Ազդարար (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ազդարարից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազդարար (այլ կիրառումներ)
Ազդարար
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՀարություն Շմավոնյան
Հիմնադրվել էհոկտեմբերի 16, 1794
ՀրատարակիչՀարություն Շմավոնյան
ԵրկիրՀնդկաստան
ԳրասենյակՉեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Լուծարվել էմարտ 1796
 Azdarar Վիքիպահեստում

«Ազդարար», Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվող հայկական պատմա-մշակութային, գրական-հասարակական հանդես, պարբերական։ Հայկական առաջին և Հնդկաստանի առաջին ոչ անգլերեն տպագիր պարբերականն է[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 16-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։

Ազդարարը՝ հայ իրականության մեջ առաջին պարբերականը, լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թվականին հոկտեմբերի 16-ին, խմբագիրն է եղել քահանա Հարություն Շմավոնյանը, հրատարակվել է մինչև 1796 թվականը (18 համար), դադարել է նյութական դժվարությունների պատճառով։ Տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։ Ազդարարը գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին։ Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ Շմավոնյանը թղթակցություններ էր ստանում Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր էր տպագրում Երևանից և Շուշիից։ Ազդարարի հրապարակախոսներից աչքի էր ընկնում Սեթ Մամյանը։ Ազդարարի գրական բաժնում տպագրվել է Հակոբ Սիմեոնյան Այուբյանցի Հեյդար խանի պատմությունը, Շմավոնյանը թարգմանել է նաև ամերիկացի մանկագիր Թովմաս Դեյի Փոքրիկ Ջեկի պատմությունը, Ադիսոնի Միրզայի տեսիլքը, Ստիլլի Սանտոն Բարսիսայի պատմությունը։ Տպագրել է նաև Խաչատուր Կեսարացու «Պատմութիւն պարսիցը»։

Վերահրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազդարարի» թողարկումը վերսկսվել է 2007 թվականին, Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։ Նոր «Ազդարարը» տարբեր բարեգործների կողմից հովանավորվող գունավոր հանդես է՝ բաղկացած 40 էջից[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kartar Lalvani (2016 թ․ մարտի 10). The Making of India: The Untold Story of British Enterprise. Bloomsbury Publishing. էջեր 383–. ISBN 978-1-4729-2484-1. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԴԱՐԱՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Համահայկական թվանշային գրադարան».
  4. «Վերահրատարակվում է «Ազդարարը»». Հայաստանի Հանրապետություն. 2007 թ․ դեկտեմբերի 26.
  5. Աղալարյան, Քրիստինե (2009 թ․ մարտի 27). «Վերահրատարակվում է «Ազդարար» հանդեսը». Հետք. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրագիտակ, Մշակույթի աշխարհ, Երևան, 2007, 220 էջ, ՀԳՄ հրատարակչություն
  • Գալեմքյարյան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան, հ. 1, Վնն., 1893
  • Լևոնյան Գ. Ջ., Հայոց պարբերական մամուլը, Ալեքսանդրապոլ, 1895
  • Մխիթարյան Մ. Հ., Առաջին հայ պարբերականը, «ՊԲՀ», 1964, №4
  • Գալեմքյարյան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան, հ. 1, Վնն., 1893
  • Ավդալբեգյան Թ., Հայագիտական հետազոտություններ, Ե., 1969, էջ 233—42, 246—54
  • Կարինյան Ա. Բ., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Ե., 1956

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազդարար (հանդես)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 115