Նորավանք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորավանք (այլ կիրառումներ)
Նորավանք | |
---|---|
Նորավանք վանքային համալիր | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք, մշակութային արժեք և կառույց |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | գ. Ամաղու, Վայոց ձոր, Հայաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Սյունիքի |
Օծման թվական | 1205 թ. |
Հոգևոր կարգավիճակ | Վանքային համալիր |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար[1] |
Ներկա վիճակ | Գործող |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Աստվածածին (Բուրթելաշեն) և Եկեղեցի Սբ. Կարապետ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[2] |
Ճարտարապետ | Մոմիկ և Սիրանես |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 13-րդ դար[1] |
Առաջին հիշատակում | VIII դար |
Noravank Վիքիպահեստում |
Նորավանք (Ամաղու Նորավանք), հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Ամաղու գյուղից 3 կմ հարավ-արևելք։ Կառուցվել է 13-ից 14-րդ դարերում։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։
Նորավանքի վանական համալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում՝ 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։
Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թվականին այստեղ հաստատվելով՝ ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսանիստ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է՝ շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։
1238 թվականին վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն, Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվել, որը հնարավորություն է ընձեռել վերակառուցելու վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև ԼենկԹեմուրի արշավանքները՝ 14-րդ դարի վերջում։
Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր՝ սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։ Նորավանքում որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր հոգևորական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը՝ հեղինակը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության (1299 թվականին)։
Ճարտարապետ Մոմիկն ու Նորավանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից (1259–1333 թթ.)։ Մոմիկը որպես մանրանկարիչ ծաղկող սկսել է ստեղծագործել Կիլիկիայում, ուր ծանոթացել է խաչակիրների տարածած ուշ գոթական արվեստին։ Հավանաբար 1286 թվականին Կիլիկիա այցելության ժամանակ Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանն է Մոմիկին հրավիրել Վայոց Ձոր, ուր նա շուտով ճանաչվում է հատկապես որպես քանդակագործ-խաչքարագործ։
Մոմիկը Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (1321 թվական) ճարտարապետն ու քանդակագործն է։ Նրա նրբաճաշակ հարթաքանդակները զարդարում են Նորավանքի գավթի մուտքի ճակատակալ քարերը։ Մոմիկի կանգնեցրած խաչքարերը համալրել են թե՛ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու, և թե՛ Նորավանքի համալիրի տարածքները։ Այդ խաչքարերը մինչ օրս անկրկնելի են իրենց գեղարվեստական ու ոճական կատարմամբ։ Ընդունված է Մոմիկի վերջին աշխատանքներ համարել Նորավանքի վանական համալիրի հարավ-արևելյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը (Բուրթելաշեն), եկեղեցու արևմտյան և հարավային պատերին արտաքուստ արված երկու գեղաքանդակ հարթաքանդակները, ինչպես նաև կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին և Մոմիկի խաչքար-մահարձանն է։
Սուրբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին համալիրի գլխավոր կառույցն է (1840 թվականին երկրաշարժից կործանված գմբեթը ներկայումս վերակառուցված է)։ Միակ արևմտյան մուտքով եկեղեցին կապվում է գավթին, որը Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ 1261 թվականին վերանորոգվել է Սիրանես ճարտարապետի կողմից։ Հետագայում՝ 1321 թվականին երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է և կրկին վերակառուցվել՝ ամենայն հավանականությամբ Մոմիկի կողմից, որն այդ ժամանակ արդեն ավարտել էր Արենիի եկեղեցու աշխատանքները։
Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից։ 1948-1949 թվականներին վերականգնվել են Սուրբ Աստվածածին Բուրթելաշեն երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։
1980-ական թվականների սկզբին նախաձեռնված ամբողջական վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 2001 թվականին։
Սուրբ Աստվածածին եկեղեցին (Բուրթելաշեն) և Մոմիկի խաչքար - դամբարանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում Բուրթել իշխանի կառուցած երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, որն անմիջապես աչքի է զարնում վանական համալիրի գլխավոր մուտքից ներս մտնելիս։ Բուրթելաշեն եկեղեցին կառուցվել է 1339 թվականին որպես Օրբելյանների տոհմական տապանատուն։
Սուրբ Աստվածածին Բուրթելաշենը հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է։ Այն միջնադարյան անվանի քարագործ-վարպետի՝ Մոմիկի աշխատանքներից վերջինն է։ Հատակագծում կրկնվում է Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հորինվածքը։ Զարդաքանդակները շատ դեպքերում կրկնում են Անիի Հովվի եկեղեցու մոտիվները։
Եկեղեցու հարավային կողմում պահպանվել է Մոմիկի՝ իր իսկ կերտած համեստ խաչքար-մահարձանը։
Կառույցի կիսագետնափոր առաջին հարկում դամբարանն է։ Այն աչքի է ընկնում գեղակերտ խաչքարերով և ավետարանիչների պատկերաքանդակներով։ Արևմտյան պատին ագուցված երկու մեծ խաչքարից ձախակողմյանը վերագրվում է Մոմիկին (14-րդ դարի սկիզբ)։
Արևմտյան մուտքի երկու կողմից պատի հետ վեր բարձրացող նեղ պահունակային աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկի աղոթարան, որն արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով։ Խորանի վերնամասում զույգ հրեշտակներով շրջապատված Քրիստոսի պատկերաքանդակն է, իսկ անմիջապես արևելյան լուսամուտից վեր քանդակված է Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին։ Չորս ավանդատներ ունեցող հորինվածքը պսակվում է սյունազարդ ռոտոնդայով, որի վրա հենված է գմբեթը։ Ռոտոնդայի 12 սյուներին պատկերված են թռչնաքանդակներ, ինչպես նաև պատվիրատուի՝ Բուրթել իշխանի դիմապատկերը՝ կառույցի մանրակերտը ձեռքին։
Եկեղեցու ճակատներին արված են հարթաքանդակներ, որոնք պատի զանգվածից կարծես առանձնանում են ծեփածո կլորավուն քանդակներով, կամարներով և մեծաչափ խաչերով։ Արևելյան ճակատին պատկերված է Օրբելյան իշխանական տան տոհմանշանը՝ արծիվ, որի մագիլներում եղնիկ է։ Հյուսիսային և հարավային ճակատների լուսամուտի բացվածքները պսակում են կամարաձև ծեփածո զարդաքանդակները։
Դամբարանային հարկի բարավորի և 2-րդ հարկի մուտքի ճակատակալ քարի երկու հարթաքանդակները կերտվել են Մոմիկի կողմից՝ եկեղեցու կառուցման ժամանակ (1333 թվականին)։ Դրանցից առաջինը պատկերում է գահին բազմած Սուրբ Կույսին՝ Քրիստոսը ծնկներին, երկու կողմից շրջապատված Գաբրիել և Միքայել հրեշտակապետերով։ Պատկերաքանդակի երկու կողմերում պահպանված հայկական տառերը վերծանվում են «Գաբրիել» և «Միքայել»։
Ինչպես և վաղ գոթական քանդակներում՝ այս քանդակախմբում ևս համակցված են դիմային արտահայտությունը, կենդանի թվացող ծալքերով հագուստը և տարածական պատկերի զգացումը։ Առանձնապես արտահայտիչ է մանկան պատկերը՝ շարժման մեջ գտնվող ձեռքերով և ոտքերով։
Երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարին արված բարձրաքանդակները պատկերում են Քրիստոսին, որի կողքին Պողոս և Պետրոս առաքյալներն են։ Տիրոջ քանդակի երկու կողմերում պահպանված հայկական տառերը վերծանվում են «Հիսուս Քրիստոս»։
Քարի մշակման Մոմիկ քարգործի վարպետությունը թույլ է տալիս նրան անվիճելիորեն դասել միջնադարյան հայ նշանավոր ճարտարապետների և քանդակագործների շարքում։ Նրա պատկերաքանդակները կարծես առանձնանում են քարից, և հնարավոր է՝ իր վերջին շրջանի դիմաքանդակներում նա փորձել է պատկերն ամբողջովին տարանջատել քարե հիմքից։
Մուտքի կամարի վերնամասում պահպանված «ԹՎ ՉՁԸ» թվագրերը՝ ըստ հայկական տոմարի վերծանվում են՝ 1339 թվական (788+551), որը եկեղեցու օծման տարեթիվն է։ Հայկական տոմարի առաջին տարին է 552 թվականը, թեպետ տոմարը հաստատվել է 584 թվականին։ Գումարում ենք 551, որովհետև 552 թվականը՝ իբրև 1-ին տարի, հաշվարկի մեջ է։
Գավիթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավիթը կից է Սուրբ Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցուն՝ արևմտյան կողմից։ Կառուցվել է որպես Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատուն։ Կառուցվել է, թերևս, եկեղեցու ավարտից անմիջապես հետո, հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է։ 1261 թվականին այն վերակառուցվել է ճարտարապետ Սիրանեսի կողմից՝ Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ։ Այն կրկին վերակառուցվել է 1321 թվականին երկրաշարժից հետո՝ հավանաբար Մոմիկի կողմից, որը նոր էր ավարտել Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը։ 1321 թվականին վերակառուցման ժամանակ էլ իրականացվել են Մոմիկի երկու բարձրարժեք պատկերաքանդակները՝ շքամուտքի և վերին լուսամուտի բացվածքի ճակատակալ քարերին։
Հարթաքանդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարթաքանդակը պատկերում է նստած Տիրամորը՝ երեխան գրկին, որի թիկունքում հարուստ զարդաքանդակներ են. գրերը միահյուսված են տերևների, խաղողի որթերի և ծաղիկների զարդամոտիվներով քանդակներին։ Հորինվածքի կենտրոնում երկու սրբերն են՝ սևեռուն հայացքով, ինչը բնորոշ է միջնադարյան կերպարային քանդակներին։ Ժանեկազարդ շքեղ գահի զարդանաշխերի մեջ տեսանելի են հայկական տառերը։
Բարձրաքանդակ «Աստված և Ադամ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին պատուհանի քանդակը Հայր Աստծո, Ադամի, Քրիստոսի և աստվածաշնչյան թեմաներով զարդաքանդակների եզակի գործ է։ Կենտրոնական պատկերախումբը այնքան խորն է քանդակված, որ ետին պլանում արված զարդանախշերը առավել արտահայտիչ են ընկալվում։ Ի տարբերություն քրիստոնեական պատկերագրության սկզբունքի, որով կերտվում էին Հայր Աստծո խորհրդանշական պատկերներ (աջ ձեռք, լույսի շող և այլն), հեղինակն (ենթադրաբար Մոմիկն է) իր հրաշագեղ վարպետությամբ նրան պատկերում է իրական՝ մորուքավոր մարդու կերպարանքով։ Հորինվածքի կենտրոնում ներկայացված է Հայր Աստծո քանդակը՝ աջ ձեռքը խաչված Քրիստոսի խաչելության տեսարանին, որի երկու կողմերում Սուրբ Կույսն ու Հովհաննես ավետարանիչն են, իսկ գահի վերևում Դանիել մարգարեի պատկերաքանդակն է։
Հայր Աստծո ձախ ձեռքում Ադամի գլուխն է, ով կենդանության շունչ է առնում Սուրբ հոգուց (Աղավնի)։ Այսպիսով բարձրաքանդակը հավատացյալներին, կարծես, ներկայանում է որպես քարե պատկերազարդ գիրք, որի իմաստը հետևյալն է. Աստված մեզ կյանք է տվել Ադամի հետ, որից հետո էլ մեզ հավերժ կյանք է տվել իր որդու զոհաբերմամբ։
Այս բարձրաքանդակը ողջ ուժով բնորոշում է Մոմիկ քանդակագործի կատարողական արվեստի վարպետությունը։ Տեսակետ կա, որ այն անավարտ է մնացել՝ վարպետի տեսողության վատթարացման պատճառով։ Ի տարբերություն Արենիում և Գլաձորում կատարած իր գործերի՝ Նորավանքի բարձրաքանդակները հարստացված են պատկերաքանդակներով և արձանագրություններով, որոնց փոխներգործությունը կառույցների ճակատներում ստեղծում է ռիթմիկ լարվածություն։
Տապանաքարերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավթից դուրս բազմաթիվ տապանաքարեր սալապատում են գետինը։ Ուշադրություն դարձրեք նրբորեն քանդակված լայն անցքերին. դրանք նման են այս տարածաշրջանում հայտնաբերված բրոնզեդարյան կանգնեցված քարերի անցքերին։ Նմանօրինակ «ծակ» քարեր կան նաև գավթի և եկեղեցիների ներսում։ Կանգնեցված քարերը երբեմն վերածվել են խաչքարերի, իսկ վերջին դարերում նաև՝ գերեզմանաքարերի, քանի որ հետագա սերունդները ծանոթ չէին դրանց նախնական նշանակությանը։
Գավթի ներքին տարածությունը (Ինտերիեր)
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավթի նախնական կառույցից պահպանվել են պատերի ներքևի մասերը՝ մոտ 3 մետր բարձրությամբ։ Դրանց վրա կան 1232 թվականին և 1256 թվականին արված արձանագրություններ։ 1261 թվականին այն ենթարկվել է վերակառուցման՝ Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ։ Վերակառուցումն իրականացրել է Սիրանես ճարտարապետը։ Վերակառուցման ժամանակ հեռացվել են չորս կենտրոնական գմբեթակիր սյուները, ծածկը փոխարինվել է որմնասյուներին հենված կենտրոնական շթաքարե գմբեթ ունեցող վրանաձև թաղով։ Հետագայում, երբ գավթի ծածկն ավերվել է 1321 թվականի երկրաշարժից, կառույցը կրկին վերանորոգվել է. վերակառուցվել են շթաքարե երդիկը և արևմտյան պատը, ավելացվել է նոր շքամուտք՝ քանդակազարդ ճակատակալ քարով։ Պատերը ներքուստ հարդարված են ագուցված հրաշագեղ խաչքարերով և որմնաքանդակներով։ Ուշագրավ է հյուսիսային պատի վերին անկյան պատկերաքանդակը, որը ներկայացնում է առյուծի վրա հարձակվող ձիավորի։ Ձիավորի քանդակն այլաբանական է, պատկերում է Օրբելյան Սմբատ իշխանին։
Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցին կառուցվել է 1216-1223 թվականներին Լիպարիտ Օրբելյան իշխանի կողմից։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Գմբեթը կործանվել է 1840 թվականին երկրաշարժից։ Ներկայումս վերականգնված է։ Միակ մուտքը արևմտյան կողմից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյանների և վանքի առաջնորդների տապանատունը։
Ավանդատների երկրորդ հարկերը զբաղեցրել են հոգևորականները՝ աղոթքի, ճգնելու և ձեռագրեր ստեղծելու նպատակով, իսկ առաջին հարկերը օգտագործվել են մոմավառության նպատակով, ինչպես նաև այստեղ են դրվել եկեղեցու գանձանակները։
Եկեղեցին ուշագրավ է ճարտարապետական զուսպ ձևերով։ Ներքին տարածությունն աչքի է ընկնում հատկապես բեմի ճակատային մասի խաչազարդ որմնաքանդակներով։ Սուրբ Կարապետի հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Ստեփանոս Օրբելյանի թաղածածկ դամբարանը, որը կառուցել է Սիրանես ճարտարապետը 1275 թվականին։
Սուրբ Գրիգոր մատուռ - տապանատունը և Սմբատ իշխանի դամբարանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրբելյանների համար կառուցված այս փոքրիկ դամբարան-մատուռը երբեմն անվանում են «Սմբատի գերեզման», քանի որ այստեղ է ամփոփված վերջինիս աճյունը։
Դամբարանի ճարտարապետը Սիրանեսն է։ Այն կառուցվել է 1275 թվականին։ Եկեղեցու ներսում թաղված են Օրբելյան իշխանական ընտանիքի 10 անդամները։ Մեծաչափ տապանաքարերից ամենից ուշագրավը Էլիկումինն է, որի վրա վերջինս պատկերված է իբրև ննջող առյուծ։
Մատուռն, ինչպես և ընդունված էր, ունի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ արևելքում կիսաշրջանաձև փոքր խորանով։ Ծածկը թաղակապ է։ Զարդաքանդակները պատկերում են աղավնիներ և տարատեսակ խաչեր։ Խորանի մակերեսին քանդակված են երկրաչափական պատկերներ՝ քառակուսիներ, ժամանակաշրջանին բնորոշ քառաթև աստղեր և հյուսածո բուսազարդեր։
Հարդարանքի կարևոր տարր են հանդիսացել նաև որմնաքանդակները, որ առաստաղի վրա պահպանվել են մինչև օրս։ Կարմիրի ու սևի համադրությամբ շախմատաձև նախշերը հարստացված են պտտվող արևի խորհրդանշաններով, կարմիր գույնի նկարներով և շեղ գծերով։ Բնօրինակների պահպանված մասը վկայում է «որդան կարմիր» ներկի օգտագործման մասին, որը ստանում էին Արարատյան դաշտում տարածված հատուկ միջատներից, և ուներ վառ կարմիր գույն։ Որդան կարմիրը լայնորեն օգտագործվել է միջնադարում, մասնավորապես՝ զգեստներ, ձեռագրեր ու մանրանկարներ, եկեղեցիներում ու պալատական շենքերում որմնանկարներ ու զարդաքանդակներ գունազարդելու նպատակով։ Այն լայն ճանաչում է ունեցել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև հեռավոր Չինաստանում։
Մատուռում է թաղված նաև նշանավոր քաղաքական գործիչ, ժամանակի քաղաքական անց ու դարձում մեծ դերակատարություն ունեցող Էլիկում Օրբելյանը՝ Օրբելյանների իշխանական տան ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։ Նա Օրբելյան ամենահզոր իշխանի՝ Տարսայիճ Օրբելյանի որդին էր և Սյունյաց մետրոպոլիտ, քաղաքական գործիչ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի եղբայրը։
Էլիկումի տապանաքարի վրա փորագրված է «մեդալիոն» կրող ննջող առյուծ, որը խորհրդանշում է ճակատամարտերում ցուցաբերած նրա քաջությունը; Տապանաքարի վրա գրված է. «Զգեղեցկատիպն Էլիկում, որդի մեծի Տարսայիճի, որ առոյծաւրէն խրոխտ մռընչէր ընդէմ այլասեռ (օտար) գնդին։ Աղաչեմ յիշել զաղօթքս»։
Այստեղ են գտնվում նաև Տարսայիճի, Էլիկումի մոր և եղբոր՝ Սմբատի, տապանաքարերը։
Օրբելյանների իշխանապետությունը Սյունիքում առանձնապես հզոր է եղել Տարսայիճ Օրբելյանի օրոք՝ 1273-1290 թվականներին։ Նրա օրոք՝ 1286 թվականին Օրբելյաններն իրենց ձեռքն են վերցրել նաև Սյունիքի հոգևոր իշխանությունը։ Էլիկումի օրոք 3 մասի տրոհված Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունը կրկին հաջողվում է վերամիավորել վերջինիս որդի Բուրթելի գահերեցության ժամանակ։ Բուրթել իշխանի օրոք Սյունիքն ապրում է տնտեսական և մշակութային վերելք, որտեղ եռանդուն և անկրկնելի գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին (1321 թվականին), Եղեգիսի Զորաց տաճարը (1321 թվականին), Սպիտակավոր Աստվածածինը (1322 թվականին), Նորավանքի կրկնահարկ սուրբ Աստվածածին Բուրթելաշեն դամբարան եկեղեցին (1339 թվականին)։
Սյունյաց աշխարհի առավել հայտնի կրթօջախների, վանքերի և գրչության կենտրոնների՝ Տաթևի վանքի և Գլաձորի համալսարանի կողքին գործել է նաև Նորավանքը, որը դասվում է հայկական ճարտարապետության բարձր նվաճումների շարքում։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան։ Աղջիկն էլ հավանում է Մոմիկին։ Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում՝ «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար»։ Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում։ Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը։ Իմանալով այդ՝ իշխանն ուղարկում է ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին։ Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար[3][4][5][6]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարեն Մաթևոսյան, Մոմիկ մանրանկարիչը (համահեղինակ՝ Լ. Զաքարյան), ալբոմ-ուսումնասիրություն, Երևան, 2010։
- Կարեն Մաթևոսյան, Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները, «Մուղնի» հրատ., Երևան, 2017։
- Դիվան հայ վիմագրության, հատ. 3, Երևան, 1967։
- Ս. Մնացականյան, Վարպետաց վարպետներ. Մանուել, Տրդատ, Մոմիկ, Երևան, 1982։
- Հ. Եղիազարյան, Ամաղու-Նորավանք, «Էջիմիածին» ամսագիր, 1972, N 1-2:
- Գ. Մ. Գրիգորյան, Սյունիքը Օրբելյանների օրոք, Երևան 1981։
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2001։
- Երվանդ Լալայան, Վայոց ձորի նշանավոր վանքերը, «Ազգագրական հանդես», գիրք 26, Թիֆլիս, 1916։
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք-Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Երևան, 2001, էջ 22-23։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982, էջ 377-379։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ Սուրբ Կարապետ և Սուրբ Գևորգ (աջ) եկեղեցիների հետ
-
Հայր Աստծո քանդակը
-
Որդան կարմիրով արված զարդանախշը Սբ. Գրիգոր եկեղեցու առաստաղի վրա
-
Մոմիկի գերեզմանը
-
Նորավանք 14.07.2018
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://diglib.library.vanderbilt.edu/act-imagelink.pl?RC=54455
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Armenica.org, Նորավանք
- Armeniapedia.org
- Նորավանքի մասին ռեպորտաժ, Vem Radio
- http://aregnapayl.am/hy/culture/architectural-memorials/noravank.html Արխիվացված 2018-03-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորավանք» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 377)։ |