Մահարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուսինների շիրիմ Սինգապուրում

Մահարձան, քանդակագործական ստեղծագործություն կամ ճարտարապետական փոքր հորինվածք, որը դրվում է մահացածի գերեզմանին՝ նրա հիշատակը հավերժացնելու նպատակով։

Նոր քարի դարի մշակույթում մահարձանները փայտե սյուներ էին, Հին Հունաստանում՝ արձաններ։ Վաղ միջնադարյան Եվրոպայում, ժողովուրդների մեծ գաղթի շրջանում քրիստոնեության տարածումով հարթաքանդակներով ստելաները փոխարինվել են խաչերով։ 11-րդ դարից Արևմտյան Եվրոպայում մահարձանի հիմնական տիպ է դարձել պատվանդանը (ննջեցյալի քանդակազարդ պատկերը կրող սալիկով ծածկված քարե կամ բրոնզե դատարկ արկղ՝ սովորաբար եկեղեցու ներսում)։

Միջնադարյան Կովկսաում տարածում են գտել քանդակազարդ շիրմաքարերը։ Չինական մահարձանները (փորագրված անուններով ուղղաձիգ սալեր) աստիճանաբար փոխարկվել են հուշապատերի։ Վերածննդի շրջանում հիմնականում կառուցվել են դամբարաններ։

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին մահարձանները տեղադրվել են ոչ թե եկեղեցիներում, այլ գերեզմանոցում, որոնք վեր են ածվել մահարձանի յուրօրինակ թանգարանների։ 19-րդ դար 2-րդ կեսին և 20-րդ դարի գերեզմանի միակ հարդարանքը դարձել է դիմաքանդակը և լակոնիկ հուշախորհրդապատկերը։ Հին և միջնադարյան Հայաստանում մահարձաններ են եղել մենհիրները, կոթողները, դամբարանները, խաչքարերը, տապանաքարերը։ Խաչքարերը 18-րդ դարի վերջից իրենց տեղը զիջել են հուշարձանին։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին մահարձանը առավելապես հանդես է եկել քանդակային ձևերի գերակշռությամբ (ինչպես կլոր, այնպես ռելիեֆային)։ Խորհրդային շրջանում մահարձանի տարածված տեսակներ են դիմաքանդակները, արձանները, տապանաքարերի նոր ձևերը, ինչպես և դրանց հիմքի վրա ստեղծված խորհրդանշական քանդակաձևերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 184