Հակոբավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբավանք
Վանքային համալիր

Վանքային համալիրը

ՏեղադրությունԼՂՀ ԼՂՀ Մարտակերտի շրջան, Քոլատակ
ԱշխարհԱրցախ
ԵրկիրԱրցախ Արցախ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ7-րդ դար
Կառուցման ավարտ853 թ.
##Հակոբավանք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Set01-church1.svg
##Հակոբավանք (Մեծ Հայք)
Set01-church1.svg
40°00′56″ հս․ լ. 46°36′02″ ավ. ե.HGЯO
Commons-logo.svg Վիքիպահեստում

Հակոբավանք հայկական վանական համալիր, որը գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք (հետագայում կոչվել է նաև Ներքին Խաչեն) գավառում: Ներկայումս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի, Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած մի անտառոտ լեռնաբազուկի վրա: Պատմական գրականության մեջ հայտնի է նաև Մեծառանից վանք անունով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի հիմանդրման և առաջին շենքերի կառուցման ժամանակը հայտի չէ: Արձանագրություններից ամենհինը փորագրված է մի խաչքարի պատվանդանի վրա, որը հետագայում տեղադրվել է եկեղեցու պատի մեջ որպես շինքար և վերաբերում է 853 ( ՅԲ ) թվականին[1]: Մյուս գրավոր տեղեկությունը գտնվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի մի հիշատակարանում: Այստեղ մագաղաթում գրված է այն մասին, որ Սուրբ Հակոբա վանքի եկեղեցու կառուցողները եղել են Հասան–Ջալալի ծնողները՝ Վախտանգն ու Խորիշահը:

Խորիշահն իր արձանագրությամբ պատմում է[2][3].

Aquote1.png «…վերստին շինեցի զեկեղեցին Մեծառանից ի փրկութիւն հոգոյ իմոյ, ի բարէխաւս յիշեցէք>>: Aquote2.png


Հակոբավանքը Խոխանաբերդի ճյուղի հոգևոր կենտրոններից է եղել: Այստեղ «վերստին շինեցի» արտահայտությունը օգտագործված է վերակառուցման, նորոգման իմաստով: Նորոգողները նախկին շինությունների քարերը ցաքուցրիվ տեղադրել են. գերեզմանաքարերը՝ պատերի մեջ, խաչքարերը առաստաղին: Արձանագրություն պարունակող, հղկված քարերը՝ անկյուններում: Շինությունները կարկատանի տպավորություն են թողնում: Հակոբավանքը, բացի 1212 թվականի վերակառուցումից, հետագայում, մոտավորապես 17-18-րդ դարերում, նույնպես նորոգվել է: Այդ է հաստատում արձանագրություններից մեկը.

Aquote1.png «Նորոգեցաւ ի թուին հայոց: ՌՃԽ (1691 թվական), ձեռամբ Գրիգոր եպիսկոպոսին»
- Դիվան հայ վիմագրության, էջ 11
Aquote2.png


Վանքի հարավային եկեղեցուն արևելքից կից բնակելի շինությունն ըստ արձանագրության կառուցվել է 1725 (ՌՃՀԴ) թվականին: Հակոբավանքի կառուցման հիմնական ժամանակագրական փուլերը իրար են հաջորդում 9-րդ (գուցե և 7-րդ ) դարի սկզբներից մինչև 18-րդ դարի վերջը: Վանական համալիրի կառույցների մեծ մասը ստեղծվել է 12-13-րդ դարերում:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբավանքի համալիրի առաջին եկեղեցին երկարավուն (7,80 մետր X 3,20 մետր չափերով) ուղղանկյուն միանավ դահլիճի ձևի շինություն է: Իր տեսքով այն շատ մոտ է Ղևոնդաց անապատին: Եկեղեցում բեմը սովորականից շատ բարձր է և այնտեղ կարելի է բարձրանալ միայն հարավային կողմի աստիճանով: Աբսիդի բարձրանալու անհրաժեշտությունը թելադրվել է եկեղեցու հյուսիսային կողապատի ետևում գտնվող չորս փոքրիկ (1,30 մ X 1,30 մ) քառակուսի խցերի՝ ճգնարանների և դրանց դեպի աղոթասրահ բացվող մուտքերի առկայությամբ: Ճգնարաններից արևելյանը մտնելու համար պետք է անցնել ավագ խորանի տակով: Այդ պատճառով էլ բեմը բարձրացվել է: Ճգնարանների (գուցե և գաղտնարանների) գոյությունը բավարար հիմք է տալիս ասելու, որ այստեղ եղել է հնագույն կառուցվածք, որը «վերստին շինվեց» 13-րդ դարում: Եկեղեցու մուտքի բարավորի արձանագրությունը, որն առավել արժեքավորն է վանքի արձանագրությունների մեջ.

Aquote1.png «ՈԿԱ (1212) թիւ ես Խորիշահ ամուսին Վախտանգա տեր Խաչենոյ, դուստր մեծին Սարգսի, քոյր Զաքարի և Իւանոյ, վերստին շինեցի զեկեղեցիս Մեծարանից…»
- Խ. Դադեան, Մեծարանց, որ և ս. Հակոբա վանից, արձանագրութիւնները, «Բանասէր», 1901 թվական, Փարիզ, էջ 143
Aquote2.png


Եկեղեցու արևմտյան ճակատապատը դարձել է եռակամար սրահ- գավթի հարդարանքի կենտրոնը: Դադի վանքի , Տաթևի համանման սրահների պես առջևի պատի փոխարեն ունի եռակամար բացվածք: Ընդ որում երկու սյուները և դրանք իրար ու պատերի հետ կապող կամարները սրբատաշ են, հետաքրքիր, և ընդհանուրի մեջ թողնում են հաճելի տպավորություն:

Գավթի սրահն աչքի է ընկնում բազմաթիվ խաչքարերի, ավելի քան երկու մետր մեծությամբ գերեզմանաքարերի ու վիմագիր սալաքարերի օգտագործմամբ: Այստեղի խաչքարերը վարդագույն են, տապանաքարերը՝ մոխրագույն պատերը՝ կապտավուն, վիմագիր սալերը՝ կաթնագույն, իսկ արևի ժամացույցը քանդակված է բաց նարնջագույն քարի վրա:

Եռակամար սրահի հյուսիսային ամբողջ երկարությամբ ձգվում է երկորորդ եկեղեցին: Այն նույնպես պարզ, միանավ, ուղղանկյուն (8,00 մ X 3,4 մ) դահլիճ է: Տաճարն ունի ներքին մի ընդհանուր, ոչնչով չջլատված տարածություն՝ արևելքից տարփակված աբսիդով:

Եկեղեցին հարավային մուտքով կապված է եռակամար սրահին, իսկ արևմտյան բացվածքով միացած է գավիթ-ժամատանը: Եռակամար սրահն ընդհանուր է երկու եկեղեցիների համար և իր բարձրությամբ հավասար է նրանց: Գավիթ-սրահը դառնում է եկեղեցիների ծաալային հորինվածքի օրգանական մասը, իսկ սրահի եռակամար ճակատը՝ եկեղեցիների գլխավոր ճակատը: Այդ տեսակետից ս. Հակոբա վանքը ճարտարապետական որոշակի հետաքրքրություն ներկայացնող հուշարձան է:

Համալիրի մեջ, նրա տարբեր կառուցվածքների շարքում իր հատուկ տեղն է գրավում գավիթ–ժամատունը: Հայտնի է, որ հայկական ճարտարապետության մեջ գավիթները սկսեցին հանդես գալ 10-րդ դարից: Կարելի է վստահորեն ասել, որ Հակոբավանքի գավիթ-ժամատունը հնագույններից մեկն է: Սովորաբար գավիթները, որոնք գոյություն ունեն բոլոր վանքերում, կից են գլխավոր եկեղեցու արևմտյան ճակատին: Սակայն այս գավիթը կից է փոքր եկեղեցուն և միացած է նրան երկու և կես մետր երկարությամբ միջանցքով: Եկեղեցու և գավթի արանքում գտնվող միջանցքը եզակի կառուցվածք է, ուրիշ ոչ մի վանքում չհանդիպող: Ինչպես գավիթը, նույնպես էլ միջանցքը եկեղեցու հետ օգտագործվում էր ծիսակատարությունների համար, քանի որ աղոթասրահը փոքր է և չի բավարարում նրա ներքին տարածությունը: Ուստի միջանցքն ու գավիթը դառնում էին այդ տարածության շարունակությունը: Գավիթը ծառայել է որպես ժողովատեղի, դամբարան: Այդ են վկայում գավթի տապանաքարերը: Գերեզմանաքարեր կան նաև եռակամար սրահ-գավթում: Խոշոր, կանոնավոր հարդարված մահարձանների տապանագրերից երևում է, որ այստեղ թաղված են «Ոհանէս… Առըստակէս… Սիմէոն» կաթողիկոսները և «Սիմէոն, Վարդան » եպիսկոպոսները:

Պատմական գրականությունից, ձեռագիր աղբյուրներից հայտնի, որ Հակոբավանքը Հայոց արևելից կողմանց հեղիանակավոր ուխտատեղիներից էր, եղել է եպիսկոպոսանիստ և երբեմն էլ կաթողիկոսանիստ (որը և ապացուցվում է հիշյալ գերեզմանաքարերով): Այն նաև եղել է Խաչենի ուսումնական ու գրչական կարևոր կենտրոններից մեկը:

Գավթի երկու կողմերում դրված են մեկական շքեղ խաչքար: Հյուսիսային պատին կից խաչքարը, համաձայն արձանագրության, կանգնեցվել է 1223 թվականին, իսկ հարավայինը մեկ տարի անց՝ 1224 թվականին: Չորս խաչքար էլ օգտագործված է միջանցքի արևմտյալ լուսամուտի կողապատերում որպես շիանաքար: Դրանք նույնպես զարդաքանդակված, վիմագրված են: Ու թեև չեն պահպանվել խաչքարերի թվագրությունները, այդուհանդերձ քանդակազարդեր, խաչթևերի հարդարումը , փորագրությունները աղերս ունեն 12-13-րդ դարերի համանման հուշարձանների հետ:

Գավիթն անսյուն, խաչվող կամարներով կառուցվածք է՝ համարյա քառակուսի (7,00 մ X 7,6 մ) սրահով: Ներսից հյուսիսային և հարավային կողապատերի հարթությունները ջլատված են որմնամույթերով: Բացի արևելյան լայն բացվածքից գավիթը մուտք ունի նաև հարավարևմտյան մասում: Լուսամուտները երեքն են, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան կողապատերում: Հյուսիսային պատը խուլ է, այմ միաժամանակ հանդիսանում է պարսպապատի հավելվածը: Գավթի պատի մեջ ագուցված մի խաչքարի արձանագրությունն ունի 1212 թվականը, իսկ երկրորդ եկեղեցու հարավային մուտքի ճակատաքարի վիմագիրը՝ 1293 թվական:

Քարգործական արվեստի նմուշներ առանձին արժեք ունեն խաչքարերը, գերեզմանաքարերը, քիվերը, դռների, լուսամուտների, պատուհանների, բուխարիների երեսակալները, կամարները, բեմաճակատները: Ու թեև վանական կառուցվածքները իրականացված են ճարտարապետական զուսպ և պարզ ոճով, կիսակոփածո քարերով, ապա նույնը չի կարելի ասել ճարտարապետական փոքր ձևերի մասին: Դրանք անցյալից մեզ հասած անգնահատելի գանձեր են, ճարտարվեստի կատարյալ ստեղծագործություններ:

Սակայն վանքը միայն եկեղեցներից ու գավիթներից չի բաղկացած: Պարսպապատերի պարագծում ներառված վանական տարածքի մեջ գրատներ են եղել, մագաղաթյա ձեռագրեր պահող մատենադարան, բուխարիներով տաքացվող բնակարաններ, ինչպես Տաթևի վանքում՝ անդունդի վրա կախված պատշգամբներով մենախցեր: Եղել է սեղանատուն, խոհանոցով հանդերձ, ձիթհանք՝ քնջութի յուղ ստանալու համար: Ապա եղել են բազմաթիվ մթերանոցներ, ախոռներ, պահաակետեր, ջրավազաններ և, վերջապես թոնիրներ: Այսօր էլ կարելի է տեսնել այդ շինությունները՝ կանգուն, խաթարված և ավերված վիճակում: Տնտեսական և բնակելի կառուցվածքները, անշուշտ վկայում են ս. Հակոբա վանքի մեծաթիվ միաբանության մասին:

Վանականների կացարանները տերաբաշխված են եկեղեցիների արևելյան ցածրադիր մասում: Դրանք ըստ արձանագրությւնների և ոճական առանձնահատկությունների կառուցվել են 17-18-րդ դարերում: Բնակելի մասը բաղկացած է մի շարք սենյակներից, որոնք համախմբված են մի ընդհանուր միջանցքի շուրջը: Վերջինիս դիմաց, պարսպապատի հարավարևելյան անկյունում է գտնվում սեղանատունը: Այն արդեն փլված է, բայց կողապատերը դեռ պահպանվում են: Սեղանատան հարավային մուտքը միաժամանակ ծառայել է իբրև պարսպի երկրորդ՝ օժանդակ դարպաս: Երկհարկ սենյաների հաջորդ խումբը, որոնց մի մասը ամբողջական տեսքով պահպանվում է, կառուցված է գլխավոր դարպասի աջ և ձախ կողմերում: Դարպասից սկսած (ավելի քան 10 մետր) միջանցքը ձգվում է թաղակապ շենքերի տակով:

Վանքի հյուսիսարևմտյան կողմում, թավուտ անտառի մեջ է գտնվում վանքի աղբյուրը: Մյուս՝ «Թթու ջուր» հանքային աղբյուրը վանքաբլրի ստորոտում է՝ Թբլղու գյուղի մոտ: Լեռնաբազուկի (որի վրա է վանքը) գագաթին Նատարին բերդն է:

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիմագրագետները այս վանքից ընդօրինակել և հրատարակել են 41 մեծ ու փոքր արձանագրություն:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շ. Մկրտչյան, Լեռնային Զարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ, Երևան, 1980 թվական, էջ 26
  2. Մ. Բարխուդարյան, Արցախ, էջ 171
  3. «Բանասեր», 1901 թվական, էջ 142