Աբովյանի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբովյան (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Աբովյանի շրջան
Երկիր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Կարգավիճակ Շրջան
Մտնում է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
Վարչկենտրոն Աբովյան
Խոշորագույն քաղաք Աբովյան
Հիմնական լեզու Հայերեն
Բնակչություն (1987) 108 200
Խտություն 134,4
Ազգային կազմ Հայեր, ասորիներ
Տարածք 810,42 կմ²
(2,7 %)
Kotayq region (Arm.SSR).png
Հիմնադրված է 1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ) Կոտայք

Աբովյանի շրջան (մինչև 1961 թվականը՝ Կոտայքի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Կոտայքի մարզի հարավում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանին կից։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 810,42 քառ. կմ է, բնակչությունը՝ 108,2 հազար մարդ (1987), խտությունը՝ 134,4 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնը Աբովյան քաղաքն էր (58 671 բնակիչ, 1989 թվական)։ Ունի 1 քաղաք (Աբովյան), 2 քտա (Արզնի՝ 1963 թվականից, Բյուրեղավան՝ 1974 թվականից), 1 քաղաքային, 2 ավանային, 15 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբովյանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Աբովյանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք և Մազազ գավառների մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Աբովյանի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի, 1920-1930 թվականներին՝ Երևանի գավառի մեջ։ Պատմական հուշարձաններից նշանավոր են Աբովյան քաղաքի կիկլոպյան ամրոցը, ուրարտական սեպագիր արձանագրությունը, Գառնիի ամրոցը (մ.թ.ա. 3-2-րդ դարեր), հեթանոսական տաճարը (1-ին դար), Գեղարդի վանքը (12-13-րդ դարեր)։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 207 սկզբնական կուսակցություն, 219 կոմերիտական կազմակերպություն։ Հրատարակվում է «Արշալույս» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբովյանի շրջանը գտնվում է Հրազդան և Ազատ գետերի միջև, Կոտայքի սարավանդում։ Ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ՝ խարամային կոներով։ Բարձրությունը 1200-3597 մ է (Աժդահակ լեռ)։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթան է, հյուսիսում՝ Հատիս և Գութանասար հանգած հրաբուխները։ Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կան երկաթի, քարաղի, շինանյութերի հանքավայրեր, հանքային (Արզնի) և անուշահամ (Քառասունակն) ջրեր։

Կլիման ցամաքային է, բարձրադիր մասերում՝ ձյունամերձ։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4 °C-ից մինչև -14 °C է, հուլիսինը՝ 6-24 °C, տարեկան տեղումները՝ 400-970 մմ, վեգետացիայի շրջանը՝ 20-190 օր։ Խոշոր գետերն են Հրազդանը, Ազատը և Գետառը։ Լճերից նշանավոր է Ակնա լիճը։ Շրջանի տարածքում է Խոսրովի պետական արգելոցի մի մասը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն են շինանյութերի, սննդի արդյունաբերությունը, բյուրեղապակու և հանքային ջրերի արտադրությունը։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Աբովյանի կենսաքիմիական պատրաստուկների, երկաթբետոնե կոնստրուկցիաների, Արզնիի հանքային ջրերի, Բյուրեղավանի «Հայբյուրեղապակի» և այլ գործարաններ, կահույքի «Կոտայք» արտադրական միավորումը։

Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն էին այգեգործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը, ծխախոտագործությունն ու բանջարաբուծությունը։ Կար 5 կոլեկտիվ, 26 խորհրդային, 8 անտառային տնտեսություն։ Շրջանում են Գառնիի ու Կոտայքի ջրանցքները, ջրհան կայանները, Սևաբերդի ջրամբարը։ Գործում են Աբովյանի ծխախոտի փորձակայանը, անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Բալահովտի ուսումնափորձարանը, Առինջի պտղատնկարանային տնտեսությունները, Աբովյանի անտառատնտեսությունը։

Գործել են առողջարաններ և պանսիոնատներ։ Շրջանի տարածքով են անցնում Երևան-Սևան երկաթուղին (42 կմ) և Երևան-Թբիլիսի ավտոմայրուղին։ Կա կապի հանգույց՝ 23 բաժանմունքով։ 1986-1987 ուսումնական տարում կար 36 միջնակարգ, 6 ութամյա, 5 երաժշտական, 1 գեղարվեստի, 8 մարզական դպրոց, 34 մսուր-մանկապարտեզ, 2 տեխնիկում, 4 պրոֆտեխնիկական ուսումնարան։

1987 թվականին գործում էին 6 հիվանդանոց (այդ թվում հանրապետական տուբկլինիկական հիվանդանոցը), 12 բժշկական ամբուլատորիա, 10 մշակույթի տուն, 23 ակումբ, 4 կինոթատրոն, 15 կինոկետ։ Շրջանում են գտնվում ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության ինստիտուտը, ՀԽՍՀ պետագրոարդի անասնապահության մեջ տոհմային գործի ԳԱՄ-ը, «Հայկենսատեխնոլոգիա» արտադրական միավորման ձեռնարկությունը, մեղվաբուծության ԳՀ և ծխախոտի հայկական փորձակայանը։ Գործում է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png