Դվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դվին (այլ կիրառումներ)
Պատմական Հայաստանի 7-րդ մայրաքաղաք
Դվին
Dvin.jpg
Դվին քաղաքի կենտրոնական հրապարակը: Աջում Հայոց կաթողիկոսարանն է՝ իր բազիլիկայով (6-րդ դար), ձախում՝ կաթողիկոսի վեհարանը (5-րդ դար): Նկարված է Ա. Պատրիկայի կողմից՝ վերակառուցված Ա. Քոչինյանի գծագրերից
Կոորդինատներ: 40°0′16.87″ հս․ լ. 44°34′45.01″ ավ. ե. / 40.0046861° հս․. լ. 44.5791694° ավ. ե. / 40.0046861; 44.5791694
Աշխարհ Այրարատ
Հիմնել է Խոսրով Բ Կոտակ
Հիմնադրված է 336
Առաջին հիշատակում 336
Լքվեց 1236
Բնակիչները ենթարկվեցին
Ցեղասպանության
Ոչ
ԲԾՄ 897 մ մ
Եղել է մայրաքաղաք Մեծ Հայք Մեծ Հայք

ի՝ 336-428 թթ.

Եղել է պարսպապատ Այո
Պարսպի բարձրություն 6-7 հարկանի շենքի բարձրություն
Կարգավիճակը ներկայում Ավերակներ
Ներկայիս Վերին Դվին գյուղի մոտ
Բնակչություն 100.000 մարդ (Միջնադար)
##Դվին (Մեծ Հայք)
Red pog.png
##Դվին (Հայաստան)
Red pog.png
[[commons:Category:Dvin|]] Վիքիպահեստում

Դվին (արաբ. Դուին, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը: Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին: Գտնվում է Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո): Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր: Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է:

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Բ Կոտակը: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.): Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը: Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից: Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը: Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ: Այս ամենն հաշվի առնելով՝ արքունիքն որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր: Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով: Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը: Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր: Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպետական Հայաստանի կենտրոնը: 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը: Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին: Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել Է 100 հազարը: Բնակչությունը եղել է բազմազգ: Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ կազմել են մեծամասնությունը: Ըստ արաբ մատենագիրների՝ Դվինի բնակիչները միմյանց հետ խոսել են հայերեն: Դվինն իր ծաղկուն շրջանում ունեցել է 100 հազարից ավելի բնակչություն, որը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ՝ որսորդությամբ, ձկնորսությամբ, երկրագործությամբ:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք: Նրա կենտրոնում, 30-35 մ հարաբերական բարձրության բլրի վրա, հառնում էր միջնաբերդը՝ աշտարակաշատ պարիսպներով: Պարիսպներն ունեին մինչև 16 մ հաստություն և 6-7 հարկանի շենքի բարձրություն: Բլուրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին կանգնել է հայ Արշակունի թագավորների պալատը, որտեղ նրանց անկումից հետո բնակվել են մարզպանները և ոստիկանները, իսկ ստորին հարթակի բերդում՝ պալատական բարձր պաշտոնյաները: Ստորին հարթակն ունեցել է նաև զինավարժությունների ու մրցումների համար նախատեսված ընդարձակ հրապարակ: Միջնաբերդն ամբողջությամբ շրջափակված է եղել արտաքին կողմից ջրափոսով պաշտպանված կրկնակի պարսպ-խրամով, որի արտաքին կողմն ուներ 30-70 մ լայնության և 5-6 մ խորության: Ջուրը լցվել է Ազատ գետից՝ արհեստական հունի միջոցով: Բերդը քաղաքի հետ կապված է եղել ջրափոսի վրայով անցնող միաթռիչք և երկթռիչք կամարավոր կամուրջներով, որոնցից երկուսի մնացորդները պահպանվել են:

Դվինն ունեցել է նաև իր մատույցները պաշտպանող ամրոցներ (Տիկնունի և այլն): Քաղաքի մեծ մասը նույնպես պարսպապատ է եղել: Դվինն ունեցել է գեղեցիկ, քարաշեն շենքեր: Դրանցից մեկն էլ Արշակունի թագավորների պալատն էր (IV դար), որից մեզ է հասել դրա արքայական գահասրահի (272 խորանարդ մետր մակերեսով) ավերակները: Սրահն իր չորս զույգ սյուներով բաժանվել է արևելյանից արևմտյան ձգված երեք նավերի, որոնցից կենտրոնականը եզրայինների կրկնակի լայնքն է ունեցել: Գրեթե նույն չափերն ու կառուցվածքն է ունեցել V դարի 2-րդ կեսին կառուցված կաթողիկոսի պալատական դահլիճը, ուր իրենց տեղերում են պահպանվել սյուների խարիսխներն ու արմավենազարդ խոյակներից մեկը: Դվինի ճարտարապետական գլուխգործոցը եղել է հեթանոսական տաճարի տեղում VI դարի սկզբին կառուցված մայր տաճարը, որը VII դարի սկզբին վերածվել է կենտրոնագմբեթ եկեղեցու, իսկ XIII դարի կեսերին՝ ավերվել:

Կենտրոնական թաղն ունեցել է նաև փոքր միանավ տաճար և կաթողիկոսին պատկանող այլ շինություններ (հավանաբար՝ թանգարան, մատենադարան, ճեմարան, դիվանատուն, գանձատուն և այլն), որոնց ավերակները այսօր դժվար է իրարից տարբերել: Դվինի ճարտարապետական նշանավոր շինություններից է եղել գլխավոր շուկան՝ ներքին երեք փողոցներով և վեց շարք իջևան-խանութներով: Այն կառուցվել է քար ու կրով, զարդարվել բազմաթիվ սյունաշարերով: Այն ավերվել է երկրաշարժից 893 թվականին, ապա վերակառուցվել թրծած քառակուսի աղյուսներով: Առավել հզոր կառույց է եղել միջնաբերդը՝ չորս հսկայական աշտարակներով, գեղեցիկ դռներով և բազմաթիվ բուրգերով, որոնք միմյանց հետ կապված են եղել երկշար պարսպապատով: Քաղաքի բոլոր թաղերին շրջակա լեռներից խմելու ջուր է մատակարարվել: Բնակելի տներն ունեցել են բրգաձև երդիկներ, տների մեջ փորվել են հորեր (մի մասը սենյակների կենտրոնում)՝ խոնավությունը ներծծելու կամ իբրև սառնարան՝ խմելու ջուր և մթերք պահպանելու համար: Եղել են նաև նեղ անցքով հորեր՝ վիշապներ, որոնք խորքում լայնանում էին: Սրանք ծառայում էին որպես իրերի թաքստոցներ կամ զնդաններ:

Արհեստներ և առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8 դարերում, երբ այն դարձավ մի շատ ավելի ընդարձակ վարչական միավորի՝ Արմինիա կուսակալության կենտրոնը: Արմինիան իր մեջ էր միավորում նաև Արևելյան Վրաստանն ու Աղվանքը: Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից: Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր: Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ, որոնց միջոցով Հայաստանը առևտուր է արել Փոքր Ասիայի ու Հարավային Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի, Միջագետքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ: Մարզպանության շրջանում զարգացել են արհեստներն ու առևտուրը: Արհեստավորները միավորվել են արհեստակցական տարբեր կազմակերպություններում, կազմել առանձին թաղեր:

Ըստ Անանիա Շիրակացու «Մղոնաչափք»-ի՝ Դվինում կար վեց մայրուղիներ: Դվինը առևտուր էր անում կովկասյան, փոքրասիական, Հարավային Ասիայի, Հարավային Ռուսաստանի, Հարավային Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Բյուզանդիայի, Միջագետքի, միջինասիական և այլ երկրների հետ: Հատկապես սերտ կապերի մեջ էր Վրաստանի հետ, որի համար էլ քաղաքի դռներից մեկը կոչվում էր Տփխիս: Սակայն Դվինի տնտեսական զարgացմանը մեծ վնաս են հասցրել արաբական արշավանքները. քաղաքն ավերվել է, բնակիչները՝ հեռացել: VII դարի վերջերին, երբ Դվինը դարձել էր խալիֆայության [[Արմինիա վարչական միավորի կենտրոն, արաբական հարկային ծանր քաղաքականության պատճառով դրությունն ավելի էր սրվել: Դվինից հեռացված հայերի տեղերը զբաղեցնում են իսլամադավան ցեղերը, թուլանում են արհեստներն ու առևտուրը: Սակայն Բագրատունիների իշխանության հաստատումից (862) և Հայաստանի անկախության վերահաստատումից (885) հետո Դվինը նորից վերելք ապրեց:

Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ, բազմոցներ, գեղեցիկ ու թանկարժեք գորգեր, հախճապակյա առարկաներ, որդան կարմիր, որոնց պահանջարկը շատ մեծ էր օտար երկրներում: Սակայն XI դարի վերջին և XII դարի սկզբին Դվինը հետզհետե կորցրել է իր դերը, որին նպաստել են Դվինի արհեստավորների ու վաճառականների Անի տեղափոխվելը, ինչպես նաև օտարազգի ցեղերի ու հարևան իշխանությունների հաճախակի ապստամբություններն ու ավերածությունները: Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով (1225), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարների արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր: Ինչպես արաբ մատենագիրներն են վկայում, Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ ու գորգեր, ապակյա, հախճապակյա ու բրուտագործական առարկաներ, որդան կարմիր ներկ, մետաղագործական (երկաթե ու պղնձե) արտադրանք, արծաթե զարդեր:

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով (1225), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարական արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր:

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դվինում առաջին պեղումները կատարել է Ն. Մառը 1899 թվականին: Պեղվել է մեծ եկեղեցու արտաքին պատերը, միանավ տաճարը և կաթողիկոսի պալատը: Պեղվել են նաև միջնաբերդի քաղաքային շրջանի երեք շերտերը և նախաքաղաքային շրջանի հնագույն բնակավայրի մնացորդները, գրեթե ամբողջությամբ պեղվել է կենտրոնական թաղը, որտեղ եղել է Հայոց կաթողիկոսարանը իր երկու եկեղեցով, վեհարանով և օժանդակ շինություններով: Քաղաքի հարավային թաղերից մեկում հայտնաբերվել է միջազգային առևտրի կենտրոնական վաճառանոցը: Քաղաքի տարբեր մասերում բրուտի արհեստանոցից գտնվել են խոտանված առարկաների մեծ կույտեր, հեթանոսական դամբարանադաշտ՝ քարե արձանների ու քանդակների բեկորներով: Պեղումների ժամանակ հայտնաբերված խարամի զանգվածները վկայում են այն մասին, որ Դվինն ունեցել է նաև երկաթի ձուլարան, որտեղ պատրաստել են զենքեր (նետասլաքներ, նիզակներ, տեգեր, դաշույններ, սրեր), մեծ թվով տնտեսական և շինարարական երկաթե իրեր (շղթաներ, ուրագներ, կացիններ, մկրատներ, բաղնիքի ջրատար խողովակներ): Դվինում զարգացած արհեստներից էր պղնձագործությունը: Գտնվել են տարբեր չափսերի կաթսաներ, սափորներ, թասեր, ձիթաճրագներ, զարդագամեր (գրեթե բոլորն էլ՝ փորագիր նախշերով, կենդանակերպ ոտներով ու բռնակներով), զարդեր (ապարանջաններ, ուլունքներ):

Քաղաքատեղին բազմիցս ուսումնասիրվել և պեղվել է:

  • 1899 թվականին ուսումնասիրել է Նիկողայոս Մառը
  • 1907-1908 թթ.՝ Խ. վարդապետ Դադյանը
  • 1936-1939 թթ. պեղումները գլխավորել է Ս. Տեր-Ավետիսյանը
  • 1946-1976 թթ.՝ Կ. Ղաֆադարյանը
  • 1976 թվականից՝ Ա. Քալանթարյանը

Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ: Պեղածո զանազան նյութերը հիմնականում պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում:

Դվինում խիստ զարգացած էին ոսկերչությունն ու արծաթագործությունը: Գտնվել են շղթայաձև մանյակներ, օձագլուխ ապարանջաններ, կրծքախաչեր, արծաթյա գոտիներ, գդալ, մատանիներ, ականջօղեր: Արծաթե իրերի մեծ մասը արտահանվել է տարբեր երկրներ: Շինարարության մեջ և կենցաղում օգտագործվել են քարերի տարբեր տեսակներ՝ տեղական ավազաքար, շրջակա վայրերից բերված տուֆ, որձաքար, մարմար, գետաքար, չեչաքար, ջրաղացաքար: Որձաքարից շինել են սանդեր, երկանքներ, ռմբաքար: Դվինից օտար երկրներ է արտահանվել կարծր քարի մի տեսակ, որով փորագրություններ են կատարել կնքաքարերի (գեմմաներ) վրա: Գտնվել են նաև ոսկրից պատրաստված իրեր՝ սրինգ, նարդու քարեր, կահույքի բռնակներ: Դվինում բարձր մակարդակի էր հասել կավագործությունը: Կավից պատրաստվել են տնային գործածության տարբեր անոթներ: Գտնվել են բազմաթիվ մեծ ու փոքր կարասներ, հաճախ՝ նաև կարմրաներկ արտաքինով ու զարդագոտիներով, երբեմն՝ հայերեն փոքրիկ արձանագրություններով: Մեծ կարասների տարողությունը հասնում է մինչև 1000 լ:

Տարածված են եղել նաև ջնարակած կավանոթները (ափսեները, սկահակները, գավերը): Հախճապակե իրերը, որոնց արտադրությունը Դվինում զարգացել է IX-XIII դդ., համարվել են աշխարհում լավագույններից: Նույն ժամանակահատվածում արագ զարգացել է նաև ապակեգործությունը: Պատրաստվել են սրվակներ, շշեր, սափորներ, թասեր, գավաթներ, պնակներ, զարդեր, ալքիմիկոսների փորձանոթներ, լուսամուտի հարթ ապակիներ: Դվինի բնակիչները ծանոթ են եղել նաև ապակի գունավորելու արհեստին: Հաճախ գունավորել են ապակին, երբեմն ավելացրել վերադիր զարդանախշեր ու փորագրել: Դեռևս հնագույն ժամանակներից Դվինում զարգացած է եղել քանդակագործությունը: Քանդակազարդվել են բնակելի տների մուտքերի ճակատները, շքամուտքերը, պատերի ակնառու մասերը, V-VII դդ՝ մենասյուները, որոնք ծառայել են իբրև գերեզմանական կոթողներ: Սրանց խոյակների վրա քանդակվել են Տիրամայրը, սրբեր, այգեկութի, որսի տեսարաններ: Դվինի նախահայկական շերտում հայտնաբերված պաշտամունքային երևելի կարասներից մեկի վրա պատկերված են լեռներ ու աստղազարդ երկինք, արևի սիմվոլներ, որսի տարբեր կենդանիներ, նետ ու աղեղով զինված հեծյալ որսորդներ և վերջապես անտառի ոգի կամ որսի աստվածության կերպար: Հայ ժողովրդական մտածողության մեջ պահպանված այս պատկերացումները անկասկած գալիս են ուշ բրոնզե դարի երբեմնի շքեղ հավատալիքներից, պաշտամունքից, հարուստ ծիսական արարողություններից:

Հնավայրի մասին հրատարակվել են մի շարք գիտական ուսումնասիրություններ[1]:

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր երրորդ, Երևան, 1979
  • Ռաֆայել Իշխանյան, «Պատկերազարդ պատմություն հայոց», գիրք երկրորդ, Երևան, 1997
  • Հայ ժողովրդի պատմություն, հատոր առաջին, Հայկական ՍՍՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1971
  • Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, հհ. 1,2, Երևան, 1952, 1982:
  • Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
  • Քալանթարյան Ա., Դվին, Երևան, 1987:
  • ՀՀ Հանրագիտարան, հ. 2, Երևան, 1995:
  • Գառնիկ Շախկյան, «Հայ ժողովրդի ճարտարապետական-շինարարական գործունեությունը 8-9դարերում», 2004 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]