Բաղրամյանի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Բաղրամյանի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԲաղրամյան
Խոշորագույն քաղաքԲաղրամյան
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)16 100
Խտություն35,5
Ազգային կազմՀայեր
Տարածք453,14 կմ²
(1,52 %)
Baghramyan region (Arm.SSR).png
Հիմնադրված է1983-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Այրարատ

Բաղրամյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արմավիրի մարզի կենտրոնում։ Գտնվում էր Հայկական ԽՍՀ արևմուտքում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Արևմուտքից սահմանակից էր Թուրքիային։ Տարածությունը 453 քառ. կմ էր, բնակչությունը՝ 16 100 (1987), խտությունը՝ 35,5 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղրամյանի շրջանի վարչական կենտրոնը Բաղրամյան ավանն էր։ Ուներ 16 բնակավայր, 1 ավանային և 6 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղրամյանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Այստեղ էր կառուցվել Հայաստանի երրորդ մայրաքաղաքը՝ Երվանդաշատը, որը մի քանի դար շարունակ պահպանել է վաճառաշահ քաղաքական-մշակութային կենտրոնի համբավը։ Ավելի ուշ Բաղրամյանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Բաղրամյանի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի, 1920-1930 թվականներին Էջմիածնի գավառի մեջ։ Մինչև 1983 թվականը կազմել է Հոկտեմբերյանի և Թալինի շրջանների մասը։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են ուրարտական քաղաք Երվանդաշատ քաղաքատեղին (մ.թ.ա. 3-րդ դար), Շենիկի եկեղեցին (5-րդ դար)։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1983 թվականին։ 1987 թվականին կար 50 սկզբնական կուսակցական, 61 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Երասխ» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյանի շրջանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևմտյան ձախակողմյան մասում, Արաքսի ձախ ափին։ Մակերևույթը կտրտված ու քարքարոտ է։ Կան հրաբխային խարամի, պեմզայի և տուֆի հանքավայրեր։

Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ - 4 °C-ից մինչև -6 °C, հուլիսինը՝ 24-26 °C, տարեկան տեղումները՝ 250-300 մմ, վեգետացիայի շրջանը՝ 190-200 օր։ Թուրքիայի հետ պետ․ սահմանով են հոսում Արաքս և Ախուրյան գետերը։ Տիրապետում են կիսաանապատային և լեռնատափաստանային լանդշաֆտները։ Կատարվում է անտառատնկում։ Շրջանի տարածքով է անցնում Թալինի ջրանցքը, գործում է Երվանդաշատի ջրհան կայանը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն են սննդի և շինանյութերի արդյունաբերությունը։ Գործում էր 8 արդյունաբերական ձեռնարկություն։ Առավել խոշոր են Լեռնագոգի խոզաբուծական և տոհմային վերարտադրության համալիրները, Դալարիկի հացամթերքների կոմբինատը, թեթև լցանյութերի արտադրական միավորումը, երկաթբետոնե կոնստրուկցիաների, Քարակերտի պահածոների և պանրի գործարանները։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է, առավելապես՝ խոզաբուծությունը (գլխաքանակը՝ 60 000, 1985)։ Կա 3 կոլեկտիվ, 12 խորհրդային տնտեսություն։ Մշակում են հացահատիկ, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զարգանում են այգեգործությունն ու պտղաբուծությունը։ Ավտոճանապարհների երկարությունը 105,3 կմ Է։ Շրջանի տարածքով էր անցնում Երևան-Լենինական երկաթուղու 10 կմ հատվածը։ 7 բնակավայրում կա կապի բաժանմունք։

1986-87 ուսումնական տարում գործում էր 9 միջնակարգ, 1 ութամյա, 1 հեռակա միջնակարգ, 1 երաժշտական, 11 մսուր-մանկապարտեզ, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1986 թվականին կար 6 մշակույթի տուն, 4 ակումբ, 1 ավտոակումբ, գրադարանների կենտրոնացված համակարգ՝ 7 մասնաճյուղով, 6 ստացիոնար կինո, 1 տեղամասային հիվանդանոց (Երվանդաշատ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png