Jump to content

Մեծ Հայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Հայք

Մեծ Հայքի թագավորությունն իր հզորության գագաթնակետին՝ Տիգրան Բ Մեծի օրոք
Պետական կարգ թագավորություն
կայսրություն (Տիգրան Բ Մեծի օրոք)
Մայրաքաղաք Արմավիր (մ․թ․ա․ 331-210)
Երվանդաշատ (մ․թ․ա․ 210-176)
Արտաշատ (մ․թ․ա․ 176-77, 69-120)
Տիգրանակերտ (մ․թ․ա․ 77-69)
Վաղարշապատ (մ․թ․ա․ 120-330)
Դվին (մ․թ․ա․ 336-428)
Թագավորանիստ ոստան
Պետության գլուխ
Արքայատոհմ Երվանդունիներ
Արտաշեսյաններ
Արշակունիներ
Լեզու հայերեն (հիմնական լեզու)
հունարեն
արամեերեն
պարսկերեն (պարթևերեն, պահլավերեն)
Կրոն զրադաշտականություն[1]

քրիստոնեություն (301 թվականից)

Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան հին աշխարհ, միջնադար
Հասարակարգ ստրկատիրական, ավատատիրական
Հիմնադրում Մ.թ.ա. 331 թվական
Հզորության գագաթնակետ Տիգրան Մեծի արքայություն (մ․թ․ա․ 95-մ․թ․ա․ 55)
Անկում 428 թվական (Արշակունյաց թագավորության անկում)
Ժամանակագրական հաջորդականություն
- մ․թ․ա․ 331 թվական Առաջին հիշատակումը որպես անկախ վարչական միավոր
- մ․թ․ա․ 189 թվական Արտաշեսյանների արքայատոհմի հաստատում հայոց գահին
- մ․թ․ա․ 94-մ․թ․ա․ 66 Տիգրան Մեծի աշխարհակալություն
- 52 թվական Արշակունիների արքայատոհմի հաստատում հայոց գահին
- 301 թվական Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն
- 405 թվական Հայոց գրերի ստեղծում
- 428 թվական Մեծ Հայքի զավթում պարսիկների կողմից
Ներկայիս տարածքում Հայաստան Հայաստան
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Վրաստան Վրաստան
Աբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
Հարավային Օսիայի Հանրապետություն Հարավային Օսիայի Հանրապետություն
Թուրքիա Թուրքիա
Ադրբեջան Ադրբեջան
Իրան Իրան
Սիրիա Սիրիա
Իրաք Իրաք
Լիբանան Լիբանան
Իսրայել Իսրայել
Պաղեստին Պաղեստին
Հորդանան Հորդանան
Եգիպտոս Եգիպտոս
Քուվեյթ Քուվեյթ
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
 Երվանդունիների թագավորություն
 Ծոփքի թագավորություն
Բյուզանդական Հայաստան 
Հայկական մարզպանություն 
Պատմության պորտալ

Մեծ Հայք (լատիներեն՝ Armenia Maior)՝ պատմական Հայաստանի երկու հիմնական հատվածներից մեկը (մյուսը՝ Փոքր Հայքը), հայկական պետական կազմավորում և աշխարհագրական-քաղաքական միավոր Հայկական լեռնաշխարհում։ Տարբեր ժամանակաշրջաններում Մեծ Հայքի տարածքը կազմել է հայկական պետականության հիմնական միջուկը։ Ըստ ավանդական վարչատարածքային բաժանման՝ այն ընդգրկել է 15 նահանգ և 191 գավառ։[2] Մեծ Հայքը գոյություն է ունեցել որպես անկախ թագավորություն մ․թ․ա․ 331 թվականից մինչև մ․թ․ 428 թվականը, երբ Հայոց Արշակունյաց թագավորությունը վերացվեց։[3] Մ․թ․ա․ 331 թվականին, Աքեմենյան պետության պարտությունից հետո, Գավգամելայի ճակատամարտի հետևանքով Երվանդ Գ-ն հաստատեց իր իշխանությունը Մեծ Հայքում՝ հիմք դնելով Երվանդունիների անկախ թագավորությանը։[4]

Մեծ Հայքի վարչատարածքային կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երվանդ Բ

Հայոց պատմահայր Մովսես Խորենացին, բացի իր հիմնարար «Պատմություն Հայոց» աշխատությունից, հեղինակել է նաև «Աշխարհացույց» երկը, որը ներկայացնում է իր ժամանակի աշխարհի և Հայոց երկրի աշխարհագրական ու վարչական նկարագիրը՝ քարտեզագրական պատկերացումների հիման վրա։ 7-րդ դարում այդ աշխատությունը ենթարկվել է որոշակի խմբագրման Անանիա Շիրակացու (610–685) կողմից։

«Աշխարհացույց»-ում մանրամասն ներկայացված են Մեծ Հայքը, Վիրքը և Աղվանքը՝ իրենց վարչատարածքային բաժանումներով։ Հեղինակը, օգտվելով տարբեր ժամանակաշրջանների աշխարհագրական տվյալներից, մասնավորապես հայ Արշակունիների թագավորության և մարզպանական շրջանի նյութերից, կարողացել է վերականգնել Մեծ Հայքի վարչատարածքային ամբողջական պատկերը այն ժամանակահատվածի համար, երբ այն դեռ հանդես էր գալիս որպես միասնական քաղաքական միավոր (մոտավորապես 363–385 թթ.)։[5]

Աշխատությունում ներկայացված են նաև Հայաստանի սահմանների հետագա փոփոխությունները՝ կապված Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև տեղի ունեցած բաժանումների հետ։ «Աշխարհացույց»-ի հիման վրա Մեծ Հայքը բաժանվում է 15 նահանգների (աշխարհների) և դրանց ենթակա գավառների, ինչը հնարավորություն է տալիս վերակազմել երկրի վարչատարածքային կառուցվածքի ամբողջական պատկերը։

Մեծ Հայքի 15 նահանգներն են՝[6]

  1. Բարձր Հայք կամ Կարնո աշխարհ
  2. Չորրորդ Հայք կամ Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան կամ Տարոն
  5. Մոկք կամ Մոկս
  6. Կորճայք կամ Կորդուք
  7. Պարսահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Փայտակարան
  12. Ուտիք
  13. Գուգարք
  14. Տայք
  15. Այրարատ

Մեծ Հայքի տարածքը 311 հազար կմ² է և բոլոր 15 նահանգները միասին ունեն 191 գավառ, որից 37-ը՝ Վասպուրականում, 20-ը՝ Այրարատում։

ՆահանգԳավառՏարածք
Աղձնիք[7] Նփռետ (Նփրկերտ), Աղձն, Քաղ (Անգեղտուն), Կեթիկ, Տատիկ, Ազնվաձոր, Երխեթք (Սերխեթք), Գզեխ, Սալնաձոր և Սանասունք (10 գավառ)[7]17 հազար 532 քառ. կմ[7]
Այրարատ[8] Բասեն, Գաբեղեանք, Աբեղեանք, Հաւնունիք, Արշարունիք, Բագրևանդ, Ծաղկոտն, Վանանդ, Շիրակ, Արագածոտն, Նիգ, Մասեաց ոտն, Կոգովիտ, Ոստան Հայոց, Ուրծաձոր և Արածոյ կողմն (16 գավառ)[8]40 հազար 105 քառ. կմ[8]
Արցախ[9] Մյուս Հաբանդ, Վայկունիք, Բերձոր (Բերդաձոր), Մեծիրանք, Մեծ Կուենք, Հարճլանք, Մովսանք, Պիանք, Պածկանք, Սիսական-ի-Կոտակ (Սիսական-ի-Ոստան), Քուստ-ի-Փառնէս և Կողթ (12 գավառ)[9]11 հազար 528 քառ. կմ[9]
Բարձր Հայք Դարանաղի, Աղյուն, Մզուր (Մուզուր), Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմք (Շատգոմք) և Կարին (9 գավառ)23, 860 քառ. կմ
Գուգարք Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Ջաւախք վերին, Արտահան, Կաղարջք, Շաւշէթ, Մանգլեաց փոր, Քուիշափոր և Բողնոփոր (13 գավառ)16, 765 քառ. կմ
Կորճայք Կորդուք, Կորդիք վերին, Կորդիք միջին, Կորդիք ներքին, Այտվանք, Այգասք, Մոթողանք, Որսիրանք, Կարթունիք, Ճահուկ և Փոքր Աղբակ (11 գավառ)14, 707 քառ. կմ
Մոկք Իշայր, Մյուս Իշայր, Իշոց գավառ, Առուենից ձոր, Միջա, Մոկք Առանձնակ, Արքայից գավառ, Արգաստովիտ և Ջերմաձոր (9 գավառ)2, 962 քառ. կմ
Պարսկահայք Այլի(Կուռիճան), Առնա (Ըռնա), Արասխ (Ովեա), Զարեհավան, Զարավանդ, Թրաբի, Հեր, Մարի և Տամբեր (9 գավառ)11, 010 քառ. կմ
Սյունիք Երնջակ, Ճահուկ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Սոթք, Աղահէճք, Ծղուկք, Հաբանդ, Բաղք, Ձորք, Արևիք, Կովսական (12 գավառ)15, 237 քառ. կմ
Տայք Կող, Բերդաց փոր, Պարտիզաց փոր, Ճակք, Բուղխա, Ոքաղէ, Ազորդաց փոր, Ալաեաց փոր (8 գավառ)10, 179 քառ. կմ
Տուրուբերան Խոյթ, Ասպակունեաց ձոր, Տարոն, Աշմունիք (Արշամունիք), Մարդաղի, Դաստաւորք, Տուարածատափ, Դալառ, Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երևարք, Աղիովիտ, Ապահունիք, Կորոյ գավառ և Խորխոռունիք (16 գավառ)25, 008 քառ. կմ
Ուտիք Աղվե, Առանռոտ, Գարդման, Շակաշեն, Ռոտ-Պացյան, Տռի, Տուչքատակ և Ուտի Առանձնակ (8 գավառ)11, 315 քառ. կմ
Վասպուրական Ռշտունիք, Տոսպ, Բոգունիք, Արճիշահովիտ, Կուղանովիտ, Աղիովիտ, Գառնի (Դառնի), Առբերանի, Բուժունիք, Առնոյոտ, Անձևացիք, Տրպատունիք, Երվանդունիք (Մարաստան), Արտազ, Ակէ, Աղբակ Մեծ, Անձախի ձոր, Թոռնաւան, Ճուաշ-ռոտ, Կրճունիք, Մեծնունիք, Պալունիք, Գուկանք, Աղանդ-ռոտ, Պարսպատունիք, Արտաշիսեան (Արտաւանեան), Բագան (Մարանդ), Գաբեթեան, Գազրիկան, Տայգրեան, Վարաժնունիք, Գողթն և Նախճաւան (35 գավառ)40, 870 քառ. կմ
Ծոփք (Չորրորդ Հայք) Խորձեան, Հաշտեանք, Պաղնատուն, Բալահովիտ, Մեծ Ծոփք, Անձիտ, Դեգիք և Գավրէք (8 գավառ)18, 890 քառ. կմ
Փայտակարան Աթշի-Բագավան, Ալևան, Առոս, Հանի, Հրաքոտ-Պերոժ, Յոթնփորակյան Բագինք, Որմիզդ-Պերոժ, Պիճան, Ռոտիբաղա, Սպանդարան-Պերոժ, Վարդանակերտ, Քաղանռոտ և Քոեկյան (13 գավառ)21, 000 քառ. կմ
15 Նահանգ 178 գավառ280, 968 քառ. կմ

Մեծ Հայքի մայրաքաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի պատմության ընթացքում մայրաքաղաքի կարգավիճակ են ունեցել մի շարք քաղաքներ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում եղել են երկրի քաղաքական, վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնները։[10] Երվանդունիների թագավորության սկզբնական շրջանում մայրաքաղաքը եղել է Արմավիրը, որը մ․թ․ա․ 331 թվականից դարձել է հայոց արքաների նստավայրը։ Հետագայում Երվանդ Դ-ն մայրաքաղաքը տեղափոխել է Երվանդաշատ՝ Արաքս և Ախուրյան գետերի միախառնման շրջանում կառուցված նոր քաղաք։ Արտաշես Ա-ն մ․թ․ա․ II դարի սկզբին հիմնադրել է Արտաշատ մայրաքաղաքը, որը երկար ժամանակ եղել է Մեծ Հայքի քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորագույն կենտրոնը։[10] Տիգրան Բ Մեծի օրոք պետության ընդարձակման պայմաններում մայրաքաղաք է դարձել Տիգրանակերտը, որը կառուցվել էր որպես նորաստեղծ տերության վարչական կենտրոն։ Արշակունիների ժամանակաշրջանում մայրաքաղաքի դեր են կատարել Վաղարշապատը և Դվինը։ Վաղարշապատը հատկապես հայտնի է որպես Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոն, իսկ Դվինը IV դարից դարձել է երկրի խոշորագույն քաղաքներից մեկը և պահպանել իր կարևոր նշանակությունը նույնիսկ Արշակունիների թագավորության անկումից հետո։[10]

Բնակչություն և տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի բնակչության հիմնական մասը կազմել են հայերը, որոնք բնակվել են երկրի տարբեր նահանգներում և գավառներում։ Երկրի սահմաններում տարբեր ժամանակաշրջաններում ապրել են նաև այլ ժողովուրդներ, հատկապես սահմանամերձ շրջաններում և խոշոր քաղաքներում։[11] Բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր գետահովիտներում, բերրի դաշտավայրերում և քաղաքային կենտրոններում, որոնցից առավել հայտնի էին Արմավիրը, Արտաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը և Դվինը։

Մեծ Հայքի տնտեսության հիմքը երկրագործությունն ու անասնապահությունն էին։[11] Զարգացած էին ցորենի, գարու, խաղողի և այլ մշակաբույսերի մշակությունը, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը։ Երկրի տարբեր շրջաններում տարածված էին այգեգործությունը, պտղաբուծությունը և մեղվաբուծությունը։ Տնտեսական կյանքում կարևոր դեր էին խաղում նաև արհեստագործությունն ու առևտուրը։ Խոշոր քաղաքներում զարգացած էին մետաղագործությունը, խեցեգործությունը, ոսկերչությունը, զինագործությունը և գործվածքների արտադրությունը։ Մեծ Հայքի տարածքով անցնող միջազգային առևտրական ճանապարհները նպաստում էին երկրի տնտեսական զարգացմանը և առևտրական կապերի ընդլայնմանը հարևան պետությունների հետ[11]։ Հատկապես Արտաշատը, Տիգրանակերտը և Դվինը հայտնի էին որպես առևտրի և արհեստագործության կարևոր կենտրոններ։

Մեծ Հայքը Արշակունիների օրոք

Պատմական զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացու «արևելյան» արշավանքի հետևանքով Հայաստանը դուրս եկավ Աքեմենյան պետության կազմից։ Երկիրը բաժանվեց 2 անհավասար մասերի՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։ Հետագայում Ծոփքը նույնպես առանձնացավ, ձևավորելով անկախ թագավորություն։ Հայկական թագավորությունները պայքարում էին Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո ստեղծված Սելևկյանների թագավորության դեմ։ Մ.թ.ա. 201 թվականին Անտիոքոս III Մեծի հրամանով երկու հայ զորավարներ՝ Արտաշեսն ու Զարեհը, գրավում են Մեծ Հայքն ու Ծոփքը։ Մայրաքաղաք Երվանդաշատի պաշարման ժամանակ զոհվում է վերջին Երվանդյան թագավորը՝ Երվանդ Դ-ն։ Արտաշեսը նշանակվում է Մեծ Հայքի ստրատեգոս, իսկ Ծոփքի ստրատեգոս նշանակվում է Զարեհը։ Այս իրավիճակը տևում է 10 տարի։[12] Մ․ թ․ ա․ 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում Անտիոքոս III-ի պարտությամբ Մեծ Հայքում և Ծոփքում ապստամբություն բարձրացվեց, ինչի արդյունքում վերականգնվեց Մեծ Հայքի անկախությունը։[13]

Արտաշեսյան արքայատոհմը (մ.թ.ա. II–I դդ.) Մեծ Հայքը վերածեց հզոր կենտրոնացված պետության։ Արտաշես Ա-ն իրականացրեց հայկական հողերի մեծ մասի վերամիավորում, ամրապնդեց պետական կառույցները և հիմք դրեց Արտաշատ մայրաքաղաքին։ Նրա քաղաքականությունը շարունակեցին Արտավազդ Ա-ն և հատկապես Տիգրան Բ Մեծը, որի օրոք Մեծ Հայքը հասավ իր առավելագույն տարածքային ընդարձակմանը՝ ընդգրկելով զգալի տարածքներ Առաջավոր Ասիայում։ Տիգրանի նվաճումների արդյունքում ստեղծվեց բազմազգ տերություն, սակայն Հռոմի և Պարթևաստանի հակազդեցությունը հանգեցրեց տարածքային կորուստների և քաղաքական ճնշումների։[14]

Մ.թ.ա. I դարի երկրորդ կեսից սկսվեց թագավորության թուլացումը՝ կապված ներքին պայքարների և Հռոմի միջամտության հետ։ Արտավազդ Բ-ի գահակալության ժամանակ Մեծ Հայքը հայտնվեց Հռոմի և Պարթևաստանի մրցակցության կենտրոնում, իսկ Մարկոս Անտոնիոսի արշավանքի արդյունքում նա գերի տարվեց։ Հետագա տարիներին գահ բարձրացան տարբեր Արտաշեսյան թագավորներ, սակայն դինաստիան աստիճանաբար կորցրեց իր ազդեցությունը և մ.թ. 1-ին դարի սկզբին սպառվեց, որից հետո Մեծ Հայքում սկսվեց հռոմեական և պարթևական ազդեցությամբ դրածո թագավորների շրջան։[14]

Արտաշեսյաններին հաջորդում են Արշակունիները։ Արշակունիների գահակալության շրջանում Մեծ Հայքը հայտնվեց Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի ռազմաքաղաքական հակամարտության կենտրոնում, որի հետևանքով երկրի ներքին զարգացումները մշտապես պայմանավորված էին արտաքին ուժերի միջամտությամբ։ Արդեն մ.թ. 54–64 թթ. հռոմեա-պարթևական պատերազմի ընթացքում Վաղարշ Ա Արշակունու նախաձեռնությամբ Տրդատը բազմեց Հայոց գահին, ինչն առաջ բերեց Հռոմի ռազմական միջամտությունը Կորբուլոնի գլխավորությամբ։[15] Չնայած սկզբնական փուլում հռոմեական զորքերը կարողացան գրավել Արտաշատն ու Տիգրանակերտը, հայ-պարթևական համատեղ դիմադրությունը հանգեցրեց ուժերի հարաբերակցության փոփոխության։ Հռանդեայի ճակատամարտում հռոմեացիները ծանր պարտություն կրեցին, ինչի արդյունքում Ներոն կայսրը ստիպված եղավ ճանաչել Տրդատի իշխանությունը՝ պայմանով, որ նա թագը ստանա Հռոմում։ Տրդատը համաձայնեց և 66 թվականինին վերադարձավ Մեծ Հայք՝ որպես թագավոր։ Հաջորդող Արշակունիների գահակալության ընթացքում Մեծ Հայքը անցավ հարաբերական կայունացման և մշակութային զարգացման փուլ, որի ընթացքում վերականգնվեցին քաղաքները և զարգացավ պետական կառավարման համակարգը։ Տրդատ Գ Մեծի օրոք քրիստոնեության ընդունումը (301 թ.) դարձավ պետական գաղափարական համակարգի շրջադարձային իրադարձություն՝ խորապես փոխելով երկրի հոգևոր և քաղաքական կառուցվածքը։ Միաժամանակ Պապ թագավորը իրականացրեց կենտրոնաձիգ քաղաքականություն՝ նպատակ ունենալով սահմանափակել նախարարական ավագանու և եկեղեցու տնտեսական ու քաղաքական ազդեցությունը։ Սակայն արտաքին միջամտությունները, ներքին պառակտվածությունը և պարսկա-հռոմեական հակամարտությունների սրացումը աստիճանաբար թուլացրին պետական համակարգը, ինչը 428 թ. հանգեցրեց Արշակունյաց թագավորության անկմանը և պետականության վերացմանը՝ որի արդյունքում Հայաստանը վերածվեց Սասանյան Պարսկաստանի վարչական միավորի։[15]

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ պահպանվել է որպես հայկական պետականության դասական դրսևորումներից մեկը։ Նրա վարչատարածքային բաժանումը, քաղաքային կենտրոնները և պետական կառավարման ավանդույթները շարունակել են ազդեցություն ունենալ հետագա հայկական պետական կազմավորումների վրա։ Մեծ Հայքի նահանգների և գավառների անվանումները պահպանվել են պատմական աղբյուրներում և շարունակում են կիրառվել հայ պատմագրության ու աշխարհագրության մեջ։

Առաջարկվող գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 .
  2. Հայ ժողովրդի պատմություն, Հ. 2. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984 .
  3. Հայոց պատմություն, հ. II. Միջին դարեր (IV դ. - XVII դ. առաջին կես), գիրք երկրորդ (IX դարի կես-XVII դարի առաջին կես), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2014, 800 էջ + 24 ներդիր։
  4. Լեո, Հայոց պատմություն, Առաջին հատոր, Հին պատմություն, «Երկերի ժողովածու տասը հատորով, Առաջին հատոր», «Հայաստան», Եր․ 1966։
  5. Լեո, Հայոց պատմություն, Երկրորդ հատոր, Լեո ” Հատոր 2։ «Հայոց պատմություն» երկրորդ հատորը պետք է ընդգրկեր 5-15-րդ դարերը, կամ հեղինակի խոսքերով ասած՝ միջին դարերը, հայկական միջնադարը։ Սակայն Լեոն չկարողացավ ամբողջովին իրականացնել իր ծրագիրը. այս հատորում նա շարադրեց միայն 5-11-րդ դարերի պատմությունը։
  6. Մանանդյան Հ․, Հայաստանի առևտրի և քաղաքների մասին (ռուսէրէն, Երևան, 1930, 1954, 1985)։
  7. Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաստանում։ Երևան, 1934,
  8. Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաստանում։ Երևան, 1981։
  9. Մանանդյան Հ․, Հին Հայաստանի գլխաւոր ճանապարհները։ Երևան, 1936։
  10. Մանանդյան Հ․, Հին Հայաստանի գլխաւոր ճանապարհները։ Երևան, 1985։
  11. Մանանդյան Հ․, Տիգրան Բ և Հռոմը։ Երևամ, 1940, 1972, 1977, ռուսէրէն՝ 1943, ֆրանսէրէն՝ 1963։
  12. Մանանդյան Հ․, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմութիւնը, հ. I, Երևան, 1945, նաև՝ 1977։
  13. Մանանդյան Հ․, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմութիւնը, հ. II, Երևան, 1952, 1977։
  14. Մանանդյան Հ․, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմութիւնը, հ. III, Երևան, 1957, նաև՝ 1978։
  15. Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 518 էջ։
  16. Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 2-րդ հրատ., Երևան, ԵՊՀ հրատ., 1968, 509 էջ։
  17. Հարությունյան Բ.Հ․, «Աշխարհացոյցը» և չորս Հայքերի խնդիրը, Երևան, 1997։
  18. Հարությունյան Բ.Հ․, Հայաստանի, հայ–իրանական հարաբերությունների և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մի քանի խնդիրների շուրջ (մ.թ.ա. VII–VI դդ.)։ Երևան, 1998
  19. Հարությունյան Բ.Հ․, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգը ըստ «Աշխարհացոյց»-ի», մաս Ա, Երևան, 2001։
  20. Հարությունյան Բ.Հ․, Հայոց պատմության ուսումնական ատլաս, Ա հատոր, Երևան, 2003։
  21. Հարությունյան Բ.Հ․, Հայոց պատմության ուսումնական ատլաս, Բ հատոր, Երևան, 2008։
  22. Հարությունյան Բ.Հ․, Ազգային ատլաս, Բ հատոր, Երևան, 2008։
  23. Адонц Н. Г. Армения в эпоху Юстиниана. СПб, 1908 (2 изд. Ереван։ Изд-во Ереванского Университета, 1971, 526 с.) (անգլ., 1969, հայ., 1987)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Curtis 2016, էջ. 185; Boyce 1984, էջ. 84; de Jong 2015, էջեր. 119–120, 123–125; Russell 1987, էջեր. 170–171, 268
  2. Պատմական եւ աշխարհագրական բառարան. 1879.
  3. Ժամկոչյան, Հայկազ (1975). Հայ ժողովրդի պատմություն. Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն.
  4. Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1. Երևան, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն. 1971. էջ 505.
  5. Երեմյան, Ս․, (1963). Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի,. Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. Չագըճեան, Եփրեմ (1872). Պատմութիւն հայոց: Հայկազեան տէրութեան սկսելէն մինչեւ մեր ժամանակը. Մխիթարեան.
  7. 1 2 3 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Հատոր 1, Էջք 180-181։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986։
  8. 1 2 3 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Հատոր 1, Էջք 239-240։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986։
  9. 1 2 3 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Հատոր 1, Էջ 506։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986։
  10. 1 2 3 «Հայաստանի մայրաքաղաքները». www.yerevan.am (անգլերեն). Վերցված է 2026-06-25-ին.
  11. 1 2 3 Հարությունյան, Բաբկեն (2001). Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ "Աշխարհացոյց"-ի. Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն.
  12. Մկրտումյան, Լեռնիկ (2016). Հայոց պատմություն. Երևան, Տնտեսագետ հրատարակչություն.
  13. Ժամկոչյան, Հայկազ (1975). Հայ ժողովրդի պատմություն. Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն.
  14. 1 2 Հայ ժողովրդի պատմություն, Հ. 2. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984 .
  15. 1 2 Մանանդյան Հ․, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմութիւնը, հ. I, Երևան, 1945, նաև՝ 1977։.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 434

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]