Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում եղել է մոտ մեկ դար։ Գավառների հիմնական մասը Ռուսական կայսրությանն են միացել երեք փուլով՝ 1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական, ինչպես նաև 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմների արդյունքում։ Թուրք-պարսկական լուծի թոթափումը թեև չէր նշանակում լիակատար ազատագրում, այդուհանդերձ առավել բարվոք պայմաններ էր ստեղծում հայ ժողովրդի հասարակական-քաղաքական, մշակութային ու տնտեսական առաջընթացի համար։ Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ 1918 թվականին, Արևելյան Հայաստանում վերականգնվել է հայկական պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանն ուշ միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի սկզբներից Հայկական լեռնաշխարհը հայտնվել էր իսլամադավան երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Տասնամյակներ շարունակ տեղի էին ունենում բազմաթիվ պատերազմներ (1532-1555, 1578-1590, 1603-1618, 1623-1639), որոնց արդյունքում Հայաստանը երկու անգամ (1555, 1639) բաժանվել է նրանց միջև։ Թեև հայ բնակչությունը շարունակում էր ստվար մնալ օսմանահպատակ Արևմտյան Հայաստանում, սակայն քաղաքական տեսանկյունից առավել ակտիվ էր արևելահայությունը. այստեղ շարունակում էին իշխել Սյունիքի և Արցախի մելիքները, ազդեցիկ էին Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսները։ Արևելահայերը սերտ կապեր ունեին նաև վրացական Քարթլիի, ապա՝ Քարթլի-Կախեթի թագավորությունների հետ։

Պարսկա-թուրքական հերթական պատերազմի ժամանակ՝ 1603-1604 թվականներին, պարսից շահ Աբբասը Կարսի, Արարատյան դաշտի և Նախիջևանի հայության մեծ մասին՝ մոտ 300 հազար մարդ, գաղթեցրեց երկրի խորքը։ Հայաստանի քաղաքների և գյուղերի ավերակների վրա պարսից արքունիքը սկսեց բնակեցնել մուսուլմանների՝ թյուրքական և քրդական քոչվոր ցեղերի։ Երևանի կուսակալությունում հայկական բնակավայրերն աստիճանաբար նոսրացան, իսկ Ղարաբաղ-Զանգեզուրում շարունակվեց պայքարը պարսիկների դեմ։ 1677 թվականին հայ ժողովրդի առաջնորդները գաղտնի հավաքվեցին Վաղարշապատում։ Ժողովին որոշվեց սկսել պայքարը հայերի արտաքին ճնշումից ազատագրելու համար։ Կոստանդնուպոլիս մեկնած կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու պատվիրակությունը նրա մահից հետո վերադարձավ, իսկ սյունեցի իշխանազն Իսրայել Օրին ճանապարհորդեց եվրոպական շատ քաղաքներ։ Ի վերջո նրա ընտրությունը կանգ առավ հզորացող Ռուսական կայսրության վրա։ Հայաստանի ազատագրության համար կազմվել էին տարբեր ծրագրեր (Պֆալցյան, Մոսկովյան

Իսրայել Օրի

1720-ական թվականներին, աֆղանների ներխուժման պատճառով, վերջ տրվեց Սեֆյանների իշխանությանը Պարսկաստանում։ Օգտվելով առիթից՝ Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ը, օգնության համար դիմեց Ռուսաստանին։ Շվեդների դեմ մղվող հյուսիսային պատերազմը հաղթական ավարտելուց հետո Պետրոս I-ը կազմակերպեց Կասպիական արշավանք (1722-1723) Պարսկաստանի դեմ։ Հայերը ազատագրական կռիվներ մղեցին Սյունիքում (1722-1730) և Արցախում (1724-1731)՝ նախ պարսկական լուծը թոթափելու, ապա թուլացած Պարսկաստանի վրա հարձակված օսմանցիներին դիմակայելու համար։ Մինչդեռ թուրքերի դեմ պատերազմել չցանկանալով՝ ռուսաց կայսրը դադարեցրեց արշավանքը՝ բավարարվելով Կասպից ծովի առափնյա շրջաններով. ռուսներն արդեն մեկ անգամ (1710-1713) անհաջող պատերազմ մղել էին Օսմանյան կայսրության դեմ։ Թուրք-պարսկական պատերազմն (1723-1727) ավարտվեց օսմանցիների հաղթանակով և ամբողջ Արևելյան Հայաստանի ժամանակավոր գրավումով։

Պարսկաստանում իշխանության եկած Նադիր շահը կարճ ժամանակ անց կարողացավ վտարել օսմանցիներին։ 1730-1736 թվականներին երկիրը մաքրելով թուրքերից՝ նա վերականգնեց Պարսկաստանի սահմանները։ Սակայն 1747 թվականին շահի սպանությունից հետո երկրում հաստատվեց երկիշխանություն։ Արևելյան Հայաստանի տարածքում ստեղծված խանությունների գլուխ կանգնեցին թյուրքալեզու ցեղերի առաջնորդներ, որոնք հաճախ չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը։ Երևանի, Գանձակի ու Նախիջևանի խանությունները հաճախ վասալական կախման մեջ էին ընկնում վրաց թագավորից, իսկ Ղարաբաղի խանությունում շարունակում էին ազդեցիկ մնալ Արցախի և Սյունիքի մելիքները։ 18-րդ դարի վերջին իրավիճակը նպաստավոր էր Ռուսաստանի համար՝ կրկին Կովկաս արշավելու և այն պարսիկներից ու թուրքերից գրավելու համար։ Դա ռուսական արքունիքին համոզիչ էր թվում, քանի որ նրանք մինչ այդ կարողացել էին հաղթանակներ տանել թե՛ Օսմանյան կայսրության (1768-1774, 1787-1792), թե՛ Ղաջարական Պարսկաստանի դեմ (1796): Հայ հոգևոր և քաղաքական վերնախավը երկրի ազատագրության համար նոր ծրագրեր է նախապատրաստում (Հյուսիսային, Հարավային

Արևելյան Հայաստանի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Աշտարակեցի

1804-1813 թվականների ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը (Շորագյալ-Շիրակի, Լոռի-Փամբակի ու Ղազախ-Շամշադինի հետ), ինչպես նաև մի շարք խանություններ՝ Գանձակի (Շակաշեն և Գարդման), Ղարաբաղի (Արցախ, հարավային Ուտիք, Զանգեզուր), Շաքիի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Ջավադի։ Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները։ Հայ մելիքներին տրվում են են ռուսահպատակ ազնվականների իրավունքներ, նրանք հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության։ Ռուսաստանը զուգահեռ մղում էր ևս երկու պատերազմ՝ Օսմանյան կայսրության և Ֆրանսիայի դեմ։

1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում նաև Երևանի ու Նախիջևանի խանությունները ու Օրդուբադի շրջանը։ Նույն տարում տեղի է ունենում հերթական ռուս-թուրքական պատերազմը (1828-1829), որի ժամանակ ռուսական բանակը գրավում է մի շարք հայկական գավառներ։ Արդյունքում Ռուսաստանին միանում են միայն Ախալցխան և Ախալքալաքը։ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի և Պարսկաստանում ռուսական դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի ջանքերով հնարավորություն է ստեղծվում հայերին հետ վերադառնալու հայրենիք. Իրանից 40-42 հազար հայեր, իրենց հետ նաև՝ փոքրաքանակ ասորիներ, հանգրվան են գտնում ազատագրված Հայաստանում։ Ավելի ուշ Հայաստան են տեղափոխվում ևս 75-80 հազար հայեր Էրզրումի, Բայազետի ու Կարսի վիլայեթներից։ Մեծաքանակ իսլամադավան բնակչություն լքում է երկիրը։ Նոր պատերազմի արդյունքում գրաված տարածքներից կազմվում է Հայկական մարզը (1828-1840), ապա՝ Շիրակի հավելմամբ՝ Երևանի նահանգը (1849-1918)։ Մյուս հայկական տարածքները՝ Ուտիքը, Արցախն ու Սյունիքի հարավը, Շաքիի հետ կազմում են Ելիզավետպոլի նահանգը (1868-1918)։ Լոռին ու Ջավախքը մնում են Թիֆլիսի նահանգի (1846-1918) կազմ։ Արևելյան Հայաստանի հարավը՝ Մակուի, Խոյի, Ղարադաղի և Ուրմիայի խանությունները, մնում են Պարսկաստանի կազմում։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են միացել հայկական և վրացական տարածքներ, որոնցից ձևավորվել են Բաթումի և Կարսի մարզերը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգներ և մարզեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ մայրաքաղաք Պետերբուրգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվելու էր տարածաշրջանում վարչական բաժանումներ անցկացնելու խնդրով։ Միաժամանակ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու՝ «Հայոց թագավորություն» նախագիծ է ներկայացրել Խաչատուր Լազարյանը, որը մերժվել է կառավարության կողմից։ 1801 թվականին ստեղծված Վրացական նահանգի օրինակով 1828 թվականի մարտին Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ Հայկական մարզ անունով։ Դրան զուգահեռ, ռուսական արքունիքը ցանկանում էր հայ հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար։ Եկեղեցին բարեփոխելու նպատակով 1833 թվականին ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ, իսկ 1836 թվականի մարտի 11-ին ընդունվեց կանոնադրություն (ռուս.՝ положение), որով սահմանվում էին հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները։

1840 թվականին Անդրկովկասը ենթարկվել է վարչական նոր բաժանման։ Ստեղծվել է երկու միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Երկրորդի մեջ էին միայն Զանգեզուրն ու Ղարաբաղը՝ որպես Ղարաբաղի գավառ, իսկ մնացած ամբողջ երկիրը, գավառների վերածված, դարձավ Վրացա-Իմերեթական նահանգի մաս։ Չորս տարի անց հիմնվում է Կովկասի փոխարքայությունը։ 1846 թվականին երկրամասը կրկին ենթարկվում է վարչաքաղաքական բաժանման. այս անգամ ստեղծվեցին Թիֆլիսի (1846-1918), Քութայիսի (1846-1918), Շամախիի (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։

1849 թվականին հատուկ հրամանագրով Թիֆիլիսից առանձնացվել է Երևանի նահանգը։ Դրա մեջ ժամանակավորապես ընդգրկված էին Մեղրին և Տաշիրը։ 1859-1860 թվականներին ստեղծվել են Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվեց նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվել Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, Շուշին և Զանգեզուրը՝ Բաքվի նահանգից։

Հայկական գավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի ընթացքում Ռուսական կայսրությանը գերազանցապես միացել էին Արևելյան Հայաստանի գավառները։ Թեև ռուսները 1828-29 և 1877-78 թվականներին հաջող հաղթանակներ կարողացան տանել Արևմտյան Հայաստանում, սակայն Էրզրումը, Վանը, Մուշը և Բայազետը շարունակեցին մնալ Օսմանյան կայսրության տարածքում։ Էրզրումի վիլայեթը մասամբ ընդգրկում էր Այրարատ նահանգի որոշ գավառներ։

Պատմական Հայաստանի արևելյան նահանգներն էին՝ Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Սյունիքը, Այրարատը, Վասպուրականը, Փայտակարանը, Պարսկահայքը։ Վերջին երկուսը Մեծ Հայքից վերջնականապես անջատվել էին դեռ 387 թվականի բաժանման ժամանակ, և այլևս չէին ընդգրկվել հայկական պետականությունների կազմում. դրա պատճառը տեղի՝ խիստ սակավաթիվ հայ բնակչությունն էր։ 17-րդ դարի ընթացքում հայերի մի ստվար զանգված Արարատյան դաշտից վերաբնակեցվում է Պարսկահայքի տարածքում՝ Ուրմիո լճի արևմտյան ափերին, սակայն դա մինչ օրս մնում է Իրանի կազմում։ Փայտակարանի մեծագույն մասն ամփոփված էր Բաքվի նահանգում։ Վասպուրականը բաժանված էր երեք տերությունների մեջ, թեև գերակշիռ մասը օսմանահպատակ Վանի նահանգում էր։ Ռուսական կայսրության տարածքում էր միայն Նախիջևանը՝ Վասպուրականի Գողթան գավառը։ Ավելի ուշ ռուսները գրավում են նաև մեկ նահանգ-աշխարհ արդեն արևմտյան Հայաստանից՝ Տայքը։ Ռուսահպատակ հայկական տարածքները տեղաբաշխված էին վարչաքաղաքական հետևյալ միավորների մեջ՝

Պատմական Հայաստանի
«աշխարհներ»
Ռուսական կայսրության
նահանգներ
Ռուսական կայսրության
գավառներ
Այրարատ (22 գավառ) Երևանի նահանգ
Կարսի մարզ
Ալեքսանդրապոլի, Երևանի, Էջմիածնի, Սուրմալուի
Կաղզվանի, Կարսի
Արցախ (12 գավառ) Ելիզավետպոլի նահանգ Շուշիի, Ջաբրայիլի, Ջևանշիրի
Գուգարք (13 գավառ) Կարսի մարզ
Թիֆլիսի նահանգ
Արդահանի
Ախալցխայի, Ախալքալաքի, Բորչալուի
Սյունիք (12 գավառ) Երևանի նահանգ
Ելիզավետպոլի նահանգ
Նոր Բայազետի, Շարուր-Դարալագյազի
Զանգեզուրի
Տայք (8 գավառ) Կարսի մարզ
Բաթումի մարզ
Օլթիի
Արդվինի
Ուտիք (8 գավառ) Ելիզավետպոլի նահանգ Ելիզավետպոլի, Ղազախի, Շուշիի, Ջաբրայիլի, Ջևանշիրի

Տայքը և Գուգարքի հյուսիսային հատվածները 387 թվականի բաժանումից հետո անջատվել են Մեծ Հայքից, մտել Բյուզանդիայի կազմ։ Դրանք համարվել են Բագրատունիների հայրենի տարածքները, սակայն հաճախ և պարբերաբար բնակեցվել են ուղղափառ հույների, վրացիների կողմից, երբեմն ուղղափառություն են ընդունել տեղի հայերը։ Բագրատունիներն իշխանության տակ են հայտնվել վրացական և աբխազական մի շարք իշխանություններ, նրանց մի ճյուղը Վրաստանում հասնելով արքունի իշխանության՝ հայտնի դառնալով որպես «Բագրատիոնիներ»։ Տարածքները վիճելի են համարվել Վրաստանի և Հայաստանի միջև՝ 1918 թվականից ի վեր. Արդվինի, Արդահանի, Ախալցխայի և Ախալքալաքի գավառները չեն մտել Հայաստանի առաջին հանրապետության կազմ, իսկ Բորչալուի և Օլթիի գավառների մեծ մասը եղել են ՀՀ կազմում մասնակի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին Ռուսական կայսրությունում անցկացվեց մարդահամար, որի արդյունքները տպագրվեցին 1905 թվականին[1]։

Վարչական միավոր Կենտրոն Տարածք Բնակչություն Հայեր Կովկ.
թաթարներ
Քրդեր Ռուսներ Այլ ազգեր
Ալեքսանդրապոլի գավառ Ալեքսանդրապոլ 3,760կմ2 165,503 141,522 (85.5%) 7,832 (4.7%) 4,976 (3.0%) 6,836 (4.1%) 4,337 (2.7%)
Երևանի գավառ Երևան 3,030 կմ2 150,879 58,148 (38.6%) 77,491 (51.3%) 8,195 (5,4%) 3,713 (2.5%) 3,332 (2.2%)
Էջմիածնի գավառ Վաղարշապատ 3,858 կմ2 124,237 77 572 (62.4%) 35 999 (29.0%) 9,724 (7.8%) 175 (0.1%) 767 (0.7%)
Նախիջևանի գավառ Նախիջևան 4,392 կմ2 100,771 34,672 (34.4%) 64,151 (63.7%) 639 (0.6%) 1,014 (1.0%) 295 (0.3%)
Նոր Բայազետի գավառ Նոր Բայազետ 4,731 կմ2 122,573 81,285 (66.3%) 34,726 (28.3%) 2,995 (2.5%) 2,716 (2.2%) 851 (0.7%)
Շարուր-Դարալագյազի գավառ Նորաշեն 2,973 կմ2 76,538 20 726 (27.1%) 51,560 (67.3%) 3,761 (4.9%) 122 (0.2%) 369 (0.5%)
Սուրմալուի գավառ Իգդիր 3,688 կմ2 89,055 27,075 (30.4%) 41,417 (46.5%) 19,099 (21.4%) 1,361 (1.5%) 103(0.2%)
Երևանի նահանգ Երևան 26,432 կմ2 829,556 441,000 (53.2%) 313,176 (37.7%) 49,389 (6.0%) 15,937 (1.9%) 10,054 (1.2%)
Ելիզավետպոլի գավառ Ելիզավետպոլ 8,759 կմ2 162,788 43,040 (26.4%) 103,970 (63.9%) 38 (0.0%) 10,428 (6.4%) 5,312 (3.3%)
Զանգեզուրի գավառ Գորիս 7,773 կմ2 137,871 63,622 (46.1%) 71,206 (51.7%) 1,807 (1.3%) 1,006 (0.7%) 230 (0.2%)
Ղազախի գավառ Ղազախ 6,856 կմ2 112,074 43,555 (38.9%) 64,101 (57.2%) 137 (0.1%) 3,444 (3.1%) 837 (0.7%)
Շուշիի գավառ Շուշի 4,912 կմ2 138,771 73,953 (53.3%) 62,868 (45.3%) 90 (0.0%) 1,504 (1.1%) 356 (0.3%)
Ջաբրայիլի գավառ Ջաբրայիլ 3,327 կմ2 72,719 19,551 (26.9%) 52,041 (71.6%) 571 (0.8%) 208 (0.3%) 348 (0.4%)
Ջևանշիրի գավառ Թարթառ 5,483 կմ2 66,360 15,746 (23.8%) 49,189 (74.1%) 398 (0.6%) 893 (1.3%) 134 (0.2%)
Ելիզավետպոլի նահանգ
(միայն հայկական գավառները)
Ելիզավետպոլ 37,110 կմ2 690,583 259,467 (37.6%) 403,375 (58.4%) 3,041 (0.4%) 17,483 (2.5%) 7,217 (1.1%)
Արդահանի գավառ Արդահան 5,645 կմ2 65,763 1,918 (2.9%) 37 (0.0%) 12,565 (19.1%) 2,357 (3.6%) 48,886 (74.4%)
Կաղզվանի գավառ Կաղզվան 4,417 կմ2 59,230 21,648 (36.6%) 867 (1.5%) 17,733 (29.9%) 4,085 (6.9%) 14,897 (25.1%)
Կարսի գավառ Կարս 5,905 կմ2 134,142 46,715 (34.8%) 1,439 (1.1%) 9,165 (6.8%) 20,376 (15.2%) 56,447 (42.1%)
Օլթիի գավառ Օլթի 2,960 կմ2 31,519 3,125 (10.0%) 4 (0.0%) 3,505 (11.1%) 1,038 (3.3 %) 23,847 (75.6%)
Կարսի մարզ Կարս 18,927 կմ2 290,654 73,406 (25.2%) 2,347 (0.8%) 42,968 (14.8%) 27,856 (9.6%) 144,077 (49.6%)
Ախալցխայի գավառ Ախալցխա 2,572 կմ2 68,837 15,144 (22.0%) 12,370 (18.0%) 1,396 (2.0%) 2,238 (3.2%) 37,689 (54.8%)
Ախալքալաքի գավառ Ախալքալաք 2,696 կմ2 72,709 52,539 (72.3%) 6,572 (9.0%) 810 (1.1%) 5,453 (7.5%) 7,335 (10.1%)
Բորչալուի գավառ Շուլավեր 6,759 կմ2 128,587 47,423 (36.9%) 37,742 (29.4%) 108 (0.0%) 9,349 (7.3%) 33,965 (26.4%)
Թիֆլիսի նահանգ
(միայն հայկական գավառները)
Թիֆլիս 12,027 կմ2 270,133 115,106 (42.6%) 56,684 (21.0%) 2,314 (0.9%) 17,040 (6.3%) 78,989 (29.2%)
Արդվինի գավառ Արդվին 3,908 կմ2 56,140 7,819 (14.0%) 5 (0.0%) 112 (0.2%) 1,026 (1.8%) 47,178 (84.0%)
Արևելյան Հայաստան 98,404 կմ2 2,137,066 896,798 (42.0%) 775,587 (36.3%) 97,824 (4.6%) 79,342 (3.7%) 287,515 (13.4%)

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1830-ական թվականներին Արևելյան Հայաստանի մեծ մասի ազատագրումով և հայ բնակչության ներգաղթով նպաստավոր պայմաններ ու հեռանկարներ ստեղծվեցին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման համար[2]։ Վարչաքաղաքական բաժանումների հետևանքով սկսեցին ուրվագծվել Հայաստանի սահմանները։ Առաջիկա 30 տարվա ընթացքում ցանքատարածություններն ավելացան 2.5 անգամ, կրկնապատկվեց անասունների գլխաքանակը։ Արարատյան դաշտում և լեռնային գոգավորություններում ցորենի ու գարու արտադրությունը հնգապատկվեց, բրինձինը՝ ավելացավ 2.5 անգամ, բամբակինը և վուշինը՝ գրեթե 4 անգամ։ Միայն 3 տարում՝ 1861-1864 թվականներին, բամբակի արտադրությունը տասնապատկվեց՝ հասնելով 300 հազար փութի (4900 տոննա)[3]։ Զգալի առաջընթաց ապրեցին այգեգործությունը և խաղողագործությունը։ Շուկային համապատասխան՝ փոփոխություններ կրեցին յուղատու բույսերի արտադրությունը, շերամապահությունը, բանջարաբուծությունը։

Երևանի Գինու և կոնյակի գործարան

Ռուսները շարունակում էին պատերազմներ մղել Օսմանյան կայսրության դեմ՝ Մերձավոր Արևելքում նոր տարածքներ զավթելու նպատակով։ Ռուս-թուրքական հերթական՝ 1853-56 թվականների Ղրիմի պատերազմի ընթացքում մահացել էր Նիկոլայ I կայսրը, ում 1855 թվականին փոխարինում է Ալեքսանդր II-ը։ Նա 1861 թվականի փետրվարի 16-ի հռչակագրով վերացրեց միջնադարյան պետություններին հարիր ճորտատիրությունը։ Այդ բարեփոխումը վճռական նշանակություն ունեցավ երկրի առաջընթացի, բուրժուական հարաբերությունների ուղիով ընթանալու համար։ Դրան մեծապես նպաստեցին նաև կատարված վարչական, դատական, զինվորական բարեփոխումները։ Կովկասում այդ կանոնադրությունը օրենքի ուժ է ստանում 1870 թվականի մայիսի 14-ին՝ կայսեր ստորագրությամբ[4]։ Այդուհանդերձ, գյուղացիական բարեփոխումները վերաբերում էին միայն կալվածատիրական գյուղացիներին, և ոչ՝ պետական և վանքապատկան հողատիրությունների բնակչությանը։ Նրանք արդեն իրավունք ունեին փրկագնման կամ ետգնման միջոցով ձեռք բերել հող, որը նրանք ի վիճակի չէին վճարել[5]։ Միայն 1877 թվականի սեպտեմբերի 5-ի և 1883 թվականի մարտի 15-ի լրացուցիչ հրամանագրերով 1870 թվականի օրենքը տարածվեց նաև կալվածատիրական այն գյուղացիների վրա, որոնք դուրս էին մնացել ռեֆորմի գործադրության շրջանակներից։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր II կայսեր իշխանության շրջանում (1855-1881) սկսեցին զարգանալ բուրժուական հարաբերությունները։ Կապիտալիզմը զարգանում էր նաև Անդրկովկասում։ Ձեռքի աշխատանքն աստիճանաբար սկսել էր մեքենայացվել, կարգավորվել էին խճուղային ճանապարհներ, նորույթ էր երկաթուղիների կառուցումը։ 1883 թվականին սկսեց գործել Բաքու-Թիֆլիս-Բաթում, իսկ 1899 թվականին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին։ 1901 թվականին Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Դրա շնորհիվ Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք. Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքների առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թվականների համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ։ Աճեց նաև հացահատիկի, բամբակի, գինու, կոնյակի, մետաքսի, ծխախոտի, բրդի, չոր մրգի առևտուրն ու արտահանումը։

Լեռնային ռելիեֆ ունեցող Հայաստանում արդյունաբերության գլխավոր ճյուղը պղնձի և աղի արտադրությունն էր։ Առաջինի կենտրոններն էին Լոռու հյուսիսն (Բորչալուի գավառ) ու Սյունիքի հարավը (Զանգեզուրի գավառ)։ Միայն վերջինում եթե 1870-1900 թվականներին պղնձի արտադրությունը 13 000 փութից հասավ 71 000-ի։ Հետագայում՝ առաջին աշխարհամարտի նախօրյակին, այդ թիվը հասցվեց համառուսաստանյան պղնձի պահանջարկի 17 տոկոսը (մոտ 350 հազար փութ)։ Աճեց նաև աղի արտադրությունը. մշակվում էին նաև Երևանի նահանգի (Կողբ-Սուրմալու, Նախիջևան) և Կարսի մարզի (Կաղզվանի) աղահանքերը։ Արարատյան դաշտում բացվեցին բամբակի, Շուշիում և Նախիջևանում մետաքսի, Երևանում՝ գինու, կոնյակի, Ալեքսանդրապոլում՝ կաշվի մշակման և այլ արդյունաբերական ձեռնարկություններ։ Թիֆլիսի թեթև և սննդի արդյունաբերության մեջ մեծ էր հայ ձեռնարկատերերի տեսակարար կշիռը։

Անդրկովկասի հայաշատ և հայկական քաղաքներ (1897 թվական). հայերի թիվն այս քաղաքներում հասնում էր մինչև 200 հազարի, կամ ընդհանուր բնակչության 1/3-ը։

Քաղաք Հայերի թիվը Տոկոսներով Ընդհանուր թիվը Քաղաք Հայերի թիվը Տոկոսներով Ընդհանուր թիվը
Թիֆլիս 47,133 29.5% 159,590 Սիղնաղ 2,536 28.2% 8,994
Բաքու 19,099 17.1% 111,904 Նախիջևան 2,263 25.7% 8,790
Ելիզավետպոլ 12,055 35.9% 33,625 Նոր Բայազետ 8,094 95.4% 8,486
Ալեքսանդրապոլ 21,771 71.1% 30,616 Արդվին 4,646 65.5% 7,091
Երևան 12,523 43.2% 29,006 Ախալքալաք 4,136 76.1% 5,440
Բաթում 6,839 24.0% 28,508 Վաղարշապատ 4,996 94.9% 5,267
Շուշի 14,420 55.7% 25,881 Իգդիր 3,934 84.1% 4,680
Նուխի 4,186 16.9% 24,734 Շուլավեր 4,045 88.9% 4,553
Կարս 10,332 49.7% 20,805 Արդահան 1,315 31.7% 4,142
Շամախի 2,515 12.6% 20,007 Օլթի 1,056 44.5% 2,373
Ախալցխա 9,035 58.8% 15,357 Ղազախ 802 45.4% 1,769
Թելավ 3,465 24.9% 13,929 Գորիս 1,082 74.6% 1,450
Կաղզվան 3,913 37.2% 10,518 Թարթառ 120 16.0% 752
Գորի 2,084 20.3% 10,269 Ջաբրայիլ 228 43.9% 520

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին խոշորացան հայկական քաղաքները. Երևանի բնակչությունը հասավ 32 հազարի, Ալեքսանդրապոլում՝ 35 հազարի, Շուշիում՝ 43 հազարի, Կարսում՝ 30 հազարի։ 1920-ական թվականներին Թբիլիսիի բնակչությունն անցավ 300 հազարը (այդ թվում՝ 100 հազար հայ)[6], Բաքվինը՝ 450 հազարը (այդ թվում՝ 167 հազար հայ)[7], իսկ Երևանինը՝ 67121, այդ թվում՝ 59838 հայ[8]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակը 19-րդ դարի վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական Հայաստան, քարտեզ 1828 թ

19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանում բարձրացել էր կրթության մակարդակը. բացվել էին ծխական դպրոցներ, ուսուցիչները վերապատրաստումն անցնում էին ինչպես Կովկասում, այնպես էլ՝ Ռուսաստանի և Եվրոպայի ուսումնական կենտրոններում[9]։ Ճեմարան-վարժարաններից էին Աստրախանի Աղաբաբյան, Երևանի Աբովյան, Թիֆլիսի Ներսիսյան, Մոսկվայի Լազարյան, Ղրիմի Խալիբյան կենտրոնները։ Ծխական դպրոցներ կային գրեթե բոլոր քաղաքներում ու խոշոր գյուղերում, առանձնանում էին հատուկ արական հոգևոր (Ախալքալաքի Մեսրոպյան, Ախալցխայի Կարապետյան, Բաքվի Գրիգոր Լուսավորչի, Թիֆլիսի Սուրբ Նշան եկեղեցու, Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքի, Շուշիի թեմական, Մեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցու) և իգական (Ալեքսանդրապոլի Արղության, Ախալցխայի Եղիսաբեթյան, Բաքվի Հռիփսիմյան, Գանձակի Հռիփսիմյան, Գավառի Հռիփսիմյան, Երևանի Հռիփսիմյան, Թիֆլիսի Գայանյան, Հովնանյան և Մարիամյան, Նոր Նախիջևանի Կոկոյան և Հռիփսիմյան, Շուշիի Հռիփսիմյան, Վաղարշապատի Հռիփսիմյան) դպրոցները։ Կրթության մակարդակի բարձրացումով պայմանավորված էր նաև հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացումը։ Այդ նպատակով 1869 թվականին Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874 թվականին Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը։ Այսպիսի հասարակական աշխուժությունը վառ արտահայտվեց 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի տարիներին։

Միքայել Նալբանդյան

1881 թվականի մարտի 1-ին բարեփոխիչ կայսր Ալեքսանդր II-ը սպանվեց մայրաքաղաք Պետերբուրգում։ Նրա որդին՝ Ալեքսանդր III-ը (1881-1894), խստացրեց երկրի կառավարումը, ուժեղացրեց ազգային հալածանքները Ռուսաստանի ժողովուրդների նկատմամբ։ Կովկասի փոխարքայությունում նույնպես զգացվեցին ժողովրդական ճնշումները. արգելվեցին հայ ֆիդայիների անցումը Անդրկովկասից անցնել Արևտմյան Հայաստան։ Պատճառը Բեռլինի կոնգրեսում հայերին սիրաշահելու արդյունքն էր. Արևմտյան Հայաստանում ձգտում և ցանկություն կար ինքնավարություն ստեղծելու ձգտումներին։ Այդ երևույթը վարակիչ կարող էր լինել կովկասյան ժողովուրդների համար։ Դրան զուգահեռ՝ սահմանափակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի և Էջմիածնի Մայր աթոռի իրավունքները. ռուսական իշխանությունները գաղտնի հսկողություն սահմանեցին Էջմիածնի վրա։ Հայկական դպրոցների վրա սահմանվեց խիստ հսկողություն։ Լոռիում, Սևանի ավազանում, Կարսի մարզում, Զանգեզուրի ու Ղազախի գավառներում բնակություն հաստատեցին հարյուրավոր ռուսական ընտանիքներ։ Հասարակական-քաղաքական աշխուժությունը դրանով չմարեց. ստեղծվում էին խմբակներ ու կազմակերպություններ (Երիտասարդ Հայաստան), այնպես էլ կուսակցություններ՝ ինչպես Արևելյան Հայաստանում և Արևմտյան Հայաստանում, այնպես էլ գաղթավայրերում։ Ռուսահայ իրականության մեջ խոշորագույն և ամենաազդեցիկ քաղաքական միավորումը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էր։

Ազգային ճնշումներն ավելի սրվեցին Նիկոլայ II-ի օրոք (1894-1917)։ Կովկասի փոխարքա իշխան Գ.Գոլիցինի սադրանքով կայսրը 1903 թվականի հունիսի 12-ին ստորագրեց հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը։ Որոշ վայրերում դրանք ուղեկցվում էին արյունալի բախումներով։ Հիշարժան էին Ելիզավետպոլ քաղաքում տեղի ունեցած դեպքերը։

Ռուսական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականի հունվարի 9-ին (22) Պետերբուրգում գնդակահարում են խաղաղ ցույցի ելած բանվորներին։ Այդ օրը հայտնի է դարձել որպես «Արյունոտ կիրակի»։ Դրանով սկսվեց Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական առաջին հեղափոխությունը։ Այն նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը. սկսեցին գործադուլներ Թիֆլիսում և Բաքվում։ Հայաստանում սկզբնական շրջանում գործադուլներ արեցին Ալավերդու հանքարդյունաբերության շրջանի բանվորները, Դսեղի և Մարցի գյուղացիները։ Հեղափոխությունը մարելու նպատակով իշխանությունները սկսեցին կրոնական և ազգային թշնամանք բորբոքել տարբեր ժողովուրդների միջև։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և կովկասյան թաթարների (ադրբեջանցիներ) դեմ։ Առաջին ընդհանորումները տեղի ունեցան փետրվարի 6-ին Բաքվում՝ նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի հրահրումով։ Արյունոտ բախում է տեղի ունենում հայերի և թաթարների միջև. սպանվում են մի թաթար դպրոցական և խանութպան[10]։ Սրանից հետո զոհվում են 126 թաթար և 218 հայ։ Դա ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։

«Հայերի ջարդը թաթարների կողմից Բաքվում». Ֆրանսիական La Croix թերթի համարի վերնագիր, 1905 թ.

Բախումներն ընդգրկեցին հայաբնակ, բայց և թուրքաշատ Ելիզավետպոլի նահանգը։ Բախումներ տեղի ունեցան Բանանց, Գետաբեկ և այլ գյուղերում, Գանձակ և Շուշի քաղաքներում։ Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունն իր վրա էր վերցրել նորաստեղծ Դաշնակցություն կուսակցությունը։ Նշանավոր հայդուկներ Նիկոլ Դումանը, Վարդանը (Խանասորի Վարդան), Քեռին (Արշակ Գավաֆյան) և մյուսները ղեկավարում էին դիմադրական մարտերը։ Շուշիում տեղի ունեցան արյունալի բախումներ, որից հետո քաղաքից հեռացավ ինչպես հայ, այնպես էլ իսլամադավան բնակչության մի զգալի հատված։ Ազգային բախումները հասան նաև Երևանի նահանգ. Նախիջևանի գավառի 52 խառը բնակչությամբ գյուղերից 47-ը ենթարկվեցին հարձակումների, որոնցից 19-ը արդյունքում լքվեցին։ Նախիջևան քաղաքում սպանվածների թիվը հասավ 239-ի։ Հետագայում հայերը հարձակվեցին թաթարական մի գյուղի վրա և կազմակերպեցին 39 մարդու սպանդ[11]։ Ավելի ուշ Բաքվում հրդեհվեցին հայերին պատկանող նավթահորեր և նավթագործարաններ։ 1905 թվականի աշնանը ընդհարումների ալիքը հասավ հայաշատ Թիֆլիս քաղաք. հայկական ինքնապաշտպանությունը գլխավորեց Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան)։ Հայ-թաթարական կռիվների ժամանակ համերաշխության կոչերով հանդես եկան Հովհաննես Թումանյանն ու ադրբեջանցի գրող Միրզա Սաբիրը։

1905 թվականի հոկտեմբերի 17-ին կայսրը հռչակագիր հրապարակեց, որով ազդարարվում էին «քաղաքական ազատությունների անխախտ հիմունքներ» և օրենսդիր Դումայի (Խորհրդարանի) հրավիրում։ 1906 թվականի սեպտեմբերին ցարական իշխանությունները դադարեցնում են երկրում բռնկված ընդհարումները, քանի որ այլևս կարիք չկար ապակայունացնելու իրադրությունը։

Առաջին աշխարհամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի օգոստոսի 1-ին սկսած առաջին համաշխարհային պատերազմը մղվում էր մի քանի խոշոր ճակատներով։ Պատերազմում սուլթանական Թուրքիան ձգտում էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանական Ատրպատականը և Միջին Ասիան։ Ցարական Ռուսաստանը նպատակ ուներ գրավել Արևմտյան Հայաստանը, Կոստանդնուպոլիսը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։ Օսմանյան կայսրության դեմ ռուսները բացել էին Կովկասյան ճակատը (Սև ծովից մինչև Ուրմիո լիճ՝ 720 կմ երկարությամբ), որտեղ մարտական գործողությունները սկսում են 1914 թվականի հոկտեմբերի 29-30-ին։ Թուրքերը կենտրոնացրել էին 300 հազար, իսկ ռուսները՝ շուրջ 200 հազար զինվոր։ Սկզբում թուրքերը գրավում են մի քանի շրջաններ և կոտորածի ենթարկում տեղի քրիստոնյա բնակչությանը։ Կարճ ժամանակ անց ռուսները Սարիղամիշ քաղաքի շրջանում հակահարված են տալիս և անցնում հարձակման։

Զորավար Անդրանիկ

Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Դրանից բացի՝ ստեղծվում են նաև կամավորական ջոկատներ՝ Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար։ Կազմակերպման աշխատանքներն իր վրա է վերցնում Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն՝ Դաշնակցության գլխավորությամբ։ Կազմակերպվում է չորս ջոկատ, հրամանատարներն են դառնում Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին։ Դրանք ուղղվում են համապատասխանաբար Խոյ-Դիլման-Վան, Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան, Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ, Սարիղամիշ-էրզրում ուղղություններով։

1915 թվականին ռուսական զորքերը, այդ թվում՝ հայ կամավորները, մտնում են Հյուսիսային Իրան, այնտեղից՝ Արևմտյան Հայաստան՝ Վանի վիլայեթ։ Ոգևորվելով այս իրադարձություններից՝ հայերի նոր խմբեր անցնում են կամավորների շարքը. կազմվում են ևս երեք ջոկատ՝ Վարդանի (Սարգիս Մեհրաբյան), Իշխանի (Հովսեփ Արղության), Գայի (Հայկ Բժշկյան) գլխավորությամբ։ Հաջորդ տարում թուրքերից գրավում են Էրզրումը, Տրապիզոնը և այլ քաղաքներ։ Այս ընթացքում 500 կամավորականներ պարգևատրվեցին ռուսական Գեորգիևյան խաչերով և մեդալներով։ Կասեցնելով առաջընթացը՝ ռուսական զինվորական հրամանատարությունը ուժերը կենտրոնացրեց եվրոպական ճակատ՝ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դեմ։ Արևմտյան Հայաստանի ազատագրումը վերջնականապես կասեցվեց 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությամբ. դեկտեմբերին ստորագրվում է Երզկայի զինադադարը։

1917 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Թիֆլիսում կայացավ Արևելահայերի 1-ին համագումարը, որը քննության առավ արտաքին ու ներքին բնույթի մի շարք կարևոր խնդիրներ, բազմակուսակցական սկզբունքով ստեղծվեց 15 հոգուց բաղկացած Հայոց ազգային խորհուրդ՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ։ Այն ուներ զինվորական, գաղթականության, դպրոցական, պարենավորման, բժշկական և այլ բաժիններ։ Նման խորհուրդներ ստեղծվեցին Բաքվում, Երևանում, Շուշիում և այլուր։ Դրանք ազգային իշխանության մարմիններ էին, որոնք ստեղծվել էին Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (ռուս.՝ Особый Закавказский Комитет՝ ОЗаКом ՕԶաԿոմ) և դասակարգային հիմքով ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների կողքին։ Հոկտեմբերյան հեղափոխությունը Հայաստանում տվեց իր արձագանքը. վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և ադրբեջանական մուսաֆաթականները, հեղինակազրկված ՕԶաԿոմի փոխարեն ստեղծեցին իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան կոմիսարիատ։ 1918 թվականի փետրվարին բազմակուսակցական սկզբունքով ձևավորվեց Անդրկովկասյան սեյմը (խորհրդարանը)։ Ըստ այդմ, Անդրկովկասը, այդ թվում՝ հայկական գավառները, անկախանում են խորհրդային Ռուսականից։

Առաջին աշխարհամարտը դեռ շարունակվում էր։ Թուրքերը կարողացել էին հետ գրավել ամբողջ Արևմտյան Հայաստանը, մտել Արևելյան Հայաստան և Վրաստան։ Երկար ժամանակ չկարողանալով նրանց դիմակայել՝ հայերը կենտրոնացել էին Երևանի ու Էջմիածնի շուրջ։ 1918 թվականին հայերը հավաքագրվեցին թուրքական հարձակման դեմ. մայիսյան հերոսամարտերում ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։ Նույն տարվա վերջին՝ առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, անգլիական բանակը վերականգնեց 1914 թվականի սահմանը և դուրս հանեց թուրքական զորքերը ՀՀ տարածքից։

Հայկական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտություն, գրականություն և մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք-պարսկական տիրապետության շրջանում հայ գիտական միտքը անկում է ապրել։ Ուշ միջնադարում հարյուրամյակներ շարունակ չէին բացվում նոր դպրոցներ ու վարդապատերաններ, փակվել էին նախորդ դարաշրջանում գործող ուսումնական կենտրոնները։ Նման պայմաններում բացվում են մի քանի ուսումնական կենտրոններ Եվրոպայի և Ասիայի հայկական գաղթօջախներում՝ եկեղեցիներին կից։ Դրանք ունեին հիմնականում հայապահպանության բնույթ և խոշոր կենտրոններ դառնալ չէին կարող։ Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրությանը միանալուց հետո երկրի գիտամշակութային զարգացման համար նոր պայմաններ ստեղծվեցին։ 1810 թվականին Աստրախանում բացվեց Աղաբաբյան դպրոցը, 1815 թվականին հիմնադրվեց Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1824 թվականին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1832 թվականին՝ Երևանի Աբովյանի անվան ուսուցչական սեմինարիան։ Մեծ իրադարձություն էր նույն տարում Հայաստանի ազգային գրադարանի բացումը։ 19-րդ դարի երկրորդ կեսին բացվեցին ծխական, իգական, թեմական, երկսեռ և այլ բնույթի նոր դպրոցներ Շուշիում, Ելիզավետպոլում, Ալեքսանդրապոլում, Ախալքալաքում, Նախիջևանում, Կարսում և հայկական այլ քաղաքներում։ 1890-ական թվականների կեսերին երկրամասի դպրոցներում սովորում էին 30 հազարից ավելի հայ աշակերտներ։ Գլաձորի և Տաթևի համալսարանների փակումից դարեր անց հայրենիքում բացվում է բարձրագույն ուսումնական նոր հաստատություն՝ Վաղարշապատի Գևորգյան ճեմարանը (1874)։

Հովհաննես Թումանյան

Հայ մշակույթի գործիչները ձեռնամուխ եղան նախ հայոց լեզվի, հայ բանահյուսության և գրականագիտության, հայոց պատմագրության զարգացմանը։ Խաչատուր Աբովյանի ջանքերով սկիզբ դրվեց արևելահայերենի քերականության զարգացմանը։ Այն որպես աշխարհաբար հայերենի արևելյան ճյուղ սկսել էր ձևավորվել դեռ 17-րդ դարի ընթացքում։ Հայկական ժառանգության թարգմանության և օտարին ներկայացնելու հարցում մեծ աշխատանք կատարեց Մկրտիչ Էմինը։ Գարեգին Սրվանձտյանը բեղմնավոր աշխատանք կատարեց բանահյուսության ասպարեզում. նա հայտնաբերեց «Սասնա ծռեր» դյուցազնավեպը։ Հայ պատմագիտության զարգացման գործում լուրջ ներդրում ունեն Ստեփան Պալասանյանը, Անտոն Գարագաշյանը, Ալեքսանդր Երիցյանը և ուրիշներ։ Սա հիմք ստեղծեց հետագա տասնամյակներում նշված ճյուղերի զարգացման համար։ 20-րդ դարի սկզբին հայագիտության ասպարեզում մեծ աշխատանք են կատարել լեզվաբան Հրաչյա Աճառյանը, գրականագետ Մանուկ Աբեղյանը, պատմաբան Լեոն և ուրիշներ։

Ժամանակաշրջանի հայ գրականությունը աստիճանաբար սկսեց զարգանալ եվրոպական չափանիշներին համապատասխան։ Հայ քաղաքական գրականության մեջ առանձնանում է Միքայել Նալբանդյանի ազատասիրական-հայրենասիրական, Ռափայել Պատկանյանի քաղաքական, Րաֆֆիի պատմական, Գաբրիել Սունդուկյանի թատերական ստեղծագործությունները։ 20-րդ դարի սկզբին առաջ եկավ բանաստեղծների և արձակագիրների նոր սերունդ, որի ներկայացուցիչներից էին Ավետիք Իսահակյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Հովհաննիսյանը, Ղազարոս Աղայանը, Մուրացանը, Պերճ Պռոշյանը, Վահան Տերյանը, Նար-Դոսը և շատ այլ գրողներ։ Հայաստանը լավագույնս նկարագրվել է «ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանը։

Հովհաննես Ադամյան

Ռուսական և եվրոպական համալսարաններում ուսանած երիտասարդ գիտնականներն ու գյուտարարները լուրջ տեղաշարժեր կատարեցին նաև բնական գիտությունների մեջ։ Գունավոր հեռուստատեսության և այլ հայտնագործությունների հեղինակ է Հովհաննես Ադամյանը։ Երկրաբան և քիմիկոս Անդրեաս Արծրունին ուսումնասիրել է Կովկասի և Ուրալի օգտակար հանածոների հանքավայրերը, որի համար ընտրվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Նույնպիսի պատվի արժանացավ նաև արևելագետ և լեզվաբան Քերովբե Պատկանյանը։ Աստրախանում 1893 թվականին բռնկված և համընդհանուր տագնապ առաջացրած խոլերայի դեմ կարողացավ պայքարել բժշկական գիտությունների դոկտոր Մարգար Առուստամյանը, որը փրկեց հազարավոր մարդկանց կյանք։

Զարգացում ապրեց նաև հայկական մամուլը, որի կենտրոններն են դառնում ոչ միայն Շուշին, Ալեքսանդրապոլը, Երևանը և Կարսը, այլև Թիֆլիսն ու Մոսկվան։ 19-րդ դարի երկրորդ կեսին հրատարակվել էր 246 անուն թերթ ու ամսագիր՝ դարասկզբի 30-ի դիմաց։ 20-րդ դարի սկզբին հայկական պարբերականների թիվը հասավ շուրջ 600-ի։ Դարավերջին ի հայտ եկավ նաև հայ քաղաքական մամուլը, որն արտահայտվում էր հասարակական խմբակների և կուսակցությունների պաշտոնական գաղափարախոսությունը։

Կոմիտաս

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության գոյության վերջին տասնամյակներին Անդրկովկասում, այդ թվում և Արևելյան Հայաստանում, աշխուժանում է քաղաքաշինությունը։ 19-րդ դարի վերջին Անդրկովկասի քաղաքներում բնակվում էին ավելի քան 200 հազար հայեր՝ կազմելով ամբողջ քաղաքային բնակչության ավելի քան 1/3-ը։ Միայն Թիֆլիս և Բաքու քաղաքներում հայ բնակչությունն անցնում էր 70 հազարից՝ հինգ անգամ գերազանցելով Երևանի հայկական բնակչությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին քաղաքաբնակ հայերի թիվը գրեթե կրկնապատկվել էր։ Այս ամենը խթանում է հասարակական, կրոնական և վարչական կառույցների առաջացմանը։ Հայկական ճարտարապետությունը կրում էր ժամանակի եվրոպական մշակույթի կնիքը։ Երևանում, Վաղարշապատում, Շուշիում, Կարսում, Ալեքսանդրապոլում և այլուր կառուցվում են քարե շինություններ, որոնք նմանվում էին Պետերբուրգի և Մոսկվայի կառույցների ոճին։ Քաղաքային բնակավայրեր են դառնում Նոր Բայազետը, Գորիսը, Ախալցխան և այլն։ Նոր եկեղեցիների, ինչպես նաև՝ գործարանների ու ֆաբրիկաների կառուցումը թարմացնում է հայկական միջնադարյան քաղաքներին։ Թիֆլիսում ու Բաքվում են ստեղծագործել Սանկտ Պետերբուրգի կայսերական գեղարվեստականի ակադեմիայի և քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի սաներ Հովհաննես Քաջազնունին, Գաբրիել Տեր-Միքելյանը, Ղազարոս Սարգսյանը, Դավիթ Չիսլյանը և շատ ուրիշներ։ Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում ուսանած հայ արվեստագետներից շատերը աշխարհահռչակ համբավ ձեռք բերեցին։ Այդ առումով առանձնապես աչքի ընկավ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, ինչպես նաև նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանը, Վարդգես Սուրենյանցը, Փանոս Թերլեմեզյանը, քանդակագործներ Հակոբ Գյուրջյանը, Անդրեաս Տեր-Մարուքյանը։

Հովհաննես Այվազովսկի

Նյութական մշակույթին զուգահեռ նոր նվաճումներ եղան նաև հոգևոր արվեստի ոլորտում։ Եթե քրիստոնեության ընդունումից հետո հայկական թատրոնը զգալիորեն անկում էր ապրել, և ներկայացվում էր գլխավորապես շուկաներում փահլևանների ու երգիչ-գուսանների միջոցով, ապա սիրողական այս մակարդակից այն վերաճեց և դարձավ մասնագիտացված ճյուղ։ Հայ և օտարազգի թատերագիրների ներկայացումներն ի սկզբանե բեմադրվում էին Թիֆլիսում, Բաքվում, ապա նաև՝ հայկական քաղաքներում։ Թիֆլիսում 1824 թվականից սկսած հայկական Ներսիսյան դպրոցում ներկայացումներ էին բեմադրվում հայերեն լեզվով, իսկ արդեն 1856 թվականին ստեղծվում է Գևորգ Չմշկյանի ղեկավարած առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը։ Հայ թատերագիրներից հայտնի էին Գաբրիել Սունդուկյանը, Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, դերասաններից՝ Պետրոս Ադամյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը և շատ ուրիշներ։ Սկիզբ դրվեց հայկական օպերային թատրոնին. հայտնի են դառնում կոմպոզիտորներ Տիգրան Չուխաճյանը, Մակար Եկմալյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Արմեն Տիգրանյանը, Ռոմանոս Մելիքյան և այլք։ Ժողովրդական հազարավոր երգերի մշակմամբ և հայ երաժշտության զարգացմամբ ու տարածմամբ է զբաղվել երգահան Կոմիտասը։

Հայկական գաղթավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Ռուսաստանի տարածքում ձևավորված հնագույն հայկական գաղութը Ղրիմն էր՝ Թեոդոսիա, Հին Ղրիմ (Սուրհաթ), Եվպատորիա, Ղարասուբազար և այլն։ Հայերն այստեղ հաստատվել էին Անիի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության անկումից հետո, երբ Ղրիմը բնակեցված էր թաթարներով և հաճախ ենթարկվում էր իսլամադավան հզոր տերությունների, այդ թվում՝ Օսմանյան կայսրությանը։ Այդուհանդերձ, հայերը ստացել էին դավանանքի ազատություն, արտոնություններ՝ առևտրով, արհեստներով և գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Հայ եկեղեցին ևս տիրում էր ընդարձակ կալվածքների։ 18-րդ դարի վերջին Ղրիմի հայության մի ստվար հատված, թերակղզու համար ընթացող պատերազմների (1768-1774, 1787-1792) հետևանքով անցնում է Ազովի ծովն ու Կերչի նեղուցը և բնակություն հաստատում ռուսական արքունի նվիրավերած հողում՝ կառուցելով Արմավիր, Նոր Նախիջևան, Չալտիր և այլ բնակավայրեր։ Միևնույն ժամանակ հայերը հաստատվում են նաև Կովկասի նոր գրավյալ տարածքներում՝ Ղզլարում, Մոզդոկում, Մայկոպում, Ստավրոպոլում և այլուր։

Բացի վերոնշյալ տարածքներից, որտեղ հայերն ապրում էին գյուղական ու քաղաքային բնակավայրերում, առանձնապես աչքի ընկան երեք քաղաքների՝ Աստրախանի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքները։ Այստեղ հայերը զբաղվում էին գերազանցապես վաճառականությամբ՝ կապ հաստատելով Պարսկաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև։ Աստիճանաբար հայերին տրվում են սեփական եկեղեցի, դպրոց ու դատարան ունենալու իրավունքներ։ Մայրաքաղաքներում հաստատվեցին նաև ռազմական և մշակութային կրթություն ստացած հայ ազնվական մեծատոհմիկները, որոնցից որոշներն ազդեցիկ դարձան ռուսական արքունիքում։ Այդպիսի ընտանիքներից էր Լազարյանների գերդաստանը, Իսախանով, Լիանոզով, Մանուիլով եղբայրները։

Զինանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի նահանգ Ելիզավետպոլի նահանգ Կարսի մարզ Թիֆլիսի նահանգ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России
  2. Մկրտիչ Ներսիսյան, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին Արխիվացված 2020-01-11 Wayback Machine
  3. Լ. Պետրոսյան, Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը Հայաստանում
  4. Рաтуни В․, Крестьянская реформа в Армении в 1870 г․, Ереван, 1947;
  5. Վահան Ռշտունի, Գյուղացիական ռեֆորմի առանձնահատկությունները Հայաստանում Արխիվացված 2019-12-18 Wayback Machine
  6. Ethno-Caucasus, население Кавказа, республика Грузия, население Грузии
  7. Всесоюзная перепись населения 1926 года, т. 14, Закавказская СФСР, г. Москва, 1929
  8. Ethno-Caucasus: Армения
  9. Վ. Ս. Երկանյան, Հայկական դպրոցը 1800-1870-ական թվականներին Արխիվացված 2020-01-11 Wayback Machine
  10. Svante E. Cornell. Small nations and great powers. page 55
  11. Villari, Luigi. Fire and Sword in the Caucasus. London: T. F. Unwin, 1906 ISBN 0-7007-1624-6 p. 270-274.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 33
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։