Ազիզբեկովի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ազիզբեկովի շրջան
Երկիր Կաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
Կարգավիճակ Շրջան
Մտնում է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
Վարչկենտրոն Ազիզբեկով
Խոշորագույն քաղաք Ազիզբեկով
Հիմնական լեզու Հայերեն
Բնակչություն (1987) 25 300
Խտություն 21,5
Ազգային կազմ Հայեր, ադրբեջանցիներ
Տարածք 1 174 կմ²
(3,9 %)
Azizbekov region (Arm.SSR).png
Հիմնադրված է հոկտեմբերի 15, 1931 թ.
Պատմական շրջան(ներ) Սյունիք

Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Վայոց ձորի մարզի արևմուտքում։ Գտնվել է ՀԽՍՀ հարավ-արևելքում։ Կազմավորվել է 1931 թվականի հոկտեմբերի 15-ին։ Սահմանակից է Ադրբեջանական ԽՍՀ-ին և Նախիջևանի Ինքնավար ԽՍՀ-ին։ Տարածությունը 1 173 քառ. կմ էր, բնակչությունը՝ 25 300 մարդ (1987), խտությունը՝ ավելի քան 21,5 մարդ քառ.կմ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնն էր միակ քաղաք Ազիզբեկովը։ Ուներ քտա (Ազիզբեկով, 1956 թվականից), 1 ավանային և 11 գյուղական խորհուրդ։ Շրջանի տարածքում էր Ջերմուկ քաղաքը։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզբեկովի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ազիզբեկովի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառը, որը կոչվել է նաև Վայք։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 987-1170 թվականը՝ Սյունիքի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ եղել է Երևանի կուսակալության, ապա՝ Նախիջևանի խանության կազմում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյագի գավառի մեջ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորվելը կազմել է Դարալագյազի գավառի Փաշալու գավառակը։ Մինչև շրջանի կազմավորումը Եղեգնաձորի շրջանի մասն էր կազմում։

Պատմական հուշարձաններից նշանավոր են Գնդեվանքը (936), Մարտիրոսի վիմափոր եկեղեցին (1280), Գոմուրի մատուռ-դամբարանը (1263)։ Կան կիկլոպյան կառույցների մնացորդներ։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1931 թվականին։ 1987 թվականին շրջանում կար 74 սկզբնական կուսակցական, 110 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Ջերմուկ» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզբեկովի շրջանի տարածքն զբաղեցնում է Արփա գետի վերին ավազանը։ Մակերևույթը լեռնային է, հյուսիս-արևմուտքում Թեքսարն է, արևմուտքում՝ Վայոցսար հանգած հրաբուխը, արևելքում՝ Զանգեզուրի, հարավում՝ Վայքի լեռնաշղթաներն են։ Բարձրությունը 1500-3522 մ է (Վարդենիս լեռ)։ Կան լավային սարավանդներ։ Որոտանի լեռնանցքով միանում է Սիսիանի շրջանին։ Տիրապետում են չոր տափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կան շինանյութերի, ծարիրի, մանգանի, բազմամետաղային հանքավայրեր։

Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը -6 °C-ից մինչև -14 °C է, հուլիսինը՝ 3-20 °C, տարեկան տեղումները՝ 400-850 մմ, վեգետացիայի շրջանը՝ 20-150 օր։ Խոշոր գետը Արփան է։ Գործում են Կեչուտի ջրամբարը, Ազիզբեկովի և Գնդեվազի ջրանցքները, Բարձրունու, Մերսի, Խնձորուտի և Հերհերի ջրհան կայանները։ Կառուցվել է Հերհերի ջրամբարը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, սննդի, շինանյութերի արդյունաբերությունը, անասնապահությունը։ Կար 12 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Երևանի էլեկտրալամպերի գործարանի Ազիզբեկովի մասնաճյուղը, շինարարական իրերի կոմբինատը, գլխավորող պանրագործարանը, «Ջերմուկ» և «Արփի» հանքային ջրերի լցման գործարանները։ Կար 1 կոլեկտիվ, 15 խորհրդային տնտեսություն, 1 թռչնաբուծական ֆաբրիկա։ Մշակում են հացահատիկ, ծխախոտ, կերային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, պտղաբուծությամբ ու մեղվաբուծությամբ։ Խճուղիների երկարությունը 282 կմ էր։ Երևանի հետ կա օդային երթուղի։ Գործում էր 2 կապի հանգույց։

1986-87 ուսումնական տարում կար 14 միջնակարգ, 9 ութամյա, 2 գեղարվեստի, 1 մարզական դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան, 12 մսուր-մանկապարտեզ։ 1987 թվականին գործում էր 23 գրադարան, 11 մշակույթի տուն, 11 ակումբ, 1 կինոթատրոն, 1 ժողովրդական թատրոն, 3 հիվանդանոց, 17 բուժկայան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png