Չեռնովի մերկաչք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեռնովի մերկաչք
Չեռնովի մերկաչք
Չեռնովի մերկաչք
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Վերնաընտանիք Scincoidea
Ընտանիք Սցինկներ (Scincidae)
Ենթաընտանիք Lygosominae
Ցեղ Մերկաչքեր (Ablepharus)
Տեսակ Չեռնովի մերկաչք (A. chernovi)
Միջազգային անվանում
Ablepharus chernovi
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Չեռնովի մերկաչք, Չեռնովի ծածկաչք սցինկ, Չեռնովի անկոպ սցինկ (լատին․՝ Ablepharus chernovi), սցինկների ընտանիքի անկոպ սցինկների (Ablepharus) ցեղի մողես։ ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Կոտայքի մարզի լեռներում։ Տարածված է թփուտային, նոսրանտառային և տափաստանային բուսականությամբ խիստ քարքարոտ վայրերում։

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (3,6-5,2 սմ), պոչը գրեթե 1,5 անգամ երկար է մարմնից։ Գլուխը ծածկված է խոշոր վահանիկներով և տարանջատված չէ մարմնից։ Աչքերը փոքր են՝ ձուլված անշարժ կոպերով։ Արտաքին ականջը բացակայում է։ Ոտքերը շատ կարճ են։ Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, հարթ ու փայլուն թեփուկներով։ Մեջքի ընդհանուր գունավորումը մուգ կամ բաց բրոնզագույն է։ Մեջքային մակերեսին 6 երկայնակի շարքով դասավորված են իրար հաջորդող բաց ու մուգ երկարավուն կետիկներից ձևավորված գծեր, որոնցից 2 կենտրոնականները հպվում են ծոծրակից դեպի պոչն անցնող մուգ գույնի նեղ զոլին։ Քթանցքից դեպի պոչը ևս անցնում են մուգ գույնի զույգ կողմնային զոլեր։ Որովայնային մակերեսը բաց գույնի է, պոչը՝ կապարագույն։ Զուգավորման շրջանում արուների որովայնային մակերեսը վառ նարնջագույն է։ Ստորին ծնոտի և պոչի գունավորումը մնում է մուգ կապարագույն։ Էգերի որովայնային մակերեսը զուգավորման շրջանում բաց նարնջագույն է, իսկ մնացած ժամանակ՝ բաց գույնի բազմաթիվ բծերով մոխրագույն։ Սնվում է մանր հոդվածոտանիներով, փափկամարմիններով։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Հունիսին էգը դնում է 2-4 ձու (5x5 մմ)։ Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Եվրասիայի տարածքում հանդիպում է միայն կենտրոնական Հայաստանում, Թուրքիայում (Անատոլիայի հարավային և կենտրոնական մասերը) և Հյուսիսային Սիրիայում։

Հայաստանում հանդիպում է միայն Հրազդան գետի միջին հոսանքի հովտում։ Հայտնի են տարանջատված պոպուլյացիաներ՝ Քարաշամբ, Բջնի և Թեղենիք գյուղերի շրջակայքում։ Պոպուլյացիաների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 3-4 կմ²[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է թեք սարալանջերի քարքարոտ տարախոտահացազգիներով ծածկված լեռնաքսերոֆիտ տափաստաններում։ Հանդիպում է նաև բուսածածկից համարյա զուրկ լեռնային ապարների ջարդվածքներում և մանր քարերի արանքում, որոնց տակ անց է կացնում ժամանակի մեծ մասը։

Ձմեռումից դուրս է գալիս մարտի վերջին։ Շոգ և չոր ամիսներին թաքնվում է խորը թաքստոցներում և հողի մակերես դուրս գալիս սեպտեմբերին։ Սնվում է մանր թաղանթաթևավորներով, մրջյուններով, երկթևավորներով, բզեզներով և սարդերով[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ սակավաթիվ, նեղ արեալային անհետացող տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Քիչ մտահոգ կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Ընդհանուր թվաքանակը 250-300 առանձնյակ է։ Ներկայումս տեսակի տարածման մի շարք տեղամասեր լիովին քանդված են և յուրացված։

Սպառնացող վտանգներից է Քարաշամբ, Արզական, Թեղենիք և Բջնի գյուղերի ընդլայնման նպատակով ապրելավայրերի յուրացումը և շինարարական աշխատանքները։ Զգալի դեր են խաղում նաև այդ գյուղերի շրջակայքում լեռնային տափաստանների օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով, որը հանգեցրել է ցենոզի ընդհանուր փոփոխմանը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնովի մերկաչք» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնովի մերկաչք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։