Ավելուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավելուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Հնդկացորենազգիներ
Ցեղ Ավելուկ
Լատիներեն անվանում
Rumex
Հայերեն տարանուններ

Թրթնջուկ, թթվաշ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 20933
NCBI 3618
EOL 38064

IPNI32583-1

Ավելուկ (լատ.՝ Rumex), թրթնջուկ, թթվաշ, մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ ավելուկ սովորական (R. acetosa) կամ թթվաշ, ավելուկ գանգուր (R. crispus), ավելուկ ալպիական (R. alpinus), ավելուկ ավելուկանման (R. acetoselloides), թրթնջուկ փոքր (R. acetosella) և այլն։

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մերկ, ակոսավոր, կոպիտ, բարձրությունը՝ մինչև 120 սմ։ Ցողունները հասունանալուց հետո հաճախ ձողանման են դառնում, տերևներն ամբողջական են։ Ծաղիկները երկսեռ են, ավելի սակավ՝ միասեռ։ Պտուղը պատված է ծաղկապատի ներքին 3 մեծացած թերթերով։ Տերևները խոշոր են, հերթադիր կոթունավոր, գծաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, հազվադեպ՝ միասեռ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռակող սերմիկ է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերիև, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։

Կիրառական նշանակությունը[խմբագրել]

Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։

Ըստ համի` ավելուկը լինում է դառը եւ քաղցր:

Ավելուկը բարբառներում կոչվում է վիլուկ (Տավուշ), ավլուկ (Լոռի), մզուկ (չոր ավելուկ, Ղարաբաղ)։ Ալիշանը հիշատակում է նաեւ սիլխ, ածվոց, Ամիրդովլաթը` արաբերեն հումազ բառով, կոչվում է նաեւ ղափաթին, լապատան, որ հունարեն lapathum բառն է: Ավելուկի երկար ցողունները կոչվում են աժախ կամ խոլո (Թիֆլիս) եւ գործածվել են իբրեւ փայտանյութ տանիքները ծածկելու համար: Ավելուկի մի տեսակը, որն ունի թթու համ, կոչվում է թրթնջուկ, բարբառներում անվանում են նաեւ թթռտիչ (Ասլանբեկ), թթռնիճ, թթոկիչ, գառան ականջ (Սեբաստիա): Խաշած թրթնջուկի տերեւները դնում են լնդերին, արմատից կարմրավուն ներկ են ստանում, տերեւներով մաքրում են պղնձե ամանները, հյութով` թանաքի բծերը:

Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերեւներն ու սերմերը: Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են եւ ուտում: Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ: Ավելուկի ջուրը խմում են` թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը` թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը` ամլության ժամանակ: Քոսի դեպքում շապը եւ ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին: Արմատը գործածում են նաեւ ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ: Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա` «զսիրտն ուրախ առնէ»: Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդըի ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը:

Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ եւ չոր տերեւները: Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերեւները: Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել:

Արտաքին հղումներ[խմբագրել]