Իրանական լեռնաշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանական լեռնաշխարհ

Իրանական լեռնաշխարհ կամ Իրանական բարձրավանդակ (պարսկ.՝ فلات ایران), Առաջավոր Ասիայի լեռնաշխարհներից ամենամեծն ու ամենաանապատայինն է:

Իրանական լեռնաշխարհը արևմուտքից արևելք ձգվում է մոտ 2500 կմ., իսկ հյուսիսից հարավ` 1500 կմ. երկարությամբ: Լեռնաշխարհի ⅔-ը ընկած է Իրանի, իսկ մնացած մասը Աֆղանստանի, Պակիստանի և Թուրքմենստանի տարածքներում:

Զագրոսի լեռնաշղթայի հարավային մասը տիեզերքից

Լեռնաշխարհի ծայրամասային լեռների հյուսիսային և հարավային աղեղները լայն են բացված: Լեռներից իր բարձրությամբ առանձնապես (մինչև 7690 մ.) աչքի է ընկնում Հինդուկուշ լեռնաշղթան: Լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասով ձգվում է ընդարձակ Զագրոսի լեռնաշղթան (մինչև 4548 մ.):

Լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում են տարածվում Դաշտե Կևիր, Դաշտե Լուտ, Դաշտի Մարգո անապատները:

Լեռնաշխարհի հարավ-արևմտյան և հյուսիսային մասերում կան նավթի ու գազի խոշոր հանքավայրեր:

Կլիման շատ չորային է: Տարեկան տեղումների քանակը 50 - 150 մմ. է: Քարքարոտ անապատներում աճում են էֆեմերներ, օշինդր, աղուտաբույսեր: Ավազուտներում հանդիպում է սաքսաուլ: Լեռների վերին մասերը զբաղեցնում են լեռնային տափաստանները: Բացառություն են կազմում Կասպից ծովի կողմում գտնվող Էլբուրսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերը, որտեղ արևմտյան և հյուսիս-արևմտյան քամիների շնորհիվ մեծ քանակությամբ տեղումներ են լինում (2000 մմ.): Այդ պատճառով այստեղ աճում են խոնավ լայնատերև անտառներ: