Մեծ Հայքի գավառների ցանկ
Սույն ցանկում ներկայացված են Մեծ Հայքի գավառների ցանկը մանրամասն նկարագրությունով[1]։
Մեծ Հայքի աշխարհագրական սահմանները․
- Հարավային սահման` սահմանակից է Միջագետքին՝ անցնում է Հարավային Տավրոս լեռներով, Եփրատի արմունկով (որով սահմանազատվում էր Կիլիկյան Տավրոսից), Եփրատ և Տիգրիս գետերով ու Նիփատես (Նպատական) լեռով։ Վերջիններս սահմանազատում էին Մեծ Հայքը Ասորեստանից։
- Արևմտյան սահման՝ սահմանակից է Կապադովկիային՝ Եփրատ գետի գծած մի մասով, Կապադովկիական Պոնտոսի այն մասով, որը հասնում է մինչև Կողքիս՝ Մոսքական լեռների գծած գծով։
- Արևելյան սահման՝ սահմանակից է Հիրկանյան ծովի այն մասին, որը Կուր գետի գետաբերանից սկսում և հասնում է մինչև Արաքս գետի գետաբերանը, և Մարաստանին՝ այստեղից մինչև Կասպիական լեռներ։
- Հյուսիսային սահման՝ սահմանակից է Կողքիսի մի մասին՝ Ճորոխ գետի ստորին հոսանքում գտնվող Եգր «փոքր աշխարհին», ապա Վիրքին և Աղվանքին՝ Կուր գետով։
Մեծ Հայք նահանգներն իրենց գավառներով
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղձնիք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի հարավարևմտյան նահանգը։ Ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույց» քարտեզների ժողովածուի՝ հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Ալզինի ձևերով։ Հայտնի է նաև Ալսե, Ալզինենե անուններով[2]։ Ասորեստանյան սեպագիր արձանագրություններում երբեմն կոչվում է Աղզիս[3]։ Այստեղ էր հաստատված սահմանները պահպանող չորս բդեշխներից մեկը, որի սահմանների մեջ ներառվում էր նաև Միջագետքի մի մասը՝ Մծբին քաղաքով (Արվաստան), ինչպես նաև հայկական հարավային նահանգները մինչև Ուրմիա լճի սահմանները[4]։ Աղձնիքը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի և Հայկական Տավրոսի միջև՝ մոտ 18 000 կմ2 տարածությամբ։ Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հյուսիսային, որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, և հարավային, որի կլիման տաք է, մակերևույթը՝ հարթավայրային։ Դաշտային մասում էին Անգեղտուն (Քեղ), Նփրկերտ և Աղձն (Արձն, Արզն), իսկ լեռնային մասում՝ Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Երխեթք (Խերխեթք), Գզեղխ, Սալնաձոր և Սանասունք (Սասուն) գավառները։ Արտաշեսյանների և Արշակունիների օրոք Աղձնիքը Մեծ Հայքի չորս բդեշխություններից մեկն էր։ Աղձնիքի խոշոր կենտրոն Տիգրանակերտը «արքունի քաղաք» էր և ունեցել է ներքին ինքնավարություն։ Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը՝ «շահապը»։ Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով (հատկապես Անգեղտուն և Ազնվաց ձոր գավառներում) և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը։ Կազմված էր 10 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Ազնվաց ձոր | Այլ անվանումներն են Ազնվաձոր, այժմ՝ Գյուզել-դերե կամ Սուսան։ | |
2 | Աղձն | Այլ անվանումներից են Արզն, Արաքսենե, Արձն, Խարզան։ Գտնվում է նահանգի հարավարևելյան մասում՝ Տիգրիս գետից հյուսիս։ Ընդգրկել է Արևմտյան Տիգրիսի Արզան և Բաղաղեշ վտակների ստորին ավազանները։ Ունեցել է ավելի քան 3500 կմ2 տարածություն։ Անտիկ աղբյուրներում հիշատակվում է Arzanenae ձևով։ Եղիշե պատմիչն Աղձնը հիշում է Արզնարզյուն, իսկ Թովմա Արծրունին՝ Արզն Աղձնյաց անուններով։ Աղձնը Բիթլիսի լեռնանցքով (Ձորապահակ) անցնող ճանապարհով կապվում էր Մեծ Հայքի կենտրոնական նահանգի՝ Այրարատի հետ։ Գավառը եղել է Աղձնիքի բդեշխության կենտրոնը։ Կենտրոնն էր Արզն կամ Արզան (այժմ՝ Խարզան) քաղաքը։ | |
3 | Անգեղտուն / Քաղ | Գտնվում է այժմյան Թուրքիայի Դիարբեքիր վիլայեթի Ակլ կամ Էգիլ գավառի տեղում։ Կենտրոնն էր Անգղ բերդաքաղաքը, որի ավերակները գտնվում են Դիարբեքիրից հարավ, Տիգրիսի վերին հոսանքի աջ ափին։ Ենթադրվում է, որ Անգեղ անունը ծագել է նույնանուն աստվածությունից (Հին կտակարանի թարգմանիչը շումերհեթիթյան ռազմի Ներգալ աստծո անունը հայերենում փոխվել է Անգեղի)։ Անգեղի անունով տեղանուններ կային նաև Հայաստանի Ծաղկոտն գավառում (Անգղ), Սյունիք նահանգում (Անգեղի, Անգեղակոթ, Անգեղաձոր), Վանա լճի ափին, Արտամետի մոտ (Անգղ) և այլն։ Անգեղ-տան հեթանոս հայերի նվիրական վայրերից էր Տորք դյուցազնի գլխավոր տաճարատեղը, որտեղից էլ՝ սրա «Տորք Անգեղեայ» («Անգեղի Տորք») անվանումը։ Երբ գավառի անունը Քաղ էր, կենտրոնն էր Քղիմար բերդաքաղաքը։ | |
4 | Գզեղխ | Այժմ՝ Խիզան։ Տարածվում էր Բաղեշ գետի վերին հովտում։ Ասուրա-բաբելական արձանագրություններում հիշվում է Gilzanu ձևով։ Ունեցել է ռազմական կարևոր նշանակություն։ Կենտրոնն էր Գզեղխ ավանը։ Գավառի հյուսիսային սահմանագլխում էր Զորապահակ լեռնանցքը։ Գզեխքով էր անցնում Հայկական լեռնաշխարհից դեպի Միջագետք տանող ճանապարհը։ | |
5 | Երխեթք | Այլ անվանումն է Խերհեթք, այժմ՝ Սղերդ։ Տարածվում էր Բիթլիս գետի ստորին հոսանքի շրջանում՝ Աղձն գավառից անմիջապես արևելք։ Գտնվում էր Աղձնիքի դաշտային մասում։ Իր տարածությամբ Երխեթքը Նփրկերտից և Արզնից անհամեմատ փոքր է։ Սղերթն այժմ էլ գոյություն ունի որպես բնակավայր և գտնվում է Արևելյան ու Արևմտյան Տիգրիսների միախառնման տեղից ոչ հեռու՝ Բիթլիս գետի ստորին հոսանքի շրջանում։ Հազվադեպ է հիշատակվում պատմագիրների և աշխարհագիրների կողմից։ Գավառի հիշատակելի բնակավայրերից է Սղերթ (Սերխեթ) բնակավայրը, որը հնում ճանապարհային կայան է հանդիսացել։ | |
6 | Կեթիկ | Հիշատակվում է «Աշխարացույցում»։ Տեղադրությունն անորոշ է։ Ըստ Հյուբշմանի՝ Կեթիկը գտնվել է ներկայիս Շիրվանի շրջանում՝ Մադենի գետահովիտում։ Երեմյանի կարծիքով՝ Կեթիկն արևելքից սահմանակից է եղել Մոկք, հարավից՝ Կորճայք նահանգներին, արևմուտքից՝ Աղձնիքի Աղձն (Արզան), հյուսիսից՝ Երխեթք (Հերխեթք) գավառներին։ Ենթադրվում էր, որ հենց այս գավառում էր Տիգրան Մեծ արքան հիմնել Տիգրանակերտ քաղաքը։ | |
7 | Նփրկերտ | Այլ անվանումն է Մուֆարղին։ Այստեղ հայտնի էր Մարտիրոսաց քաղաքը (Մարտիրոպոլիս, որը հետո անվանափոխվել է Մուֆարղին)։ Տարածվում էր Քաղրիդ գետի միջին և ստորին հոսանքի վրա ընկած շրջաններում։ Հարավում, հավանաբար, ընդգրկել էր Տիգրիս գետից հարավ ընկած որոշ շրջաններ։ Նփրկերտը տաք և չոր կլիմայով, անտառազուրկ, հարթավայրային գավառ է։ Հյուսիսային մասն ունի լեռնային ռելիեֆ, ձգվում են Իլիջայի ոչ բարձր լեռները։ Նփրկերտի պատմական վայրերից են Տիգրանակերտ քաղաքը, Թուխ գետակը և Կլեսուր լեռնանցքը։ | |
8 | Սալնո ձոր | Այժմ, հավանաբար՝ Բադեշ։ | |
9 | Սանասունք | Այժմ՝ Սասուն։ Սանասունք գավառի տարածքի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։ Արևելքում սահմանակից էր Խութին, որը հնում կազմում էր Սասունի բաղկացուցիչ մասը։ Սասունը խիստ լեռնային գավառ է, կլիմայական պայմանները խիստ են։ Ըստ ավանդության՝ անունը ստացել է Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդու՝ Սանասարի անունից, որն իր եղբոր հետ, սպանելով հորը, փախչել է այստեղ, կառուցել բերդ՝ իր շուրջն ամեն կողմից հավաքելով բազմաթիվ բնակիչներ։ Սասունը տարածվում էր Հայկական Տավրոս լեռների վրա, այդ պատճառով էլ հայ պատմագիրները նրա բնակիչներին երբեմն անվանում են ոչ թե սասունցիներ, այլ «բնակիչք Տորոս լեռին»։ | |
10 | Տատիկ | Այլ անվանումներն են Գյոզալդարա, Դադիկ, Դատիկ, Կյուզելտերե, Տաթիկ, Տատկո, Տատկու։ Ուշ ժամանակներում գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գավառը գտնվում էր Տատիկ գետի հովտում, Բաղեշ քաղաքից հարավ-արևելք։ Նշանավոր գյուղը Խուլթիկն է։ |
Արշակունյաց թագավորության ժամանակ Աղձնյաց բդեշխությանն էին վերաբերում մի քանի գավառներ կամ երկրներ ևս, որոնք հետո խլվել էին հայերի կողմից[5]․
- Նոշիրական կամ Նոր Շիրական
- Նիխորական
- Մահկերտան
- Դասան
- Ծավդեք
- Արզնարղյուն
- Ռեիմենա։
Այրարատ նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։ Հայկական մատենագրության մեջ Այրարատ անվան տակ հասկացվում է Արաքսի հովիտը, Մասիս և Արագած լեռների մեջ, սկսած մոտավորապես Ախուրյան գետի բերանից մինչև Նախճավան։ Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ Այծպտկունք գագաթից մինչև Շարիանի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դեպի արևելք՝ Թոնդրակ, իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին Գեղամա լեռները, այս մասում նրա մեջ է մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ և Չլդըր կոչվող լեռնաշղթաներով։ Այրարատն այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհների» մեջ ամենաընդարձակներից է։ Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Բագարանը, Շիրակավանը, Կարսը, Անին, իսկ այժմ՝ Երևանը։ Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «Աշխարհացույցի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններս ծանոթ են Բասեն, Շիրակ, Բագրևանդ գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են Արարատյան հարթությունը՝ Ախուրյանի գետախառնուրդից մինչև Շարուրի դաշտը։ 5-րդ դարի մեր պատմիչներն Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացույցում» նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին, իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր Արշակունիների ոստանը՝ արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին Բագրատունիները, Արշարունիքում և Շիրակի մի մասում՝ Կամսարականները, Շիրակի մյուս մասում՝ Դիմաքսյանները, Վանանդում՝ Վանանդի իշխանները։ Կազմված էր 23 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Աբեղյանք | Այլ անվանումներն են Աբելյանք, Աբելունք Մյուս, Աբեղանք, Աբեղենք, Աբեղենք Մյուս, Աբեղունիք։ Ուրարտական Սարդուրի Բ թագավորի արձանագրության մեջ հիշատակվում է Աբիլիանիխի (Abilianihi) ձևով։ Տեղադրվում է Երասխ (Արաքս) գետի ձախ ափին՝ Մեծրաց լեռների միջև, Մժնկերտ գյուղի շրջանում։ Աբեղյանք գավառին ժառանգաբար տիրում էին Աբեղյանների նախարարական տոհմը։ Գավառի մոտավոր տարածությունն էր՝ 1000 կմ2, կենտրոնն էր Մժնկերտ բերդաքաղաքը, այստեղից էլ՝ Աբեղյանքի նաև Մժնկերտ անվանումը։ | |
2 | Աշոցք | Այլ անվանումներն են Աշոցան կամ Արշոցան։ Գավառի կենտրոնն Աշոցք ավանն էր (ներկայիս Ղազանչի (Ղայղուլի) գյուղի տեղում)։ Աշոցք գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Շիրակի մարզի Ղուկասյանի շրջանին։ Աշոցքն ուրարտական արձանագրություններում հիշատակվում է Իշկիգուլա (Iskigulu) ձևով։ Մինչև Հայաստանի առաջին բաժանումը, այն, ամենայն հավանականությամբ, մտել է Գուգարք նահանգի, իսկ այնուհետև` Այրարատ նահանգի կազմի մեջ։ Աշոցքը կազմում էր Աշոցյան նախարարական տան ժառանգական սեփականությունը։ | |
3 | Արագածոտն | Այստեղ են գտնվել Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրը և Վաղարշապատը։ Արագածոտնում է գտնվել Վարդագեսավան բնակավայրը, որը Վաղարշակ Ա թագավորի օրոք (117-140) վերանվանվել է Վաղարշապատ՝ դարձնելով Մեծ Հայքի մայրաքաղաքը։ Միջին դարերում Արագածոտնի հյուսիսային մասը կոչվել է Ամբերդ գավառ՝ համանուն ամրոցի անունով։ Նշանավոր վայրերից էր Սաղմոսավանքը, Հովհաննավանքը, Աշտարակը և այլն։ | |
4 | Արած | Կենտրոնը եղել է Արած գյուղաքաղաքը։ | |
5 | Արշարունիք | Գավառը հայտնի էր նաև Երասխաձոր անունով։ Սկզբնապես պատկանել է Արշակունիների արքունական տանը, սակայն հետագայում անցել է Արշակունիների տան ճյուղերից մեկին՝ Կամսարական նախարարական տանը։ Ենթադրվում է, որ իր անունը ստացել է գավառի առաջին տիրակալ՝ Արշավիր Կամսարականի անունից։ Գավառը տարածվել է Երասխ և Ախուրյան գետերի կազմած արևմտյան անկյունում։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Հայաստանի բազմաթիվ այլ նախարարական տների հետ միասին աստիճանաբար իրենց քաղաքական ազդեցությունը կորցրել են Կամսարականները։ Արշարունիքն առանձնապես կարևոր դեր է խաղացել Բագրատունիների թագավորության շրջանում։ Գավառի առավել նշանավոր պատմական վայրերն են Երվանդաշատ, Երվանդակերտ, Բագարան քաղաքները և Արտագերս ամրոցը։ | |
6 | Բագրևանդ | Այժմ՝ Ալաշկերտ։ Վարկածներից մեկի համաձայն՝ Բագրևանդը եղել է Բագրատունիների տոհմական գավառը, և Բագրևանդ ու Բագրատունի անունները կապ ունեն իրար հետ։ Ըստ հույն մատենագիրների՝ Բագրավանդեն։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ անունը ստացել է բագինների (հեթանոսական մեհյանների) պատճառով։ Տարածվում էր Արածանիի վերնագավառում՝ Հայկական Պարի, Ծաղկանց և Դիադինի լեռների միջև։ Հնում Բագրևանդը գրավել է ավելի մեծ տարածք՝ նրա մեջ մտել է նաև Ծաղկոտն գավառը։ Բագրևանդի տարածքի մեծ մասը կազմել է Ալաշկերտի դաշտը։ Գավառի պատմական նշանավոր վայրերն են Վաղարշակերտ բերդը, Բագավան քաղաքը, Ձիրավի դաշտը։ Այստեղ է գտնվել նաև Նպատ լեռը։ | |
7 | Բասեն | Անունը ծագում է հնում գավառի տարածքում բնակվող բասյաններ ժողովրդի անվանումից (հիշատակվում է հույն պատմիչների, մասնավորապես՝ Քսենոֆոնի կողմից մ.թ.ա. 5–րդ դարում)։ Բասենը մեծ մասով լայնատարած հովիտ է 1750-ից 1800 մետր բարձրության վրա։ Վերին Բասենն ընդգրկում է Քարկապասարի լեռներից մինչև Մուրցի և Արաքսի գետախառնունքը տարածվող գոտին և հասնում մինչև Վանանդ։ Գավառն անտառազուրկ է, որի պառճառով նաև հիշատակվել է որպես Անփայտ Բասեն։ Ստորին Բասենը տարածված է մինչև Սողանլուի լեռները։ Ստորին Բասենի հյուսիսային մասը ծածկված է Մայրիի անտառներով։ Տարածված է վայրի հոնին, խնձորենին, տանձենին և սալորենին։ Բասենը տարածվում էր Կարինից արևելք՝ Արաքսի ձախ կողմում՝ այժմյան Բասեն (Բասինլար) սանջակի տեղում։ 4-րդ դարում Բասենում իշխել է Որդունի նախարարական տունը, որոնք Ապահունիք և Հարք գավառներում իշխող Մանավազյանների տան հետ ֆեոդալական կռիվների պատճառով կռվում, Խոսրով Կոտակի հրամանով, կռվում են Վաչե Մամիկոնյան սպարապետի կողմից, իսկ նրանց կալվածքներն ամբողջությամբ տրվում են եկեղեցուն։ Բասենի հիշարժան վայրերից են Որդորու և Դու բնակավայրերը, Վաղարշավան ավանը, Օկումի ավանը, Բողբերդը, Ավնիկ բերդը։ | |
8 | Գաբեղյանք | Եղել է Գաբեղյանների տոհմի ժառանգական հայրենիքը։ Այստեղ է գտնվել Կաղզվան քաղաքը։ | |
9 | Ծաղկոտն | Այլ անվանումներն են Ծաղկեոտն, Ծաղկոոտն, Ծաղկուտն։ Այժմ՝ Դիադին։ «Աշխարհացույցում» (7-րդ դար) հիշատակված է որպես Այրարատ նահանգի յոթերորդ գավառ։ Տարածվում էր Ծաղկանց լեռների շրջանում։ Պատկանում էր Գնունիների նախարարական տանը, սակայն հետագայում անցնում է Արշակունիների արքունիքին։ Ծաղկոտնը հյուսիս-արևելքից սահմանակից էր Կոգովիտ, արևմուտքից՝ Բագրևանդ գավառներին, հարավից՝ Վասպուրական, հարավ-արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Տարածվում էր Արածանի գետի վերին ավազանում՝ Ծաղկանց (Ալադաղ) լեռների լանջերին, որտեղից սկիզբ է առնում Եփրատի ամենամեծ վտակը՝ Արածանին։ Ծաղկոտնի հարավային մասում ձգվում են Ծաղկանց, իսկ հյուսիսում՝ Դիադինի լեռները։ | |
10 | Կոգովիտ | Իր տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Թուրքիայի Դոգու Բայազիդի (Բայազետի) շրջանին։ Նրա մեջ էին մտնում Գայլատու (այժմ՝ Բալըղ-գյոլ) լիճը և Կոգովիտ կոչված շամբը՝ ծանծաղ լճակը։ Արշակունիների թագավորության ժամանակ Կոգովիտը պատկանում էր արքունիքին, հետագայում անցել է Բագրատունիներին։ 9-րդ դարում Կոգովիտը միացել է Վասպուրականին։ Կոգովիտում եղած պատմական վայրերից առավել նշանավոր են Արշակավան քաղաքը, Դարոյնք և Արծափ բերդերը։ | |
11 | Կոտայք | Այլ անվանումներն են Խատա գավառ, Խատայի գավառ, Խատայոց գավառ, Կըրխբուլաղ, Կոդեք, Կոտա գավառ, Կոտայից գավառ, Կոտայս, Կոտաս, Կոտուաց գավառ, Կոտեաց գավառ, Կոտեից գավառ, Կոտևուց, Կույտա, Կուտայից գավառ, Կուտեից Գավառ, Կուտեուց գավառ, Ղըռխբուլաղ, Ղրխբուլախ, Ղրխբուլաղ։ Առաջին անգամ հիշատակվել է հայ մատենագիր Սեբեոսի կողմից (7-րդ դար)։ Մոտավորապես համապատասխանում է ներկայիս Կոտայքի մարզի և Երևան քաղաքի տարածքներին։ Արևմուտքից սահմանակից էր Արագածոտն, հյուսիս-արևմուտքից՝ Նիգ, Վարաժնունիք, հարավ-արևելքից՝ Մազազ, հարավից՝ Ոստան գավառներին։ Գավառի հարավարևմտյան կողմը, որը ոռոգվում էր Հրազդան գետով, դաշտային և արգավանդ է, իսկ հյուսիս-արևելքը՝ լեռնոտ։ Այստեղով է հոսում նաև Գետառը։ | |
12 | Հավնունիք | «Աշխարհացույցում» հիշատակվում է որպես Այրարատ նահանգի 4-րդ գավառ։ Տարածվում էր Արաքսի ձախ ափին՝ Բասենի և Արշարունիքի միջև, կենտրոնն էր Հավնիք կամ Ավնիկ բերդավանը։ Պատկանում էր Հավնունիների տոհմին, որն առաջացել է Կամսարականների նախարարական տոհմի ճյուղավորումից (5-րդ դար)։ Արաբական տիրապետության շրջանում (7-9 դարեր) Հավնունիքում առաջացել էր արաբական փոքր ֆեոդալական իշխանություն, որը ենթակա էր Կարինի ամիրայությունը։ 949 թվականին Հայաստանի որոշ շրջանների հետ Հավնունիքը գրավվել է Բյուզանդիայի կողմից։ 12-րդ դարի վերջից մինչև 13-րդ դարը պատկանում էր Զաքարյաններին։ | |
13 | Ճակատք | Այժմ՝ Սուրմալու։ Տարածվում էր Հայկական Պար լեռնաշղթայի և Երասխ գետի միջև, վերջինիս Վարդամարգ և Ագարակ վտակների ավազանում։ Հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից Երասխով սահմանակից էր Արշարունիք և Արագածոտն, հարավ–արևմուտքից և հարավ–արևելքից (Հայկական պարով)՝ Բագրևանդ և Կոգովիտ գավառներին։ Ճակատքի հարավային և արևմտյան մասերը լեռնոտ են, կենտրոնական մասում բարձրանում են Բարդող և Փարլու (Փերլու) լեռնագագաթները։ Հյուսիսը (Երասխի աջափնյակը) հարթավայրային է։ Արշակունիների և Բագրատունիների թագավորության ժամանակներում Ճակատքը մտել է արքունի տիրույթների մեջ։ 13-րդ դարի սկզբին ազատագրվել է սելջուկյան թյուրքերից և անցել Զաքարյաններին։ Ճակատքի բազմաթիվ բնակավայրեր կործանվել են 1387 և 1393 թվականների Լենկթեմուրի արշավանքների հետևանքով։ 15-րդ դարում Ճակատքը տրոհված է եղել երկու վիճակի՝ Կողբի և Սուրմառուի (համանուն կենտրոնների անունով)։ Այստեղ է գտնվում Սուրմառի բերդը։ | |
14 | Մազազ | Այժմ՝ Գառնի։ Ազատ գետի վերին ավազանում։ Գառնի բերդն ու նշանավոր քաղաքը՝ Ազատ գետի վրա, հռչակված է հին ժամանակներից իր ամուր դիրքով. Արշակունի թագավորների դաստակերտ և գանձերի պահպանության տեղ։ Այստեղ է Տրդատի թախտ անունը կրող հին փառավոր շինությունը հռոմեական ոչով։ Վաղ Միջնադարում Մազազ գավառն անջատվել է Նիգ գավառից, որի մասն է կազմել Վարաժնունիք գավառի հետ միասին։ Նիգ, Մազազ, Վարաժնունիք գավառների սկզբնական տերերն են եղել Գնթունիները՝ Մեծ Հայքի թագավորության իշխանական նշանավոր տներից մեկը։ Այստեղ են գտնվում Գեղարդի վանքն ու Հավուց Թառի վանքը։ | |
15 | Մասյացոտն | Սեպաձև արձանագրությունների համաձայն՝ այս գավառի հնագույն անունն էր Էրիդուախի[6]։ Տարածվում էր Մեծ և Փոքր Մասիսների հրաբխային զանգվածների շրջանում, լեռնային գավառ է։ Մասյացոտնի պատմական վայրերից նշանավոր է Ակոռի գյուղը, որտեղ 481 թվականին Սասանյան Պարսկաստանի դեմ ծավալված երկրորդ ապստամբության ժամանակ (481-484) Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական 400 հոգանոց զորագունդը հաղթել է իրեն թվաքանակով մի քանի անգամ գերազանցող պարսկական զորքերին։ | |
16 | Նիգ | Այժմ՝ Ապարան և Բջնի։ Կենտրոնն էր Քասաղ ավանը (այժմ՝ քաղաք Ապարան)։ Տարածքով մոտավորապես համապատասխանում էր ՀԽՍՀ հետևյալ վարչական շրջաններին.
1. Ապարանի շրջան, 2. Սպիտակի շրջան, 3. Ստեփանավանի շրջան կամ Գուգարքի շրջան, 4. Հրազդանի շրջանի հյուսիսային և արևելյան մասերը, 5. Սևանի շրջանի լճափնյա մասերը, 6. Նաիրիի շրջան։ Մեծ Հայքի թագավորության ավատականացման (ֆեոդալականացման) գործընթացին զուգընթաց, Նիգ գավառից անջատվել են Մազազ և Վարաժնունիք գավառները։ Նիգ գավառի տերերն էին Գնթունիների նախարարական տոհմ։ | |
17 | Շարուրդաշտ | Շարուրը մինչև 5-րդ դարը եղել է Հայոց արքունի կալված-գավառը։ Արաբական տիրապետությունից ազատագրելուց հետո հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը Շարուրն ընծայել է Սյունյաց իշխաններին։ | |
18 | Շիրակ | Շիրակ գավառը զբաղեցնում է Ախուրյան գետի միջին և ստորին հոսանքի ավազանը։ Գավառի տարածքը կազմում է 3730 կմ²[7]։ Շիրակի սարահարթի միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1530 մետր։ Գավառով հոսող ամենամեծ գետն Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից ու այդպիսով կիսում է Շիրակի սարահարթը երկու մասի՝ հարավում միախառնվելով Արաքսին։ Գետն ունի մի քանի վտակներ, որոնք ոռոգում են դաշտավայրը։ 10-րդ դարի կեսերից Շիրակում իրենց գործունեությունն են ծավալել Կամսարականների Պահլավունի նախարարական տոհմի ներկայացուցիչները, որոնք զգալի դեր են կատարել Բագրատունյաց թագավորության քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում։ Նրանց կողմից Անիում և Շիրակում կառուցվել են վանքեր, ամրոցներ, զորանոցներ, նպաստել դպրության և մշակույթի զարգացմանը։ Վանքային համալիրներն են եղել Հառիճի վանք, Հոռոմոս, Խծկոնք, Մարմաշենի վանքը և այլն, որոնք բացի հոգևոր և մշակութային կենտրոններ լինելուց, նաև արտադրական և տնտեսական խոշոր միավորներ էին։ | |
19 | Ոստան Հայոց | «Ոստան» բառը նշանակում է «իշխանանիստ» կամ «թագավորանիստ», իր անունը, հավանաբար, ստացել է գավառում գտնվող Արտաշատ և Դվին քաղաքներից, որոնք Արտաշեսյանների և Արշակունիների թագավորությունների ժամանակաշրջանում եղել են Հայաստանի մայրաքաղաքներ։ Ոստանը գրավում էր Ազատ գետի միջին և ստորին հոսանքների հովիտը։ Ենթադրվում է, որ Ոստանի մեջ էր մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։ Այստեղ է գտնվում Խոր Վիրապը, Կաքավաբերդը և Խոսրովի արգելոցը։ | |
20 | Վանանդ | Կոչվում էր նաև Անփայտ Բասյան (Անփայտ Բասեան) կամ Վերին Բասյան (Վերին Բասեան)։ Կենտրոնը եղել է Կարս քաղաքը։ Հյուսիսից Զարիշատի լեռներով սահմանակից էր Գուգարքի Ջավախք, արլևելքից՝ Եղնախաղի պարով և Կարսի սարահարթով՝ Այրարատի Աշոցք և Շիրակ, հարավից՝ Արշարունիքի (Երասխաձոր) և Մեծրաց լեռներով՝ Աբեղյանք գավառներին։ Արևմուտքում Կարմիր Փորակ լեռնաշղթայով բաժանվում էր Տայքի Պարտիզաց փոր, Բերդաց փոր, Կող և Գուգարքի Արտահան գավառներից։ | |
21 | Վարաժնունիք | Կենտրոնը եղել է Հովք (այժմ՝ քաղաք Դիլիջան) քաղաքը։ | |
22 | Վերին Տաշիր | Կենտրոնը եղել է Տանձուտ գյուղաքաղաքը։ | |
23 | Ուրծաձոր | Կենտրոնը եղել է Ուրծ քաղաքը։ |
Արցախ նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի տասներորդ նահանգը, կոչվում էր նաև Փոքր Սյունիք։ Տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունը զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ։ Արցախի նախարարական տունը սերված էր Հայկ նահապետի ժառանգ Սիսակից։ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ։ 5-ից 6-րդ դարերում Արցախը մտնում էր պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ։ Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի այրուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձել է Արցախ և այն պաշտպանել պարսիկներից։ Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից՝ Արցախի Առանշահիկները 5-րդ դարի վերջում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծել են Աղվանից թագավորությունը, որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը։ Կազմված էր 13 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Բերդաձոր | Այլ անվանումներն են Այրում, Բերաձոր, Բերձոր, Բերձորք)[8]։ Ունեցել է համանուն կենտրոն՝ Բերձոր։ Բերդաձորն ընդգրկում էր Արաքս և Աղավնո (Հագարի) գետերի միջև ընկած տարածությունը (Ջաբրաիլի շրջանն ամբողջությամբ մտել է նրա կազմում)[9]։ Մովսես Կաղանկատվացին այն հիշատակում է Բերձոր ձևով։ Ուշ միջնադարում Բերդաձորը բաժանված էր Վարանդայի և Դիզակի մելիքությունների միջև[10]։ | |
2 | Կողթ | Ընդգրկում էր Մռավի լեռնաշղթայի հյուսիսային լանջերը, Շամքոր գետակի ավազանը (մինչև Շամքոր քաղաքը), արևմուտքում հասնել է մինչև Տուս (Տավուշ) գետակի հոսանքը։ Մինչև թաթար-մոնղոլների տիրապետության հաստատումը (13-րդ դարի 1-ին կես), մտել է Արցախի Առանշահիկների իշխանության մեջ, այնուհետև անցել է Զաքարյան իշխանապետության Վահրամյան ճյուղին, որի իշխանանիստն էր Գագ բերդը (Վահրամ Գազեցի և հաջորդներ)։ Ուշ միջնադարում բաժանված էր երկու մասի՝ Շամքոր գավառ և Զակամ։ Առաջինն ընդգրկում էր Շամքոր գետակի, երկրորդը՝ Զակամի ավազանները։ 17-րդ դարի սկզբին երկուսն էլ ունեցել են իրենց մելիքությունները, որոնք կարճատև գոյությունից հետո անցել են նրանց հարևանությամբ գոյացած Գանձակի իշխանության տիրապետության տակ։ Եկեղեցական թեմը ենթարկվել է Աղվանից (հետագայում՝ Գանձասարի) կաթողիկոսությանը։ Հոգևոր կենտրոնն էր Թարգմանչաց վանքը (Խաչակապ գյուղի մոտ)։ Հետագայում, երբ թեմը բաժանվել է երկու մասի, երկրորդ եպիսկոպոսանիստը դարձել է Վերին Զակամ ավանը։ | |
3 | Հարճլանք | Գտնվում է Շուշի-Գորիս ճանապարհի և Հագարի գետի միջև՝ Կարկառ գետի ավազանում։ Ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի զգալի մասը մտնում էր Հարճլանք գավառի կազմի մեջ։ | |
4 | Մեծ Առանք | Այլ անվանումն է Մեծիրանք։ Զբաղեցնում է Խաչենագետի վերին ավազանը՝ Կարկառ գետից մինչև Տրտու (Թարթառ) և Քիրսա սարի փեշերից Մարտակերտի դաշտի արևմտյան ծայրը։ Գավառի տարածքը կազմում է մոտ 1600 կմ²։ Ուշ միջնադարում կոչվել է «Ջրաբերդ»՝ Ջրաբերդ ամրոցի անունով։ | |
5 | Մեծ Կվենք | Տեղադրվում է Թարթառի վտակ Թրղիի և Կուրակ գետակի ավազաններում՝ ընդգրկելով ներկայիս Շահումյանի շրջանը հարակից տարածքները, Գետաշենի ենթաշրջանը։ | |
6 | Մյուս Հաբանդ | Մյուս Հաբանդ գավառի տարածքն ընդգրկել է Կարկառ գետի աջափնյակից մինչև Դիզափայտի լեռները և Քիրսի լեռնաշղթայից մինչև Մուխանք դաշտի արևմտյան եզերքը[11]։ Հաբանդի տարածքը մոտավորապես համապատասխանում է ներկայիս Արցախի Հանրապետության Մարտունու և Հադրութի շրջաններին։ Ամարաս ավանի եկեղեցին և վանքը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Այնտեղ է ամփոփվել Գրիգորիսի (Գրիգոր Ա Լուսավորչի թոռը) աճյունը, որի վրա 5-րդ դարում Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է Սուրբ Գրիգորիս մատուռը։ Նշանավոր էր Հաբանդի Գտիչ կամ Քթիշ բերդավանը (ներկայիս Հադրութի շրջանում)` համանուն եպիսկոպոսանիստ վանքով։ Գտիչից ոչ հեռու (ներկայիս Տող և Տումի գյուղերի մոտ) գտնվող Գորոզ բերդավանի (հայտնի է 8-9-րդ դարերից) անունով հայ քերական-մեկնիչները (Համամ Արևելցի, Վարդան Արևելցի և ուրիշներ) հաճախ կոչել են բովանդակ Հաբանդ, իսկ «Գորոզու բարբառ» ասելով, հասկացել առհասարակ Արցախի բարբառ։ Ուշ միջնադարում Հաբանդը վարչականորեն բաժանվել է Դիզակի (հարավային մասը) և Վարանդայի (հյուսիսային մասը) գավառների՝ համանուն մելիքություններով, որով մոռացվել է գավառի հնագույն անվանումը։ | |
7 | Մուխանք | Այլ անվանումն է Մոխանք։ Գավառի կենտրոնը եղել է Գիշի գյուղը։ Գավառը գտնվել է Գարգար գետից հարավ, և զբաղեցրել է 1250 կմ² տարածք։ Եղել է Մխանց իշխանական տոհմի տիրույթը։ 5-րդ դարի 2-րդ կեսին Մուխանքը ևս անջատվել է Մեծ Հայքից և միացվել Աղվանից մարզպանությանը։ 9-րդ դարի սկզբին Մուխանքի իշխանն էր Ստեփանոս Աբլասադը, որը Բաբեկի օգնությամբ հաղթել և իր տիրույթների սահմաններից դուրս է հանել բաղասականցիներին։ Սակայն վերջիններիս հաջողվել է սպանել Ստեփանոս Աբլասադին և տիրել նրա կալվածքները։ 12 տարի անց Հարավային Արցախի իշխան Եսայի Աբու Մուսեն, որը Ստեփանոս Աբլասադի քրոջ որդին էր, բաղասականցիներից ետ է նվաճել Մուխանքը, ինչպես նաև այն գավառները, որոնք մինչ այդ պատկանում էին իր քեռուն։ | |
8 | Պարզկանք | Այլ անվանումներն են Պարսկանք, Պարծկանք, Պանծկանք, Պայծկան և Պազկանք։ Հիմնականում զբաղեցնում է Արաքսի առափնյա շրջանները։ Գավառը հարավից սահմանակից է Արաքսին, արևելքից՝ Պիանք գավառին, հյուսիսից՝ Մյուս Հաբանդին, հյուսիսարևմտյան կողմից՝ Բերդաձորին։ Նշված սահմանների մեջ գավառի տարածքը կազմում է մոտ 2000 կմ²։ | |
9 | Պիանք | Ընդգրկում է Արցախի դաշտավայրային հատվածը։ Հարավից սահմանակցել է Արաքս գետին, արևմուտքից՝ Իշխանագետին, հյուսիսային և հյուսիսարևմտյան կողմերից՝ Մյուս Հաբանդին, արևելքից՝ Բայլականին։ Տարածքը կազմում է մոտ 800 կմ²։ | |
10 | Սիսական-ի-Կոտակ | Այլ անվանումն է Սիսական-ի-Ոստան։ Պարսկերենից թարգամանաբար նշանակում է Փոքր Սիսական։ | |
11 | Քուստի | Գավառի կենտրոնը եղել է Փառնես։ Ծավալվում է Շամքոր գետակի միջին օժանդակի և Գեղամա լեռնաշղթայի գագաթնագծի շարունակության ու Տավուշ գետակի հարավարևելյան օժանդակի Ախնջիի ափերի և դաշտաբերանի միջև։ Գավառի տարածքը կազմում է մոտ 700 կմ²։ Միջնադարում Քուստի և Փառնես գավառներն ընդգրկված էին Փառիսոսի թագավորության կազմում։ | |
12 | Փառնես | Գավառի կենտրոնը եղել է Փառնես։ Ծավալավում է է Շամքոր գետակի միջին օժանդակի և Գեղամա լեռնաշղթայի գագաթնագծի շարունակության ու Տավուշ գետակի հարավարևելյան օժանդակի Ախնջիի ափերի և դաշտաբերանի միջև։ Գավառի տարածքը կազմում է մոտ 700կմ²։ Միջնադարում Քուստի և Փառնես գավառներն ընդգրկված էին Փառիսոսի թագավորության կազմում։ | |
13 | Վայկունիք | 12-13-րդ դարերում գավառը կոչվել է Ծար, ընդգրկել է Տրտու (Թարթառ) գետի ակունքները։ Ծարի արևելյան սահմանն անցել է Դադիվանքի կողքով՝ ընդգրկելով Լեռնաբերդը, Թարթառի աջափնյա լեռնային մասը, ներառյալ Խադավանք-Խաթրավանքը և Վաղուհաս գյուղը։ Հարավից սահմանակից էր Սյունիքին (Ջերմուկի մոտ), արևմուտքում սահմանն անցնում էր Սևանի ավազանը Թարթառի ակունքներից բաժանող Ռմբոստյան լեռնաշղթայով, հյուսիսում ընդգրկում էր Մռավ լեռան հյուսիսային լանջերը՝ Քյուրակ և Շամքոր գետակներով։ Ծարի կամ Վերին Խաչենի իշխանության ժամանակ (Դոփի ու նրա ժառանգների իշխանապետության օրոք) Ծար կամ Ծարի երկիր էին կոչվում իշխանության բոլոր տիրույթները՝ բուն Ծար-Վայկունիքն ու Սևանի արևելյան ափը՝ հարավ-արևմուտքում ընդգրկելով Շողվագ բնակավայրը, հյուսիս-արևելքում՝ Արցախի Կողթ գավառը։ Հաթերքի տեր Վախտանգի մահից (1220-ական թվականներ) հետո Ծարի մեջ էր մտնում նաև Վերին Խաչենի իշխանությանն անցած Հաթերք գավառի մեծ մասը՝ Հաթերք ավանը, Դադիվանքը և շրջակա հողերը։ Բուն Ծարի նշանավոր բնակավայրերից աղբյուրներում հիշատակված են Ծար, Ակնա ավանները, Վաղուհաս, Գետաշեն, Դարբնոց և այլ գյուղերը, Հավքախաղացը, Հանդաբերդը կամ Լեռնաբերդը բերդերը։ Եպիսկոպոսանիստն էր Խադավանք-Խաթրավանքը։ |
Բարձր Հայք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի առաջին նահանգը։ Անունը ստացել է իր սարահարթի բարձրությունից։ Ունեցել է նշանավոր դեր հատկապես կրոնական տեսակետից։ Այստեղ են գտնվել հեթանոս հայերի գլխավոր մեհյաններից որոշները։ Իր տարածքով Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի հիմնական մասին։ Ունեցել է ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը Եփրատն է, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Բարձր Հայքը հայտնի էր իր սառնորակ աղբյուրներով, ոսկով, պղնձով, աղահանքերով, քարածուխով, նավթով, երկաթով։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Բարձր Հայքի արևմտյան շրջանները մտել են խեթական պետության մեջ։ Մ.թ.ա. 15-րդ դարից Բարձր Հայքը, Տայքի մի մասը Փոքր Հայքի հետ միասին կազմում էին Հայասա-Ազզի հայկական ցեղային միության տարածքը։ Մ.թ.ա. 189 թվականից Բարձր Հայքը մտել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ։ Հայտնի էր հեթանոսական հավատքի կենտրոններով։ Նահանգի Եկեղիք գավառի Երիզա ավանում էր գտնվում Անահիտ աստվածուհու մեհյանը։ Նույն գավառի Թիլ ավանում էր գտնվում պտղաբերության աստվածուհի Նանեի մեհյանը։ Կազմված էր 9 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Առյուծ | Այլ անվանումն է Աղիվն։ Կենտրոնը եղել է Արմտանը, որն ունեցել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում եղել են հին բերդի ավերակներ՝ պատմական Սուրբ Նշան վանքի կիսակործանված համալիրը, Քառասուն Մանկանց եկեղեցու մնացորդները, Սուրբ Լուսավորիչ եկեղեցու փլատակները։ Գավառն ընդգրկել է Եփրատի Աղյունաձոր վտակի հովիտը։ Կենտրոնը Նկոպոլիս-Զիմարա ճանապարհին գտնվող Անի Ադյունո (Անալյուն) ամրոցն էր, որն ըստ Ադոնցի՝ հունական և հռոմեական աղբյուրներում հիշատակվող Անալիբնան է։ Ուշ միջնադարում Աղյունը կոչվել է նաև Աղնցիք[12]։ | |
2 | Դարանաղի | Այլ անվանումներն են Աղյաց գավառ, Դարալիստե, Դարանա, Դարանալիս, Դարանաղ, Դարանաղե, Դարանաղիկ, Դարանաղիք, Դարանաղյաց աշխարհ, Դարանաղյաց գավառ, Դարանաղյաց երկիր, Դարանաղյաք, Դարանիսա, Դարյաց գավառ։ Անունը հին ստուգաբանությամբ բացատրվում էր իբրև «դարան» և «աղի» բառերի լծորդում, այսինքն՝ «Աղի հանք»։ Լատիներեն աղբյուրներում նույնացված է Անալիբլայի հետ, որը համարվում է 7-րդ դարի «Աշխարհացույց»-ի Աղյուն կամ Առյուծ գավառը։ Հարուստ էր աղահանքներով, որի պատճառով էլ նրա անունը սովորաբար կապում են աղի հետ։ Կենտրոնը եղել է Կամախ քաղաքը։ Տարածվում էր Արևմտյան Եփրատի հովտում։ Հնում մտնում էր Ստրաբոնի կողմից հիշատակված Ակիլեսենեի (հետագայում՝ Եկեղեցյաց գավառ) կազմի մեջ։ Իր տարածքով համապատասխանում է այժմյան Թուրքիայի Կամախի շրջանին, գտնվել է Երզնկայից հարավ-արևմուտք։ Հրաբխային սարահարթ է, ունի սառնորակ աղբյուրներ, հարուստ է հանքային ջրերով։ Պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են Թորդան գյուղը և Անի ամրոցը։ Գավառի կենտրոնն Անի ավանն էր՝ Արևմտյան Եփրատի աջ ափին, որի մոտ էր գտնվում Կամախը՝ նույն գետի ձախ ափին։ Այլ պատմական վայրերից են Սեպուհ լեռը, Մանյա այրքը և Թորդան ավանը։ | |
3 | Դերջան | Այլ անվանումներն են Թերջան կամ Տերջան։ Կենտրոնը եղել է Դերջան քաղաքը։ Գտնվում է Եփրատի վերին հոսանքի և նրա ձախակողմյան վտակ Դերջանի հովտում։ Հյուսիսից սահմանակից էր Սպեր, արևելքից՝ Կարին, հարավից՝ Մանանաղի, արևմուտքից՝ Եկեղյաց գավառներին։ Նշանավոր գագաթներն են Մարիամը, Պախրը, Խաչը, Խալխալը։ Դերջանը հնուց ի վեր հայտնի էր իր արգավանդ վարելահողերով, հացահատիկի ընտիր տեսակների մշակմամբ։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Գրիգոր Ա Լուսավորիչը Դերջանում հիմնել է առանձին եպիսկոպոսություն։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո Դերջանը միացվել է Բյուզանդիային, եղել է Ներքին Հայքի, իսկ 536 թվականի վարչական փոփոխությամբ՝ Առաջին Հայքի կազմում։ Միհր աստծուն նվիրված մեհյաններից մեկը գտնվել է այս գավառի Բագահառինճ գյուղում։ | |
4 | Եկեղյաց | Այլ անվանումներն են Ագիլիսենե, Ագիլիսին, Ակելեսենե, Ակիլեսենե, Ակիլիսին, Ակիլիսինի, Ակիսենե, Ակիսենես, Ակլիսենե, Անաիտիկա, Անահիտի գավառ, Անահտա գավառ, Անահտական, Անահտի երկիր, Անթիսենես, Աջիլիզին, Ասիլիզեն, Ասիկենեսե, Ասկենեսենե, Գավառ Լուսավորչի, Գրիգոր Լուսավորչի գավառ, Եկելեձինե, Եկելեսենե, Եկեղեց գավառ, Եկեղիք, Եկեղյանք գավառ, Եկեղյաց երկիր, Եկլեց, Երիզա գավառ, Էլեկեցի, Էլելեն, Էկելենսենե, Էկլեց, Էկլեցի, Էկկլենսենե, Լեսկենե, Լուսավորիչի գավառ, Կելեսենե, Կելձենե, Կելսենե, Կելտցենք, Կոզլիջան, Հուստինիանուպոլսի գավառ, Չելզինե, Սենե։ Կենտրոնը եղել է Երիզա քաղաքը, որում գտնվել է Անահիտի աստվածուհու տաճարը։ Նշանավոր բնակավայրերից է Թիլ ավանը, որտեղ գտնվել է Նանե աստվածուհու արձանը։ Փռված էր Արևմտյան Եփրատի հովտում (մոտ 40 կմ երկարությամբ և 20 կմ լայնությամբ) և իր տարածքով հիմնականում համապատասխանում է Երզնկայի սարահարթին։ Սահմանները կազմում էին հյուսիսից՝ Անտիպոնտական լեռնաշղթան, արևմուտքից՝ Գոհանամ լեռները (հնում՝ Մանեարք, Սեպուհ), հյուսիսից՝ Մնձուրի լեռնաշղթան, իսկ արևելքից՝ Անտիպոնտական լեռները Բյուրակնի հետ միացնող լեռնաճյուղը։ Նույնպես հայտնի է եղել իր հեթանոսական տաճարներով։ | |
5 | Կարին | Այլ անվանումներն են Թեոդուպոլյաց գավառ, Կառնիֆորա, Կարենիտիս, Կարինիտի, Կարինիտիս, Կարնա գավառ, Կարնո գավառ։ Տեղակայված է Եփրատ գետի վերին հոսանքում։ Կենտրոնը Կարին քաղաքն էր։ Կարին գավառը տարածքով մոտավորապես համապատասխանում էր Էրզրումի դաշտին։ Գավառը հյուսիսից շրջափակված էր Անտիպոնտական, հարավից՝ Այծպտկունք, արևելքից՝ Ծիրանյաց լեռներով։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո գավառը մտնում էր բյուզանդական մասի մեջ և կազմում Ներքին Հայքի գավառներից մեկը։ Հուստինիանոս 1-ինի վերափոխությունից հետո Կարինը գտնվում էր Առաջին Հայք նահանգում։ 6-7-րդ դարերում ունեցել է առանձին եպիսկոպոսություն։ Գավառն օսմանցի թուրքերը նվաճել են 1514 թվականին։ Այն մտնում էր Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի մեջ։ | |
6 | Մանանաղի | Այժմ՝ Շուշար կամ Թեքման։ Ըստ նորագույն բացատրությունների՝ նշանակում է «Մանյան»՝ Մանների երկիր։ Կենտրոնը Կարին քաղաքն էր։ Գտնվում է Եփրատ գետի Մանանաղի (այժմ՝ Թոզլու) վտակի ավազանում։ Հյուսիս-արևելքից սահմանակից էր Այրարատ, արևելքից և հարավ-արևելքից՝ Տուրուբերան, հարավից՝ Չորրորդ Հայք նահանգներին, արևմուտքից՝ Բարձր Հայք, Եկեղյաց, հյուսիսից՝ Դերջան և Կարին գավառներին։ Մակերևույթը հիմնականում հարթավայրային է, հողը՝ արգավանդ։ Նշանավոր են Խաչ և Սմբատա լեռները։ Հարուստ է աղի պաշարներով։ 11-րդ դարում եղել է Թոնդրակյան աղանդավորական շարժման կենտրոններից։ Ուշ միջնադարում կոչվել է նաև Լակզո ձոր, հետագայում՝ Վերին Դերջան։ Աղբյուրներում հիշատակվում են Մանանաղի Վժան, Շիրնի և Սմբատաբերդ բերդաքաղաքները, Ջերմ, Բազմաղբյուր կամ Խաչ ավանները, Կաշե, Աղյուս ագարակները։ | |
7 | Մնձուր | Այժմ՝ Մզուր կամ Գուրուչա։ Կենտրոնը Տանձիկ գյուղն էր։ Արածանի գետի աջակողմյան վտակ Քղի գետի Մնձուր օժանդակի հովտում (այժմ՝ Օվաջղի գավառակ)։ Մզուրի մեծ մասը փռված էր համանուն լեռների լանջերին։ Արևմուտքից սահմանակից էր Փոքր Հայքին, հարավից՝ Ծոփք նահանգին։ Մզուրը կազմել է Եկեղյաց գավառի մի մասը, հետագայում, վերջինիս մասնատման հետևանքով, արդեն հիշատակվել է իբրև առանձին գավառ։ 387 թվականի Մեծ Հայքի բաժանումից հետո գտնվել է Հայաստանի բյուզանդական մասում և մտել Ներքին Հայքի մեջ, որը Հուստինիանոս Ա կայսրի (527-565) վարչական վերափոխությունից հետո շրջակա մի քանի գավառաների հետ կոչվել է Առաջին Հայք, իսկ 7-րդ դարի «Աշխարհացույց»ում՝ Բարձր Հայք։ | |
8 | Շաղագոմք | Այժմ՝ Թորթոմ։ Այլ անվանումն է Շատգոմք։ Կենտրոնը Շաղագոմ գյուղն էր։ Գավառը գտնվել է Տայք նահանգի Ոքաղե գավառից հարավ-արևմուտք՝ Եփրատի վտակ Սարչամայի վերին հոսանքում (այժմ՝ Էրզրումի վիլայեթի Օվաջըկ վիճակ)։ Մովսես Խորենացին այն անվանում է «անապատ և հովանավոր տեղիք»։ Ըստ Խորենացու՝ այստեղ իր առաջին աշակերտներին է ուսուցանել Մեսրոպ Մաշտոցը։ Ղազար Փարպեցի Շաղագոմքը հիշատակում է Վահանանց պատերազմի (481-484) առնչությամբ. Վահան Մամիկոնյանն ամրանալով Շաղագոմքում՝ պայքարել է պարսից զորավար Հազարավուխտի ուժերի դեմ։ Հետագա աղբյուրներում Շաղագոմքի մասին տեղեկություններ չկան։ | |
9 | Սպեր | Այժմ՝ Իսփիր։ Անտիկ հեղինակները՝ սպերը, հիշատակում են Սիսպիրիտիս, Հեսպերիտիս և այլ անվանումներով («սասպեյրներ» ցեղանունից)։ Գավառն ավելի ուշ գտնվել է Արևմտյան Հայաստանի էրզրումի վիլայեթի Ճորոխ գետի վերին հոսանքի շրջանում։ Եղել է Բագրատունիների ժառանգական տիրույթը։ Իշխանանիստ կենտրոնն էր Սպեր բերդաքաղաքը։ Մյուս նշանավոր բերդն էր Բաբերդը։ 20-րդ դարի սկզբին հյուսիսից սահմանակից էր Համշենի և Խոտորջրի, արևելքից՝ Թորթումի, արևմուտքից՝ Բաբերդի և հարավից՝ Էրզրումի գավառներին։ Գավառակի հյուսիսային մասը լեռնային է և անտառապատ, իսկ հարավայինը՝ զգալի հարթավայրային է։ |
Գուգարք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի հյուսիսային սահմանագլուխ տասներեքերորդ նահանգն է։ Հույն պատմիչները հիշատակում են Գոգարեն անվանաձևով։ Նահանգն անունն ստացել է գուգարացիներից, որոնք կազմում էին առանձին ցեղ։ Տիգրան Մեծը, Հայաստանի և Վրաստանի մեջ սահման հաստատելով Կուր գետը, Գուգարք նահանգը դարձրեց բդեշխություն։ 4-րդ դարում Գուգարքը հայկական մյուս ծայրագավառների հետ ապստամբեց, բայց նորից նվաճվեց։ Սակայն նույն դարի վերջերում Գուգարքն անցավ Վրաստանին և մնաց նրա կազմի մեջ մինչև 6-րդ դարը։ Վրացիներն այդ կողմերն անվանում են «Սոմխեթի» (սոմեխի նշանակում է հայ)։ 652 թվականի հայ-արաբական պայմանագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ 8-րդ դարում Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, 9-րդ դարի կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970 թվականներին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065 թվականին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ 11-րդ դարի վերջին և 12-րդ դարի սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123 թվականներին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը` 1177 թվականին վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185 թվականից՝ Զաքարյաններին։ 12-13-րդ դարերում Գուգարքում կալվածքներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, փայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։ Կազմված էր 14 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Արտահան | Այլ անվանումներն են՝ Արտահանք, Արտան(ի)։ Կենտրոնը եղել է Արդահան քաղաքը։ Արտահանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը Վարձունյաց խաչ վանական համալիրն էր։ Տարածքը (5700 կմ2) հիմնականում հարթավայրային է, բայց բարձրադիր (2000-2500 մ), իսկ լեռների զգալի մասը լերկ է, Կուր գետի վերին հոսանքի ավազանում` նույնանուն քաղաքի շրջանում, լեռներից քչերն են անտառածածկ։ Արշակունիների թագավորության անկումից հետո (428) մերթ մտել է Հայաստանի, մերթ Վրաստանի կազմի մեջ։ Ըստ վրաց աղբյուրների` Արդահանի սահմաններն Էին՝ հարավից Էրուշեթ, արմևմուտքից՝ Շավշեթ, արևելքից` Չուխուրեթի և Ջավախք։ Ընդգրկում էր Գչոլեի (պատմական Կող) ընդարձակ սարահարթը, որտեղ Կուրի ակունքներն են։ Վերջինս հոսելով այդ սարահարթով՝ անցնում է ամբողջ գավառը հարավ-արևմուտք-հյուսիս-արևելք ուղղությամբ և դուրս է գալիս Ախալքալաքի սահմանները։ Ըստ թուրքական 14–16-րդ դարերի աղբյուրների՝ Արդահանը թուրքական վարչական բաժանմամբ եղել է Չըլդըրի նահանգի գավառներից մեկը։ | |
2 | Բողնոփոր | Գավառը գտնվում է Գաջենագետի (այժմ` Մաշավերա) վտակ Բոլնիս գետի ձորահովտում։ Կենտրոնը Բոլնիս (Բողնիս) ավանն էր (հետագայում` Բոլնիս-Խաչեն գյուղը)։ 363 թվականից հետո միացվել է Վրաց աշխարհին։ Բողնոփորը, ըստ երևույթին, Գուգարաց բդեշխության կենտրոնական գավառն էր, որտեղ պիտի գտնվեր բդեշխների նստավայր Ցուրտավ կամ Գաջենք քաղաքը, որը տեղադրվում է Գաջենագետի (վրացերեն` Քցիա) միախառնման տեղում (այժմյան Բոլնիսի Արուխլո գյուղի մոտ)։ | |
3 | Թռեղք | Կենտրոնը եղել է Ծալկա քաղաքը։ Թռեղք գավառի աշխարհագրական դիրքը համընկնում է ներկայիս Վրաստանի` Ծալկայի մունիցիպալիտետի տարածքին։ Այն Մեծ Հայքի ամենահյուսիսային գավառն էր։ Հարավ-արևմուտքից սահմանակից էր Վերին Ջավախք, արևելքից` Մանգլեաց Փոր, հարավից` Կանգարք գավառներին, իսկ հյուսիսից` վրացական Քարթլի պատմաաշխարհագրական մարզին։ Թռեղքի հյուսիսային բնական սահման էր Թրիալեթի լեռնաշղթան։ Թրիալեթի լեռնաշղթայից սկիզբ է առնում Խրամ գետը։ Պատմական աղբյուրներում այս գավառն հաճախ անվանել են «Երկիրն Թռեղեաց» կամ «Ծաղկայ»։ Ամենահնագույն հիշատակությունը պահպանել է Պլինիոս Ավագը` vegio Thrire «Թրիար» ձևով, որից առաջացել է «Թռել-ք», «Թռեղ-ք» արտասանական ձևը։ Այստեղ էր Ցուրտավ քաղաքում նստող բդեշխների ամառանոցը։ Թռեղքում է գտնվում նաև Թրիալեթ հուշարձանախումբը։ | |
4 | Ծոբոփոր | Այլ անվանումն է Ծոփոփոր։ Կենտրոնը եղել է Ծոփաբերդը։ Ծոբոփոր գավառն ընդգրկում էր Ձոբաց (այժմ` Շուլավեր) գետի հովիտը` մինչև Ձորագետի (Դեբեդ) ստորին հոսանքը, շուրջ 450 կմ² տարածությամբ։ Կենտրոնն էր Ծոբ (Ծոփ) ամրոցը, որի անունով կոչվել է գավառը։ Այն միջնադարյան աչքի ընկնող հուշարձաններից մեկն է։ Ծոբոփորում էր գտնվում Հյուսիսային Հայաստանի պղնձահանության կենտրոն Պղնձահանքը (այժմյան Ախթալայից հյուսիս գտնվող հանքավայրը)։ 627 թվականի պարսկական արշավանքի ժամանակ բյուզանդական կայսր Հերակլը Ծոբոփորում հիմնադրել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (ներկայիս Ախթալայի վանքը)։ | |
5 | Կանգարք | Կենտրոնը եղել է Կեչուտ գյուղը։ «Աշխարհացույց»-ում Կանգարքը հիշատակվում է որպես Գուգարքի 6-րդ գավառ։ Այն զբաղեցնում էր Ոսկեպար գետի ձորահովիտը (հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանները) և Մթին (Մթնասար) լեռնաշղթայով սահմանակցում էր Ձորոփոր գավառին։ Համաձայն Մովսես Խորենացու` Կանգարքը` Ջավախքի մի մասի, Կողբափորի, Ծոբոփորի և Ձորափորի հետ, որպես ժառանգություն ստացել են Շարայի հետնորդները։ Արշակունյաց թագավորական շրջանում (1-4-րդ դարեր) Գուգարաց բդեշխության կազմում էր և պատկանում էր տեղական փոքր նախարարական տոհմին։ 7-րդ դարի վերջին այն նվաճել են արաբները, 9-րդ դարում Գուգարքի արևելյան գավառների հետ Կանգարքը միացվեց հայ Բագրատունիների ոստանին, 10-11-րդ դարերում Կյուրիկյան թագավորության կազմում էր։ | |
6 | Կղարջք | Գավառի կենտրոնն էր Արտանուջ բերդաքաղաքը[13]։ Հայտնի է որպես Կլարջեթ (վրաց.՝ კლარჯეთი, [kˈlɑrdʒetʰiː]), Կաղարջք, Կալարջք, Կլարջք, Կլարճք (հուն.՝ Καλαρ΄ξηνη, Καταρζηνη΄, վրաց.՝ Կղարջեթի, արաբ.՝ Qaearîτt), միջնադարյան Վրաստանի նահանգների մեկն էր, որն այժմ համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության Արդվին մարզին։ Կլարջեթին և հարակից Տայք (վրացիների մոտ հայտնի է որպես Տաո) ու մի քանի այլ պատմական շրջանները հարուստ պատմություն և մշակույթ ունեցող մեծ տարածաշրջան էին կազմում, որն այժմ վրացիներն անվանում են Տաո-Կլարջեթ։ Նույնացվում է ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող Կատարզա և հին հայկական Գոդերձական տուն գավառին։ Մ.թ.ա. 8-րդ դարի սկզբից ընդգրկվել է Ուրարտու թագավորության, ապա Մեծ Հայքի կազմում։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո մտել է Վրաց մարզպանության մեջ։ Կղարջքում շարունակել է իշխել հայ նախարարական տներից մեկը, որի ավագը ժառանգաբար կրում էր «Տանուտեր Կղարջքի» տիտղոսը, իսկ գավառը կոչվում «տանուտիրություն Կղարջից»։ Դժվարամատույց լեռներով ու անտառներով պատված՝ Կղարջքը 7-8 դարերին եղել է արաբական հալածանքներից փախչող հայերի` համեմատաբար ապահով ապաստանը։ | |
7 | Կողբափոր | Կողբ գետի հովտում[11]։ Գավառի կենտրոնն էր Կողբաքար բերդաքաղաքը։ 7-րդ դարի «Աշխարհացույց»-ում հիշատակվում է որպես Գուգարքի 3-րդ գավառ։ Տարածքը համապատասխանում է Հայաստանի Նոյեմբերյանի շրջանին։ Արշակունիների օրոք պատկանում էր տեղական Փոքր նախարարական տանը։ 10-11-րդ դարերում եղել է Լոռու թագավորության, իսկ 12-13-րդ դարերում՝ Զաքարյանների իշխանության կազմում։ | |
8 | Ձորափոր | Այլ անվանումն է Կայան։ Տեղակայված էր Աղստև գետի միջին հոսանքում, համապատասխանում էր վաղ միջնադարի Զորոփոր գավառին։ Անունն առաջացել է Կայան բերդի անունից։ Զաքարյանների իշխանության օրոք նախ պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, ապա՝ Իվանե Զաքարյանի ավատատիրական տանը։ 12-13 դարերում եղել է հայ մշակույթի ու գիտության խոշոր կենտրոններից մեկը։ Այստեղ կառուցվել են նշանավոր ճարտարապետական համալիրներ՝ Նոր Գետիկի, Հաղարծնի, Մակարավանքի, Առաքելոց, Կիրանց, Դեղձնուտի և այլ վանքեր ու եկեղեցիներ։ Կայանում ապրել ու ստեղծագործել են Մխիթար Գոշը, Խաչատուր Տարոնեցին, Գետիկի վանքում ուսանել է Կիրակոս Գանձակեցին։ Մտավոր-ստեղծագործական կյանքի հետագա զարգացումը Կայանում կասեցվել է մոնղոլական նվաճման և հայկական ֆեոդալական իշխանությունների կազմալուծման պատճառով։ Ուշ միջնադարում գավառը կոչվել է Ղրաղի ձոր։ | |
9 | Մանգլյաց փոր | Մանգլյաց փոր գավառի աշխարհագրական դիրքը մոտավորապես համընկնում է ներկայիս Վրաստանի Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետին։ Ամենայն հավանականությամբ այն գտնվել է Ալ գետի ձորահովտում։ Այժմ այդ վայրում գտնվում է Մանգլիս քաղաքատիպ ավանը։ Այստեղ է գտնվում Մանգելաց Սուրբ Խաչ վանքը։ | |
10 | Ներքին Ջավախք | Այստեղ է գտնվում Թմկաբերդը։ | |
11 | Շավշեթ | Գավառի կենտրոնն էր Շատբերդ քաղաք-ամրոցը։ | |
12 | Վերին Ջավախք | Կենտրոնն Ախալքալաք քաղաքն է։ Մեզ հասած ամենահին գրավոր տեղեկությունները Ջավախքի մասին (որտեղ այն նշվում է որպես "Զաբախաե"/"Զաբախա") մ.թ.ա. 8-րդ դարի ուրարտական արքա Արգիշտի Ա-ի կողմից կատարված Խոռխոռյան արձանագրությունն է[14]։ Ներկայումս Ջավախք գավառը մտնում է Վրաստանի կազմի մեջ, որտեղ սակայն մինչև այսօր մեծամասնություն կազմում են հայերը։ | |
13 | Տաշիր | Կենտրոնը Լոռու բերդն է։ Տաշիր գավառն ընդգրկել է Ձորագետ, Փամբակ, Դեբեդ (վերին և միջին հոսանքը) գետերի ավազանները։ Համապատասխանում է ներկայիս Լոռու մարզի Տաշիրի (նախկին Կալինինոյի), Ստեփանավանի, Գուգարքի և մասամբ Թումանյանի շրջանների տարածքին։ Հյուսիսային սահմանագիծը Վիրահայոց լեռներն էին, հարավայինը` Հալաբի լեռնաշղթան։ Արևմուտքում Շիրակից բաժանվում էր Բազումի լեռնաշղթայով, արևելքում տարածվում էր մինչև Գուգարաց լեռնաշղթան։ Մ.թ.ա. 8-րդ դարից եղել է Ուրարտուի, ապա Երվանդունիների (մ.թ.ա. 6-2-րդ դարեր) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 2-1-ին դարեր) պետության կազմում։ Արշակունյաց թագավորության օրոք (1-5-րդ դարեր) Գուգարքի բդեշխների կալվածն էր։ Արշակունյաց թագավորության անկումից հետո (428), երբ Պարսից արքունիքը նվաճված Հայաստանը, Վիրքը, Աղվանքը և Ատրպատականը միավորել է մեկ վարչական միավորի` Հյուսիսային կամ Կապկոհ (Կովկասյան) քուստակի կազմում, Տաշիրը Գուգարքի հետ մտել է Վրաց մարզպանության մեջ։ | |
14 | Քվիշափոր | Այլ տեղեկատվություն չկա գավառի վերաբերյալ։ |
Ծոփք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է նաև Չորրորդ Հայք անվամբ։ Մեծ Հայքի երկրորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Բարձր Հայք, հարավից՝ Աղձնիք, արևելքից՝ Տուրուբերան նահանգներին, արևմուտքից՝ Փոքր Հայքին։ Արածանի գետով բաժանվում էր երկու մասի, որոնցից հարավայինը կոչվում էր Մեծ Ծոփք, հյուսիսայինը՝ Փոքր Ծոփք։ Հավաստի պատմության սկզբներում այս նահանգը կարևոր դեր է կատարել որպես նահանգ, որտեղ կազմակերպվել է Հայաստանի քաղաքական անկախությունը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Ծոփքի տարածքում ձևավորվել են առաջին ցեղային միավորումները։ Խեթական թագավոր Սուպիլուլիումա I–ի արձանագրություններում հիշատակվում է Ծոփքի միասնական իշխանության մասին, որը ընդդիմացել է խեթական հզոր պետության։ Մ.թ.ա. 13-9-րդ դարերում, պարբերաբար ենթարկվելով Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քարորդից Ծոփքը, ընդգրկելով Վանի թագավորության կազմում, նոր վերելք է ապրել։ Մ.թ.ա. 5-րդ դարի սկզբից Ծոփքը եղել է Երվանդունիների հայկական պետականության կազմում։ Աշխարհագրականորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին՝ Ծոփքն ապրել է տնտեսական և մշակութային նոր առաջընթաց։ Մ.թ.ա. 3-րդ դարի կեսին Ծոփքը Սելևկյան պետության միջամտությամբ անջատվել է Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն։ Նույն դարի վերջին Անտիոքոս III Մեծը նվաճել է Ծոփքը և դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այստեղ ստրատեգոս կարգելով Զարեհին։ Հռոմի դեմ Մագնեզիայի ճակատամարտում Անտիոքոս III Մեծի պարտություից հետո Զարեհը Ծոփքը կրկին հռչակել է անկախ թագավորություն։ Արտաքին քաղաքականության հարցերում Զարեհը դաշնակվել է Մեծ Հայքի թագավորին՝ Արտաշես Ա–ին։ Զարեհին հաջորդել է Արկաթիասը, որը հիմնել է նոր մայրաքաղաք Արկաթիակերտը։ Արկաթիոսը սպանվել է Սելևկյան Անտիոքոս IV թագավորի դեմ կռվում։ Ծոփքի գահն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝ Արտանեսին։ Մ.թ.ա. 94-ին Տիգրան Բ Մեծը հաղթել է Արտանեսին և Ծոփքը վերամիավորել Մեծ Հայքին։ 7-9-րդ դարերում Ծոփքը դարձել է արաբա–բյուզանդական պատերազմների ասպարեզ և գտնվել տարբեր տերությունների կազմում։ 9-րդ դարում Ծոփքի արևելյան գավառներն անցել են հայ Բագրատունիներին, իսկ արևմտյան գավառները՝ մտել Բյուզանդիայի Միջագետք բանակաթեմի մեջ։ 1555 և 1639 թվականներին Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքված պայմանագրով Ծոփքը զավթել են օսմանյան թուրքերը։ Ծոփքի հայությունը բնաջնջվել է 1915 թվականին տեղի ունեցած Մեծ եղեռնի ժամանակ։ Կազմված էր 8 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Անձիտ | Գավառի կենտրոնն էր Անձիտ բերդը, որը գտնվում էր Խարբերդ քաղաքից հարավ-արևելք, սարահարթի վրա, այժմյան Թիլ-Էնզիտ գյուղի տեզում, ուր նշմարվում են միջնադարյան Անձիտի ավերակները։ Գտնվում էր Արածանի գետի ստորին հոսանքում, հարավային ափին։ Ընդգրկում էր Խարբերդի դաշտի մեծ մասը։ հարուստ էր ամրոցներով և բերդերով։ Ասուրա-բաբելական աղբյուրներում հիշատակվում է Էնզիտու ձևով։ Անձիտով էր անցնում Տիգրիսի հովտով ձգվող Պարսից Արքայական ճանապարհը։ Անձիտում էին գտնվում Անձիտ, Խարբերդ, Էլեգիա բերդերը, Հռանդեա վայրը, որտեղ 62 թվականին հայ-պարթևական միացյալ ուժերը հաղթեցին հռոմեացիներին։ Գավառում հայտնի էր Անձտեացիների նախարարական տոհմը։ Մեծ Հայքի թագավորության 387-ի բաժանումից հետո Անձիտը դարձավ Բյուզանդիային ենթակա հինգ սատրապություններից մեկը՝ Անզետենե անունով։ | |
2 | Բալահովիտ | Գավառի կենտրոնն էր Արշամշատ քաղաքը։ Այլ անվանումներն են Արշամաշատ, Բալաբիտենա, Բալաբիտենե, Բալախահովիտ, Բալախոհովիտ, Բալախոյվիտ, Բալախովիտ, Բալահովիտք, Բալավիտենա, Բալավիտենե, Բալիձոր, Բալիոբիտա, Բալիսբիգա, Բալիսբիտա, Բալովիտենա, Բալու, Բալու Հովիտ, Բաղախոհովիտ, Բաղահովիտ, Բաղահովիտք, Բալիբիթենե, Բալաբիտենե, Բալիբետինե, Խոզան, Խոզանա գավառ, Խոզնա գավառ, Պալու։ Տարածվում էր Արածանի գետի ստորին հոսանքի շրջանում՝ նրա աջակողմյան վտակ Պաղին (Փերի) գետի միախառնման շրջանում։ Հարավում սահմանակից էր Պաղնատուն, արևմուտքում՝ Խորձյան գավառներին։ 377-378 թվականներին Բալահովիտը հռոմեացիները միացրել են Հաշտյանք գավառի հետ։ 6-րդ դարում բյուզանդական տիրապետության ժամանակ երկուսն էլ մտնում էին Նախարարական (կամ Սատրապական) Հայաստանի մեջ և համարվում էին ինքնավար իշխանություններ կամ պարզապես ժողովուրդներ՝ Բալաբիտենե կամ Բալաբիտենա անվամբ։ Հռոմեական պատմիչ Պոլիբիոսը (մ․թ․ա․ 3-2-րդ դարեր) Բալահովիտն անվանել է «գեղեցիկ դաշտ»։ Ունի հարթ մակերևույթ, արգավանդ հողեր, համապատասխանում է օսմանյան Խարբերդի նահանգի Բալուի գավառակին։ | |
3 | Գավրեք | Գավառի կենտրոնն էր Լուսաթառիճ քաղաքը։ Լուսաթառիճն ուներ Սուրբ Հակոբ անունով եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էր Քառասուն Մանկունք ավերված վանքը։ Սուրբ Հակոբ եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան[15]։ Այլ տեղեկատվություն գավառի մասին բացակայում է։ | |
4 | Դեգիք | Գավառի կենտրոնն էր Կռնի բերդ բերդաքաղաքը։ Այլ տեղեկատվություն գավառի մասին բացակայում է։ | |
5 | Խորձեան | Գավառի կենտրոնն էր Կողոբերդ բերդաքաղաքը։ Գտնվում է Արածանի գետի Գայլ վտակի հովտում։ 7-րդ դարի «Աշխարհացույց»-ում հիշատակվում է որպես նահանգի առաջին գավառ։ Մինչև 13-րդ դարը կոչվել է Խորձյան, իսկ դրանից հետո՝ Կեղի (այժմ՝ Քղի, տարածքը համապատասխանում է այժմյան Քղիի գավառին)։ Կենտրոնն էր Կողոբերդը կամ Կեղին՝ Քղին։ Խորձյանը սահմանակից էր հյուսիսից Բարձր Հայքի Մուզուր, Մանանաղի, հարավից և հարավ-արևմուտքից՝ Չորրորդ Հայքի Պաղնատուն, Հաշտյանք, Տուրուբերան, Արշամունիք և Մարդաղի գավառներին։ Ունի խիստ լեռնային մակերևույթ։ Հյուսիսային մասով ձգվում են Գայլախոզուտի լեռները Պախր գագաթով (3282 մ)։ Խորձյանով է հոսում Գայլ գետը, որը սկիզբ է առնում Խաչդաղ և Խալխալ լեռների հարավային լանջերից և Խարբերդի մոտ թափվում Արածանիի մեջ։ Խորձյանը հետագայում բաժանվել է երկու մասի՝ Վերի Քղի և Վարի Քղի։ Վանքերից նշանավոր էին Սուրբ Կիրակոսը՝ Աստղաբերդ գյուղի մոտ, Սուրբ Փրկիչը՝ Սերկևլիկ գյուղի մոտ։ Գլխավոր ուխտատեղի էր համարվում Սուրբ Լույս լեռն իր քարայրներով։ Խորձյանի պատմական վայրերից հայտնի է Արտալես բերդը (գրվում է նաև Արտալեսոն ձևով)։ Այն գտնվում էր Քղիից հարավ, Գայլ գետի աջ ափին, որտեղով անցնում էր Հայաստանի առաջին բաժանման (387) սահմանը։ Այդ պատճառով Հուստինիանոս կայսրն առանձնակի ուշադրություն է դարձրել նրա ամրացման վրա։ | |
6 | Հաշտյանք | Գավառի կենտրոնն էր Կթառիճ բերդաքաղաքը։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Խորձյան, արևելքից՝ Տարոն, արևմուտքից՝ Պաղնատուն և Բալահովիտ գավառներին, հարավից ձգվում էր մինչև Հայկական Տավրոս լեռնաշղթան և Կղեսուրի լեռնանցքը։ Ընդգրկում էր Արևմտյան Տիգրիսի հյուսիսարևելյան ակունքների շրջանը, ինչպես նաև Արածանիի միջին հոսանքի ու նրա Գինեկ վտակի հովիտները։ Վաղ միջնադարում Հաշտեանքի բնակավայրերից հիշատակվում են Հանդիսյանքը, Ոլորը (այժմ՝ Օլոր), Շտյան կամ Ողինը (այժմ՝ Օղնուտ), Մուշեղան (Մուշեղամարդ), Գիրեհը (Կրեհ), Ալվարը։ Հաշտեանքը եղել է հայ Արշակունիների սեպուհների ժառանգական տիրույթը։ 5-6-րդ դարերում բյուզանդական տիրապետության ներքո այն կազմել է Սատրապական Հայք վարչամիավորման հինգ սատրապություններից (նախարարություններ) մեկը։ Հաշտեանքի սատրապն իշխել է ժառանգական իրավունքով, ունեցել սեփական ռազմական ուժեր, ինքնուրույն վարչություն և Բյուզանդիան չի միջամտել նրա ներքին գործերին։ 479 թվականին, Սատրապական Հայքի ապստամբությունը ճնշելուց հետո, Զենոն կայսրը Հաշտեանքի իշխանին ևս զրկել է ժառանգաբար կառավարելու իրավունքից։ Հուստինիանոս I կայսրը 536 թվականին հրովարտակով վերացրել է Հաշտեանքի ներքին ինքնավարությունը, Սատրապական Հայքը վերածել բյուզանդական Չորրորդ Հայք նահանգի՝ Մարտիրոսուպոլիս կենտրոնով։ Բյուզանդական և պարսկական տիրապետությունների սահմանագծին գտնվող Կթառիճ բերդաքաղաքը (նույնանուն է այժմյան Ճապաղջուր ավանին) վերածվել է զորակայանի։ 7-րդ դարի կեսին Հաշտեանքն ազատագրվել և միացվել է առժամանակ անկախացած Հայաստանին։ 8-9-րդ դարերում տիրել են արաբական զավթիչները։ 9-րդ դարի վերջից այն մտել է Բագրատունիների թագավորության մեջ։ 11-րդ դարի կեսից Հաշտեանքին տիրել են բյուզանդացիները, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, 16-րդ դարից՝ օսմանյան թուրքերը։ Հաշտեանքի (համապատասխանում էր Բիթլիսի նահանգի Ճապաղջրի գավառակին) հայերը գրեթե լիովին բնաջնջվել են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ։ | |
7 | Պաղնատուն | Տեղակայված է եղել Արածանու Պաղին վտակի ավազանում[11]։ Այստեղ է գտնվել նաև Արղանա-Մադեն քաղաքը։ Կոչվել է իր գլխավոր բերդերի՝ Պաղինի ու Խոզանի անուններով։ Հարավից սահմանակից էր Բալահովիտ, արևելքից՝ Հաշտյանք, հյուսիս-արևելքից՝ Խորձյան, հյուսիս-արևմուտքից՝ Մնձուր (Մուզուր), արևմուտքից՝ Ծոփք Շահունյաց գավառներին։ Ունի բարեբեր դաշտեր և ոսկու պաշարներ։ Մեծ Հայքի բաժանումից (387) հետո Պաղնատունն անցել է Բյուզանդական կայսրությանը (մտել է Ներքին Հայք կուսակալության մեջ՝ որպես ինքնավար իշխանություն)։ 7-9-րդ դարերի ընթացքում գտնվել է բյուզանդական և արաբական նվաճողների տիրապետությունների ներքո։ 9-11-րդ դարերում մնացել է Բյուզանդիային, 1071 թվականից տիրել են սելջուկյան թուրքերը։ 19-րդ դարի վերջից մտել է Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառակի (կազա) մեջ։ Տարածվում է Խորձյանից հարավ՝ Արածանու աջ կողմում։ Գավառի նշանավոր վայրը եղել է Պաղին բերդը, որը գտնվել է այժմ ավերակ դարձած Պաղին գյուղի տեղում։ Պաղինը եղել է հին Հայաստանի ամուր բերդերից մեկը։ Այս գավառից է եղել Հովսեփը, որը Սահակի և Մեսրոպ Մաշտոցի կողմից արտասահման կրթության ուղարկված «առաջին թարգմանիչներից» մեկն էր։ | |
8 | Փոքր Ծոփք | Այլ անվանումներն են Շահունյաց Ծոփք, Ծոփք Վերին, Մյուս Ծոփք։ Տեղակայված է եղել Արածանու ստորին հոսանքի աջ կողմում։ Հնում մտել է Ծոփքի, ապա՝ Նախարարական Հայքի կազմի մեջ։ Մոտավորապես համապատասխանել է Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառի Չմշկածագի, Խոզաթի և Մեծկերտի շրջաններին։ Արածանիով բաժանված էր Մեծ Ծոփքից։ Վանի թագավորության արձանագրություններում հիշատակվում է Ծուպանի ձևով։ Հնում մտել է Ծոփքի թագավորության մեջ՝ կազմելով նրա կենտրոնական մասը, որտեղ գտնվում էր Ծոփքի սրբավայրը՝ Հերապոլիսը (այժմ՝ Չմշկածագ)։ Ծոփքի թագավորության կազմից նրա կենտրոնական մասում գտնվող Անձիտ գավառի անջատումից հետո Ծոփքը բաժանվել է հյուսիսարևմտյան և հարավարևելյան մասերի, որոնցից առաջինը հայտնի է դառնում Փոքր Ծոփք անունով։ Այստեղ տիրող Շահունի թագավորական հարստության անունով կոչվել է նաև Շահունյաց Ծոփք։ Բյուզանդական աղբյուրները Փոքր Ծոփքը շարունակում են կոչել Ծոփքի ընդհանուր անունով՝ Սոֆենա կամ Սոֆենե։ Ասորիները Ծոփքի այս մասը կոչում էին Սոֆ, իսկ Մեծ Ծոփքը՝ Սոֆանենա կամ Սոֆանենե։ Այս անունների տարբերակումը երկար ժամանակ հաստատուն չի եղել։ |
Կորճայք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի վեցերորդ նահանգը՝ Արևելյան Խաբուր և Մեծ Զավ գետերի վերին հոսանքների շրջանում։ Արևելքից ձգվել է մինչև Զագրոսի լեռնաշղթան, արևմուտքից՝ Տիգրիս գետը։ Հարավից սահմանակից էր Ադիբենեին (Ասորեստան), արևմուտքից՝ Հայոց Միջագետք, հյուսիս-արևմուտքից՝ Աղձնիք, հյուսիսից՝ Մոկք և Վասպուրական, արևելքից՝ Պարսկահայք նահանգներին։ Աղբյուրներում Կորճայքը հաճախ իր ամենաընդարձակ գավառի՝ Կորդուքի անունով կոչվել է «Կորդվաց աշխարհ»։ Արտաշես Ա-ի օրոք (մ.թ.ա 189-160) հայկական հողերի վերամիավորումից հետո Կորճայքը մտել է Մեծ Հայքի մեջ, Արշակունիների ժամանակ եղել Մեծ Հայքի չորս բդեշխություններից կամ սահմանակալ զորաթևերից մեկը, որի բդեշխը, ըստ Ագաթանգեղոսի, կոչվել է «Երկրորդ սահմանակալն յԱսորեստանեայց կողմանէն»։ Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև Մեծ Հայքի 387 թվականի բաժանումից հետո Կորճայքը անջատվել է։ 5-6-րդ դարերում Սասանյան Պարսկաստան Կորճայքը միացրել է Ադիաբենե-Հեդայաբին և մտցրել Խորավարան քուստակի մեջ։ Սակայն այդ վարչաքաղաքական բաժանումը չի խոչընդոտել Կորճայքի և կենտրոնական Հայաստանի ազգային միասնությանը, տնտեսական և մշակութային կապերին, մանավանդ, որ Կորճայքը կրոնա-եկեղեցական առումով մնում էր Հայոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանության ներքո։ Այդ դարերում հայերի կողքին Կորճայքում հաստատվել էին զգալի թվով ասորական, հատկապես՝ նեստորական համայնքներ։ Արաբական տիրապետության ժամանակ Կորճայքի զգալի մասը մտել է Զազիրա կուսակալության մեջ։ 9-րդ դարում Տմորիքի հյուսիսային մասը՝ Ալկի կամ Ալկեքար ամրոցով, և Մեծ Զավի հովտի գավառները՝ Ջլմար, Սրինգ և Ագարակ ամրոցներով, մտել են Վասպուրականի Արծրունյաց իշխանության կազմում։ Սելջուկյան նվաճումների ժամանակ Կորճայքի հարավային շրջաններում գերիշխող են դարձել քրդական վաչկատուն ցեղերը։ Որոշ ուսումնասիրություներ «քուրդ» անվան ծագումը կապում են «Կորճայք» կամ «Կորդուք» անունների հետ։ Այլ ուսումնասիրողներ մերժում են այդ ենթադրությունները՝ պատճառաբանելով, որ հասարակական զարգացման համեմատաբար ցածր մակարդակում ապրող վաչկապուն ու խաշնարած քրդերը ցեղակցական որևէ կապ չեն ունեցել բարձր քաղաքակրթության հասած, երկրագործ կորճայեցիների կամ կորդվացիների հետ։ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Կորճայքը մտել է Վանի փաշայության՝ Հեքյարի սանջակի, իսկ նրա Կորդուք գավառը՝ Դիարբեքիրի վիլայեթի մեջ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ՝ հայերի ու ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորճայքը հիմնականում դարձել է քրդաբնակ։ Կազմված էր 11 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Այգարք | Համաձայն ավանդազրույցների՝ այստեղ ապրել են խարգայցիները, որից առաջացել է գավառի անվանումը[16]։ Շատ քիչ տեղեկատվություն կա այս գավառի վերաբերյալ։ | |
2 | Այտրվանք | Այլ անվանումն է Այտրուանք։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
3 | Կարթունիք | Գավառի անունը հիշեցնում է Զագրոս լեռների արևմտյան փեշերին գտնվող Կատունի գյուղը։ Կարթունիք անունն առաջացել է բաբելոնացիների և Բաբելոն անվան «Կարդունիաշ» ձևից։ Գավառի տարածքը կազմել է շուրջ 550 կմ²։ 7-րդ դարի «Աշխարհացույց»-ում հիշատակվում է որպես Կորճայքի 9-րդ գավառ։ Այս գավառից են ծագում Զաքարյանների նախնիները։ | |
4 | Կորդուք | Հայոց հարավային սահմանագավառը։ Կար ավանդություն, որի համաձայն Նոյյան տապանը կանգ է առել Կորդվաց բարձր լեռներում։ Գավառի բնակիչները հայտնի են եղել Կորդուք անունով։ Հյուսիսում Արևելյան Տիգրիս գետով բաժանված էր Մոկք նահանգից և գրավում էր Արևելյան Տիգրիս ու Խաբուր-սու (Տիգրիսի ձախակողմյան վտակ) գետերի միջև ընկած լեռնային շրջանները։ Գտնվել է Տիգրիս, Ջերմ և Արևելյան Խաբուր գետերի միջև։ Արևմուտքից սահմանակից էր Հայոց Միջագետքին, հյուսիս-արևմուտքից՝ Աղձնիք, հյուսիսից Մոկս նահանգներին, արևելքից՝ Կորճայքի Տմորիք գավառին, հարավից՝ Ադիաբենեին (Ասորեստան)։ Հունահռոմեական պատմիչները Կորդուքի բնակավայրերից հիշատակում են Փինակա (այժմ՝ Փինիկ գյուղ), Սարիսա և Սիդալագա բերդաքաղաքները։ «Աշխարհացույցում» հիշատակվում է Կորդուքի Թման ավանը (Հռիփսիմեանց պատմության մեջ՝ Թմնիս, ասորերեն՝ Թեմանոն, արաբերեն՝ Թամանոն, այժմ՝ Թմնին գյուղ)։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության ժամանակ (մ.թ.ա. 2-րդ-մ.թ. 4-րդ դարեր) Կորդուքի իշխանը եղել է Հայաստանի հարավային զորաթևի կուսակալը՝ բդեշխը։ Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում (1-4-րդ դարեր) Կորդուքում հաստատվել են ասորական համայնքներ։ 640 թվականին Կորդուքը գրավել են արաբները։ Արաբական և սելջուկյան նվաճումներից (11-րդ դար) հետո Կորդուքում հաստատվել են քրդական վաչկատուն աշիրաթներ։ | |
5 | Ճահուկ | Այստեղ են գտնվել Ճահուկ, Սմբատաբերդ և Ջլմար ամրոցները։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
6 | Միջին Կորդրիք | Նախկինում եղել է Տմորիք գավառի կազմում՝ որպես ենթագավառ։ Գավառի կենտրոնը եղել է Թման գյուղաքաղաքը։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
7 | Մոթողանք | Գավառի կենտրոնը եղել է Սրինգ բերդը, որը հիմնադրվել է Արտաշեսյանների ժամանակներում (հիշատակվում է մ․թ․ա․ 2-րդ դարի դեպքերի կապակցությամբ)։ Միջին դարերում այն վերակառուցել և իրենց հարավային կարևոր ռազմակայանն են դարձրել Վասպուրականի Արծրունիները։ Սրինգն առանձնահատուկ նշանակություն է ունեցել արաբական բռնակալների դեմ 9-րդ դարում հայերի ազատագրական կռիվների ժամանակ։ 851-852 թվականներին, երբ արաբ ոստիկան Բուղայի զորքերը ներխուժել էին նաև Վասպուրական, գահերեց իշխան Աշոտ Արծրունին, Սրինգի պաշտպանությունը հանձնարարելով բերդապահներին, ամրացել է Նկան բերդում։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
8 | Ներքին Կորդրիք | Նախկինում եղել է Տմորիք գավառի կազմում` որպես ենթագավառ։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
9 | Որսիրանք | Ընկած էր Տիգրիս գետի ձախակողմյան վտակ՝ Մեծ Զաբի Որսիրանց (այժմ՝ Գավառ կամ Նեհիլ) վտակի հովտում։ Գավառի տարածքում էին գտնվում Թվայ գյուղը և Արյան լիճը։ Վասպուրականի զորքերը 852 թվականին մեծ դիմադրություն են ցույց տվել Բուղայի բանակին, որն Արաբական խալիֆայության կողմից ուղարկված էր՝ Հայաստանում, Վրաստանում և Աղվանքում ծավալված ժողովրդա-ազատագրական ապստամբությունները ճնշելու[17]։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանումից հետո Որսիրանքը Կորճայքի հետ անցել է Սասանյան Պարսկաստանին։ 7-9-րդ դարերում մտել է արաբական Ջազիրա կուսակալության մեջ։ 9-րդ դարում Արծրունիներն այն ազատագրել են նվաճողներից և միացրել իրենց տիրույթներին։ 11-րդ դարի կեսից դարձյալ անցել է օտար նվաճողներին։ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո կազմել է Վանի փաշայության Հեքյարի սանջակի Գավառ Նահիեն։ | |
10 | Վերին Կորդրիք | Նախկինում եղել է Տմորիք գավառի կազմում՝ որպես ենթագավառ։ Գավառի կենտրոնը եղել է Ալեքար ամրոցը։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
11 | Փոքր Աղբակ | Արևելքից հարևան էր Վասպուրականի Մեծ Աղբակ գավառին։ Գավառը հայտնի է իր Ջլմար և Սրինգ բերդերով։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ |
Մոկք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի հինգերորդ նահանգը։ Հայտնի է նաև Մոկս անվամբ։ Հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Վասպուրականի, արևմուտքից՝ Աղձնիքի, հարավից՝ Կորճայքի հետ։ Նահանգի կենտրոնն էր Մոկս բերդաքաղաքը։ Հանդիսանում է Մեծ Հայքի հարավային ծայրագավառ։ Այստեղ տարածվում են Տավրոսի լեռները։ Լեռներով ու ամրություններով հարուստ նահանգ է։ Նրա մասին շատ քիչ տեղեկատվություն կա։ 451 թվականի Ավարայրի ճակատամարտում Մոկքի մեծ իշխանը եղել է հայոց առաջին զորագնդի հրամանատարի օգնական։ Հայոց Արշակունի թագավորության անկումից հետո Մոկքի իշխանները պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ 8-րդ դարի սկզբին Բագրատունիների մի ճյուղը հաստատվել է Մոկքում։ 9-րդ դարի 2–րդ կեսին Մոկքը ենթարկվել է Վասպուրականի Արծրունյաց իշխաններին։ 10-րդ դարի 2–րդ կեսին Բյուզանդիան ցանկանում էր նվաճել Մոկքը՝ Վասպուրականի նվաճումը հեշտացնելու նպատակով։ Վասպուրականի թագավորության անկումից հետո Մոկքը միացվել է Բյուզանդիային, սակայն այնտեղ Արծրունիները շարունակում էին ճանաչել Վասպուրականում մնացած Արծրունիների շառավիղներ Խեդենեկյանների գերակայությունը։ 16-րդ դարի սկզբից Մոկքի տարածքը նվաճել է օսմանյան Թուրքիան։ Վերջինիս կազմում այն մտնում էր Վանի էյալեթի մեջ՝ որպես առանձին սանջակ՝ Մոկս անունով։ 16-19-րդ դարերում Մոկքում շարունակում էին գոյատևել հայկական կիսանկախ համայնքները։ Այնտեղ ժառանգական հողատերեր էին հայերը, մասամբ՝ քրդերը։ Մոկքում զարգացած էր խաղողամշակությունը, բամբակագործությունը, ձիթատու բույսերի մշակությունը, մեղվաբուծությունը։ Մոկքի 49 բնակավայրերի հայ բնակչությունը, ավելի քան 900 ընտանիք, 1915 թվականին տեղահանվել են։ Փրկվածներն անցել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Թալինի, Աշտարակի շրջաններում, Սևանի ավազանում և այլուր։ Կազմված էր 9 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Առվենից ձոր | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
2 | Արգաստովիտ | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
3 | Արքայից գավառ | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
4 | Իշայր | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
5 | Իշոց | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
6 | Միջա | Այլ անվանումն է Մամռտանք։ Գտնվում է Ջերմ գետի (Արևելյան Տիգրիս) Կեցան վտակի ստորին հոսանքի շրջանում։ Համապատասխանում է Բիթլիսի նահանգի Մամրտանք գավառակին։ Կենտրոնն էր Միջա ավանը (այժմ՝ գյուղ), որը, ըստ Շապուհ Բագրատունու, բերդ է ունեցել։ | |
7 | Մյուս Իշայր | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
8 | Մոկք Առանձնակ | Մոկք Առանձնակը գտնվում էր Որբ գետի (այժմ կոչվում է Մոկուս-սու) վրա։ Մոկք Առանձնակը հայտնի է իր Մոկք բերդով և Ամենափրկիչ վանքով, որն, ամենայն հավանականությամբ, գտնվել է Մոկք բերդի մոտ՝ այժմյան Մոկուս քաղաքի տեղում։ Մոկք բերդը Մոկաց իշխանների ոստանն էր, որը մինչև օրս գոյություն ունի։ | |
9 | Ջերմաձոր | Գավառի կենտրոնն էր Շատախ ավանը[18]։ Գտնվում է Ջերմ (Արևելյան Տիգրիս) գետի ձորահովտում։ Մակերևույթը լեռնային է, անտառապատ ու ջրառատ։ Ջերմաձորը համապատասխանում է այժմյան Ջերմաձորի շրջանին, որը եղել է Մոկքի ամենաարևելյան գավառը։ Ջերմաձորում էր գտնվում Ջրել Զրել ամրոցը (այժմ՝ Մոկուս քաղաքի արևելք), որը Թովմա Արծրունին հիշատակում է որպես Զռայլ (Զըռղայլ, Զռել)։ Զռայլ բերդում առժամանակ ապաստանել է Վարդան Մամիկոնյանը։ |
Պարսկահայք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգը։ Հյուսիս–արևմուտքից սահմանակից էր Սյունիք, Արցախ և Ուտիք, արևմուտքից՝ Վասպուրական նահանգներին, արեւելքից՝ Կասպից ծովին։ Փայտակարան նահանգն, ըստ մ․թ․ա․ 63 թ․ - մ․թ․ 24 թ․ ապրած փոքրասիական հույն աշխարհագէտ եւ պատմիչ Ստրաբոն Ամասիացու՝ հայերը խլել են Ատրպատականից։ Փայտակարանը Մեծ Հայքի թագաւորության կազմում է եղել մ․թ․ա 165 թվականից մինչեւ մ․թ․ 385 թվականը՝ այսինքն 550 տարի, այլ կերպ ասած՝ ավելի քան կես հազարամյակ։ Նահանգն իր անունը ստացել է Փայտակարան քաղաքի անունից։ Մյուս անունն էր Կասպեից կամ Կազբեից աշխարհ։ Այլ տվյալներ շատ քիչ են պահպանվել։ Կազմված էր 13 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Այլի | Հայտնի է նաև Կուռիճան անվամբ։ Գավառի կենտրոնը եղել է Այլի գյուղը։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
2 | Առնա | Հայտնի է նաև Ըռնա անվամբ։ Գավառի կենտրոնը եղել է Առնա գյուղը։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
3 | Արասխ | Հայտնի է նաև Ովէա անվամբ։ Գավառի կենտրոնը եղել է Շնավհ գյուղը։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
4 | Զարեհավան | Տեղակայված է եղել Կապուտան լճից հյուսիս-արևմուտք՝ Տարոնո գետի (այժմ՝ Զոլաչայ) հովտում։ Հյուսիսից սահմանակից էր Պարսկահայքի Հեր, հարավից՝ Տամբեր, արևմուտքից՝ Առնա, հարավ-արևմուտքից՝ Վասպուրականի Վարաժնունիք գավառներին, հյուսիս-արևելքից՝ Կապուտան լճին։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանմամբ անցել է պարսկական տիրապետության տակ։ 9-11-րդ դարերում անցել է Արծրունիների իշխանության տիրապետության տակ (908 թվականին՝ թագավորության մեջ)։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է Սալմաստ գավառին։ Նշանակավոր բնակավայրերն էին Զարեհավան քաղաքը (Նոր Շիրական բդեշխության վարչական կենտրոնը) և Սաղամաս ավանը[11]։ | |
5 | Զարևանդ | Տարածքով համապատասխանում էր ներկայիս Սալմաստի և Դիլմանի շրջաններին (Ուրմիա լճից հյուսիս-արևմուտք)։ Գավառի պատմական վայրերից է Սալմաստ քաղաքը, որը հիշատակվում է դեռևս Փավստոս Բուզանդի մոտ։ | |
6 | Թրաբի | Թրաբի գավառը գտնվում է Կապուտան լճից արևմուտք՝ Թրաբի (Թերգևեռ) գետի ավազանում։ Հյուսիսից սահմանակից էր Կուրիճան, հարավից՝ Մարի, արևմուտքից՝ Կարթունիք գավառներին, իսկ արևելքից՝ Կապուտան լճին։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանմամբ Թրաբին անցել է Պարսկաստանի տիրապետության տակ։ 9-11-րդ դարերում մտել է Վասպուրականի Արծրունյաց տիրույթների մեջ։ Նշանավոր էին Թրաբիի Որմի Ուրմիա (1926-80 թվականներին` Ռեզայե) և Նախճավան քաղաքները։ | |
7 | Հեր | Տեղակայված է եղել Կապուտան (Ուրմիա լիճ) լճից հյուսիս-արևմուտք։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Պարսկահայքի Զարավանդ, հարավից՝ Զարեհավան, արևմուտքից՝ Վասպուրականի Անձախի ձոր և Աղանդ ռոտ, արևելքից՝ Մարանդ, հարավ-արևելքից՝ Գաբիթյան գավառներին։ Կենտրոնը եղել է Հերը։ Համապատասխանել է Խոյ գավառին։ Ենթադրվում է, որ Հերը շնորհվել է Խորխոռունիների տոհմաճյուղ Մաղխազունիներին, Արշակունիների ժամանակաշրջանում հարևան Զարավանդ գավառի հետ միավորվել է մեկ վարչամիավորի մեջ։ Մարզպանական Հայաստանում պարսից արքունի կալվածք Հերի նկատմամբ վերահաստատվել են Խորխոռունիների իրավունքները։ Միջին դարերում Հեր և Զարավանդ գավառները հիմնականում հիշատակվում են միասին՝ Ռոտկանց անունով։ 870-ական թվականներին Հերը մտել է Վասպուրականի իշխանության, 885 թվականից հետո՝ Աշոտ Ա Բագրատունու տիրույթների մեջ։ 1403 թվականին Հերով (Խոյով) անցած իսպանացի ուղեգրող Կլավիխոյի վկայությամբ՝ Վերին Հայաստանի սահմանին գտնվող Խոյի բնակիչների մեծ մասը եղել են հայեր։ Սեֆյան Իրանի կազմում Հերի տարածքում կազմավորվել է Խոյի խանությունը (համանուն կենտրոնով)։ 1827 թվականին ռուսական զորքն առժամանակ գրավել է Խոյ գավառի մեծ մասը։ 1828-1829 թվականներին գավառի հիմնական բնակիչների՝ հայերի մեծ մասը գաղթել է Արարատյան դաշտ։ Խոյում և գավառի վեց հայաբնակ գյուղերում բնակվող հայերի զգալի մասը բնաջնջվել է 1918 թվականի թուրքական հարձակման ժամանակ։ | |
8 | Մարի | Գավառի կենտրոնը եղել է Մարի գյուղը։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
9 | Տամբեր | Գավառի կենտրոնը եղել է Տամբեր գյուղը։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ |
Սյունիք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի իններորդ նահանգը։ Արևմուտքում և հյուսիս-արևմուտքում սահմանակցում էր Այրարատին, հյուսիս-արևելքում և արևելքում՝ Արցախին, հարավում և հարավ-արևելքում՝ Վասպուրականին։ Ուրարտական արձանագրություններից մեկում կարդացվում էր Սուինիա երկրանունը։ Սյունիքում տիրող նախարարական տոհմը կոչվում էր Սիսիական, որի անունով էլ պարսիկները նահանգը կոչում էին Սիսիական, իսկ արաբները՝ Սիսաջան։ Կազմված էր 12 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Աղահեճք | Գավառի կենտրոնը եղել է Քաշաթաղք ամրոցը։ Աղահեջք գավառի մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Աղահեջքը եղել է ընդարձակ գավառ։ Այն տարածվում էր Սյունիքի հյուսիսարևելյան մասում և սահմանագծված էր Արցախի Ծար և Սյունիքի Ծղուկք ու Հաբանդ գավառներով։ Տաթևի եպիսկոպոսական հարկացուցակում Աղահեջքի տակ հիշատակված է 43 բնակավայրեր։ Աղահեջքում հիշատակված վայրերից համեմատաբար նշանավոր են եղել Քաշաթաղք և Խոժոռաբերդ բերդերը[19]։ | |
2 | Արևիք | Սյունիքի ամենահարավային գավառն է։ Համապատասխանում է ՀԽՍՀ Մեղրու շրջանին[20]։ Արևիք անունը հնագույն ծագում ունի։ Այս անունը, հավանաբար, կապված է նույնանուն ցեղի կամ Արև աստծու հետ։ Արևիքը Սյունիքի ամենափոքր գավառներից է։ Տարածքը գրեթե համընկնում է Մեղրի գետի ավազանին, նրա միայն մի փոքր մասը տարածվում է դեպի արևելք՝ Կովսականի կողմերը՝ այս մասերում իր մեջ ընդգրկելով մի քանի փոքրիկ ձորահովիտներ։ Արևիքը հնում կազմում էր Գողթնի մի մասը, իսկ հետագայում նրանից անջատվելով միացել է Սյունիքին։ Այս գավառը 1226 թվականին ավերման է ենթարկվել էմիր Հարունի կողմից, որը դեռ 1158 թվականին գրավել էր Մեղրին։ Արևիքի պատմաաշխարհագրական վայրերից ամենահայտնիներն են Մեղրին, որը համապատասխանում է այժմյան Մեղրի քաղաքին, Կարճավան ավանը, որը համապատասխանում է այժմյան Կարճևան գյուղին (Մեղրի քաղաքից 7-8 կմ արևմուտք՝ Կարճևան գետի հովտում), Կաքավաբերդը, որը գտնվում է այժմյան Կալեր-Վանքի շրջանում և հանդիսանում էր Սյունիքի թագավորության նշանավոր բերդերից մեկը[21]։ Այստեղ Ալդարա գյուղից հյուսիս գտնվում է Կուսանաց անապատա վանական համալիր։ Նշանավոր հուշարձաններից են Մեղրու բերդը, Մեղրի քաղաքի եկեղեցիներ, ջանցույցը։ | |
3 | Բաղք | Բաղքը 10-12-րդ դարերում ունեցել է ավելի մեծ տարածք, քան հնում։ Բաղքը սահմանափակված էր հարավից Կովսականով, արևմուտքից՝ Ձորքով և Ծղուկքով, հյուսիսից՝ Հաբանդով, իսկ արևելքից՝ Աղավնո (Հագարի) գետով։ Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Բաղքը բաժանված էր երկու մասի՝ արևմտյան և արևելյան։ Նրա արևմտյան մասը կոչվում է «Բաղք գվառ», իսկ արևելյանը՝ «Միւս Բաղք», որը կոչվում էր նաև Քուշանիք։ Տաթևի եպիսկոպոսական թեմի հին հարկացուցակում Բաղքի տակ հիշատակված էր 93 գյուղ[22], որից հայտնի էին Տորթնը, Խոտանանը, Կավարտը, Վժանիսը։ Ուշ միջնադարում կոչվել է Չավնդուր։ Հայտնի էր պղնձահանքերով։ | |
4 | Գեղարքունիք | Գեղարքունիք գավառը զբաղեցնում էր Գեղամա լճի (Սևանա լիճ) ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր Սոթք գավառը։ Գեղարքունիքը տարածվում էր լճի ավազանի հյուսիսարևմտյան կողմում, իսկ Սոթքը՝ հարավարևելյան։ Գեղարքունիքն ու Սոթքը միասին կոչել են նաև Գեղամա երկիր։ Ավանդությունը Գեղարքունիք անունը կապում է ավանդական Գեղամի անվան հետ։ Սևանա լիճը մեծ մասով պատկանում էր Գեղարքունիք գավառին։ Գեղամա երկրի քաղաքական վիճակի մասին վկայությունները սկսել են 8-րդ դարից, երբ այդ երկիրը միացվել էր Բագրատունիների կենտրոնական իշխանությանը։ Սելջուկների տիրապետությունը Գեղամա երկրում կարճատև է եղել։ Հայ-վրացական միացյալ զորքերը, Զաքարյան զորավարների գլխավորությամբ, Գեղամա երկիրը 12-րդ դարի վերջերին ազատել են սելջուկներից։ Այստեղ իրենց իշխանությունն են հաստատել Զաքարյանները և նրանց ազգական Դոփյանները[23]։ Գավառը հայտնի է եղել իր փայտագործներով։ | |
5 | Երնջակ | Տարածվում էր Երնջակ գետի (այժմ՝ Ալինջա-չայ) ավազանում։ Երնջակը շրջապատված էր Գողթն, Ծղուկք, Ճահուկ և Նախճավան գավառներով, հարավում, հավանաբար, նրա սահմանը հասնում էր Երասխ գետին։ Երնջակի հարավային մասը հնագույն ժամանակներից ի վեր հայտնի է եղել իր ընտիր մրգերով՝ ծիրանով, նռով, թուզով, տանձով և այլն։ Այս մասում մշակվում էին նաև բամբակ, իսկ հյուսիսային մասում՝ քնջութ, կտավատ, հացահատիկներ և այլ մշակաբույսեր։ Նրա պատմական տարածքն ընդգրկում է այժմյան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանը և տարածվում Արաքս գետի աջ և ձախ կողմի հարթություններում ու լեռնալանջերում` հանրահայտ Վիշապասար (Օձասար) անվանվող բարձրաբերձ լեռան փեշերին, որը միաժամանակ հանդիսանում է գավառի հիմնական խորհրդանիշներից մեկը։ Լեռը ծովի մակարդակից ունի 2412 մետր բարձրություն, որի երկգագաթ բարձունքի վրա տարբեր հատվածներում կան ճգնարաններ, 10-17-րդ դարերին թվագրվող մատուռ։ Վերջերս նրա վրա հայտնաբերվել է նաև ուրարտական սեպագիր արձանագրություն։ Երնջակի նպաստավոր բնակլիմայական պայմանները, ճոխ բուսականությունն ու խմելու ջրի պաշարները, բարեբեր դաշտերն ու բնական ամրությունները պատճառ են դարձել, որպեսզի տարածքը մշտապես լինի բնակեցված սկսած անհիշելի ժամանակներից։ Երնջակը միջնադարում հռչակված էր որպես «Գեղեցկանիստ երկիր»։ Ս. Երեմյանը տեղադրելով պատմական Երնջակի տարածքը, ժամանակին նշել է, որ այն գրավել է «շուրջ 600 կմ² տարածություն. գրավում էր Երնջակ գետի (այժմ՝ Ալիջա-չայ) գետի վերին հոսանքի շրջանը»[24][25]։ Այս տեղադրությունն այնքան էլ ճիշտ չէ, քանզի գավառի պատական տարածքը 7-17-րդ դարերում ընդգրկել է ոչ միայն Երնջակի վերին, այլ միջին և ստորին հոսանքի տարածքները՝ հաճախ մինչև Արաքս գետի ափերը։ Այսպիսով գավառի տարածքը կազմել է ավելի քան 900 կմ²[26]։ | |
6 | Ծղուկք | Այլ անվանումն է Սիսիական։ Համապատասխանում է ՀԽՍՀ նախկին Սիսիանի շրջանին և Գորիսի շրջանի արևմտյան մասին[27]։ Ծղուկ գավառը սահմանափակված էր արևելքից Աղահեջքով և Հաբանդով, արևմուտքից՝ Ճահուկով և Վայոց ձորով, որոնց հետ ունեցած սահմանն անցնում է Սյունյաց լեռների ջրբաժան գծով, հարավից՝ Բաղք, Ձորք, Գողթն ու Երնջակ գավառներով, որոնց հետ բնական սահման է ծառայում Բարկուշատի լեռները։ Հյուսիսում Ծղուկքի հարևանն Արցախի Ծար գավառն է։ Ծղուկ անունը, հավանաբար, էթնիկական ծագում ունի[28]։ Սյունյաց իշխանների ոստանն այստեղ գտնվելու պատճառով, այս գավառը հաճախ կոչվում էր նաև Սյունիք կամ Սիսական, որոնք 10-11-րդ դարերին մեր պատմիչների մոտ ավելի հաճախ են հիշատակվել, քան Ծղուկը։ 13-րդ դարից ի վեր Ծղուկ գավառը կոչվել է նաև Որոտան։ Ծղուկի պատմական վայրերից նշանավոր են Շաղատ գյուղաքաղաքը, Որոտն գյուղը, Որոտնաբերդը և Որոտնավանքը, Տաթևի վանքը, Թանահատի վանքը, Սիսիան քաղաքի Սյունի վանքն ու Սյունի բերդը[29]։ Նշանավոր տոհմերից են Սյունիներն ու Օրբելյանները։ | |
7 | Կովսական | Կոչվել է նաև Կուսական, Կոսական և Գրհամ՝ համանուն գլխավոր բերդի անունով։ Կովսականը հիմնականում տարածված էր այժմյան Ծավ գետի ավազանում և Ողջի գետի աջակողմյան մի շարք վտակների (Բեխ, Վաչագան, Գեղանուշ և այլ վտակներ) շրջաններում։ Կովսականում մինչև 13-րդ դարը եղած պատմա-աշխարհագրական վայրերից նշանավորը Գրհամ բերդն է, որը գոյություն է ունեցել 10-13-րդ դարերում[30]։ | |
8 | Հաբանդ | Հաբանդ գավառին հայ պատմիչները շատ քիչ են անդրադարձել։ «Աշխարհացույցի» մեջ հիշատակված է երկու Հաբանդ, որոնցից մեկը գտնվում է Սյունիքում, իսկ մյուսը՝ Արցախում։ Արցախի Հաբանդ գավառն անմիջապես սահմանակից է Սյունիքի Հաբանդին։ Արևելյան կողմում Հաբանդի սահմանն անցնում է Հագարի գետով, արևմտյան կողմում սահմանակցում է Ծղուկքի Տաթև և Որոտան շրջանների հետ։ Հյուսիսում Աղահեջքի հետ սահմանն անցնում էր Հագարի գետի Աղողլան վտակի աջ ափով տարածվող լեռներով, իսկ հարավային կողմում՝ Բարգուշատ և Որոտան գետերի ջրբաժան լեռներով, որտեղ Հաբանդը սահմանակցում էր Բաղք-Քաշունիքի և Բաղք-Աճանանի հետ[31]։ Ավանդության համաձայն՝ Ձագիկ նահապետը Հաբանդ գավառում կառուցել է մի բերդ և այն անվանել «Ձագեձոր» կամ Հաբանդի բերդ, իսկ այն ձորը, որտեղ գտնվում էր բերդը, իբր, նրա անունով էլ կոչվել է «Ձագեձոր»[32]։ Հետագայում Ձագեձոր անունը դարձել է Զանգեզուր, իսկ նրա մյուս անունը՝ Հաբանդն աստիճանաբար հանվել է գործածությունից։ Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Հաբանդ գավառի տակ հիշատակվում էր 79 գյուղ[31]։ Պատմական վայրերից են Հալիձորը, Շինուհայրը, Խոտը, Խնձորեսկը, Տեղ բնակավայրերը։ | |
9 | Ձորք | Ձորք փոքրիկ գավառը տարածվում էր Կապան գետի վերին հոսանքի շրջանում։ Գավառը 11-րդ դարից սկսած կոչվել է Կապան՝ այնտեղ գտնվող Կապան քաղաքի անունով, իսկ ավելի ուշ՝ Բաղաբերդ։ Ձորքը Սյունիքի ամենալեռնոտ շրջանն է։ Նրա մի զգալի մասն այժմ էլ ծածկված է խիտ անտառներով։ Սյունիքի թագավորության գոյության ընթացքում Ձորքը դարձել էր նրա կենտրոնական շրջանը՝ ոստանը։ Ձորք գավառի պատմաաշխարհագրական նշանավոր վայրերն են Գեղի բնակավայրը, Կապան քաղաքը, Վահանավանքը, Բաղաբերդ և Շլորուտ բերդերը[33]։ | |
10 | Ճահուկ | Գտնվել է Նախճավան գետի Ճահուկ (այժմ՝ Ջահրի) և Շահապոնք (այժմ՝ Շահբուզ) վտակների ավազաններում։ Անվանահիմքը «ճահ» կամ «ջահ» նշանակում է «ջոկ», «խումբ» կամ «առանձին»[34]։ Գավառանունը Նախիջևանից անջատվելու կապակցությամբ է ստացել այդ անունը, որովհետև նրա մեջ մտնող մի շարք գյուղեր եղել են Նախիջևան գավառում։ Սահմանակից է եղել հյուսիսից, հյուսիս-արևելքից և հարավից Երնջակ և Նախճավան, արևմուտքից՝ Այրարատի Շարուր գավառներին։ Կազմված էր Ճահուկ և Շահապոնք վիճակներից՝ համանուն կենտրոններով։ Մակերևույթը լեռնադաշտային է, զգալիորեն անտառավետ, կլիման՝ ցամաքային, հողը՝ բերրի։ Արշակունիների ժամանակ (1-5-րդ դարեր) Ճահուկը եղել է Շահապունի իշխանական տան ժառանգական տիրույթը։ 6-րդ դարում Ճահուկը հիշատակվում է որպես բյուզանդական և պարսկական նվաճողների դեմ պայքարող հայկական ուժերի զորաճամբար։ 10-րդ դարում Ճահուկը մտնում էր Սյունյաց գահերից իշխան Սմբատի տիրույթների մեջ։ Սյունյաց իշխանության քաղաքական դերի նվազումից հետո, 12-րդ դարում, Ճահուկն անցել է Համտունյաց իշխանությանը, ապա՝ Օրբելյան իշխան Ելիկումին, այնուհետև՝ Պռոշյաններին։ Ճահուկ ավանի Սուրբ Աստվածածին վանքը 14-18-րդ դարերում եղել է ունիթորների միաբանության կենտրոն։ 16-18-րդ դարերում Ճահուկը Նախիջևանի խանության կազմում էր և կոչվում էր Ջահրի։ 19-րդ դարի երկրորդ կեսից Ճահուկը մտնում էր Երևանի նահանգի Նախիջևանի գավառի մեջ։ | |
11 | Սոթք | 13-14-րդ դարերի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Սյունյաց եկեղեցուն հարկատու Սոդք-Ծարի բնակավայրերից հիշատակում է հետևյալները՝ Սոթք, Ծափաթաղք, Ունջի ձոր (Ունչիձոր), Հովուաթափք (Հավսաթաղք), Ավազան, Համամաբակք, Արավիսաբակք (Արևիսաբակ), Գուկառինճ, Տրետուք, Սափչի անապատ (Սափչանապատ), Խորթագետ, Վարդանաբակք, Նորաբակք։ Ընդգրկել է Գեղամա (Սևանա) լճի հարավարևելյան, ափամերձ շրջանը՝ Սոդից կամ Մազրա (այժմ՝ Մասրիկ) գետի և դրա վտակների (Ականից, Կարմիր աղբյուր, Կալեր) հովիտները։ Մաքենյաց (Կարճաղբյուր) գետով արևմուտքից սահմանակից էր Գեղարքունիք գավառին, Վարդենիսի լեռնաշղթայով հարավից սահմանազատվում էր Վայոց ձոր գավառից, Գանձակի (այժմ՝ Սևանի) լեռնաշղթայով (հյուսիսից)՝ Ուտիքից, Սյունիքի լեռնաշղթայով (արևելքից)՝ Արցախից։ Տարածքով հիմնականում համընկնում է նախկին Վարդենիսի շրջանին։ Մակերևույթը դաշտային է, հողը՝ արգավանդ (թերևս որի համար երբեմն կոչվել է Արտից գավառ)։ Ունի խոտավետ արոտավայրեր, սառնորակ ջրեր, մետաղահանքեր, հյուսիսում՝ կաղնու և գիհու անտառներ։ Սոթքի ոսկին շահագործվել է դեռևս մ.թ.ա 2-րդ հազարամյակից (Սոդքի ոսկու հանքավայր)։ Սոթքը հնում եղել է Սոդացի նախարարական տան ժառանգական տիրույթը՝ Սոդ (այժմ՝ գ. Սոդք) իշխանանիստ կենտրոնով։ Ըստ Զորանամակի՝ Սոթքի իշխանությունը Հայոց զորաբանակին տվել է 50 մարտիկ։ Ենթադրվում է, որ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո միացվել է Արցախ նահանգի Վայկունիք (հետագա դարերում իշխանանիստ կենտրոնի անունով կոչվել է Ծար) գավառին։ Ստույգ հայտնի է, որ 9-րդ դարի 1-ին կեսից Սոթքը մտել է Խաչենի տեր Սահլ Սմբատյանի իշխանության մեջ։ Այնուհետև՝ մինչև 13-րդ դարը Սոթքը պատկանել է Ծար-Վայկունիքում իշխող Սահլ Սմբատյանի տոհմաճյուղին, 13-16-րդ դարերում՝ Դոփյաններին, 16-18-րդ դարերում՝ Մելիք-Շահնազարյաններին։ Սոդ ավանից բացի, Սոթքի հին բնակավայրերից հիշատակվում են Խորասանիբակը, որը հայոց Սմբատ Բ Բագրատունի թագավորը 895 թվականին պարգևել էր Տաթևի վանքին։ Վասակաշեն ավանը (այժմ՝ Վարդենիս), որի Սուրբ Աստվածածին եկեղեցու դամբարանում թաղվել են 16-րդ դարի ժամանակագիր Հովհաննես Ծարեցին և Սարգիս վարդապետը, Վարդանաբակ կամ Վարդանաշեն ավանը (այժմ՝ գյուղ Ակունք), ինչպես նաև Մեծ Մազրա գյուղը (հնում՝ քաղաքավան, այժմ՝ Մեծ Մասրիկ), եղել է Մելիք-Շահնազարյանների իշխանանիստ կենտրոնը։ Այստեղ գտնվում է միջնադարյան նշանավոր վանական համալիրներից մեկը՝ Մաքենյաց վանքը, որտեղ Սողոմոն Մաքենացին կրոնական ծիսակատարությունները հուներենից թարգմանել էր հայերեն։ | |
12 | Վայոց ձոր | Համապատասխանում է ՀՀ ներկա Վայոց ձորի մարզին՝ Եղեգնաձորի ու Վայքի շրջաններով։ Վայոց ձորը Սյունիքի առավել նշանավոր գավառներից մեկն էր։ Վայոց ձորի և նրանում գտնվող մի շարք վայրերի մասին հայկական և այլ աղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ։ Վայոց ձորն իր մեջ ընդգրկում էր Արփա գետի վերին և միջին հոսանքների ավազանները։ Սահմանափակված էր հյուսիսից Գեղարքունիքով և Սոթքով, արևելքից՝ Ծղուկքով և Արցախի Ծար գավառով, հարավից՝ Ճահուկով և Այրարատի Շարուր գավառով, իսկ արևմուտքում Այրարատից բաժանված էր Գեղամա լեռների ջրբաժան գծով։ Վայոց ձորը Սյունիքի ամենաընդարձակ գավառներից մեկն էր։ Այն իրենից ներկայացնում էր բոլոր կողմերից լեռներով պատած մի գոգավորություն։
Մինչև 9-րդ դարը Վայոց ձորի մասին տեղեկությունները քիչ են։ 9-րդ դարի կեսերին Վայոց ձորի Եղեգիս գյուղաքաղաքն է տեղափոխվում Սյունյաց իշխանանիստը։ 11-րդ դարի սկզբին Վայոց ձորը Բագրատունի Գագիկ Ա թագավորը միացնում է կենտրոնական թագավորությանը։ Բագրատունիների թագավորության անկումից հետո Վայոց ձորի իշխաններն աստիճանաբար կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը, իսկ սելջուկ-թուրքերի արշավանքների և տիրապետության հետևանքով նրանք գրեթե հեռանում են քաղաքական ասպարեզից։ 13-րդ դարասկզբին, երբ հայ-վրացական միացյալ զորքերն ազատագրել էին հյուսիսարևելյան Հայաստանը, Վայոց ձորի մեծ մասը Զաքարյանների միջոցով տրվել էր Լիպարիտ Օրբելյան իշխանին, իսկ մյուս մասը՝ Խաղբակյաններին (կամ Պռոշյաններ)։ Օրբելյանները և Խաղբակյանները երկար ժամանակ շարունակում էին իշխել Վայոց ձորում։ Օրբելյանների մասին հիշատակությունները մինչև 15-րդ դարի կեսերը չեն ընդհատվում։ Հավանական կարելի է համարել, որ Օրբելյաններն ու Խաղբակյանները քաղաքական ասպարեզից վերացել են 15-րդ դարի վերջերին։ Այստեղ են գտնվում Ցախաց Քար, Թանահատ, Արատես, Սպիտակավոր, Խոտակերաց վանքերը, Սմբատաբերդ և Պռոշաբերդ ամրոցները, Գլաձորի միջնադարյան համալսարանը։ |
Վասպուրական նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի ութերորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս-արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Կենտրոնական նահանգներից և ամենամեծը իր տարածությամբ։ Անունը գրականության մեւ հիշատակվում է սկսած 6-րդ դարից։ Անունը հայկական չէ և վերցված է պահլավերենից։ «Վասպուր» էին կոչվում Սասանյան թագավորների ժամանակ Պարսկաստանի յոթ ամենաբարձր ազնվական տոհմերի անդամները։ Ելնելով դրանից երկիրը խոչվում էր «Ազնվականների երկիր» կամ «Ազնվականների գնդիր երկիր»[35]։ Վասպուրական նահանգը կոչվում էր նաև «Երկիր Արծրունյաց», քանի որ այստեղի գլխավոր նախարարական տոհմը Արծրունիներն էին։ Կազմված էր 36 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Ակե | Անունը ծագել է Ակեացի ցեղից։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
2 | Աղանդ-ռոտ | Խեթական աղբյուրներում նշված է որպես «Ալլանդա»[36]։ Հայտնի է Աղանդռոտ գետը։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
3 | Աղբակ Մեծ | Այժմ՝ Բաշկալե։ Ակե գավառից դեպի հյուսիս։ Արծրունյաց նախարարական տոհմի բնագավառը։ Այստեղ է գտնվել Ադամակերդ ամրոցը։ | |
4 | Աղովիտ | Այժմ՝ Բադնոց։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
5 | Անձախի ձոր | Այժմ՝ Կոդուր։ Սահմանակից Պարսկահայքի Հեր գավառին։ Գավառի կենտրոնն էր Կոտոր բերդը։ | |
6 | Անձևացիք | Երբեմն կոչվել է Գարգահ, համանուն ցեղի անունից։ Տարածվում էր Արևելյան Տիգրիսի վտակ՝ Ջերմաջուր գետի ակունքների դժվարամատչելի լեռնաստանում։ Ասուրա-բաբելական արձանագրություններում հիշատակվում է «Անզի» ձևով։ Ի սկզբանե, Անձևացիքը հանդիսանում էր հայ Անձևացի (Անձաւացի) իշխանական տոհմի տիրույթը. տոհմական ոստանը՝ Կանգուար։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանման ժամանակ գավառն անցավ Սասանյան Պարսկաստանին, իսկ 7-րդ դարի կեսերին նվաճեցին արաբները։ 885 թվականին գավառը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ, իսկ երբ 908 թվականին ստեղծվեց Վասպուրականի թագավորությունը, գավառն ընդգրկվեց նրա կազմի մեջ՝ խաղալով ռազմաքաղաքական կարևոր դեր։ 990 թվականին Վասպուրականի թագավորությունը բաժանվեց Արծրունի երեք եղբայրների միջև, և նրա մասերից մեկը հանդիսացող Անձևացյաց գավառում թագավորեց Գուրգեն Արծրունին։ 1021 թվականին գավառը Վասպուրականի թագավորության հետ ընկավ Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Սկսած 4-րդ դարից` գավառն ուներ իր եպիսկոպոսությունը։ Այս գավառում է գործել Բարդուղիմեոս առաքյալը։ 10-րդ դարում գավառի եպիսկոպոսն էր Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով Անձևացին։ Անձևացյաց գավառում հայտնի էին Կանգավար (Կանգուար) և Նորաբերդ ամրոցները, Ալաման, Լեկ և Աղզի գյուղերը և ուրարտական Արուբանինիի ու հայոց Անահիտ աստվածուհիների կենտրոն Դարբնացքար կամ Ագռավաքար վայրը՝ Արևելյան Տիգրիսի ափին, որտեղ հետագայում հիմնվել է Հոգեաց վանքը։ | |
7 | Առբերանի | Այժմ՝ Բերկրի։ Այս գավառին է պատկան էլ Լիմ և Կտուց կղզիները, որոնցում մինչև հիմա էլ կիսավեր վիճակում պահպանվել են միջնադարյան համանուն հայտնի վանական համալիրները։ Այստեղ է գտնվել Բերկրի ամրոցը՝ համանուն քաղաքով։ | |
8 | Առնոյոտն | Հայտնի է նաև Առնոհոտն անվամբ։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
9 | Արճիշակովիտ | Այն համապատասխանում է այժմյա Արճեշի շրջանին։ Այստեղ է գտնվել․
1. Ականից Սուրբ Գևորգ վանքը, որում, համաձայն ավանդույթի, պահվում է Սուրբ Գևորգ զորավարի մասունքները[37][38][39]։ 2. Այրի ձորի վանք՝ կազմված է 3 եկեղեցիներից՝ Սուրբ Հարություն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Կարապետ։ Առաջին հիշատակությունը եղել է 1294 թվականին՝ Աստվածատուր գրողի կողմից[40]։ 3. Ասպիսակ գյուղի մոտ գտնվող Ասպիսընկայ Սուրբ Հարություն վանքը[41]։ 4. Ականց ավանի հյուսիս-արևելյան կողմում, Ծականց լեռների հարավային աջ լեռան մոտ կառուցված Արծվաբեր Սուրբ Աստվածածին կամ Սուխարայ կամ Խառաբաստայ վանքը՝ Սոսկուն հայաբնակ գյուղի վերևում։ Ուներ լայնածավալ ու բոլորաձև գավիթ, բարձրակատար կամարակապ կաթողիկե, աշտարակներով պարիսպ[42]։ 5. Արջոնից կամ Առջևից կամ Առաջուց Սուրբ Աստվածածին կամ Հավատավոր Սուրբ Գևորգ վանք՝ գտնվել է Սիփան լեռան և Մեծոփայի միջև։ Ծաղկանց լեռնաշղթայի հարավային շղթայի վրա։ Հանդիսանում է գավառի առաջին վանքը, որն օծվել է[43]։ | |
10 | Արտազ | Գավառի ավելի հին անունն է Շավարշան կամ Շավարշական։ Եղել է Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Իրանի Մակու գավառին։ Ըստ Մովսես Խորենացու՝ նախապես կոչվել է Շավարշավան (Շավարշական) և մ.թ.ա. 2-րդ դարի 1-ին կեսին Արտազ է անվանել Ալանանց երկրի Արտազ (Արդոզ, Արդոզական) գավառի անունով, երբ Արտաշես Ա-ն այնտեղ բնակեցրել է ալան գերիներով։ Արտազով է անցել Արտաշատ-Եկբատան ճանապարհը։ Արտազում տեղի են ունեցել հայ-պարսկական զինաբախումներ՝ Ավարայրի ճակատամարտը 451 թվական, Ներսեհապատի ճակատամարտը 483 թվական։ 8-րդ դարի 2-րդ կեսից Արտազը դարձել է Արծրունիների սեփականությունը, 885 թվականից մտել է Բագրատունիների, 908 թվականից՝ Վասպուրականի թագավորության մեջ։ 8-րդ դարում ստեղծվել է Մակուի իշխանությունը։ 14-րդ դարի սկզբից Արտազը զավթվել է Սեֆյան Պարսկաստանի կողմից, Արտազում հիշատակվում են Շավարշավան (այժմ՝ Մակու) գյուղաքաղաքը, նշանավոր ուխտատեղի Սուրբ Թադևոս վանքը, Եդինդ (Երինդ) գյուղը (ուր ընթացել են 484 թվականի Նվարսակի պայմանագրի նախնական բանակցությունները), դպրոցով ու գրչության կենտրոնով հռչակված Ծործորի վանքը։ | |
11 | Արտաշիսյան | Գավառը եղել է Արտաշիսյան կամ Արտավանյան ավանի տաճարական տիրույթը, համընկել է Արտամետ ավանի շրջակայքին։ Ենթադրվում է, որ Արտաշիսյանը ուրարտական ժամանակաշրջանում եղել է Թարիրախինիլի բնակավայրի տաճարական կալվածքը։ Կոչվել էր նաև Արտավանյան։ Հիշատակվում է «Աշխարհացույց»-ում[11]։ | |
12 | Արտավանյան | Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
13 | Բաքրան | Գավառի կենտրոնը եղել է Մարանդ քաղաքը։ Գավառի կազմում եղել է նաև Բակուրակերտ հեթանոսական կենտրոնը։ Թավրիզի հյուսիս-արևմտյան կողմում է։ Հին ստուգաբանությունը ասում էր, թե Մարնդ նշանակում է մայր անդ, որովհետր իբր թե, այստեղ է թաղված Նոյի կինը՝ Նոյեմզարը։ | |
14 | Բոգունիք | Այժմ՝ Համուկ։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
15 | Բուժունիք | Այժմ՝ Նորդուզ։ Բոհտան-սու կամ արևելյան Տիգրիս գետի վերին մասերում։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
16 | Բուն Մարդաստան | Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
17 | Գաբիթյան | Կապուտան լճից հյուսիս-արևմուտք, Կոտուրի լեռնաշղթայից արևելք, Զարեվանդ և Շավարշավան գավառների սահմանակցությամբ։ Մ․թ․ա․ 8-րդ դարում ասորեստանական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Սանգիբտու (Սան-գավիթ) անվանումով, որպես Ուրարտուի արքունական տիրույթ և ռազմատնտեսական խոշոր հենակետ՝ շուրջ 80 բնակավայրով։ Ասորեստանի Սարգոն II թագավորն իր արձանագրություններում պատմում է, որ մ․թ․ա․ 714 թվականին ավերել է այդ գավառի բազմաթիվ բնակավայրեր, ինչպես նաև Սարդուրի Բ և Ռուսա Ա արքաների ջանքերով ստեղծված տնտեսական և ռազմական համալիրներ։ | |
18 | Գազրիկյան | Տեղադրվում է Տարոնո գետի ակունքների շրջանում։ Կենտրոնն էր Գազրիկ ավանը։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
19 | Գառնի | Այժմ՝ Բայազետ։ Տարածվում էր Առեստ գետի վերին ավազանում և Աբաղայի դաշտում։ Միջին դարերում Առբերանի գավառի հետ միասին կազմել է մեկ գավառ՝ Քաջբերունիք անունով։ | |
20 | Գողթն | Այլ անվանումներն են՝ Գաղթական, Գաղթան, Գոլթանց գավառ, Գողթնաստան, Գողթնաց գավառ, Կոլթենե։ Գավառ Վասպուրական նահանգի հյուսիսարևելյան կողմում, Արաքս գետից ձախ։ Գողթնը հին ու միջին դարերում կազմում էր առանձին նախարարություն, որը երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի կազմի մեջ։ Տարածքով համապատասխանում է այժմյան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի, մասամբ նաև Գանձակի շրջաններին։ Հարավում սահմանակից էր Արաքս գետին, արևելքում՝ Արևիք ու Ձորք, հյուսիսում՝ Ծղուկք գավառներին։ Ուներ լեռնային ռելիեֆ։ Սյունյաց լեռնաշղթայից եկող լեռնաճյուղերը գավառը մասնատում էին մոտ 10 առանձին ձորահովիտների։ Գավառի մի մասը՝ Բստաձորի մի հատվածը, անտառապատ էր, հարավը՝ չոր ու տափաստանային։ Գողթնի մեջ, հին ու միջին դարերում, երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի Երնջակ գավառը[44]։ Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ։ Գողթնի բնիկ տերերը՝ Հայկ Նահապետից սերած Գողթնեցի իշխանական տոհմն էր, որը կազմում էր առանձին նախարարություն. Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և, ըստ Զորանամակի, տվել 500 հեծյալ։ 4-րդ դարում Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել Մեսրոպ Մաշտոցը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում։ Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ և շերամապահությամբ։ Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով։ 641 թվականին արաբները գրավել են Գողթնը։ 6-րդ դարում Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ։ 8-րդ դարում Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ 10-րդ դարում Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին Ատրպատականի Սաջյան ամիրաները։ 913 թվականին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ։ 990-ական թվականներին Գողթնը գրավվել է Հայոց թագավոր Գագիկ Ա-ի կողմից։ 11-րդ դարի կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո։ 16-րդ դարի սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր Նախիջևանի խանության մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ։ Հայկական գյուղերը կառավարել են տանուտերերը, որոնց անվանել են մելիքներ։ 1604 թվականին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։ 1752 թվականին Գողթնը ենթարկվել է Ատրպատականի Ազատ խանի հրոսախմբի շահատակությանը։ 18-րդ դարի 1-ին քառորդում Գողթնն ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը. Գողթնի տանուտերերը գործակցել են Դավիթ Բեկի հետ։ Գողթնի եկեղեցիներից նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը։ | |
21 | Գուկանք | Այլ անվանումն է Գոկան։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
22 | Թոռնավան | Անձախաձր գավառից դեպի արևելք։ Այստեղ է գտնվել Նկան (այժմ՝ Նագան) և Սևան (այժմ՝ Սեյվան-Կալա) ամրոցները։ | |
23 | Կրճունիք | Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
24 | Կուղանովիտ | Գավառի վերաբերյալ այլ տեղեկատվություն չկա։ | |
25 | Հայոց Ձոր | Այլ անվանումն է Երվանդունիք։ հետագայում գավառակ Վանի վիլայեթի Վանի գավառում։ Տեղակայված է նահանգի արևմուտքում՝ Վանա լճից հարավ-արևելք, Հայոց ձոր գետի ընդարձակ հովտում[45]։ Վանա լճի հարավ-արևելյան եզերքից տարածվում է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան։ Հիմնականում համապատասխանում է հին Երվանդունիք գավառին։ Հյուսիսից սահմանակից էր Տոսպ, հարավ-արևելքից՝ Ռշտունիք, արևելքից՝ Կուղանովիտ գավառներին։ Կլիման բարեխառն է, հողը՝ արգավանդ։ Հարուստ է հատկապես հացահատիկով։ Հանդերը ջրվում էին Շամիրամի ջրանցքով։ Անունը ծագել է Երվանդունի արքայատոհմի անունից։ Երվանդունիները սկզբնապես մ.թ.ա 6-5 դարերում Երվանդունիքում և հարակից շրջաններում են ծավալել իրենց քաղաքական գործունեությունը։ Երվանդունիքում էր գտնվում Հայք ամրոցը, որի անունը կապվում է առավելապես Հայկ նահապետի հետ։ Այստեղ ըստ Մովսես Խորենացու, Հայկը սպանել է Տիտանյան Բելին։ Ըստ ավանդական պատմության, Հայոց ձորում է տեղի ունեցել հայոց նախնի Հայկի հաղթական ճակատամարտը աշշուրա-բաբելական աշխարհակալ Բելի դեմ։ Ճակատամարտի տեղում Հայկը կառուցել է Հայք կամ Հայկաբերդ դաստակերտը, որի անունով այնուհետև գավառը կոչվել է Հայոց ձոր։ Միջին դարերում մտել է Վասպուրականի իշխանության, ապա՝ թագավորության մեջ։ Մինչև 19 դարի վերջը գավառը եղել է գրեթե միատարր՝ հայաբնակ։ Քրդական ցեղերն այնտեղ հաստատվեցին հատկապես 1896 թվականի հայկական կոտորածներից հետո։ Հայոց ձորի շուրջ 10000-ի հասնող հայերը բնաջնջվեցին, իսկ փրկվածները տեղահանվեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ[46]։ | |
26 | Ճվաշռոտ | Տեղակայված է համանուն (այժմ՝ Աղ-չայ) գետի հովտում։ Արծրունիք թագավորների ձմեռանոցն ու զբոսատեղին։ Գետս ավանը, Արաքսի վրա, այքայական որսատեղին էր. այդտեղ, Արաքսի շամբերում, առատ էին երեները, վայրի խոզերը, կային նաև առյուծներ։ Հիշատակվում է Թովմա Արծրունու պատմության մեջ՝ Ճվաշ անունով։ | |
27 | Մարդաստան | Տեղադրվում է Մակու քաղաքից արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում։ Ըստ երևույթին գավառը Մարդաստան է կոչվել այնտեղ բնակված Մարդ ցեղի անունով։ Մինչև 5-րդ դարը մտել է Մարդպետունիների տոհմի տիրույթների մեջ, ապա անցել է Արծրունիներին՝ պահպանելով նաև Մարդպետական անունը։ 9-րդ դարից Մարդաստանը հիշվում է որպես Արծրունիների երկրորդական տոհմաճյուղերից մեկի կալված։ Նույն դարի վերջից Մարդաստանի Համբույրազան ավանը դարձել է եպիսկոպոսյան կենտրոն։ 10-րդ դարի սկզբին այստեղ ճակատամարտ է տեղի ունեցել Վասպուրականի և Ատրպատականի զորքերի միջև։ 902 թվականին Վասպուրականը Գագիկ և Գուրգեն Արծրունիների միջև բաժանելիս՝ գավառը մտել է Գագիկի տիրույթների մեջ։ 1021 թվականին՝ Վասպուրական թագավորության անկումից հետո, Մարդաստանը ենթարկվել է սելջուկ-թուրքական, մոմղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակությունների թատերաբեմ։ 1502 թվականից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։ | |
28 | Մեծնունիք | Մարմետ գետի միջին ավազանում։ Միջին դարերում մտել է Վասպուրականի Արծրունյաց իշխանության (908 թվականից՝ թագավորություն) կազմի մեջ։ 902 թվականին Վասպուրականը Գագիկ և Գուրգեն Արծրունիների միջև բաժանելիս՝ Մեծնունիքը մտել է առաջինի տիրույթների մեջ։ 1021 թվականին՝ Վասպուրական թագավորության անկումից հետո, Մեծնունիքը ենթարկվել է սելջուկ-թուրքական, մոնղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի գերիշխանությանը։ 1502 թվականից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։ | |
29 | Նախճավան | Գտնվելով հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում, հնուց ի վեր եղել է հայոց ազգի հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։ Գավառի գյուղերի ու ավանների տարածքում, որոնք հիմնականում գտնվում են Նախճավան գետի հոսանքն ի վեր և Արաքս գետի մերձակա հարթություններում, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն են հասել պատմության և ճարտարապետության մի շարք հուշարձաններ, որոնք վերջին տարիներին ոչնչացվել են։ Դեռևս նոր քարի դարի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա պղնձաքարի դարաշրջանի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։
Ըստ Աստվածաշնչի առասպելի Նախիջևան անվանումը կապված է Նոյի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել։ Օրինակ, հույները Նախիջևանը կոչել են Նախսուանա, արաբները՝ Նեշևի, Նեշուի, պարսիկները՝ Նախուա, Նախճեվան, Նաուշա, Նագշիջիհան։ Թուրքերը Նախիջևանը ևս կոչել են Նագշիջիհան, որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի[47][48]։ Նախճավան գավառը հնում գտնվում էր Մարդպետունիների իշխանության ներքո։ Այս իշխանական տունը հայոց արքունիքում արքունի գանձերի ու կանանոցի պատասխանատուն էր։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և Վասպուրականի իշխանականաների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև Արշակունիների անկումը՝ 5-րդ դարը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է Արծրունիների իշխանության ներքո[49], և այղ պատճառով էլ 7-րդ դարի «Աշխարհացույցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում[50]։ 10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ 705 թվականին Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում հայ նախարարներին արաբների կողմից ողջ-ողջ այրելուց հետո Կաշմ ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից[51]։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ Սյունաց և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ 705 թվականից հետո մինչև 10-րդ դարի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։ | |
30 | Պալունիք | Պալունիքը գտնվում է Արճիշակ և Վանա լճերի միջև, Մարմետ գետի միջին հոսանքի շրջանում։ Գավառը եղել է Պալունիների նախարարության տիրույթը։ Կենտրոնը Պղուանք ավանն է (հետագայում՝ գ. Պողանց)։ Հիշատակվում է միայն «Աշխարհացույց»-ում։ | |
31 | Պարսպատունիք | Ենթադրվում է որ Արտաշես Ա-ը Փայտակարանի հետ Պարսպատունիքը միացրել է Մեծ Հայքին։ Արշակունիների ժամանակաշրջանում Պարսպատունիքը եղել է Մեծ Հայքի կազմում՝ ստանալով Մարդպետական անվանումը։ Հայաստանի 387 և 581 թվականների բաժանումից հետո Պարսպատունիքի մի մասը կցվել է Սասանյան Իրանին։ Բագրատունիների օրոք Պարսպատունիքի մի մասը ազատագրվել է և մտել Հերի ամիրայության կազմի մեջ։ Բագրատունիների անկումից հետո Պարսպատունիքը զավթել են սելջուկյան թուրքերը, մոնղոլ-թաթարները, պարսիկները և այլ զանազան ցեղեր։ Ըստ 1555 թվականի Ամասիայի պայմանագրի՝ Պարսպատունիքի զգալի մասը անցել է Սեֆյան Պարսկաստանին։ Պարսպատունիքի տարածքը այժմ գտնվում է Ուրմիա լճի հյուսիսային և հյուսիսարևելյան կողմում, ներկայիս Իրանի տարածքում է։ Այժմ Պարսպատունիքում ապրում են շատ հայեր։ Կենտրոնը Հեր (այժմ՝ Խոյ) քաղաքն էր։ | |
32 | Ռշտունիք | Տարածվում էր Վանա լճի հարավային առափնյա շրջանում, նրա մեջ էին մտնում նաև Աղթամար ու Առտեր կղզիները։ Ենթադրվում է, որ Ռշտունիք անունը Ուրարտու (Ուրաշտու) անվան հայկական ձևերից մեկն է։ Մինչև 8-րդ դարը պատկանում էր Ռշտունի նախարարական տներին, իսկ 9-րդ դարում անցնում է Արծրունիներին։ Ռշտունիքի պատմական վայրերից ուշադրության են արժանի Ոստան ավանը, Նարեկավանքը, Աղթամարը, Մանակերտ բերդը։ Այս գավառի մեջ է մտել մեջ է մտել հին Ընձաքյարս սարը, որը այժմ կոչվում է Կապուտկող։ Ոստան բերդը ամրացրեց և շինություններով զարդարեց Գագիկ Արծրունի թագավորը 10-րդ դարում։ | |
33 | Վարաժնունիք | Այլ անվանումն է Ծաղկոցաձոր։ Նիգ, Մազազ, Վարաժնունիք գավառների սկզբնական տերերն են եղել Գնթունիները` Մեծ Հայքի թագավորության իշխանական նշանավոր տներից մեկը։ Հետագայում Նիգի մի մասն անցել է Վարաժնունիներին կամ Վարաժնունի իշխանական տանը, որոնց անունով էլ կազմավորվել է նոր գավառ` Վարաժնունիք։ Վերջիններիս հարևան էր Մազազ գավառը, որտեղ իր իշխանութիւնն էր պահպանում Գնթունիների իշխանական տան մի ճյուղը։ | |
34 | Տայգրյան | Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ։ | |
35 | Տոսպ | Տարածվում էր Վան քաղաքի շրջակայքում՝ համապատասխանելով ուրարտական Բիայնա երկրի կենտրոնական շրջանին։ Ուներ արգավանդ հողեր, որոնք ոռոգվում էին Վանի թագավոր Մենուայի կողմից կառուցված ջրանցքով (հայկական ավանդությունները ջրանցքի կառուցումը վերագրում են Շամիրամին)։ Գավառի պատմական վայրերից են՝ Վան քաղաքը, Առեստ ավանը, Վարագավանքը։ Տոսպ անունն առաջացել է ուրարտական Տուշպա մայրաքաղաքի անունից։ Տոսպը տարածվում էր Վանա լճի հարավարևելյան առափնյա շրջաններում։ Նա պարզապես իր մեջ ընդգրկում էր Վան քաղաքի շրջակայքը, որը հնագույն շրջանում հանդիսանում էր ուրարտական Բիայնա երկրի կենտրոնական մասը։ Գավառում պատմական տեղերից հիշատակելի է Արտամետ գյուղ՝ հռչակված իր կլիմայական բարենպաստ պայմաններով. այդ պատճառով էլ Արտաշես թագավորը այստեղ կառուցեց ապարանքներ և այլ շինություններ։ | |
36 | Տրպատունիք | Տեղադրությունը ենթադրական է․ Սուրեն Երեմյանը զետեղում է Արևելյան Տիգրիսի (Ջերմ) Շահբուր վտակի հովտում։ Տրպատունիքը եղել է համանուն նախարարության ժառանգական տիրույթը։ Ըստ Զորանամակի՝ Տրպատունիք նախարարությունը հայկական բանակին տվել է 100 հեծյալ մարտիկ։ Եղիշե պատմիչը վկայում է, որ Տրպատունիքի զորաջոկատը մասնակցել է Վարդանանց պատերազմին՝ ընդդեմ պարսկական նվաճողների։ 6-րդ դարում Տրպատունիքի տերերից Սեբեոսը հիշատակում է Թեոդորոսին և Սարգսին։ Հետագա աղբյուր ներում Տրպատունիքի մասին տեղեկություններ չեն հանդիպում։ |
Տայք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տայքը Դայաենի և Դիաուեխի անվանումներով հիշատակվում է ասորեստանյան և ուրարտական արձանագրություններում։ Մ.թ.ա. 401 թվականին անցնելով Հայաստանով՝ հույն զորավար Քսենոփոնը հիշատակում է «տայոխների» երկիրը։ Մինչև 3-րդ դարը Տայքը եղել է արքունական կալվածք և զորակայան։ 230–ական թվականներին հայոց արքա Խոսրով Ա Մեծը Տայքի մեծագույն մասը հատկացրել է Մամիկոնյանների նախարարությանը՝ որպես ժառանգական կալվածք։ 5-6-րդ դարերում Տայքը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ մղված ազատագրական շարժումների կենտրոն։ Ամրանալով Տայքի անտառախիտ լեռներում՝ Մամիկոնյաններն ու նրանց համակիր ուժերը հաջողությամբ պայքարել են պարսկական նվաճողների դեմ։ 591 թվականին Հայաստանի նոր վերաբաժանմամբ Տայքն անցել է Բյուզանդական կայսրությանը։ Մորիկ կայսեր կողմից Հայաստանի վարչական բաժանման ժամանակ ստացել է «Խորագույն Հայք» անվանումը։ 7-րդ դարի կեսից Տայքը մտել է արաբական արշավանքների ժամանակ բյուզանդական զորքերից լքված և Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ առժամանակ ինքնուրույնությունը վերականգնած Հայաստանի Էմիրության կազմում։ 7-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին մի շարք հայ իշխանական տներ ապաստանել են Տայքի լեռնավայրերում՝ խուսափելով արաբական նվաճողներից։ Տայքը դարձել է հակաարաբական պայքարի կենտրոն՝ Մամիկոնյանների գլխավորությամբ։ Անհավասար կռիվներում թուլացած և Հայաստանի քաղաքական ասպարեզից հեռացած Մամիկոնյանների կալվածները, այդ թվում՝ Տայքը, 8-րդ դարի վերջին անցել են Բագրատունիներին։ 10-րդ դարում Տայքի Բագրատունյաց ճյուղն ընդունել է բյուզանդական գերիշխանությունն ու քաղկեդոնական դավանանքը, կառավարել կայսեր շնորհած բարձր տիտղոսներով։ 1001 թվականին Տայքը նվաճել Է Բյուզանդական կայսրությունը, որը վարել է տեղի հայ բնակչությանը քաղկեդոնականություն պարտադրելու և նրանց ռազմական ուժերը թուլացնելու քաղաքականություն։ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում սելջուկյան թյուրքերից պարտված Բյուզանդիան հայկական հողերի հետ Տայքը զիջել է նրանց։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Ազորդաց փոր | Գավառի կենտրոնը եղել է Ազորդ քաղաքը։ 4-8-րդ դարերում եղել է Մամիկոնյանների սեփականությունը։ Կենտրոնը եղել է Ազորդը։ 10-րդ դարում, երբ Ազորդաց փորը Տայքի կյուրոպաղատության կազմում էր, հայ բնակիչների մի մասը դավանել է է քաղկեդոնականություն։ Գավառի Օշկ, Խախու, Էգրեկ (Ագարակ), Իս և այլ գյուղերում կառուցվել են քաղկեդոն եկեղեցիներ։ 1000 թվականին Ազորդաց փորը Տայքի մեծ մասի հետ միացել է Բյուզանդիային։ Ազորդաց փորի տարածքը 13-րդ դարում կոչվել է Թորթում։ | |
2 | Արսյացփոր | Գավառի կենտրոնը եղել է Արսիս քաղաքը։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ բացակայում է։ | |
3 | Բերդաց փոր | Գավառի կենտրոնը եղել է Բանակ քաղաքը։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ բացակայում է։ | |
4 | Բողխա | Գավառի կենտրոնը եղել է Օլթի քաղաքը՝ Էրզրումի մարզում, որը տեղակայված է Ճորոխ գետի աջակողմյան վտակ Օլթիի ափին։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը Օլթին, որն այն ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, ունեցել է 1090 տուն բնակչություն, որից մոտ 1000-ում հայեր էին բնակվում[52]։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ բացակայում է։ | |
5 | Կող | Տեղակայված է Կուր գետի ակունքների (Կրիակունք) լեռնահովտային շրջանում և իր տարածքով գրեթե համընկնում էր այժմյան Գյոլեհի շրջանին[18]։ Այստեղ հիշատակվում է համանուն բերդ, որի աշխարհագրական դիրքը դեռ մնում է անորոշ։ Հյուսիսից սահմանակից էր Գուգարքի Արդահան, արևելքից՝ Այրարատի Վանանդ, հարավից՝ Տայքի Բերդաց փոր և արևմուտքից՝ Ճակք գավառներին։ Ենթադրաբար նույնացվում է ուրարտական արձանագրություններում հիշատակվող Կուլխային։ Գավառում գտնվել է Կրիակունք ավանը։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ հայոց Վաղարշակ թագավորը Կողում հիմնել է այգիներ և ծաղկաստաններ, այն դարձրել արքունի ամառանոց և որսարան, իսկ նրա որդի Արշակի գահակալման ժամանակ Կովկասից ներխուժած բուլղար ցեղերը հաստատվել են Կողի հարավային արգավանդ, հացառատ դաշտում։ Ըստ Ղևոնդ պատմիչի՝ արաբական հալածանքներից խուսափող 12 հազար հայեր, Ամատունյաց իշխան Շապուհի և նրա որդի Համամի առաջնորդությամբ, 789 թվականին Կողում հաղթել են նրանց հետապնդող արաբներին և անցել Խաղտիք։ 9-րդ դարի 2-րդ կեսին Կողն անցել է Աբխազական թագավորությանը, սակայն հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին (890-914) այն վերամիավորել է Հայաստանին։ 10-րդ դարի 2-րդ կեսին Կողը մտել է Տայքի կյուրոպաղատության, 11-րդ դարի սկզբից՝ Բյուզանդական կայսրության, 12-րդ դարի վերջից՝ Վրացական թագավորության մեջ։ 13-րդ դարի 1-ին կեսին Կողը նվաճել են թաթար-մոնղոլները, 16-րդ դարում՝ օսմանյան թուրքերը։ | |
6 | Ճակք | Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ բացակայում է։ | |
7 | Ոքաղե | Տարբեր աղբյուրներում գավառը կոչվում է Ուխթիք, Ոքաղե կամ Ոքաղ։ Ոքաղեի մասին տեղեկությունները քիչ են։ Ըստ Թադևոս Հակոբյանի՝ Ոքաղե գավառը զբաղեցնում է Օլթի գետի միջին հոսանքի շրջանը։ Այստեղ են գտնվում Ղազար Փարպեցու հիշատակած Գեղիկ և Վարդաշեն գյուղերը (Բասենի սահմանակցությամբ)։ Ս.Երեմյանի կարծիքով՝ Ոքաղեն ընդգրկել է Ազորդ (այժմ՝ Թորթում) գետի վերին և միջին հոսանքի շրջանները։ Համապատասխանում է այժմյան Թորթում գավառին։ Ոքաղե գավառում գտնվում է Ուխթիք բերդաքաղաքը, որը համապատասխանում է այժմյան Օլթիին։ | |
8 | Պարտիզաց փոր | Պարտիզաց փոր գավառը գտնվում է Ուխտիքի Պարտեզ վտակի վերին և միջին հոսանքների շրջանում։ Կենտրոնն էր Պարտեզ ավանը։ Արևելքից Կարմիր Փորակ (այժմ՝ Սողանլու) լեռներով բաժանվում էր Այրարատ նահանգի Վանանդ գավառից, հարավից՝ Մեծրաց լեռներով՝ Բասեն և Աբեղյանք գավառներից, հյուսիսից սահմանակից էր Բերդաց փոր, իսկ արևմուտքից՝ Բոխա գավառներից։ Ըստ Ս. Տ. Երեմյանի՝ գավառը զբաղեցրել է 662 կմ2 տարածություն։ |
Տուրուբերան նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի չորրորդ նահանգը։ Արևմուտքից սահմանակից էր Ծոփք և Բարձր Հայք, հյուսիսից՝ Այրարատ, արևելքից՝ Վասպուրական, հարավից՝ Մոկք և Աղձնիք նահանգներին։ Տուրուբերանի բնական սահմաններն արևմուտքում կազմում էին Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի արևելյան հատվածից սկսվող և դեպի հարավ տարածվող Սերոկի լեռները, հյուսիսում՝ Հայկական Պար և Շարիանի լեռնաշղթաները, արևելքում՝ Վանա լիճը և Բերկրի ու Պատնոց գետերի ջրբաժան լեռները, հարավում՝ Հայկական Տավրոսը։ Ընդգրկել է հիմնականում Արածանու վերին և միջին, ինչպես նաև Արաքսի վերին հոսանքների ավազանը։ Այստեղ է գտնվում երրորդ մեծ և բարեբեր հովիտը՝ Մուշի դաշտը (Արածանիի վրա)։ Կազմված էր 16 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Աղիովիտ | Գտնվում է նահանգի ծայր արևելքում՝ Վանա լճի հյուսիսային ափին։ Աղիովիտն ընկած էր Աղի գետի հովտում (որից և ստացել է իր անվանումը)՝ տարածվելով մինչև Նեխ Մասիք լեռը և Աղի լեռնանցքը՝ արևմուտքում, Ծաղկանց լեռները՝ հյուսիսում, Առեստ գետի արևմտյան ջրբաժանը՝ արևելքում և Վանա լիճը՝ հարավում։ Գավառի անունով Վանա լիճը երբեմն կոչվել է նաև «Աղի լիճ», իսկ գավառի Արճեշ քաղաքի անունով «Արճեշի ծով»։ Վասպուրականի Առբերանի և Ծոփաց Հաշտեանք գավառների հետ միասին հանձված էր Արշակունյաց արքայատոհմի սեպուհներին և համարվում էր արքունի կալվածք, ինչի հետևանքով գավառը կոչվել է նաև «Սեպուհական» կամ «Վասպուրական»։ Վերջին անվանումն ավելի ուշ տարածվել է ամբողջ նահանգի վրա։ Գավառում էր գտնվում արքունի քաղաք Զարիշատը, որտեղ թաղվել է Արշակ Բ թագավորի կողմից սպանված Գնել Արշակունին, և որն ավերվել ու գերեվարվել է Շապուհ II թագավորի զորքերի կողմից 4-րդ դարի 60-ական թվականներին։ Զարիշատ քաղաքն ի պատիվ Արտաշես Ա-ի հոր՝ Զարեհի, ստացել է «արքունի քաղաքի» իրավունք, նաև հողային տարածություն՝ Աղիովտի արևմտյան մասը ևս, որը ստացել է «Զարիշատ Աղիովտի» քաղաքային տարածքը։ Թովմա Մեծոփեցու օրոք Զարիշատը գյուղաքաղաք էր, որը, հեղինակի հավաստմամբ, գտնվում էր Քաջբերունյաց գավառում։ Պատմիչներն Աղիովիտում հիշատակում են Արճեշ գյուղը կամ քաղաքը, որի ավերակներն այսօր լճի հայելու բարձրացման հետևանքով ջրասույզ են եղել, Երիկավը, Խառաբաստոյ գյուղը, Խառաբաստայ կամ Սուխարայ վանքը, Կերմանից գյուղը, Մեծոփավանքը, Ասպիսնակ կամ Վարախանից գյուղը, Ասպիսնակա վանքը և այլն։ Աղիովիտն ավելի ուշ ժամանակներում ավելի շատ հայտնի էր «Արճիշոյ գավառ» կամ «Քաջբերունիք» անուններով։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գավառի տարածքի հիմնական մասը համընկնում էր Օսմանյան կայսրության Վանի վիլայեթի Արճեշի գավառակի տարածքին։ Այստեղ է գտնվում միջնադարյան հայտնի վանքերից մեկը՝ Մեծոփա վանքը։ | |
2 | Աշմունիք | Ունեցել է 2000 կմ2 տարածություն։ Գավառը Մանդակունի նախարարական տոհմի հայրենական տիրույթն էր։ Արշամունքը հիշատակվում է Փավստոս Բյուզանդի «Պատմություն Հայոց»–ում։ Ստացել է իր անունն աշմունի ցեղից։ Գավառի հայտնի քաղաքներից էր Երիզա քաղաքը։ Գավառի կենտրոնը եղել էր Բասկան քաղաքը, որն ունեցել է հայկական եկեղեցի։ Քաղաքը 20-րդ դարի սկզբին ունեցել է 85 տուն՝ 566 հայ բնակչով, որոնք տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ | |
3 | Ապահունիք | Տարածվում էր Վանա լճի առափնյա շրջաններում՝ Սիփան լեռից դեպի հյուսիս, Հարքից հյուսիս-արևելք՝ Արածանիի ափերին։ Իր անունը ստացել է Ապահունի տոհմից։ Տանուտիրական Հայքի դարաշրջանում պատկանել է Հայկ Նահապետից սերած Ապահունիների իշխանական տանը։ Գավառի տարածքում էին գտնվում Մանազկերտ քաղաքը և Ծումբ բերդը։ Գավառի նշանավոր պատմական վայրերից էր Թոնդուրակ կամ Թոնդրակա բնակավայրը, որն իր անունն է ստացել 9-11-րդ դարերում Հայաստանում լայն տարածում ստացած թոնդրակյան աղանդավորական շարժումը։ | |
4 | Ասպակունյաց ձոր | Գավառի մասին շատ տեղեկատվություն չկա։ | |
5 | Բզնունիք | Գավառի կենտրոնը եղել է Բադեշ քաղաքը։ Տարածվում էր Վանա լճի հյուսիսարևմտյան առափնյա շրջանում։ Բզնունիքին էին պատկանում նաև Վանա լճի Արծկե, Ծիպան և Տոքյան կղզիները։ Հիմնականում ընդգրկում էր այժմյան Խլաթի կամ Ախլաթի գավառի տարածքը։ Ունի բարեխառն կլիմա, անցյալում պտղաբեր էր՝ պարտեզներով, այգիներով, անտառներով հարուստ։ Գավառի հյուսիս-արևմուտքում է գտնվում անուշահամ ու ձկնառատ Նազուկ կամ Նազիկ լիճը։ Բզնունիքի Նեմրութ կամ Նեբրովթ (հնում կոչվել է նաև Սարակ) հանգած հրաբխային լեռան (3050 մ) գագաթի խառնարանում գտնվում է Նեմրութա ծովակը (լիճը)։ Բզնունիքում էին գտնվում Խլաթ և Արծկե քաղաքները։ Ըստ ավանդազրույցի՝ Ասորեստանի բռնակալ աստված Բել-Նեբրովթն ուղտերով շինանյութ է կրել, երկնաքեր բերդ կառուցել Սարակ լեռան գագաթին, որպեսզի այնտեղից կռվեր և հաղթեր հայոց աստծուն։ Բայց վերջինս հաղթել է Բել-Նեբրովթին։ Այս ավանդության հետ է կապված Սարակ լեռան՝ Նեբրովթ և մերձակա դաշտի՝ Ուղտու կամ Ըղտու քարեր անվանումները։ Հնագույն ժամանակներից մինչև 4-րդ դարի կեսը Բզնունիքը հղել է Բզնունիների հայկազուն իշխանական կամ նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Գավառանունն առաջացել է այդ տոհմանունից։ Այս իշխանության անունով Վանա լիճը կոչվել է Բզնունյաց ծով։ Հայոց հարավային զորաթևի հրամանատար Բզնունի Դատաբենի դավաճանության պատճառով 330-ական թվականներին Խոսրով Գ Կոտակ թագավորի հրամանով բնաջնջվել է Բզնունիների գերդաստանը և Բզնունիքը միացվել է արքունի կալվածներին։ Հայոց Արշակունի թագավորության անկումից (428) հետո Բզնունիքը մնացել է տեղի եպիսկոպոսի տնօրինության ներքո։ 8-րդ դարից Բզնունիքին տիրել են արաբները։ Ըստ Շապուհ Բագրատունի պատմիչի՝ Սմբատ Բ Բագրատունի թագավորը (իշխել է 890-914) Բզնունիքն ազատագրել է արաբ տիրապետողներից, բարեկարգել գավառը, վերակառուցել Խլաթի ամրոցը։ Բզնունիքի հնագույն բնակավայրերից հիշատակվում են Արծկեն, Խլաթը, Դատվանը, Մատնավանքը, Շամիրամու բերդը։ Կրկնակի պարիսպ ու բերդ ունեցող Արծկե կղզի-քաղաքը միջին դարերում ապաստան է հանդիսացել շրջակա հայերի համար։ Ուշ միջնադարում բերդը ջրածածկ է եղել։ 20-րդ դարի սկզբին դեռևս տեսանելի էին պարսպի աշտարակները, եկեղեցիների գմբեթները և բարձրակառույց այլ շինությունների մնացորդները։ Վահան Գողթնեցու վարքում 8-րդ դարի սկզբին քաղաքին առընթեր հիշատակվում է Երաշխավոր մենաստանը։ Արծկեցիները հետագայում բնակություն են հաստատել լճափի բարձր ու գեղադիր մասում՝ հիմնելով Նոր Արծկեն։ Ըստ Արծկե քաղաքի արաբական Դաթ ալ-Ջաուզ անվանման՝ թուրքերը Նոր Արծկեն կոչում են Ալջավազ կամ Ադլջեազ։ | |
6 | Դալառ | Այժմ՝ Թոլրու։ Գավառի կենտրոնը եղել է Գովառ գյուղը։ Գտնվում է Արածանի գետի վերին ավազանի արևմտյան կողմում։ Հարավ-արևելքից սահմանակից էր Ապահունիք, հարավից՝ Տուարածատափ, արևմուտքից՝ Դաստավորք գավառներին, հյուսիսից՝ Այրարատի Բագրևանդ գավառին։ Այժմ համապասխանում է թուրքական վարչական բաժանման Թոռլու գավառակին։ | |
7 | Դասնավորք | Այժմ՝ Գարա-Յազ։ Գավառի մասին շատ տեղեկատվություն չկա։ | |
8 | Երևարք | Այժմ՝ Գյուզել-դերե։ Հիշատակվում է 7-րդ դարի «Աշխարհացույց»-ում։ Թովմա Արծրունու շարունակողը հիշում է «Երիվարկ» ձևով և գավառում հիշատակում Պաղա բերդը։ Տեղադրվում է Վանա լճից հարավ՝ հետագայում Կարճկան գավառակի տեղում։ Ունի լեռնոտ մակերևույթ, բարեխառն կլիմա, հարուստ է անտառներով, արոտներով, ջրերով, վայրի կենդանիներով, աղքատ՝ մշակելի հողերով, պտղատու ծառերով։ Կան արծաթի, պղնձի, կապարի հանքեր։ 1909 թվականին ունեցել է 22 հայաբնակ գյուղ, որոնց բնակիչները զբաղվել են խաղողագործությամբ և խաշնարածությամբ։ 1915 թվականին բնակչությունը տեղահանվել և զոհվել է։ | |
9 | Խորխոռունիք | Գավառի կենտրոնը եղել է Արծկե քաղաքը։ Ենթադրվում է, որ գտնվում էր Բզնունյանց երկրի Կոր գավառի մեջ՝ Նազուք Լճի շրջանակներում։ Ստացել է իր անունը Խոռխոռունի տոհմից։ Հայ մատենագիրները հիշատակում են Խորխոռունիների նախարարական տոհմը, իսկ, իբրև գավառ, Խորխոռունիք չի հիշատակվում։ Ենթադրում են, որ 7-րդ դարի «Աշխարհացոյց»-ում գավառի անունը հետագա խմբագիրներն են ավելացրել՝ իմանալով, որ այն եղել է համանուն տոհմի կալվածքը։ Մոտավորապես համապատասխանում էր Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակին։ Մակերևույթը հիմնականում հարթ է, հյուսիսարևմտյան մասում՝ լեռնոտ։ Տարածքն ընդգրկող Բուլանըխի գավառը 20-րդ դարի սկզբին ունեցել է ավելի քան 68 գյուղ, որոնցից 29-ը՝ հայաբնակ։ Գավառի բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայերի հետ ապրում էին քրդեր ու չերքեզներ։ Գավառի կենտրոնն էր Կոփ գյուղաքաղաքը, որը 1914 թվականին ունեցել է 500 ընտանիք (340-ը՝ հայ)։ Խորխոռունիքի հայաբնակ գյուղերն էին Ապրին, Ալիպոճանը, Բլուրը, Գարազելը, Գեաբոլանը, Թեղուտը, Թրքաշենը, Լաթարնը, Խաչլունը, Խարաբաշահարը, Խոշգյալդին, Կոպակը, Կոպոն, Կոփը, Միջիթլուն, Միրիպարը, Մոլլաքյանդը, Յակրակը, Յատկոնը, Շեխեաղութը, Շեխվոտին, Շիրվանշեխը, Ոտնչորը, Պրտոպը, Քեքառլուն, առավել բազմամարդ էին Յոնջալուն (250 ընտանիք), Լիզը (200), Համզաշեխը (150)։ Գավառի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը կոտորվել է բռնագաղթի ճանապարհին։ | |
10 | Խույթ | Գտնվում է Սասունի արևելյան կողմում, Տարոն գավառից հարավ-արևելք՝ Սանասունք լեռան հարավային կողմում։ Խիստ լեռնային գավառ է՝ ցուրտ կլիմայով և աղքատ բնությամբ։ Խույթում 15-րդ դարում հիշվում է Քեռգու գյուղաքաղաքը։ Այդտեղ էր գտնվում Սուրբ Աղբյուրիկ (Աղբերկա) կամ Վանդիր վանքը, որը կառուցվել էր 5-6-րդ դարերի ընթացքում։ Վանքը եպիսկոպոսանիստ էր, ուր իր կյանքի վերջին տարիներին եղել է Գրիգոր Մագիստրոսը։ Գմբեթավոր էր, պարսպապատ և ծառայում էր որպես ամրոց։ 10-13-րդ դարերում այն եղել է Սասունի իշխանների դամբարանը։ 4-րդ դարի երկրորդ կեսին միացվել է Տարոնի Մամիկոնյանների նախարարությանը, իսկ արաբական տիրապետության շրջանում և ավելի ուշ Սասունի հետ կազմում էր մեկ իշխանություն։
Խույթից էր Հովնանը, որը 9-րդ դարի կեսերին Հայաստանում արաբական լծի դեմ ծավալված ապստամբության նշանավոր առաջնորդներից էր։ 851-852 թվականի ժողովրդական ապստամբության ժամանակ Խույթի լեռնականները, Հովնան Խութեցու գլխավորությամբ, 851 թվականի գարնանամուտին, իջնելով լեռներից, ծանր պարտության են մատնել արաբական խալիֆայության զորքին՝ սպանելով նրա զորապետ Յուսուփին։ Այդ իրադարձությունը հետագայում հիշատակվել է «Սասունցի Դավիթ» էպոսում։ Ապստամբությունը հիշատակում են նաև արաբ մատենագիրներ Բելազուրին և Թաբարին։ 1459-1460 թվականներին հակաթուրքական պայքարին մասնակցելու նպատակով Խույթից, որպես բանագնաց, Հռոմ է մեկնել (պապի հետ բանակցելու) Հեթումը։ 1514 թվականից հետո Խույթն անցել է օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ։ Թուրքիայի կազմում Խույթը մտնում էր Բիթլիսի վիլայեթի մեջ՝ Բռնաշենի հետ կազմելով առանձին նահիե։ | |
11 | Կոր | Այժմ՝ Բոլանք։ Գավառի մասին շատ տեղեկատվություն չկա։ | |
12 | Հարք | Գավառի կենտրոնը Կոփ քաղաքն էր։ Տարածվում էր Արածանի գետի վերին հովտում՝ Տարոն, Վարաժնունիք, Ապահունիք և Բզնունիք գավառների միջև։ Մար Աբաս Կատինա պատմիչը Հարքը և նրա Հայկաշեն բնակավայրը համարում է հայոց անվանադիր նախնի Հայկի բնակության սկզբնատեղը։ Ըստ այդ ավանդական պատմության՝ Հայկը Հարքը ժառանգություն է թողել որդիներից Մանավազին, որն իր անունով հիմնել է Մանավազակերտ բերդաքաղաքը։ Մինչև 4-րդ դարը Հարքին ժառանգաբար տիրել են Մանավազյանները։ Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Մանազկերտը։ Մանավագյան նախարարության բնաջնջումից հետո Արշակունի Խոսրով Բ Կոտակ թագավորը Հարքը պարգևել է Աղբիանոսյաններին, որոնք Մանազկերտը դարձրել են եպիսկոսանիստ կենտրոն, մանազկերտցի Աղբիանոսյան եպիսկոպոսներից վեցը 4-5-րդ դարերում դարձել են կաթողիկոս։ «Ներսեսի Վարքում» հիշվում է Հարքեանք նախարարությունը։ Հարքի հնագույն բնակավայրերից է Հերյանը, որտեղ, ըստ Ստեփանոս Տարոնեցու, ծնվել է հայ ականավոր իմաստասեր Դավիթ Անհաղթը։ Նույն պատմիչը Հարքի Եղեգակ գյուղը հիշատակվում է որպես Սահակ Բ կաթողիկոս (534-539) ծննդավայրը։ Արիստակես Լաստիվերցին հիշատակում է Հարքի Մանկագոմ, Գյուղք և Ագարակք ավանագյուղերը։ 11-րդ դարի սկզբին Հարքը հիշատակվում է որպես Թոնդրակյան շարժման կենտրոն։ Այժմ Հարքը տրոհված է թուրքական Բուլանըկ և Մանազկերտ գավառների միջև։ Հարք գավառի տարածքը մոտավորապես համապատասխանում է Թուրքիայի Մուշի նահանգի Բուլանիք շրջանին։ | |
13 | Մարդաղի | Տեղակայված է եղել Երասխ գետի ակունքների շրջանում։ Անվանումը կապված է տեղական Մարդ ցեղի հետ, որոնք գաղթել էին Ատրպատականից, այդ պատճառով էլ գավառը հայտնի էր նաև Մարդաստան անվանումով[53]։ Մեկ այլ վարկածով գավառի անունն առաջացել է «մարդ» (ցեղանուն) և «աղխ» (տոհմ) բառերից։ Արևմուտքից Մեղեդուխի լեռնաշղթայով բաժանվում էր Բարձր Հայք նահանգի Կարին գավառից, արևելքից սահմանակցում էր Տուրուբերանի Դասնավորք, Տվարածատափ և Դալառ գավառներին, իսկ հարավից ձգվում մինչև Սերմանց լեռները։ Միջին դարերում Մարդաղն իր կենտրոնական բերդի անունով կոչվել է նաև Սևուկ բերդակ։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է հետագայի Էրզրումի վիլայեթի Թեքմանի շրջանին։ Լեռնային է, կլիման՝ ցուրտ, տարեկան տեղումների քանակը 800-900 մմ։ Հայտնի է սառնորակ աղբյուրներով, փարթամ արոտավայրերով ու խոտհարքներով։ Մարդաղիի մասին պատմական տեղեկությունները քիչ են։ Հայկական առաջին Աշխարհացույցում Մարդաղին հիշատակվում է որպես սալակ և ձիղկ հանքանյութերով, ինչպես նաև սև և սպիտակ նավթով հարուստ գավառ։ Մարդաղին եղել է առաջին եպիսկոպոսական թեմը։ | |
14 | Վարաժնունիք | Անունը ծագել է Վարաժն տոհմից։ Գավառի կենտրոնն էր Խնուս քաղաքը։ Գավառի մասին շատ տեղեկատվություն չկա։ | |
15 | Տարոն | Գավառի կենտրոնն էր Մուշ քաղաքը։ Մ.թ.ա. 4-6-րդ դարերում Տարոնը եղել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ Ուրարտուի կարևոր ազգագավառներից մեկը, առաջնակարգ դեր խաղացել նրա տնտեսական, քաղաքական և կրոնամշակութային կյանքում։ 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում։ Տրդատ Գ թագավորի զորքերը տևական մարտերում ընկճել են Տարոնի ընդդիմադիր ուժերին, կործանել հեթանոսական սրբարանները և դրանց տեղում հիմնել եկեղեցիներ։ Արքունի հրովարտակով Վահունի քրմապետական տան տիրույթները տրվել են Գրիգոր Լուսավորչին հայրապետ տոհմին, իսկ Սլկունյաց տիրությունները՝ Մամիկոնյանների տոհմի սպարապետական ճյուղին։
5-6-րդ դարերում Տարոնը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ազատագրական շարժման հզոր կենտրոն։ Այդ պայքարում Մամիկոնյան իշխանները հաճախ աջակցել են Բյուզանդական կայսրությանը։ 6-8-րդ դարերում Մամիկոնյանները Տարոնին են միացրել մերձակա Խույթը, Սասունը և այլ գավառներ։ Հայաստանի 591 թվականի բաժանմամբ Տարոնն անցել է բյուզանդական գերիշխանության ներքո։ 639 թվականից վերամիավորվել է արաբական արշավանքների հետևանքով առժամանակ անկախությունը վերականգնած Հայաստանին։ 774-775 թվականներին արաբական զորաբանակների դեմ ազատագրական մարտերում ծանր պարտություն կրելուց հետո, Մամիկոնյանները Տարոնից գաղթել են Բյուզանդիա, մասամբ՝ Տայք։ Տարոնն այնուհետև անցել է Բագրատունիներին։ 13-16-րդ դարերում Տարոնն անցել է թաթար–մոնղոլական և թուրքմենական հրոսակ ցեղերի տիրապետության ներքո։ 1535 և 1639 թվականներին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տարոնն անցել է օսմանյան սուլթանությանը։ | |
16 | Տվարածատափ | Գավառի մասին շատ տեղեկատվություն չկա։ |
Ուտիք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգ։ Տարածվել է Կուր գետի աջափնյա տափարակում և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում՝ զբաղեցնելով Աղստև գետից մինչև Կուրի և Երասխի ջրկիցն ընկած տարածքը։ Հյուսիսում և արևելքում Կուր գետով սահմանակցել է Աղվանքին, արևմուտքում՝ Դեբեդի և Աղստևի ջրբաժանով՝ Գուգարքին, հյուսիս-արևմուտքում Մրղուզի և Սևանի լեռնաշղթաներով՝ Այրարատին և Սյունիքին, հարավ-արևմուտքում՝ Արցախին, հարավում Երասխ գետով՝ Փայտակարանին` Արցախի և Կուր գետի մեջ։ Այստեղ ապրում էին ուտիացիները, գարդմանացիները, գարգարացիները և այլ ցեղեր։ Կազմված էր 8 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Աղվե | Կենտրոնը եղել է Կայեան ամրոցը։ | |
2 | Առան-ռոտ | Կենտրոնը եղել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից Խաչեն գետի աջ ափին կառուցված Տիգրանակերտ քաղաքը։ Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանվել է «Տկռակերտ» անվանաձևը։ | |
3 | Գարդման | Գավառի տիրույթները տարածվում էին Շամխոր գետի ավազանի և նրա հարակից տարածքների վրա։ Գավառը հիշատակվում է նաև Գարդմանաձոր անունով։ Համաձայն Թադևոս Հակոբյանի` այս գավառը տարածվում էր Շամքոր գետի վերին հոսանքի շրջանում։ Գավառի մեծ մասը լեռնային է և անտառապատ։ Երբեմն որոշ հեղինակներ Գարդմանք գավառը սխալմամբ վերագրում էին Արցախ նահանգին[18]։ Գարդմանում է գտնվում մի հայտնի պղնձահանք, որը գտնվում է այժմյա Գետաբեկ քաղաքի տեղը։ Այս պղնձահանքերի շահագործումն ունի հնագույն պատմություն, բայց նրա մասին հիշատակությունները հաճախակի են դառնում միայն 10-13-րդ դարերում։ Գարդման գավառի նշանավոր վայրերից է հայ մատենագիրների կողմից հիշատակված Գետաբակք բերդը։ | |
4 | Շակաշեն | Գավառը հիշատակվում է Շիկաշեն, Շակաշէն, Շիկաշէն ձևերով։ Կուր գետին պատկանող ընդարձակ դաշտավայր։ Ստրաբոնն այն անվանում էր Սակասեն։ Ենթադրվում է, որ Շակաշեն անվանումը ծագել է սկյութացիների (սակերի) անունից։ Շակաշենի պատմաաշխարհագրական նշանավոր վայրերից է Գանձակ քաղաքը, որը կառուցվել է 12-րդ դարում և կարճ ժամանակահատվածում դարձել վաճառաշահ, մեծ քաղաք։ Գտնվել է Ուտի Առանձնակ գավառի արևմտյան կողմում։ Ղևոնդ Ալիշանը նույնացնում է հետագայի Գանձակի գավառին։ Սուրեն Երեմյանը տեղադրում է Զակամի և Կուրակի Միջագետքում՝ Կուր գետի աջափնյա հովտում։ Անտիկ հեղինակների երկերում հիշատակվում է Սակասենե անունով։ Ըստ Ստրաբոնի` գավառանունն առաջացել է մ.թ.ա. 7-րդ դարում այնտեղ հաստատված սակերի (շակք) ցեղանունից։ Արշակաշեն անվանաձևը (պահպանվել է Մովսես Կաղանկատվացու երկում), ինչպես նշել է Հայնրիխ Հյուբշմանը, առաջացել է հետագայում` ժողովրդական ստուգաբանությունից։ Աղբյուրներում Շակաշենի բնակավայրերից հիշատակվում է Վարտա ավանը։ 5-րդ դարի 1-ին կեսին Սասանյան Իրանը Շակաշենը ևս անջատեց Մեծ Հայքից և կցեց Աղվանից մարզպանությանը։ | |
5 | Ռոտ-Պացյան | Ռոտ-Պացյան գավառը գտնվել է Ուտիքի արևելյան սահմանում` Երասխի ձախափնյա տարածքում։ Հիշատակվում է միայն «Աշխարհացոյց»-ում։ Այլ տեղեկություններ չեն պահպանվել։ | |
6 | Տռի | Կենտրոնը եղել է Փայտակարան քաղաքը (այժմ կոչվում է Բեյլագան (ադրբ.՝ Balakən)), որը ներկայումս Ադրբեջանական Հանրապետության Բեյլագանի շրջանի վարչական կենտրոնն է։ Այլ տեղեկություններ չեն պահպանվել։ | |
7 | Տուչքատակ | Տարբեր ժամանակ և տարբեր աղբյուրներում գավառը կոչվում էր Տուչկատակ, Տուզքատակ, Տուչքուստակ, Տուչ Կատակ, Տուզ Քուստակ, Տուզ Քստակ, Տուհաց գավառ կամ Տավուշ[54]։ Տավուշ գավառը Մեծ Հայքի հյուսիսարևելյան գավառներից մեկն է։ Արևմուտքից և հյուսիս-արևմուտքից Տավուշին սահմանակից է Ուտիքի Աղվե գավառը, հյուսիսից՝ Աղվանքի Կամբեճան շրջանը, արևելքից և հարավ-արևելքից Ուտիքի Գարդմանք գավառը, իսկ հարավից սահմանակից է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառը։ Այժմ Տավուշ գավառի արևելյան մասը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թովուզիի և մասամբ Ղազախի շրջաններին, իսկ արևմտյան մասը կազմում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արևելյան ծայրամասը (խորհրդային տարիներին Տավուշի այդ մասը կազմում էր Հայկական ԽՍՀ-ի Շամշադինի շրջանը)։ Հնում գավառի տարածքում էր բնակվում տուհ ցեղը, որից էլ շրջանը ժամանակին կոչվում էր Տուհաց գավառ։ Տավուշ գավառի պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են Խաղխաղը և Տավուշը։ Տավուշի բերդը 9-10-րդ դարերում հռչակված վայր էր։ Այստեղ նստող իշխանները մի քանի անգամ ապստամբություն են բարձրացրել Բագրատոնի թագավորների դեմ։ Աշոտ Բ-ն (914-928) զենքի ուժով կոտրում է նրանց դիմադրությունը և գրավում Տավուշի բերդը։ 11-րդ դարում Տավուշի բերդը և գավառը գրավվում է Կորիկյան թագավորության, իսկ 12-րդ դարում` Զաքարյանների կողմից։ Գավառում գտնվում է Երգեվանքը, Խորանաշատ վանքը, Կալերի կամուրջը, Քարե կամուրջը, Երգեվանից բերդը, Տավուշի բերդը, Աղջկաբերդը, Նորաշենի կիկլոպյան ամրոցը, Տանձուտի ամրոցը։ | |
8 | Ուտի Առանձնակ | Տեղեկայվում է Տրտու (Թարթառ) գետի ավազանում։ Ընդգրկել է Արցախ նահանգից մինչև Կուր գետն ընկած ընդարձակ հարթավայրը։ Հիմնականում համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Բարդայի շրջանի տարածքին։ Ուտի առանձնակում 462 թվականին հիմնված Պարտավ քաղաքը Սասանյան Պարսկաստանի տիրապետության ժամանակ (5-7 դարեր) եղել է Աղվանից մարզպանության կենտրոնը, իսկ արաբական տիրապետության հաստատումից (7-րդ դար) հետո՝ Արմինա կուսակալության երկրորդ կենտրոնը։ 562 թվականից այն դարձել է նորաստեղծ Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը (9-րդ դարասկզբից փոխադրվել է Բերդակուր)։ Ուտի առանձնակի միջնադարյան բնակավայրերից հիշատակվում է Կաղանկատույք գյուղը, ուր ծնվել է հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացին։ |
Փայտակարան նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգը։ Հյուսիս–արևմուտքից սահմանակից էր Սյունիք, Արցախ և Ուտիք, արևմուտքից՝ Վասպուրական նահանգներին։ Այն հայերը խլել են Ատրպատականից, սակայն այն հայերի իշխանության տակ երկար ժամանակ չմնաց։ Անունն ստացել է Փայտակարան քաղաքի անունից։ Այլ տվյալներ շատ քիչ են պահպանվել։ Կազմված էր 13 գավառներից։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Աթշի-Բագավան | Կենտրոնը եղել է Բագավան գյուղաքաղաքը։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
2 | Ալևան | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
3 | Առոս | Այլ անվանումներն են Բիճանհանի, Առոպիժան, Առոս, Առոսբիճան, Առոսպիժան, Առոսպիճան, Բառոս, Բիժանհանի, Բիժանհանի, Բիջանհանի, Բիռոսճանի, Պիժան, Պիժանհանճանի, Պիճանհանի, Պիճանհանհանի։ Նշանավոր Առոս ավանի անունով էլ կոչվել է նաև Առոս, Առոսբիճան (Առոս-Բիճան), Առոսպիճան անուններով։ Տարածվում էր Փայտակարան աշխարհի հարավային կողմում՝ Վիլյաշչայ գետի վերին հոսանքի շրջանում։ Համապատասխանում է այժմյան Ադրբեջանի Հանրապետության Յարդամլիի շրջանի Առնուս գյուղի շրջակա տարածքին։ Այստեղ նշանավոր էր Առոս ավանը[55]։ | |
4 | Հանի | Կոչվել է նաև Բաժանհանի, Պիճանհանի, որ բխեցնում են հնում Ատրպատականում ապրած ժողովրդի անունից՝ այն Aniana ձևով նույնացնելով Ստրաբոնի Aivix-ի հետ։ Այդ անունը պահպանված են գտնում Անի անվան մեջ՝ վերոհիշյալ ժողովրդի Ատրպատականից Հայաստան տեղափոխվելու և իր անվամբ բնակավայր թողնելու մեկնաբանությամբ։ | |
5 | Հրաքոտ-Պերոժ | Հիշատակվում է «Աշխարհացույց»-ում (ստույգ տեղադրությունն անորոշ է)։ Ուսումնասիրողների մի մասի կարծիքով` ընդգրկել է ներկայիս Միլի դաշտը՝ Փայտակարան քաղաքով հանդերձ։ Որոշ ուսումնասիրողներ Հրաքոտը և Պերոժը համարել են գավառներ։ 5-րդ դարի 1-ին կեսին Սասանյան Իրանը Հրաքոտ-Պերոժը Փայտակարանի հետ միացրել է Ատրպատականին։ | |
6 | Յոթնփորակյան Բագինք | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
7 | Ռոտ-ի-Բաղա | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
8 | Որմիզդ-Պերոժ | Մատենագրության մեջ գավառը հիշվում է Որմիզդպերոժ, Որմզդպերոժ, Որմզդփերուժ, Որմզդան անվանումներով։ | |
9 | Պիճան | Պիճանը գտնվում է Փայտակարանի հարավում։ Արևմուտքում սահմանակցում է Ալևան, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կոեկեան գավառների, հարավում և հարավ-արևելքում՝ պարսկական Ատրպատական շրջանի հետ։ Գավառի տարածքում է եղել երկու խոշոր քաղաք՝ Պիճան և Վարձական։ | |
10 | Սպանդարան-Պերոժ | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
11 | Վարդանակերտ | Այս անունով մի բերդ գտնվում է Արաքս գետի մոտ, մինչև նրա խառնվելը Կուր գետի հետ[56]։ Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
12 | Քաղան-ռոտ | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ | |
13 | Քոեկյան | Այլ տեղեկատվություն չկա այս գավառի վերաբերյալ։ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 .
- Հայ ժողովրդի պատմություն, Հ. 2. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984 .
- Հայոց պատմություն, հ. II. Միջին դարեր (IV դ. - XVII դ. առաջին կես), գիրք երկրորդ (IX դարի կես-XVII դարի առաջին կես), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2014, 800 էջ + 24 ներդիր։
- Լեո, Հայոց պատմություն, Առաջին հատոր, Հին պատմություն, «Երկերի ժողովածու տասը հատորով, Առաջին հատոր», «Հայաստան», Եր․ 1966։
- Լեո, Հայոց պատմություն, Երկրորդ հատոր, Լեո ” Հատոր 2։ «Հայոց պատմություն» երկրորդ հատորը պետք է ընդգրկեր 5-15-րդ դարերը, կամ հեղինակի խոսքերով ասած՝ միջին դարերը, հայկական միջնադարը։ Սակայն Լեոն չկարողացավ ամբողջովին իրականացնել իր ծրագիրը. այս հատորում նա շարադրեց միայն 5-11-րդ դարերի պատմությունը։
- Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 518 էջ։
- Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 2-րդ հրատ., Երևան, ԵՊՀ հրատ., 1968, 509 էջ։
- Հարությունյան Բ.Հ․, «Աշխարհացոյցը» և չորս Հայքերի խնդիրը, Երևան, 1997։
- Հարությունյան Բ.Հ․, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի», մաս Ա, Երևան, 2001։
- Հարությունյան Բ.Հ․, Հայոց պատմության ուսումնական ատլաս, Ա հատոր, Երևան, 2003։
- Հարությունյան Բ.Հ․, Հայոց պատմության ուսումնական ատլաս, Բ հատոր, Երևան, 2008։
- Հարությունյան Բ.Հ․, Ազգային ատլաս, Բ հատոր, Երևան, 2008։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լեո, Երկերի ժողովածու, հատոր առաջին, Երևան, 1966 թվական։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 102 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 173 — 992 էջ։
- ↑ Մարկվարտ, «Հայ բդեաշխք», թարգմ. Հ. Թ. Կետիկյանի, Վիեննա, 1903, եր. 36:
- ↑ Հյուբշման, եր. 179-184:
- ↑ Նիկոլսկի, էջ 20։
- ↑ «Շիրակ Աշխարհի Պատմություն։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարանի, (Հ 1, Ա-Դ, Եր., 1988 թվական, էջ 665։
- ↑ ՀՍՀ, հ. 2, Երևան 1976, էջ 420։
- ↑ Մ. Բարխուդարյան, Արցախ, Բաքու, 1895 թվական։
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Մեծ Հայքի վարչական բաժանումը։». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 1, Երևան, 1990։
- ↑ Թադեոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքներչը, Արտանուջ։
- ↑ Գ.Ա. Մելիկիշվիլի, Ուրարտական արձանագրություններ,1960 թ., էջեր` 210-213։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 607։
- ↑ Մերձավոր և միջին արևելքի երկրներ և ժողովուրդներ, Ն.Հ. Հովհաննիսյան, «Զանգակ 95» տպարան, 2000 թ.։
- ↑ Հակոբյան Թ.Խ., Հայաստանի պատմական աշխարհահագրություն, ԵՀՀ հրատ., 1984 թվական։
- ↑ 18,0 18,1 18,2 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 234-235, էջեր 234-235 — 520 էջ. — 500 հատ։
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 212.
- ↑ Ա.Ա.Ասլանյան, Հ.Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ. էջ 31.
- ↑ Թ.Խ.Հակոբյան (1968). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 200-201.
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 204.
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 216-217.
- ↑ Ղ. Ալիշան - Սիսական, Վենետիկ, 1893, էջ 349
- ↑ Ս. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացույցի», Եր., 1963 թ., էջ 51։
- ↑ Արգամ Այվազյան- Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, Հատոր Դ, Երնջակ Գավառ, Եր., 2008, էջ 5։
- ↑ Ա.Ա. Ասլանյան, Հ.Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 94.
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1966). Սյունիքի Թագավորությունը. Երևան: «Միտք». էջ 137.
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 205-209.
- ↑ Թ.Խ.Հակոբյան (1968). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 201.
- ↑ 31,0 31,1 Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 209.
- ↑ Ստափանոս Օրբելյան (1910). Պատմութիւն նահանգին Սիսական. Թիֆլիս. էջ 13.
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 201-202.
- ↑ Հյաչյան Աճառյան // Հայերենի արմատական բառարան, հ. 5, էջ 574
- ↑ Հյուբշման, եր. 95։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 94 — 992 էջ։
- ↑ Միրախորեան, Ուղևորություն, գ. էջ 28
- ↑ Շերենց, Սրբավայրեր, էջ 86-88։
- ↑ Էֆրիկիան, Բնաշխարհ բառարան, հատոր Ա, էջ 77։
- ↑ Ակինեան Հ. Ն. Հավաքումն հիշատակարանաց, Երևան, Թ. 87, Ավետարան։
- ↑ Սարգեսիան, Տեղեկադրություն, էջ 268։
- ↑ Շերենց, Սրբավայրեր, էջ 89-90։
- ↑ Շերենց, Սրբավայրեր, էջ 94։
- ↑ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986։
- ↑ Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 6։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 342։
- ↑ Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան (առանձնատիպ «Ազգագրական հանդեսից»), Թիֆլիս, 1906, էջ 14 —15։
- ↑ Թուրքակաան աղբյուրներ, հատ. Գ. էվլիյա Չելեբի, ծանոթագրությոլնները Ա. Խ. Սաֆրաստյանի, Եր., 1967, էջ 71։
- ↑ Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, Спб., 1908, с. 319-320
- ↑ Ա. Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944, էջ 350։
- ↑ Թ. Արծունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, Թիֆլիս, 1917, էջ 404։
- ↑ Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996, էջ 463։
- ↑ Ն. Ադոնց, 20 և 57 էջ։
- ↑ Պարույր Մուրադյան «Տուհաց գավառի» տեղորոշման հարցի շուրջ. — № Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 245-250..
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 692 — 992 էջ։
- ↑ Հյուբշման, եր. 232
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս էջը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ ցանկերի և պորտալների ցանկում |