Էնդեմիկ բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնդեմիկ բույսեր, բնաշխարհիկ բույսեր, աշխարհագրական որևէ ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված բույսեր։ Բաժանվում են երկու խմբի՝ պալեո- և նեո- էնդեմիկներ։ ՀՀ տարածքում բուսաբան-կարգաբանների կողմից տարբեր ժամանակներում (առաջին անգամ) բացահայտվել և նկարագրվել է շուրջ 400 տեսակ, որոնցից 115-ը հանդիպում է միայն Հայաստանում (285-ը հայտնաբերվել է նաև հարևան երկրներում)։

Էնդեմիկ բույսերը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ բույսերից են նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի Կզնագին-(Մաղաքյանի ստելերոպսիս), հայաստանյան արոսենին, Արարատի իշամառոլը, Բարսեղյանի վուշը և այլն։ ՀՀ-ում տարածված են նաև մշակաբույսերի վայրի էնդեմիկ տեսակները (նախնիները)՝ տանձենի, խնձորենի, կեռասենի, Շլորի, սալորենի արոսենի, սզնի, ոլոռ, ոսպ, ճակնդեղ և այլն։ Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի էնդեմիկ հացազգիները (ցորեն, գարի, աշորա և այլն), որոնք օժտված են ներտեսակային խիստ բազմազանությամբ և արժեքավոր հատկանիշներով (երաշտադիմացկունություն, վաղահասություն, պրոտեինի և հում սոսնձանյութի պարունակություն և այլն)։

Էնդեմիկ բույսերը ՀՀ բուսաշխարհի ամենաարժեքավոր գենոֆոնդն են, ունեն մեծ գիտական և գործնական նշանակություն։ Դրանց կարգաբանական, բջջաբանական, էկոլոգոգիական բնութագրումը, աշխարհագրական տարածման և փոշոտման առանձնահատկությունների բացահայտումը մեծ նշանակություն ունեն առանձին ֆլորիստիկ. համալիրների ծագման բացատրման ժամանակ, նաև առանձին կարգաբան, խմբերում տեսակագոյացման երևույթների ճշգրիտ լուսաբանման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։