղստև | Աղստև | 3 | Տավուշ |
| Թռչկան | Չիչխան | 23,5 | Լոռի |
| Շաքի | Շաքի | 18 | Սյունիք |
| Ծոփք | Ջերմուկ | 84 | Վայոց Ձոր |
| Որոտան | Որոտան | 6 | Սյունիք |
| Լալվար | Լալվար | 8 | Լոռի |
| Հերհեր | Հերհեր | 6 | Վայոց Ձոր |
| Մանթաշ | Մանթաշ | 5 | Շիրակ |
| Ամասիա | Ամասիա | 6 | Շիրակ |
Հայաստանի ամենաբարձր ջրասահանք ջրվեժը Ջերմուկի ջրվեժն է: Այն սկիզբ է առնում բազմաթիվ աղբյուրներից և մոտ 84մ բարձրությունից թափվում Արփա գետը: Որոտան գետի կիրճում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս, գտնվում է Շաքիի ջրվեժը (համանուն գետի վրա): Մոտ 18մ բարձրությունից թափվող այս գեղատեսիլ ջրվեժի ջրի մեծ մասն օգտագործվում է Շաքիի ջրէկում:
Թռչկանի ջրվեժը [խմբագրել]
Ջրվեժները և ժամանակը [խմբագրել]
Ջրվեժներն անփոփոխ ու հարատև չեն: Թափվող ջրի և նրա հետ շարժվող խոշոր քարերի վիթխարի ուժն աստիճանաբար տաշում, հղկում է անգամ ամենակարծր ապարները: Գիտնականները ենթադրում են, որ Նիագարա ջրվեժը 20 հզ. տարի հետո կարող է անհետանալ, քանի որ գետը ողողահարում, մաշում է ջրվեժի սանդղավանդը, վիթխարի քարերը ջարդվում են ու քշվում ջրի հետ (վերջին փլուզումներից մեկը տեղի է ունեցել 1956 թ-ին): Ամեն տարի Նիագարա ջրվեժը մոտ մեկ մետրով նահանջում է, և հնարավոր է, որ թնդյունով թափվող ջրի փոխարեն ժամանակի ընթացքում մնա հանդարտ ու սահուն հոսող մի գետ:
