Երևանի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Երևանի նահանգ
Эриванская губерния

Զինանշան
Coat of Arms of Erivan gubernia (Russian empire).png
Երկիր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակ նահանգ
Մտնում է Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ներառում է Ալեքսանդրապոլի գավառ
Երևանի գավառ
Նախիջևանի գավառ
Նոր Բայազետի գավառ
Շարուր-Դարալագյազի գավառ
Սուրմալուի գավառ
Վաղարշապատի գավառ
Վարչկենտրոն Էրիվան
Խոշորագույն քաղաք Ալեքսանդրապոլ
Հիմնական լեզու Ռուսերեն
Բնակչություն (1897) 829․500
Ազգային կազմ Հայեր, ռուսներ, թուրքեր, քրդեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Իսլամ
Տարածք 28,000 քառ.կմ կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Միջին բարձրություն

 5,165 մ
 2,000 մ
Gubernias del Caucaso - Gubernia de Erevan - Imperio Ruso.png
Gubernias del Caucaso - Gubernia de Erevan - Imperio Ruso.png
Հիմնադրված է 1850 թ.
Պատմական շրջան(ներ) Այրարատ, Սյունիք, Վասպուրական
Կոորդինատներ: 40°11′0″ հս․ լ. 44°31′1.1993392945442e-08″ ավ. ե. / 40.18333° հս․. լ. 44.51666666666999816470706719° ավ. ե. / 40.18333; 44.51666666666999816470706719

Երևանի նահանգ (ռուս.՝ Эриванская губерния), 1849-1918 թվականներին վարչական միավոր Ռուսական կայսրության կազմում[1]: Կազմավորվել է Նիկոլայ I-ի կայսերական հրահանգով՝ Վրացա-Իմերեթական մարզը լուծարելուց երեք տարի անց՝ 1849 թվականին։ Նրա մեջ մտնում էր Հայկական մարզի տարածքը և Շիրակի գավառը՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով[2]:

Տարածքը շուրջ 28 000 կմ2 էր[3]՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը: Այժմ նահանգի տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում Արարատ լեռը, որը պատկանում է Թուրքիային, և Նախիջևանը, որն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին[3]:

1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգի, Կարսի մարզի և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի տարածքում ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը՝ Երևան մայրաքաղաքով։

Երևանի նահանգի կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ I կայսեր հրամանագրով 1840 թվականի ապրիլի 10-ին Անդրկովկասը բաժանվեց երկու վարչատարածքային միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգի՝ Թիֆլիս, և Կասպիական մարզի՝ Շամախի կենտրոնով[3]: Բաժանումն անցկացնելիս հաշվի չէին առնվել Անդրկովկասի ժողովուրդների կրոնական և ազգային պատկանելությունները, և դա հանգեցրել էր տեղաբնիկ ժողովուրդների դժգոհությանը։ 1846 թվականին այս երկու միավորը լուծարվեցին[3]: Վրացա-Իմերեթական նահանգի փոխարեն առաջացան Թիֆլիսի և Քութայիսի նահանգները, իսկ 1849 թվականին կայսերական հատուկ հրամանագրով առանձնացվեց Երևանի նահանգը։ 1872 թվականին Երևանի նահանգը կազմված էր 7 վարչական շրջանից՝ Ալեքսանդրապոլի՝ Շիրակ, Երևանի՝ Արարատ, Նախիջևանի, Նոր Բայազետի՝ Գեղարքունիք, Շարուր-Դարալագյազի՝ Վայոց ձոր , Սուրմալուի և Վաղարշապատի՝ Արմավիր: Երևանի նահանգի մեջ էին մտնում 5 քաղաքներ և 1 000-ից ավելի գյուղեր ու ավաններ, գործում էին բազմաթիվ դպրոցներ ու վարժարաններ, եկեղեցիներ ու վանական համալիրներ։

Երևանի նահանգ

Աշխարհագրական առումով Երևանի նահանգը գտնվում էր Անդրկովկասի, այժմ՝ Հարավային Կովկասի կենտրոնական մասում՝ 41°7' և 38°52' հս.լ. և 60°56' և 63°54' արլ.ե.: Հյուսիսում սահմանակցում էր Թիֆլիսի, արևելքում՝ Ելիզավետպոլի նահանգների, իսկ արևմուտքում՝ Օսմանյան կայսրության, 1878 թվականից սկսած՝ Կարսի մարզի հետ։ Հարավում Իրանի սահմանն էր, որը եզերվում էր Արաքս գետով[3]: Նահանգի կենտրոնում գտնվում էին Արարատ լեռը և ամբողջ Արարատյան դաշտը: Երևանից բացի՝ կարևոր քաղաքներ էին Ալեքսանդրապոլը, Նախիջևանը, Նոր Բայազետը և Վաղարշապատը: Սկզբնական շրջանում քաղաքները ունեին փոքրաքանակ բնակչություն։ 1880-90-ական թվականներից սկսած՝ կապված Ռուսական կայսրության ընդհանուր զարգացման հետ, քաղաքները մեծանում են, կապ է հաստատվում մյուս նահանգային կենտրոնների՝ Թիֆլիսի, Քութայիսի, Ելիզավետպոլի ու Բաքվի հետ։

19-րդ դարի վերջից կառուցվում է անդրկովկասյան երկաթուղին. Թիֆլիսից երկաթգիծը 1897 թվականին հասնում է Ալեքսանդրապոլ, որը դառնում է երկաթուղային կենտրոն. 1899 թվականից արդեն գործարկվում էին Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականից Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղիները։ 1906 թվականին գործարկվում է Երևան-Ջուղա երկաթուղին[4]: Երևանը կապ է հաստատում Իրանի հետ։ Բարեկարգվում են նահանգային և պետական նշանակության խճուղիները։ Քաղաքների միջև աշխուժանում է առևտուրը, կրկին զարգանում են արհեստները, սկիզբ է առնում արդյունաբերությունը։ Գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը[5]: Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ[4]: Ավելի ուշ Անդրկովկասյան երկաթուղին միացվում է ռուսական երկաթուղային ցանցին, և Երևանը կապ է հաստատում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի, իսկ սևծովյան նավահանգիստ Բաթումի միջոցով՝ Միջերկրական ծովի ավազանի երկրների հետ։

Արևելյան Հայաստանի քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի հին շուկան՝ Ղանթար

Որպես նահանգային կենտրոն՝ Երևանը բռնում է զարգացման նոր ուղի[6]: Թեև Ռուսական կայսրությունը զարգացման մակարդակով զիջում էր արևմտաեվրոպական պետություններին (Անգլիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա), սակայն Օսմանյան կայսրության ու շահական Իրանի համեմատ առաջընթաց երկիր էր։ Հայ աշխարհիկ և հոգևոր վերնախավը ռուսական իշխանությունների հետ սկսում է կառուցապատել Հին Երևանը: 1832 թվականին բացվել է Երևանի գավառական դպրոցը։ Նույն թվականին հիմնադրվում է գրադարան, որը հետագայում հարստացվում է և դառնում Հայաստանի ամենախոշոր և հայտնի գրադարանը (Հայաստանի ազգային գրադարան)։ 5 տարի անց՝ 1837 թվականին, Երևանում բացվում է հոգևոր թեմական դպրոցը։ 1850 թվականին հիմնադրվում է իգական ուսումնարանը։ 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը։ 1860 թվականին Նորքում բացվում է ծխական դպրոց։ 1863 թվականին բացվել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցը, մինչև դարավերջ՝ նաև զուգահեռ և ուղղահայաց այլ փողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են տրանսպորտային ուղիների փոքրիշատե կանոնավոր ցանց։ 1866 թվականին բացվում է Երևանի Գայանյան օրիորդաց ուսումնարանը։

1879 թվականին ցարական հրովարտակով Երևանում հիմնվում է նոր՝ քաղաքագլխի պաշտոնը։ Առաջին քաղաքագլուխ է նշանակվում Հովհաննես Ղորղանյանը: Նրա և երևանյան վերնախավի ջանքերով, ռուսական պետության հովանու ներքո 1881 թվականին բացվում է Երևանի ուսուցչական սեմինարիան (այժմ՝ ԵՊՀ մասնաշենք)։ Նույն թվականին գործարկվում է Երևանի գարեջրի գործարանը, 1887 թվականին ՝ Թաիրյանի օղու, սպիրտի և գինու, 1892 թվականին ՝ հանքային ջրերի և օշարակի, 1893 թվականին ՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, իսկ 1894 թվականին ՝ Սարաջևի գինու-կոնյակի գործարանները[4]: 1890 թվականին Թաիրյանի գործարանը գնել է ռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով, տասնապատկվել է կոնյակի արտադրությունը։ 1907 թվականին Երևանը մասամբ էլեկտրաֆիկացվել է, 1913 թվականին՝ հեռախոսաֆիկացվել։ 1912 թվականին ջրմուղով խմելու ջուր է բերվել Քառասուն աղբյուրներից[6]: Քաղաքում գործում էր էլեկտրական տրամվայ, ձիակառք։ Բացվել էին նոր խանութներ, հյուրանոցներ։1913 թվականին Երևան է մտել առաջին ավտոմեքենան։ 1913 թվականին Երևանում գործել են 4 բուժարան, 3 դեղատուն, ակնաբուժարան, հոգեբուժարան, դպրոցներ և վարժարաններ, գործարաններ ու կոմբինատներ[4]:

19-րդ դարի վերջին Երևանը շարունակում էր մնալ արևելյան քաղաք՝ իր նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանր քարերով կառուցված տնակներով, շուկաներով ու բաղնիքներով, եկեղեցիներով ու մզկիթներով։ Փողոցների լայնությունը չէր գերազանցում 3-4 մետրը[6]: Երկու կողմերով անցնում էին առուներ։ Երևանն ուներ մի շարք հայտնի քաղաքմասեր՝ բուն քաղաքը՝ Շահարը (պարս․՝ شهر՝ քաղաք), շուկան՝ Ղանթարը (պարսկերեն՝ կշեռք), Կոնդը կամ Ծիրանի թաղը, Ձորագյուղը, Նորքը, Շեն թաղը, Բուլվարը, Բերդը և այլն[6]: Տնտեսական զարգացման շնորհիվ 30 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը եռապատկվեց՝ 1913 թվականին անցնելով 35,000-ը[4]: Հայկական թաղամասերին զուգահեռ կային նաև այլ ազգերով, հիմնականում՝ կովկասյան թաթարներով բնակեցված թաղամասեր։ Երևանում մեծ թիվ կազմող ազգային փոքրամասնությունները ունեին իրենց դպրոցները, աշխարհիկ ու հոգևոր կենտրոնները։ Մուսուլմանական զանազան մզկիթներից զատ՝ Երևանում կառուցվել էին մի քանի նոր հայկական եկեղեցիներ, որոնցից էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (այժմ՝ քանդված, տեղում Չարենցի անվան դպրոցն է)։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կառուցվում են ռուսական եկեղեցիներ սուրբ Նիկոլայը և սուրբ Աստվածածինը:

Ռուսական կայսրությանը ենթակա Արևելյան Հայաստանի մյուս խոշոր քաղաքներն էին Շուշին՝ 42 000 (Ելիզավետպոլի նահանգ), Ալեքսանդրապոլը՝ 36 000 (Երևանի նահանգ), Կարսը՝ 21 000 (Կարսի մարզ)։ Դրանք ձևավորվել էին համանուն բերդերի շուրջ։ Ալեքսանդրապոլի բերդը կառուցվել էր հինավուրց հայկական Կումայրի (Գյումրի) բնակավայրում, որի բնակչությունը 19-րդ դարի սկզբին 600 մարդ էր։ Կարսեցիների ու կարինցիների ներգաղթից հետո Ալեքսանդրապոլը 1830 թվականին դառնում է 5 000 բնակչությամբ քաղաք։ Շուշիի բնակչությունը բացառապես հայկական էր, մուսուլմանները բնակվում էին քաղաքից հեռու գտնվող արվարձանի թաղամասերում։ Կարսը, ինչպես հայտնի է, հայկական հռչակավոր բերդաքաղաք էր դեռ Բագրատունիների ժամանակներից։ Կարսի բերդը համարվում էր Արևմտյան Հայաստանի ամենաամուր բերդը՝ Էրզրումից հետո։ Որպես քաղաքներ ու ավաններ սկսեցին զարգանալ Վաղարշապատը Արարատյան դաշտում, Նոր Բայազետը (Գավառ)՝ Սևանի ավազանում, Գորիսը՝ Զանգեզուրում, Դիլիջանը՝ Տավուշում, Ախալքալաքը՝ Ջավախքում և այլն։ Հայ-թաթարական խառը բնակչությամբ զարգանում էր խոշոր քաղաք Ելիզավետպոլը՝ նախկին Գանձակը, համանուն նահանգի կենտրոնը։ Քաղաքների բնակչությունը հիմնականում հայեր էին, որոշակի թիվ էին կազմում նաև ռուսները, հույները, վրացիները և ասորիները: Մուսուլմաններին, որպես անբարեհույսներ, անգամ չէին զորակոչում, և փոխարենը պարտավոր էին վճարել զինվորական հարկ։

1897 թվականի մարդահամար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին անցկացված մարդահամարի տվյալներով 1897 թվականին Ռուսական կայսրության տարածքում բնակվում էր շուրջ 1 200 000 հայ, որոնցից 1 100 000-ը՝ Անդրկովկասում[3]: Հայերը կազմում էին Անդրկովկասի ընդհանուր բնակչության ավելի քան մեկ քառորդը։ Եվս 100 000 հայ բնակվում էր Հյուսիսային Կովկասում՝ Արմավիր, Նոր Նախիջևան, Սոչի և այլ քաղաքներում, Ղրիմում, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում՝ Լվովում, Կիևում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և այլուր[7]:

Երևանի նահանգում ապրում էր 829 556 բնակիչ, որից 92 323-ը քաղաքաբնակ էին։ Խոշորագույն քաղաքներն էին Ալեքսանդրապոլը (30 616) և Երևանը (29 006)։ Քաղաքների հիմնական բնակչությունը քրիստոնյաներն էին, ովքեր զբաղվում էին արհեստներով ու առևտրով, մինչդեռ իսլամադավան թուրքերն ու քրդերը ապրում էին լեռնային շրջաններում և զբաղվում կիսաքոչվոր անասնապահությամբ։ Հայերը կազմում էին բնակչության 53 տոկոսը՝ 441 000 բնակիչ, կովկասյան թաթարները՝ 38 տոկոսը՝ 313 000 բնակիչ, քրդերը և եզդիները՝ 6 տոկոսը՝ 50 000 բնակիչ, ռուսները՝ 2 տոկոսը՝ 20 000 բնակիչ։ Երևանի նահանգում որոշակի թիվ էին կազմում ասորիները, հույները, վրացիները և ուկրաինցիները։ Ալեքսանդրապոլի գավառում հայերը կազմում էին բացարձակ մեծամասնություն՝ 86 տոկոս։ Մինչդեռ Սուրմալուի գավառում վիճակն այլ էր՝ մուսուլմանները՝ թուրքերը, թաթարները և քրդերը, կազմում էին շուրջ 70 տոկոս։

1894-96 թվականների արևմտահայերի կոտորածների և անընդհատ հայրենադարձության արդյունքում հետզհետե հայերի տոկոսը բարձրանում էր, իսկ մուսուլմանները աստիճանաբար լքում էին երկիրը։ 1913 թվականին Երևանի նահանգում հաշվվում էր մոտ 1 000 000 մարդ։ Արևելյան Հայաստանում դեմոգրաֆիական պատկերը հօգուտ հայերի կտրուկ փոխվեց հատկապես Առաջին աշխարհամարտից և Հայոց Մեծ Եղեռնից հետո։

գավառներ հայեր թաթարներ քրդեր ռուսներ ասորիներ
Նահանգը ամբողջությամբ 53,2 % 37,8 % 6,0 % 1,6 %
Ալեքսանդրապոլի գավառ 85,5 % 4,7 % 3,0 % 3,4 %
Նախիջևանի գավառ 34,4 % 63,7 %
Նոր Բայազետի գավառ 66,3 % 28,3 % 2,4 % 2,2 %
Սուրմալուի գավառ 30,4 % 46,5 % 21,4 %
Շարուր-Դարալագյազի գավառ 27,1 % 67,4 % 4,9 %
Երևանի գավառ 38,5 % 51,4 % 5,4 % 2,0 % 1,5 %
Վաղարշապատի գավառ 62,4 % 29,0 % 7,8 %

Այսպիսով, 1897 թվականին Անդրկովկասի հայությունը հաշվվում էր 1 100 000 մարդ։ Նրանցից 441 000-ը բնակվում էին Երևանի նահանգում։ Ելիզավետպոլի նահանգի հայերի թիվը հասնում էր 300,000-ի՝ կազմելով բնակչության ավելի քան մեկ երրորդը[7]: Հայերը գլխավորապես բնակվում էին բնիկ հայկական լեռնային տարածքներում՝ Զանգեզուրում, Արցախում, Տավուշում և այլուր։ Շուշիում, Դիլիջանում և Գորիսում հայերը կազմում էին բացարձակ մեծամասնություն, իսկ նահանգի կենտրոն Ելիզավետպոլում՝ մոտ կեսը։ Ելիզավետպոլում բնակվում էին բազմաքանակ սուննի և շիա մուսուլմաններ՝ թուրքեր, թաթարներ, պարսիկներ, քրդեր։

Երևանը 20-րդ դարի սկզբին

Կարսի մարզի շուրջ 250 000 բնակիչներից հայեր էին ավելի քան 80 000-ը։ Այստեղ էին տեղափոխվել մեծաքանակ ռուս աղանդավորներ, որոնք բնակվում էին կամ առանձին բնակավայրերում, կամ տեղաբնիկ քրիստոնյաների՝ հայերի, հույների, ասորիների ու վրացիրների հետ։ Կարսի մարզում մեծ էր թուրքերի թիվը՝ շուրջ 70,000[7]: Նրանք գլխավորապես բնակվում էին Կարսի և Արդահանի շրջակա թուրքական գյուղերում։

Թիֆլիսի նահանգի 1 051 000 բնակիչներից հայեր էին ավելի քան 200 000-ը[7]: Հայերը կազմում էին Թիֆլիսի ավանդական բնակչության ավելի քան մեկ երրորդը, բացարձակ մեծամասնություն էին կազմում Լոռում և Ջավախքում։ Բաքվի նահանգում բնակվում էր ավելի քան 60 000 հայ՝ կազմելով բնակչության շուրջ 10 տոկոսը[7]: Այստեղ հայերը կենտրոնացած էին Բաքու քաղաքում, Շամախիում և շրջակա հայկական գյուղերում։ Շուրջ 20 000 հայ բնակվում էր Քութայիսի նահանգում՝ գլխավորապես ծովափնյա նավահանգիստներում։

1913 թվականի դրությամբ Ռուսական կայսրությանը ենթակա Արևելյան Հայաստանում՝ Երևանի նահանգում, Կարզի մարզում և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների հայկական գավառներում, բնակվում էր ավելի քան 1 500 000 մարդ, որոնցից մոտ մեկ միլիոնը կամ 2/3-ը հայեր էին։ Դեռևս մեկ դար առաջ ֆիզիկական բնաջնջման եզրին կանգնած հայ ժողովուրդը ի վիճակի էր վերականգնել հայոց պետականությունը սեփական տարածքի վրա։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

հ Գավառ Քաղաք Տարածք,

վերստ²

Բնակչություն

(1897), մարդ

1 Ալեքսանդրապոլի գավառ Ալեքսանդրապոլ (30 616 մարդ) 3 303,7 165 503
2 Նախիջևանի գավառ Նախիջևան (8 790 մարդ) 3 858,8 100 771
3 Նոր Բայազետի գավառ Նոր Բայազետ (8 486 մարդ) 4 156,8 122 573
4 Սուրմալուի գավառ Իգդիր (4 680 մարդ) 3 241,0 89 055
5 Շարուր-Դարալագյազի գավառ Բաշ Նորաշեն (867 մարդ) 2 611,8 76 538
6 Երևանի գավառ Էրիվան (29 006 մարդ) 2 664,2 150 879
7 Էջմիածնի գավառ Վաղարշապատ (5 267 մարդ) 3 390,1 124 237

Նահանգապետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Տիտղոս և կոչում Ժամկետ
Իվան Նազարով գեներալ-մայոր 1849 - 1859
Միխայել Աստատիեֆ գեներալ-մայոր 1860 - 1869
Նիկոլայի Կարմալին գեներալ-մայոր 08.05.1869 - 14.06.1873
Միխայել Ռասլավլեվ գեներալ-մայոր 1873 - 1880
Միխայել Շալիկով գեներալ-լեյտենանտ 22.03.1880 - 22.12.1890
Ալեքսանդր Ֆրեզե գեներալ-լեյտենանտ 02.02.1891 - 16.11.1895
Վլադիմիր Տիզենգաուզեն 20.02.1896 - 1916
Արկադի Ստրելբիցկի Դատական խորհրդատու (կոլեգիալ խորհրդական) 1916 - 1917

Փոխնահանգապետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1822)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
Ղարաբաղի գավառ
(1822-1840)
Գանձակի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական մարզի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
{} Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{}Հայաստանի Հանրապետություն (1918-1920){}


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эриванская губерния
  2. Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XXIV, ст. 23303
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Большая российская энциклопедия
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Երևան, հայկական հանրագիտարան
  5. Երևան, հայկական պատմության հանրագիտարան
  6. 6,0 6,1 6,2 6,3 Հին Երևան
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Первая Всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Под ред. Н.А.Тройницкого. т.II. Общий свод по Империи результатов разработки данных Первой Всеобщей переписи населения, произведенной 28 января 1897 года. С.-Петербург, 1905
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png