Անդրկովկասյան կոմիսարիատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անդրկովկասյան կոմիսարիատ, պետական իշխանության մարմին Անդրկովկասում։ Կազմավորվել Է 1917 թվականի նոյեմբերին Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (Օզակոմ) փոխարեն, Անդրկովկասի առաջատար ազգային կուսակցությունների՝ վրացի մենշևիկների, մուսավաթականների, դաշնակցականների, նաև էսէռների, սոցիալ-ֆեդերալիստների և նրանց պաշտպանող խորհուրդների ու արհմիությունների ներկայացուցիչների Թիֆլիսում կայացած խորհրդակցությունում։ Անդրկովկասյան կոմիսարիատի մեջ մտան վրացի մենշևիկներ Ե. Գեգեչկորին (նախագահ), Ա. Չխենկելին (ներքին գործերի կոմիսար), մուսավաթական Մ. Ջաֆարովը (առևտրի և արդյունաբերության կոմիսար), դաշնակցական Խ. Կարճիկյանը (ֆինանսների կոմիսար), Հ. 0հանջանյանը (հանրային խնամատարության կոմիսար), էսէռ Դ. Դոնսկոյը (ռազմական և ռազմածովային կոմիսար) Ա. Ներուչևը (հողագործության կոմիսար) և ուրիշներ։ Անդրկովկասյան կոմիսարիատում ազդեցիկ էին վրացի մենշևիկները։ ժողովրդին ուղղված իր կոչում Անդրկովկասյան կոմիսարիատը հայտարարել է, որ կոչված է պայքարելու Անդրկովկասում անիշխանության և բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։ Անդրկովկասյան կոմիսարիատի մեջ մտնող հիմնական ազգային կուսակցությունների միջև կային լուրջ տարաձայնություններ, ինչպես ներքին, առավել ևս արտաքին քաղաքականության հարցերում։ Վրացի մենշևիկները ձգտում էին ստեղծել անկախ վրացական պետություն և այդ նպատակին հասնելու առաջին քայլը համարում էին խորհրդային Ռուսաստանից Անդրկովկասի անջատումը։ Մուսավաթականները հակված էին դեպի Թուրքիան և պատրաստ էին աջակցելու Անդրկովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը։ Դաշնակցականները ցանկանում էին պատերազմում Անտանտի երկրների հաղթանակը՝ հուսալով, որ այն կնպաստի Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելուն։ Անդրկովկասյան կոմիսարիատը կապ հաստատեց Հյուսիսային Կովկասի սպիտակգվարդիական ուժերի հետ, մերձեցավ Անտանտին։ Անդրկովկասյան կոմիսարիատը ողջունեց Կովկասյան ռազմաճակատում ռուս թուրքական զորքերի միջև 1917 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված Երզնկայի զինադադարը։ Ռուսական զորքը սկսեց լքել Կովկասյան ռազմաճակատը և Անդրկովկասյան կոմիսարիատը չխանգարեց դրան։ Կովկասյան ռազմաճակատի մերկացումից, ինչպես նաև Անդրկովկասյան կոմիսարիատի ներսում եղած տարաձայնություններից օգտվելով՝ թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 1918 թվականի հունվարին արշավեց Անդրկովկաս։ Անդրկովկասյան կոմիսարիատը չկազմակերպեց դիմադրությունը և հրաման տվեց թշնամու գերակշիռ ուժերի դիմաց նահանջել։ Թուրքական զորքերը գրավեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը։ Ռազմաճակատը պահում էին և թուրքական զինվորներին դիմադրում միայն հայկական զորքերը։ Վրացական զորքերը հեռու էին ծավալվող ռազմական գործողությունների թատերաբեմից։ Այս պայմաններում Անդրկովկասի վիճակը ծանրացավ։ 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում ստեղծվեց իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան սեյմը, որը շուտով վերացրեց Անդրկովկասյան կոմիսարիատը և հռչակեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Борян Б. А., Армения, международная дипломатия и СССР, т. 1, М.-Л., 1928. Կ. Խուդավերդյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png