Թռչկանի ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թռչկանի ջրվեժ
Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժ, գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք։ Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Վերին հոսքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ. հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Այժմ Թռչկանի, որպես բնական հուշարձան, անձնագրավորման աշխատանքներ են տարվում։

2011թ. հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում՝ ջրվեժից վերև ընկած հատվածում կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով ջրվեժի գոյության վտանգման շուրջ բնապահպանների ակցիաների շնորհիվ։

Գրականություն[խմբագրել]

  • «Հայկական Բնաշխարհ» հանրագիտարան
  • ‎"Թռչկան ջուր" ջրվեժը Չիչխան գետի վրա հիշատակվում է Հ.Գ. Գաբրիելյանի "Հայկական լեռնաշխարհ" գրքում (Երևան, 2000, Էջ 175)։