Դադիվանք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դադիվանք (այլ կիրառումներ)
Դադիվանք | |
---|---|
![]() Դադիվանք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Ներկա վիճակ | վերանորոգվող |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 9-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հիմնադրված | 9-րդ դար |
Առաջին հիշատակում | 1-ին դար՝ դամբարան-մատուռ |
![]() | |
![]() | |
Դադիվանք (հայտնի է նաև Առաքելոց, Առաքելադիր անուններով[1]), հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները[2]։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է: Այդ ժամանակվանից մեզ են հասել բազմաթիվ խաչքարեր, որոնցից շատերը կանգնեցվել են Հաթերքի իշխանական տան ներկայացուցիչների հիշատակին։
12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։ Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, և այլն, որոնց հիմնական մասը կառուցվել է Զաքարյան իշխանապետության տարիներին։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում՝ հնձանն ու մառանը։ Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել է թուրքերի դեմ պատերազմելիս։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից[3]։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են 12-13-րդ դարերի դեպքերի մասին։
Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 19-րդ դարում ռուս-պարսկական առաջին պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի Գուգարք, Ուտիք և Արցախ նահանգները, ինչպես նաև Սյունիքի հարավային հատվածը՝ Զանգեզուրը, մտնում են Ռուսական կայսրության կազմ և հետագայում միավորվում Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահագների մեջ։
Դադիվանքն ունեցել է 200 000 հեկտար կալվածքներ, սակայն 1920 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։
1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին՝ վերաբացվել, իսկ 1997 թվականից սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Վերականգնման գործընթացում առաջնահերթությունը տրվել է գմբեթավոր փոքր եկեղեցուն, որը գտնվում է տաճարի հյուսիսային պատից 1,5 մ հեռու։Նախքան կառուցումը տեղանքը մեծ թեքություն է ունեցել և 1211 թվականին ուղղվել է։ Այնուհետև վերականգնվել է Կաթողիկե եկեղեցին, որի մեկենասությունը ստանձնել է նյույորքաբնակ Էդիլ Հովնանյանը։ Նրան աջակցել է ճարտարապետ Արմեն Հախնազարյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից, որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվել է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարել է հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերել այն, ինչպես կարողացել է։
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու հարավային պատին Քրիստոսն Ավետարան է մեկնում Դավիթ Սքանչելագործին, իսկ Աստվածածինը՝ խաչազարդ ուրար։ Ըստ Կ. Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատության՝ Դավիթ Ծարեցին՝ Սքանչելագործը, իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում՝ «Բաղնիք-արքունաք»-ում։ Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը Դավիթ Ծարեցուն «երևացել է և ասել՝ վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց», և նա հանքային ջրի միջոցով բուժել է մարդկանց։ Արզուխաթունը Սքանչելագործի տեսիլքը պատկերել է իր կառուցած եկեղեցու պատին։
Շահեն Մկրտչյանի կարծիքով՝ Դավիթ Ծարեցու տեսիլքի որմնանկարը կատարվել է 12-րդ դարի 2-րդ քառորդին՝ Արզուխաթունի կենդանության օրոք։ Կ. Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակն Արզուխաթունն է. «Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ աշխատանքները, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել», հատկապես այդ բարեպաշտ կնոջը։ Փաստորեն Արզուխաթունն արվեստագետ կին է եղել, իմացել է ներկերի գունային երանգներ, քանդակաձև զարդամոտիվներ, ինչպես նաև հագուստի հյուսածո նախշեր ստեղծել։ Մատենագրությունից հայտնի է, որ Արզուխաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել Նոր Գետիկի, Հաղպատի, Մակարավանքի, Դադիվանքի եկեղեցիների համար։
Վանական համալիրի կառուցվաք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Դադիվանքի գլխավոր կառույցը Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցին է, որը համարվում է բավականին արժեքավոր և յուրահատուկ կոթող։ Եկեղեցին ունի հայկական միջնադարյան պաշտամունքային ճարտարապետության մեջ տարածում չորս անկյուններում ավանդատներով գմբեթավոր սրահի հորինվածք: Կառույցի արտաքին չափերն են 12,30 x 10,60 մ, բարձրությունը՝ 18,50 մ: Արտաքին և ներքին պատերը ծածկված են արձանագրություններով: Դրանց մեծ մասը փորագիր են, առկա են սպիտակ և կարմիր ներկով արձանագրվածներ: Միայն հյուսիսային պատին են բացակայում արձանագրություններ[1]։
Վիմագիր արձանագրություններից ամենաընդարձակը եկեղեցու շինարարության մասին է։ Այն թվագրվում է 1214 թվականով և գտնվում է հարավային ճակատին։ Այդ արձանագրության մեջ նշված է, որ Կաթողիկե եկեղեցու կառուցման ժամանակ համալիրում արդեն կային նշանակալի կառույցներ[1][4]:
Դադիվանքի պահպանված որմնանկարները գտնվում են Կաթողիկե եկեղեցում։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ հնարավոր է դրանցից բացի այլ որմնանկարներ չեն եղել։ Որմնանկարները գտնվել են եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի վրա։ Դրանց ուսումնասիրությամբ զբաղվել են բազմաթիվ ուսումնասիրողներ[1][5][6][7][4]։
Գմբեթավոր փոքր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու կառուցման թվականի վերաբերյալ կան հակասական կարծիքներ։ Ըստ որոշ տվյալների՝ այն կառուցվել է 1180-ականներին և վերագրվում է իշխան Հասան Վախտաեգյանին։ Այլ տվյալների համաձայն եկեղեցին կառուցվել է 1190-ականներին, քանի որ պատերի մեջ ագուցված է 1190 թվականով թվագրվող խաչքար։ Մ. Հասրաթյանը եկեղեցու կառուցման թվական համարում է 13-րդ դարը՝ չներկայացնելով որևէ հիմնավորում[1][4][7]։ Մեկ այլ տեսակետի համաձայն եկեղեցին կառուցվել է 1211 թվականից հետո և որպես հիմնավորում ներկայացվում է տարածքի ռելևի, սողանքային գոտիով պայմանավորված ժամանակի ամրությունների կառուցման ժամանակագրությունը[1]։
Միանավ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Դադիվանքի միանավ եկեղեցին կառուցվել է 1283-1293 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ այն ժամանակ, երբ արդեն գոյություն ունեին Սուրբ Դադի և Կաթողիկե եկեղեցիները: Նույն ժամանակահատվածում է կառուցվել նաև եկեղեցուն արևմուտքից կից թաղակապ գավիթը։ Եկեղեցին ունի ոչ մեծ լայնություն՝ 3,75 մ և մեծ բարձրություն՝ մինչև թաղի գագաթը 7,30 մ[1]:
Սուրբ Դադի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Դադի եկեղեցին Դադիվանքի հնագույն կառույցն է, որը գոյություն ուներ արդեն մինչև 9-րդ դարը։ Այն հիմնվել է Սուրբ Դադիի գերեզմանատան վրա այնպես, որ սրբի հուղարկավորության վայրը հայտնվել է խորանում: Գերեզմանաքարը եկեղեցու համար ծառայել է որպես սեղանի վեմ[1]:
Եկեղեցու ներքին չափերն են 20,70 x 9,40 մ: Պատի հաստությունը արևմուտքում ժամատանը հպվող մասում 0,55 մ է, իսկ հարավում՝ 1,16 մ: Պահպանված պատերի առավելագույն բարձրությունը 5 մ է: Երեք մուտքերից երկուսը՝ հարավից կից թաղակապ գավթի և ժամատան մեջ բացվածները, ունեն սրբատաշ, քանդակազարդ շքեղ լուծումներ[1]:
Տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]
Դադիվանքի տաճարը գտնվում է գմբեթավոր փոքր եկեղեցուց 1-2 մետր հարավ: Կառույցի 1211 թվականով թվագրվող շինարարական արձանագրության մեջ «Տաճար» անվամբ հիշվող քառասյուն, «կեղծ գմբեթավոր» հորինվածքով, 10 x 10,1 մ ներքին չափերով, պատի 1մ հաստությամբ և 11 մ բարձրությամբ գրեթե քառակուսի հատակագծով շինություն է[1][4]:
Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դադիվանքի գավիթը կառուցվել է 1124 թվականին Սուրբ Դադի եկեղեցու արևմտյան կողմում։ Համարվում է վանական համալիրի այն կառույցներից, որի շինարարության թվականը ստույգ է։ Ունի 14.00 x 9.50 մ ներքին չափեր։ Գավիթի արևելյան պատի ամբողջ երկարությամբ տեղադրվել, ագուցվել են խաչքարեր, որոնք թվագրվում են 1199, 1233, 1291 թվականներով։Ներսում տեղադրված տապանաքարերը թվագրվում են 1305, 1306, 1333 թվականներով[1][4]։
Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն ուսումնասիրությունների՝ Դադիվանքի զանգակատունը առանձին կանգնած շենք է եղել, որի առաջին հարկի խիստ ինքնատիպ հորինվածքը առաջացել է զույգ խաչքարերը ներսում տեղադրելու գաղափարից։ Երկու խաչքարերը կերտվել են միաժամանակ՝ 1283 թվականին: Հետևաբար ենթադրվում է, որ զանգակատան շենքն էլ է կառուցվել այդ ժամանակահատվածում:
Զանգակատունն ունի 14,6 մ բարձրություն։ Առաջին հարկում՝ արևելյան պատին կցված են դեպի արևմտյան կողմի կամարաձև բացվածքը նայող զույգ խաչքարերը։ Երկրորդ հարկը սրածայր վեղարով ռոտոնդայով հանդերձ ունի 6 մետր բարձրություն[1][4]։
Իշխանական ապարանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Սամվել Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999 թվական։
- ↑ В старинном монастыре Нагорного Карабаха обнаружены мощи одного из учеников Иисуса Христа
- ↑ http://www.religions.am/arm/gallery/media/%D4%B4%D5%A1%D5%A4%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Մուրադ Հասրաթյան, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Երեւան, 1992, էջ 44-49։
- ↑ «Դիվան Հայ վիմագրության», պրակ 5, կազմող` Ս. Գ. Բարխուդարյան, Երեւան, 1982։
- ↑ Л. А. Дурново, Очерки изобразительного искусства средневековой Армении, Москва, 1979,
- ↑ 7,0 7,1 Բ. Ուլուբաբյան, Մ. Հասրաթյան, Դադիվանք «Հայկազեան Հայագիտական Հանդէս», հ. Ը, Պէյրութ, 1980,
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դադիվանք կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: ![]() |