Խորանաշատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խորանաշատ վանքից)
Jump to navigation Jump to search
Խորանաշատ
Khoranashat-raffi kojian-DCP 5296.jpg
Խորանաշատը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Տավուշի մարզ, Չինարի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակԿիսավեր
Ժառանգության կարգավիճակՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված1211
Կոորդինատներ: 40°51′42.048000099999″ հս․ լ. 45°36′0.25560009999928″ ավ. ե. / 40.86168000002777489° հս․. լ. 45.6000710000277749145° ավ. ե. / 40.86168000002777489; 45.6000710000277749145

Խորանաշատ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղում[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել է Վանական Վարդապետը 13-րդ դարի 1-ին կեսին, Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ։

Խորանաշատի կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորանաշատ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը (1211-1222 թթ-ին) ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ խորանում տասը կիսաշրջանաձև խորշերով (այստեղից էլ Խորանաշատ անվանումը)։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնագմբեթ գավիթը (1222-1240 թթ)։ Ծածկի կենտրոնական հատվածում խաչվում են կամարներ, իսկ արևմտյան մուտքի շուրջը կան պահպանիչ խորհրդանշանների բարձրաքանդակներ։ Խորանաշատի հարավային կողմում կանգուն է Սուրբ Կիրակի փոքր գմբեթավոր եկեղեցին (13-րդ դար)։ Խորանաշատի հարավային պատին կա արևային ժամացույց։ Սուրբ Կիրակի եկեղեցուց դեպի արևելք մատուռի ավերակներ կան, այդտեղ կան տապանաքարեր և քանդակազարդ թևավոր խոշոր խաչ, որն ավանդաբար համարվում է Վանական Վարդապետի գերեզմանաքարը։ Խորանաշատ վանքը 1229 թ-ին ավերվել է Խորեզմի շահ Ջալալ էդ դինի արշավանքից։

Խորանաշատի առաջնորդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորանաշատի վանքի առաջին առաջնորդը եղել է Վանական Վարդապետը։ 1244 թ-ին վանահայր է դարձել Վանական Վարդապետի եղբոր որդի Պողոս վարդապետը։

Խորանաշատի դպրանոց-վարդապետարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորանաշատը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկը։ Հիմնել է Վանական Վարդապետը 1220-ական թթ-ի սկզբին և ինքն էլ վարել է վարդապետարանի ուսուցչապետությունը մինչև իր մահը (1251 թ)։ Այնուհետև վարդապետարանը գլխավորել է նրա ազգական ու աշակերտ Գրիգորս վարդապետը։ Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաև ընդօրինակել ձեռագրեր։ Վանական վարդապետի մի շարք երկեր ("Մեկնութիւն Հոբայ", "Հարցմունք և պատասխանիք" և այլն ) որպես դասագիրք կամ համառոտ ուղեցույց են ծառայել աշակերտների համար։ Սաներից շատերը ուսումնառության տարիներին զբաղվել են գիտությամբ։ Շրջանավարտները ստացել են վարդապետական աստիճան և զբաղվել ինքնուրույն գործունեությամբ։ Վարդապետարանի սաներից 13-րդ դարի հայ եկեղեցու և մշակույթի նշանավոր գործիչ Կիրակոս Գանձակեցին գրել է "գալիս էին առ նա ուսման աղագաւ ո՛չ միայն վարդապետական բանի, այլ ամենայն կեանք նորա և շարժումն անգիր օրէնք էին տեսողացն"։ Այստեղ ուսանել են Վարդան Արևելցին, Գրիգոր Ակներցին, Ստեփանոս Աղթամարցին, Առաքելը, Արտազ գավառի թեմակալ, դավանաբանական հարցերում մեծ հեղինակություն վայելող Հովսեփ վարդապետը, Խաչենի քաղաքական կյանքում ակնառու գործիչ Մարկոս վարդապետը, ականավոր փիլիսոփա Սոսթենեսը, Հայսմավուրքային ժողովածուների խմբագիր՝ Ներքին Խաչենի արքեպիսկոպոս Իսրայելը, Գրիգոր Աղթամարցին և ուրիշներ։ Վանական Վարդապետի մահից հետո Խորանաշատի վարդապետարանի փառքը սկսել է արագորեն խամրել։ Սակայն վերելք են ապրել Խորանաշատ վանքի օրինակով ստեղծված բարձրագույն ուսումնագիտական կենտրոնները, որտեղ գործել են Վանական Վարդապետի աշակերտները։

Խորանաշատը գրչության կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարան, գրիչ՝ Մելքիսեթ, Խորանաշատի վանք, 1477 թվական

Խորանաշատը եղել է գրչության կենտրոն։ Մեզ են հասել այնտեղ գրված ձեռագրեր (մեծ մասը՝ 13-րդ դարից)։ Վանական Վարդապետը արժեքավոր գործեր է թողել, որոնցից են "Հարցմունք և պատասխանք", "Բարոյախոս" և "Մատյան ողբերգության" ձեռագրերը (1283 թ.)։ Դրանցից պահպանվել ու այժմ Մատենադարանում պահվում են մի "Ժողովածու"՝ գրված 1223 թ-ին /գրիչ Ստեփանոս Աղթամարցի, ձեռագիր 2101/, "Նարեկ"՝ գրված 1283 թ-ին /գրիչ Մարտիրոս, ձեռագիր 1563/, "Ավետարան"՝ գրված ԺԵ դարում /ձեռագիր 5601/, "Ժամգիրք"՝ գրված 1672 թ-ին /ձեռագիր 8882/, "Մաշտոց"՝ գրված 1774 թ-ին /գրիչ Ավետիս, ձեռագիր 3536/։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]