Սևանի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Սևանի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՍևան
Խոշորագույն քաղաքՍևան
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)42 700
Խտություն108,7
Ազգային կազմՀայեր
Տարածք392,7
(1,3 %)
Sevan region (Arm.SSR).png
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Սյունիք

Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի հյուսիս-արևմուտքում։ Գտնվել է ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանից 60 կմ հեռավորության վրա։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 392,7 քառ. կմ էր, բնակչությունը՝ 42 700 մարդ (1987), խտությունը՝ 108,7 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնն էր միակ քաղաք Սևանը։ Ուներ 1 քաղաք (Սևան), 1 քտա (Գագարին), 1 քաղաքային, 1 ավանային, 8 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Սևանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության շրջանում եղել է Երևանի կուսակալության, ապա՝ Երևանի խանության մասը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ նույն գավառի մասը։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Բագրատունիների թագավորության ժամանակ կառուցված Սևանի վանքը (9-րդ դար), Լճաշենի դամբարանադաշտը (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ)։ Կան նախնադարյան կիկլոպյան ամրոցներ, դամբարաններ, Վանի թագավորության շրջանի սեպագիր արձանագրություններ (մ.թ.ա. 8-րդ դար), եկեղեցիներ (7-13-րդ դարեր)։

Սևանի շրջանի կոմունիստական կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին կար 83 սկզբնական կուսակցական, 111 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Սևան» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանի շրջանը գտնվում էր Սևանա լճի հյուսիս-արևմուտքում։ Տարածքն ընդգրկել էր Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան, Փամբակի լեռնաշղթայի հարավարևելյան, Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային ծայրամասերը և լճափնյա տարածությունները։ Կան հրաբխային խարամի, բազալտի հանքավայրեր, ֆելզիտի, օբսիդիանի, պեռլիտի, հրակայուն կավի պաշարներ։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

Կլիման չափավոր ցամաքային է (զգալի է լճի ազդեցությունը), հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C-ից մինչև -12 °C, հուլիսինը՝ 11-16 °C, տարեկան տեղումները՝ 400-750 մմ, վեգետացիայի շրջանը՝ 80-130 օր։ Տարածքով հոսում են Ձկնագետը և Հրազդանի վերին հոսանքը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության ճյուղերն են գյուղատնտեսությունը, սարքաշինությունը, քիմիական, էլեկտրատեխնիկական և սննդի արդյունաբերությունը։ Կար 13 արդյունաբերական ձեռնարկություն, 10 խորհրդային տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջատար են էլեկտրական գործադիր սարքերի, ապակեմեկուսիչների, «Լույս» միավորման լուսատեխնիկական ապակու գործարանները, հացամթերքների կոմբինատը, թռչնաբուծական ֆաբրիկան, «Ձուկկոմբինատը»։ 1949 թվականին շահագործման է հանձնվել Սևան-Հրազդան կասկադի առաջին՝ Սևանի հիդրոէլեկտրակայանը։ Այն ետպատերազմյան հնգամյակի վերականգնեցված և նոր կառուցված հիդրավլիկական հզորություններից էր, ԽՍՀՄ առաջին ստորգետնյա հիդրոէլեկտրակայանը։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է (առավելապես տավարաբուծությունը)։ Մշակում են հացահատիկային ու կերային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Ավտոճանապարհների երկարությունը 130 կմ է, երկաթուղին՝ 62 կմ։ Ունի կապի հանգույց՝ 10 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում կար 12 միջնակարգ, 8 ութամյա, 1 գիշերօթիկ, 1 երաժշտական, 1 գեղարվեստի, 3 մարզական դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին կար 18 գրադարան, 23 մշակույթի տուն և ակումբ, 2 կինոթատրոն, 2 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 3 ամբուլատորիա։ Գործում էր հանգստի տուն, պանսիոնատներ, տուրիստական հանգրվան, ավտոհյուրանոց։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png