Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս)
Վանքային համալիր
Տեղադրություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Գողթն, Ագուլիս
Աշխարհ Վասպուրական
Պատմական երկիր Մեծ Հայք Մեծ Հայք
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետություն
Կարգավիճակ Անհայտ, հավանաբար ոչնչացված
Ակտիվ է Ոչ
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 4-րդ դար
Կառուցման ավարտ 305 թ.
Ավերում Թուրքերի, հետագայում ազերիների կողմից
##Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս) (Ադրբեջան)
Set01-church1.svg
##Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս) (Մեծ Հայք)
Set01-church1.svg


Ագուլիսի Սուրբ Թովմա առաքյալ վանք, վանք Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան) Ագուլիս ավանի կենտրոնում:

[խմբագրել] Պատմություն

Ըստ ավանդության և Ս. Թովմա եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի չափածո արձանագրության, վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը և իր աշակերտ Կումսիին նրա առաջնորդ կարգել, իսկ 305-ին վանքը վերակառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը: Եղել է Գողթն գավառի հոգևոր կենտրոնը և վաղ միջնադարից մինչև 1838-ը՝ եպիսկոպոսանիստ: Նրա վերաբերյալ վավերական հիշատակությունները հայտնի են XIV դարից: Որպես կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոն ծաղկում է ապրել XVII դ.՝ վաճառաշահ Ագուլիսի տնտեսական բարգավաճման հետ: Վանքի եկեղեցին և շինությունները խարխուլ լինելու պատճառով 1632–33-ին վանահայր Խաչատուր վարդապետը կառուցել է նոր պարիսպներ և շինություններ, իսկ 16341636-ին՝ եկեղեցու նոր շենքը: 1668-ին Պետրոս վարդապետը, Վասպուրականից հրավիրած վարպետների ուժերով, շրջանաձև բուրգերով նոր պարիսպներ և դրանց կից 2–3-հարկանի նոր շինություններ է կառուցել սրբատաշ քարով, թրծված աղյուսով ու կրաշաղախով: Վանքի եկեղեցին 1679-ի երկրաշարժից հավանաբար տուժել է, և 1694-ին հիմնովին նոր եկեղեցի է կառուցվել՝ սրբատաշ բազալտով և կարմրավուն ֆելզիտով՝ ներսից յոթանիստ խորանով, չորս խաչաձև մույթերով գմբեթավոր բազիլիկի հորինվածքով: Արմ. ճակատի արձանագրություններում նշված են նոր եկեղեցու շինարարությանն աջակցած Գողթն գավառի 30-ից ավելի բարերարների անունները: Արևմտյան մուտքի առջևի քառամույթ սրահ-զանգակատունը կառուցվել է 1825-ին, ամբողջովին վերակառուցվել 1831-ին և 1904-ին: Համանման սրահներ XVII դ. կառուցվել են հս. մուտքի առջև ու հարավային պատի մոտ, որը որպես տապանատուն է ծառայել: Եկեղեցու ներսը XVII դ. վերջին զարդարել է վանքի դպրոցի սան, ապա նրա ուսուցիչ և վանքի դպիր, նկարիչ Նաղաշ Հովնաթանը: Գմբեթը և խորանի գմբեթարդը նկարազարդվել են որպես երկինք՝ կապույտ ֆոնի վրա փայլող աստղերով, μեմի անկյուններում պատկերված են չորս թևատարած հրեշտակներ, իսկ նրա մարմարե ճակատին՝ ս. Ստեփանոս Նախավկան: Թաղերը, գմբեթակիր կամարները և առագաստները ծածկված են բազմերանգ բուսական զարդամոտիվներով, սափորների մեջ դրված ծաղկեփնջերով և նկարներով: Եկեղեցու գլխավոր՝ արմևմտյան մուտքի ճակատակալ քարին «Ս. Թովմայի անհավատությունը» պատկերագրությամբ հարթաքանդակն է: Քառանկյուն շրջանակի մեջ քանդակված են Քրիստոսը՝ խաչափայտը բռնած, և գեղարդով խոցված նրա կողը շոշափող, ծնկաչոք Թովմա առաքյալը: Շրջանակից դուրս, վերևում Նաղաշ Հովնաթանը նկարել է Աստծուն, ձախում՝ Աստվածածնին, աջում՝ Մարիամ Մագթաղինացուն, իսկ նրանց գլխավերևում՝ արեգակ ու լուսին: Պատկերաքանդակի և որմնանկարի միջև ներդաշնակություն ու միասնական հորինվածք ստեղծելու համար գունազարդել է նաև քանդակը: Եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորին քանդակված է ողջ հասակով կանգնած Պողոս առաքյալը, իսկ հարավային մուտքին՝ Պետրոս առաքյալը՝ դրախտի բանալիները ձեռքին: Արմ. մուտքի փայտե գեղաքանդակ, սադափով ու փղոսկրով զարդարված դուռը պատրաստվել է 1694-ին, Խոջա Սեթունի միջոցներով:

Վանքում XIV–XVIII դդ. գործել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր: Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի՝ 1375-ին ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողμերգությանն» է: Գրչության կենտրոնն ընդլայնել է գործունեությունը XV դ.՝ Հակոբ րաμունապետի ջանքերով: 1425-ին Մատթեոս գրիչն ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը», 1447- ին՝ մի «Տոնական», իսկ Թումա գրիչը 1432-ին՝ Միքայել Ասորու «Ժամանակագրությունը», ապա՝ Վարդան Արևելցու «Հավաքումն պատմության», Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոց» աշխատությունները: XVI դարից վկայություններ կան միայն ձեռագրերի նորոգման մասին, իսկ XVII դարից պահպանվել է ութ ձեռագիր: Վանքի գրչության կենտրոնը 1752-ին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, 1789-ին՝ Մուստաֆա խանի հրոսակները: Նրանք վանքի սպասքի հետ հափշտակել են նաև ձեռագրերը (դրանցից 1477-ի «Ճաշոցը» 3900 արծաթով հետ է գնել Պետրոս տիրացուն և վերադարձրել վանքին): Վանքում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում: 1867-ին Ագուլիսի μնակիչների միջոցներով և գրող Պերճ Պռոշյանի նախաձեռնությամμ ու ջանքերով, կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով Ա. Ս. Թ. ա. վում բացվել է արական դպրոց՝ «Վերին Ագուլեաց Հայոց հոգևոր ուսումնարան» անունով, որը եղել է եռդասյան և ունեցել է նաև նախակրթարան: Դպրոցի համար վանքում հվ-արմ. շինություններին հարկ է ավելացվել, հրավիրված ուսուցիչների համար բակում կառուցվել μնակարաններ: Դպրոցն ունեցել է 150 աշակերտ, նրա կանոնադրության համաձայն՝ ընդունել են բնակչության բոլոր խավերի երեխաներին, դասավանդել են լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, թվաբանություն և երկրաչափություն, կենսաμանություն, գծագրություն ևն:

Վանքում պահվել են՝ 1821-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի նվիրած՝ Թովմա առաքյալի Աջը, Գայանեի մասունքը, Հակոբ Հայրապետի Աջը, 1657-ի ուրար՝ հրեշտակներով շրջապատված Հակոբ Նահապետն իր որդիների հետ ձեռագործ պատկերով, 1763-ի ուրար (այժմ՝ ՀՊՊԹ-ում), 1797-ի ոսկեթել վակաս: 1918-ին թուրք. զորքերն ավերել են Ագուլիսը, կոտորել հայ բնակիչներին, կողոպտել վանքը, որը դրանից հետո լքվել է և ամայացել:

[խմբագրել] Գրականություն

  • Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893:
  • Լալայան Երևան, Օրդուμադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, ԱՀ, գիրք 11–12, Թ., 1904–05:
  • Այվազյան Ա., Ագուլիս, Երևան, 1984:

[խմբագրել] Աղբյուր

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ